ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «BOOKLOVER.AM» ԿԱՅՔԻՆ
«Booklover.am», 2014 թ. դեկտեմբերի 17
- Ինչպե՞ս սկսեցիք գրել, ե՞րբ զգացիք, որ գրելու ցանկություն ունեք, և դա ոչ թե հոբբի է այլ մասնագիտություն:
Իմ մեջ գրելու ձիրք և մեծ ցանկություն նկատելի էր դեռ դպրոցական տարիքից, երբ ամենահասարակ շարադրությունն անգամ իմ պարագայում դառնում էր մտքի լայնածավալ ու անկեղծ շարադրանք, գրեթե վիպակ՝ արժանանալով գնահատանքի: Երբեք չէի կաղապարվում ի սկզբանե տրված ծավալների ու շրջանակների մեջ՝ ձգտելով ազատորեն թղթին հանձնել մտքի արգասիքները: Կյանքի ու աշխարհի ընկալման իմ «շարադրանքը» թղթին հանձնելու համար կարևոր ազդակ էր անսահման սերը դեպի բնությունը և մարդը: Այն, որ գրելն ինձ համար ոչ թե սոսկ հոբբի է, այլ դառնում է մասնագիտություն ու կոչում՝ հասկացա ավելի հասուն տարիքում, երբ ձևավորվում է իրողությունների ու երևույթների սեփական գնահատման ու արժեքավորման տիրույթը: Բացի այդ, գրողին այդ կոչումը տալիս է ոչ թե ինքը, այլ ընթերցողը, և բնական է, որ մշտապես ստանալով քաջալերանքի ու գովեստի խոսքեր՝ հեղինակը ոչ միայն պարտավորվում է խիստ հետևողական ու խնամքով լինել իր ասած բառի ու խոսքի հարցում, այլև առավել մեծ նվիրումով է տրվում իր սիրելի գործունեությանը՝ ձգտելով մշտապես արժանի լինել սեփական ընթերցողի անկեղծ գնահատանքին ու հարգանքին: Համոզված եմ, որ ստեղծագործող մարդը այն մարդը չէ, որը կարող է ստեղծագործել, այլ նա, ով չի կարող չստեղծագործել: Սակայն ստեղծագործելուց հետո արարումդ պետք է հասնի ընթերցողին, ոչ թե մնա դարակում, այլապես ամեն ինչ կվերածվի ինքդ քեզ համար և՜ դերասան, և՜ հանդիսատես ձևաչափով ինքնախաբեության:
- Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում ստեղծագործելիս:
Կարելի է ասել, որ ոգեշնչման աղբյուրներով ուղղակի թաթախված են իմ բոլոր բանաստեղծությունները, գրքերը, մտքերը, իմ ամբողջ հեղինակային բլոգը (որն ինքնին մեծ ներշնչանքով ստեղծված հարթակ է), և բավական է մեկ անգամ մարդը հպվի իմ այդ աշխարհին, կզգա այդ աղբյուրների վեհասքանչությունը: Դրանք ինձ համար մշտապես առկա են ու կարևոր: Ինձ համար ներշնչանքի ծովակշիռ ու անեզր աղբյուրներ են սերը, կինը, բնությունը, բարությունը… Ներշնչանքի աղբյուր կարող են լինել զգայական վիճակն ու առօրեական դիպվածը, բոլորի աչքից աննկատ մնացած տեսարանն ու իր մեջ գեղեցիկը կրող երևույթը: Ներշնչանքի աղբյուր կարող է լինել անգամ որևէ զավեշտալի դրվագ, ասենք՝ թեկուզ հասարակական տրանսպորտում՝ դառնալով երգիծական որևէ ստեղծագործության նյութ: Ասեմ ավելին, ներշնչանքի աղբյուր երբեմն դառնում են սոցիալական ցանցերում առկա իրողությունները, որոնք հիմք են հանդիսանում դրանք արտոցոլող մի որևէ նոր բանաստեղծություն գրելու համար: Մի խոսքով, ուշադիր ու զննող հայացքը կնկատի բազմաթիվ հետաքրքիր ու ներշնչող իրողություններ, որոնցով լի է մեր կյանքը, մեր առօրյան: Կնկատի ու կգնահատի՝ քննական ու վերլուծական մոտեցմամբ արժեքավորելով այդ իրողության կամ երևույթի խորքը:
