Առլեն Շահվերդյան

Home » Բանաստեղծություններ / Poems » Սա էլ կանցնի / This will also pass

Սա էլ կանցնի / This will also pass

Սա էլ կանցնի

Սա էլ կանցնի, չվհատվե՛ս, ցա՛վն էլ մարդու համար է,
Վիշտ ու կսկիծ կթաթախվեն հոգիդ շոյող արցունքով,
Վատ օրերը արա՛գ կանցնեն, ինչպես քամին՝ ամռանը,
Քեզ կկոփե՛ն ու կմաքրե՛ն լեռնալանջի՜ ակունքով:

Արագավազ հովատակի թամբի նման ամրակա՛պ
Պի՛նդ կլինես, կսլանա՜ս կյանքի ամուր թևերով,
Չվհատվե՛ս, փորձա՛նքն անգամ մարդուն գցում է մի ափ,
Որի եզրը ողողվում է հաղթանակի՜ ջրերով:

Ամե՛ն կսկիծ սանձելի է. բա՛խտն է ճակատ համբուրում,
Չե՛ս մոռանա վիշտդ երբեք, բայց կընդունես լռությամբ,
Չվհատվե՛ս, ցավը ա՜ղն է կյանքի եփած ապուրում,
Ժամանա՛կն է բուժում վերքը արյունաքա՜մ խորության:

Վերքե՜րն էլ են մարդու համար. մաշկիդ գրված պատմությո՜ւն,
Արցունքներդ հոգուդ խորքի անձրևնե՛րն են ամպրոպից,
Մառախուղից ու մշուշից հետո՝ որպես փրկություն,
Մի՛շտ շողում է արեգակը, լույսո՜վ լցնում քեզ նորից:

Հաղթահարի՛ր ամեն տեսակ դու փորձություն ու աղետ,
Եվ ոռնացո՜ղ գայլի նման ցավդ երգի՛ վերածիր,
Սա՛ էլ կանցնի, չվհատվե՛ս, ու թո՛ղ լինեն միշտ քեզ հետ
Հո՜ւյսը անմար, հավա՜տը մեծ, Աստծո սե՜րն անծայրածիր:

Թև՛ս մտիր, իմ բարեկա՛մ, գլուխդ դիր իմ ուսին,
Ցավը մենակ ծանր է կրել, իսկ երկուսով՝ տանելի,
Չվհատվե՛ս, սա՛ էլ կյանքի մի գիշեր է անլուսին,
Խավա՛րն էլ է մարդու համար հաճախ լույսի՜ բանալին:

Առլեն Շահվերդյան

© Գրել եմ՝ 18.01.2018, 04:35 AM

Հարգելի Ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

Կիսված թախիծը վշտի կեսն է միայն, իսկ կիսված երջանկությունը կրկնակի է, կիսելով այն մենք երջանիկ ենք դարձնում նաև մեկ ուրիշին: Ամեն մարդ էլ իր կյանքում ունենում է դժվարություններ, անախորժություններ, ապրում ցավ ու վիշտ, սակայն երբ կողքին կա սրտացավ մեկը, ով կիսում է նրա ցավը, այն հաղթահարելն առավել դյուրին է դառնում: Նա նույնիսկ իր համար ամենադժվար պահին փորձում է ուրիշին օգնել, սատարել, քաջալերել, պարգևել հույս ու բերկրանք: Նա իր բարությամբ լցնում է դիմացինի հոգին հավատով, որ ամեն բան լավ է լինելու: Այդ ժամանակ սարսափելի չէ ոչ մի տեսակ ցավ:

Սիրելի Ընթերցողներ, «Սա էլ կանցնի» բանաստեղծությանս արծարծած թեմայի համատեքստում ես թարգմանել եմ նաև անգլերեն մի պատմություն և ուրախ եմ այն ստորև ներկայացնելու Ձեզ:

Պատուհանից դուրս… 

Երկու հիվանդի տեղավորել էին նույն հիվանդանոցային համարում: Երկուսն էլ հիվանդ էին այնպես, որ օրվա մեծ մասը պառկած էին: Նրանցից մեկի մահճակալը սենյակի միակ պատուհանի կողքին էր, և նրան թույլ էին տալիս օրական 1 ժամ նստել անկողնում, որպեսզի մաքուր օդ շնչեր, և հիվանդ թոքերից դուրս մղվեին ախտածին նյութերը: Մյուս հիվանդի մահճակալը հեռու էր պատուհանից: Նրան շարժվել էլ չէր կարելի, ուր մնաց թե մոտենար պատուհանին: 

Առաջին իսկ օրվանից նրանք մտերմացան, սիրում էին ժամերով զրուցել տարբեր բաների մասին: Խոսում էին իրենց կանանց, երեխաների, տների ու աշխատանքի, զինվորական ծառայության մեջ իրենց երբեմնի զբաղվածության մասին: Ի՞նչ էր մնում ուրիշ անել, չէ՞ որ երկուսն էլ այնտեղ երկար ժամանակով էին բուժվելու և չխոսել ու չկիսվել սենյակակցի, ինչ-որ տեղ` նաև բախտակցի հետ, հնարավոր չէր: Խոսք` խոսքի հետևից, միտք` մտքից հետո, և ահա նրանք արդեն բավականաչափ մտերիմ էին: 