- Ձեր կյանքում երբևէ հանդիպե՞լ եք մի մարդու, ով մեծ ազդեցություն է թողել միգուցե թե Ձեր, և թե Ձեր գործերի վրա:
Մարդն իր աշխարհաճանաչման ու աշխարհընկալման ճանապարհին վստահաբար ունենում է իրեն համար այնպիսի մարդկանց, որոնց համարում է ակնածանքի օրինակ: Բոլոր այդ մարդիկ իրենց ուրույն հետքն են թողնում տվյալ մարդու ներաշխարհի ձևավորման ու զարգացման վրա: Ժամանակի ու հասունացման, սեփական ստեղծագործական աշխարհի արարման ճանապարհին գրողի համար բոլոր այդ մարդկանց գործունեության համախումբը վերարժեքավորվում է և հաստատապես մնում որպես ներշնչանքի նվիրական աղբյուր, սակայն հանդիսանալով արդեն նաև որպես որոշակի հիմք՝ սեփական ու յուրահատուկ արարումը կատարելագործելու և թրծելու համար: Իմ կյանքում էլ, իհարկե, եղել են ու կան մարդիկ, որոնք որոշակի ազդեցություն ունեն իմ ներաշխարհի զարգացման վրա: Հուսով եմ, որ իմ գործունեությամբ ես էլ որևէ մեկի համար իր իսկ ներաշխարհի ձևավորման ներշնչող աղբյուր եմ լինում:
- Ի՞նչ հնարավորություններ չունեին կամ ունեին մեր հայ մեծ գրողները նախկինում, որ չունի կամ ունի այսօրվա գրողը:
Մեր հայ մեծ գրողներն ունեին բազմաթիվ հնարավորություններ կյանքի երևույթները, դրանց երբեմն անհասանելիությունը կամ անբացատրելիությունը առավել խորքային ընկալելու և ստեղծագործաբար ներկայացնելու համար: Ասեմ, որ նրանք այդ հնարավորությունները հրաշալիորեն էին օգտագործում: Կար իրերին ու երևույթներին մոտենալու առավել «կրեատիվ» մղում, քանի որ ամեն բան այնքան հասանելի, իսկ երբեմն էլ՝ հասարակ չէր, որքան հիմա է: Ներկայիս իրողության մեջ, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների այս ուրույն դարում շատ երևույթներ այնքան հասանելի են, որ երբեմն ստվերում են մարդու զգայական և գեղագիտական ընկալումները՝ նվազեցնելով նաև գեղագիտորեն արտահայտվելու հնարավորությունները կամ անհրաժեշտությունը: Այս իմաստով այսօրվա գրողի կողմնորոշման, արժեքային իմաստավորման խնդիրները ոչ միայն գաղափարական կամ գեղագիտական տիրույթներում են, այլև որոշակի հարաբերության (երբեմն՝ բախման) մեջ են ներկա իրողությունների հետ, այդ թվում՝ վիրտուալ: Արդյունաբերական ու տեխնիկական առաջընթացի, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այսօրվա իրականության մեջ հույզը գտնելը, գնահատելը, արժեքավորելն ու այն գեղագիտորեն արտահայտելը դժվարացել են, սեփական մտքի արգասիքը գեղարվեստորեն մատուցելը՝ նույնպես, քանի որ ժամանակի պահանջարկը երբեմն հեռու է աշխարհը լիրիկական, ռոմանտիկ, գեղագիտորեն ընկալելու ունակությունից: Այդ պահանջարկը շատ պրագմատիկ է դարձել, ինչը կյանքը գեղարվեստորեն արտացոլող մարդու համար ստեղծում է հավելյալ դժվարություններ: Հայ մեծանուն գրողների «կռիվը» շատ անգամ գաղափարական էր, պայքարը՝ ժամանակի գաղափարական հոսանքների և իրողությունների դեմ, ասված խոսքը՝ խիստ կարևոր ու սպասված, բացառիկ: Այսօր նվացել է հենց այդ բացառիկությունը կարևորելու տենդենցը. ցանկացածը ազատորեն արտահայտում է իր միտքը, ինչի հետևանքով ընդհանուր տարածության մեջ են բացառիկն ու սովորականը, միջակն ու տաղանդը, գրագետն ու անգրագետը: Կարծում եմ, որ այսօրվա գրողի ուսերին նույնքան մեծ պատասխանատվություն է, որքան մեծերինն էր, այսօրվա գրողը պետք է հաջողի չկորցնել իրականությունը գեղագիտորեն ընկալելու ունակությունը՝ տուրք չտալով միայն պրագմատիկ գնահատումներին ու ժամանակակից միջոցներին: Կարծում եմ՝ մտածող և իր միտքը գրող մարդը պետք է ներդաշնակորեն հավասարակշռի ավանդական, ժառանգաբար փոխանցվող մշակութային մտածելակերպը ժամանակակից մոտեցումների ու զարգացումների հետ: Արդի տեղեկատվական գործիքարանին տիրապետելու և այն գրագետ կերպով ու խելամտորեն օգտագործելու անհրաժեշտությունն այսօր նոր հորիզոն է գրողի համար: Ինչ վերաբերվում է հուզական դաշտին, ապա պարզապես ուշադրություն դարձրեք այգում սիրահար շատ զույգերի: Նախկինում նրանք նստարանին գրկախառնված զրուցում էին, համբուրվում, վայելում միմյանց ներկայությունն ու հիանում իրարով: Այսօր կան շատ զույգեր, որոնք նույնպես հանդիպում են, նստում այգու նստարանին, սակայն զրուցելու ու սիրատածելու փոխարեն ամեն մեկը խորանում է իր սմարթֆոնի մեջ: Ահա ընդամենը մի դրվագ մերօրյա իրողություններից, որի գեղարվեստական արտացոլումը ժամանակակից գրողից հավելյալ ջանք է պահանջում:
- Գրող դառնալու համար համապատասխան կրթությունը պարտադի՞ր է:
Ցանկալի է, սակայն գրականության մեջ հայտնի են բազմաթիվ մարդիկ, որոնք չունենալով համապատասխան կրթություն՝ իրենց ուրույն հետքն են թողել համաշխարհային գրական ժառանգության մեջ: Կան և մասնագիտություններ, որոնք թեև առաջին հայացքից չեն աղերսվում գրող դառնալու մասնագիտության, բանասիրական կրթության հետ, սակայն մեծապես նպաստում են հեղինակի անձի ձևավորմանն ու աշխարհի ընկալմանը, աշխարհը յուրովի մեկնաբանելու ու արտացոլելու նրա ձիրքին (օրինակ՝ հոգեբանությունը): Բոլոր այդ մասնագիտությունները մարդու մեջ զարգացնում են մարդու ու աշխարհի ճանաչողության այնպիսի մակարդակ, որ եթե կա նաև գրելու բնատուր ձիրք, ապա պարարտ հող է ստեղծվում ստեղծագործելու համար: Ի վերջո, անհերքելի է, որ մարդու ինքնազարգացման, սեփական բառապաշարի հարստացման ու լեզվամտածողության զարգացման համար մասնագիտությունից բացի մեծապես կարևոր է հենց բուն մարդու ձգտումը, ցանկությունն ու եռանդը: Կարելի է ունենալ գրող դառնալու համար համապատասխան մասնագիտություն, սակայն լավ գրող չլինել, քանի որ չես սիրում գրելը կամ չես կարողանում, և հակառակը, կարելի է լինել ուրիշ մասնագիտության տեր, սակայն գրել