Ու թեև երկուսին էլ տանջում էր ծանր հիվանդությունը, սակայն կար մի բան, որը զարդարում էր նրանց առօրյան՝ դառնալով օրվա ամենահետաքրքիր դրվագը: Բանն այն է, որ պատուհանի կողքին պառկած հիվանդը սովորականի պես ցերեկվա ժամին վեր էր կենում, նստում անկողնում ու սկսում նայել պատուհանից դուրս` գեղեցիկ ու գունեղ կերպով նկարագրելով այն ամենը, ինչ տեսնում էր: Մյուս հիվանդի համար դա օրվա ամենաչքնաղ ու երանելի ժամանակն էր, քանի որ նա, լսելով ընկերոջը, մտովի կտրվում էր իր մահճակալից, սկսում էր երազել, պատկերացնել իրեն իր տանը, ապաքինված ու իր սիրելիների` կնոջ ու երեխաների հետ միասին: Նա զվարթանում էր, լցվում հույսով, դառնում ավելի կենսուրախ, չէ՞ որ իր սենյակակցի նկարագրած աշխարհն այնքա՜ն գեղեցիկ էր, շարժո՜ւն, ուրա՜խ, լուսավո՜ր, անցավ, անհոգ, մի աշխարհ, որից նրանց բաժանում էր հիվանդանոցային այդ սառը պատը, աշխարհ, որի հետ նրանք կապված էին ընդամենը մի նեղլիկ պատուհանով:

Իսկ պատուհանի մոտ նստած հիվանդը շարունակում էր նայել ու պատմել, թե որքան գեղեցիկ լիճ էր տեսնում այնտեղ: Նա ասում էր, որ այդ լիճը շրջապատում էր մի կանաչ ու զվարթ այգի: Նա տեսնում ու պատմում էր ընկերոջը, թե ինչպես են լճում անհոգ կերպով լող տալիս գեղանի կարապներն ու ծիծաղաշարժ բադիկները, ինչպես են երեխաները լողում իրենց նեղլիկ նավակներով, թե ինչպես են սիրահարները ձեռք ձեռքի բռնած ու գրկախառնված քայլում գունագեղ ծաղիկներով զարդարված արահետներով, թե ինչպես են նրանք քնքշորեն համբուրվում` իրենց անուշ համբույրներով ազդարարելով օրը: Նա շարունակում էր հիացական պատմել այգում տիրող ուրախ տրամադրության մասին, նկարագրել հեռվում նշմարվող գեղեցիկ, մեծ քաղաքի համայնապատկերը, քաղաք, որն արտացոլվում էր երկնի կապույտին` նկատելի երիզ թողնելով հորիզոնում: Մի անգամ պատուհանի մոտ պառկած հիվանդը, նույնիսկ, տեսավ ու հիացած պատմեց, թե ինչպիսի զվարթ շքերթ էր անցնում այգով, և թե ինչպես շքերթի ուրախ մասնակիցները եկան ու անցան հիվանդանոցի պատերի կողքով: Ու թեև հեռվում պառկածի համար շքերթի ձայները լսելի չէին, սակայն նա կարող էր պատկերացնել այդ ամենը, քանի որ ընկերը նկարագրում էր այն շատ վառ, կենդանի կերպով, տպավորիչ բառերով:

Այսպես անցան օրեր, շաբաթներ, ամիսներ: Մի օր, երբ բուժքույրը մտավ հիվանդասենյակ, որպեսզի ջրով լցնի նրանց լոգամանները, հայտնաբերեց պատուհանի մոտ պառկած հիվանդի անշնչացած մարմինը, նա մահացել էր քնած ժամանակ: Բուժքույրը շփոթվեց, հետո ուշքի եկավ ու կանչեց մյուս բժիշկներին, որպեսզի դուրս հանեն դիակը: Ընկերոջ կորուստը սգող մյուս հիվանդը, առաջին իսկ հնարավորության ժամանակ, խնդրեց բուժքրոջը, որպեսզի իր մահճակալը տեղափոխեն պատուհանի մոտ: Բուժքույրը չառարկեց, և նրան տեղախոխեցին ընկերոջ տեղը: Երբ հիվանդանոցի աշխատակիցները համոզվեցին, որ նա հարմար տեղավորվել է, լքեցին սենյակը` թողնելով նրան մենակ: Մեծ դժվարությամբ, ահավոր ցավեր զգալով, բոլոր ուժերը գործադրելով` հիվանդը մի կերպ ձգվեց դեպի պատուհանը, բարձրացավ, որպեսզի տեսնի՜, վերջապես տեսնի՜ արտաքին գեղեցիկ աշխարհը, որի մասին այդքա՜ն շատ ու գունեղ կերպով պատմել էր ընկերը: Սակայն երբ նրա դեմքը հասավ պատուհանին, հիվանդը ապշե՜ց, իր առջև պատ էր, այո՛, այո՛, պատուհանից այն կողմ դատարկ պատ էր, դիմացի մասնաշենքի՝ շատ մոտ գտնվող արտաքին պատը: Հիվանդը քարացել էր, նա չէր հասկանում: Երբ բուժքույրը վերադարձավ, նա հարցրեց, թե այդ ինչպե՞ս էր իր հիվանդ սենյակակիցը տեսնում ու նկարագրում պատուհանից այն կողմ եղած այդքա՜ն գեղեցիկ բաները: «Տեսնո՞ւմ, -զարմացած հարցրեց բուժքույրը, – ձեր մահացած ընկերը կույր էր, նա անգամ պատը չէր կարող տեսնել»: Հետո ավելացրեց. «Երևի նա այդպիսով փորձում էր ձեզ ոգևորել…»:

Անգլերեն բնօրինակից թարգմանությունը՝ Ա. Շահվերդյանի:

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a comment

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Էջադիտումները / Pageviews

  • 729,685 այցելություն / visit