տաղանդով լի ու գրագետ: Գրելու ձիրքը երաժշտական լսողության պես մի բան է, այն կամ կա բնատուր, կամ՝ ոչ: Դա պետք է ներսից լինի, քանի որ կարելի է մի քանի անգամ ավարտել համապատասխան մասնագիտությամբ բուհը, սակայն այդպես էլ գրող չդառնալ, չներթափանցել մարդկանց սրտերը քո մտքի շարադրանքով: Ավելի լայն իմաստով՝ գրողը մասնագիտություն չունի, այն մարդու կողմից իր միտքն ու զգացմունքը ինքնատիպ կերպով արտահայտելու բացառիկ շնորհքն է: Ինձ համար ունեմ այս հարցադրման նաև մեկ այլ՝ առավել խորքային մեկնություն: Համոզված եմ, որ ստեղծագործող մարդը ստեղծագործում է ամեն ինչում, լինելով ցանկացած մասնագիտության տեր, նա ստեղծագործում է ոչ միայն արարելով որևէ նյութեղեն կամ հոգևոր բան, այլ ստեղծագործաբար է մոտենում շրջակա աշխարհին, մարդկային հարաբերություններին, աշխարհի հետ հարաբերման բոլոր իրավիճակներին: Ոչ միայն հումանիտար, այլև նույնիսկ որևէ ճգրիտ գիտության մասնագետը իր բազմիցս ապացուցված մասնագիտական տիրույթում կարող է ամեն անգամ ստեղծագործաբար ու նորի արարման մղումով մոտենալ իր իսկ մասնագիտությանը՝ ապահովելով այդպիսով տվյալ մասնագիտական ոլորտի զարգացումը: Ինձ համար գրող դառնալու և այդ կոչումը կրելուն արժանանալու համար կա շատ կարևոր մի պայման ևս, այն է՝ գրագետ, սեփական լեզվի նկատմամբ հարգալից ու խնամքով վերաբերմունքի ապահովումը: Ցավոք, կան այնպիսի գրողներ, որոնք տարրական լեզվական չիմացությունը, խոսքի կուլտուրայի ակնհայտ արհամարհումը, լեզվամտածողական համակարգի խարխլումը, խոսքի շարահյուսության և տարրական ուղղագրության բառացի բռնաբարումը համարում են նորամուծություն, ոճ՝ կիսագրագետ, անփույթ, կոպիտ, երբեմն էլ զավեշտալի սխալներով շարադրանքը ներկայացնելով որպես «նոր խոսք»: Ինչ մասնագիտության տեր ուզում ես եղիր՝ համոզված եմ, որ գրող դառնալու համար պարտադիր կերպով պետք է սիրել, հարգել ու բարեխղճորեն օգտագործել լեզուն:
- Ունե՞ք ստեղծագործություն, որ առանց երկար մտորումների, ուղղակի պահի ազդեցության ներքո հանձնել եք թղթին:
Այդպիսիք շատ են և արդյունք են բուռն ներշնչանքի պահերի, ոգևորված որևէ բնական երևույթով, կամ «համեմված լինելով» բնական որևէ տարերքով, լինի դա անձրև, ձյուն, արև և այլն: Սակայն իհարկե, ցանկացած ստեղծագործական պրոցես դա խնամքով ու անկեղծ աշխատանք է սեփական մտքի հետ, հետևաբար անհնար է ստեղծագործել միայն «սպոնտան», պահի ազդեցության տակ, առավել հաճախ քո էության և այն արտահայտող մտքերիդ խաչաձևումը տեղի է ունենում ոչ թե պահի ազդեցության տակ, այլ սպասված պահի՝ սեփական ձեռքերով արարումով:
- Կարո՞ղ եք առանձնացնել որևէ գիրք համաշխարհային գրականությունից, որն ամենաշատն եք սիրում:
Համաշխարհային դասական գրականությունից մինչև նորագույն գրականություն, նորահայտ գրողներից մինչև որևէ անհատի մտորումների հրապարակում, նրա սոցիալական ցանցի էջի գրառումից մինչև էլեկտրոնային և տպագիր մամուլում հրապարակվող նյութեր… ամեն ինչ կարդում եմ: Դժվար է առանձնացնել որևէ գրական կոթող, քանի որ այդպիսիք շատ են ու յուրաքանչյուրը կյանքի որոշակի ժամանակաշրջանում ունեցել կամ ունենում է իր ուրույն ազդեցությունը: Ամենասիրելի գրքեր չկան, բոլորն են սիրելի են, ինչպես ինձ համար չկան ամենասիրելի գույներ, բույրեր, ամենասիրելի կենդանիներ ու բույսեր, ամենասիրելի երգեր… բոլորը, որոնք գեղեցիկ են և կյանք ներբերում են բարություն՝ սիրելի են ինձ համար: Աշխարհը գունեղ ու գեղեցիկ է, բույրերով ու հույզերով լի, անհնար է առանձնացնել որևէ շատ սիրելի «միկրոաշխարհ», աշխարհը հարուստ ու յուրահատուկ է՝ որպես բոլոր այդ «միկրոաշխարհների» համախումբ:
- Երբևէ ինքներդ Ձեզ գրքի հերոս դարձրե՞լ եք:
Այո, ոչ ուղղակի կերպով, այսինքն՝ վեպի հերոսի անունը ուրիշ է, սակայն ինձ մոտիկից ճանաչողները գիտեն, որ գրելով այլ անվան տակ ես ներկայացել եմ իմ անունից, իմ մոտեցումներով ու համոզմունքներով: Լինում է, որ արձակ որևէ ստեղծագործություն անգամ ուղղակի առաջին դեմքով է շարադրված, որպեսզի ընթերցողս ոչ միայն անմիջապես ընկղմվի իրադարձությունների ու զարգացումների ընթացքի մեջ, այլև միանգամից մտերմանա հեղինակի ու նրա պատմածի հետ:
- Ձեր ստեղծագործություններից ո՞րն եք ամենաշատը սիրում և կցանկանայիք հրապարակել մեր կայքում:
Բոլորն էլ սիրելի ու թանկ են ինձ համար, քանի որ մտքի, սրտի և հոգու համատեղ արարման արդյունք են, ինչպես ցանկացած ստեղծագործողի մոտ: Այն ստեղծագործությունները, որոնք առիթ ունեմ ներկայացնելու Ձեր հարգելի կայքում ամենափոքր տոկոսն են այն ամենի, ինչն արդեն ստեղծել եմ: Այդ պատճառով ես առանցնացրել եմ մի քանիսը, որպեսզի ընթերցողին հնարավորինս պատկերավոր կերպով ներկայանալի ու հասկանալի լինի իմ՝ որպես գրողի, մտահորիզոնն ու ստեղծագործական նախընտրությունները: Իսկ ահա բոլոր գործերիս կարելի է ծանոթանալ իմ հեղինակային բլոգում:
- Ի՞նչ խորհուրդներ ունեք երիտասարդ հեղինակներին` ելնելով ձեր կենսափորձից:
Երբ 2012 թվականին աշխարհի ամենամեծ գրադարանից, այն է՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանից պաշտոնական նամակ և վկայական ստացա, որ «Ապրելու իրավունք» վերնագրով իմ գիրքը գնահատվել ու գրանցվել է Կոնգրեսի գրադարանում ու այժմ գտնվում է Աֆրիկայի և Միջին Արևելքի ընթերցասրահում (Ջեֆերսոն, LJ220), հասկացա, որ գրական իմ համեստ ջանքերն արդեն պսակվել են որոշակի հաջողությամբ, այն էլ՝ բավական երիտասարդ տարիքում: Երջանիկ եմ, որ գիրքս այնպիսի արժեք ունի, որ գրանցվեց համաշխարհային հռչակ և հեղինակություն վայելող մշակութային ու գիտական այս կենտրոնում՝ իր համեստ տեղը զբաղեցնելով մարդկային քաղաքակրթական ժառանգության մեջ: Սա շատ կարևոր և ոգևորիչ նորություն էր ինձ համար: Երբ համացանցում կամ պարզապես փողոցում որևէ մեկն իր անկեղծ հիացմունքն ու գնահատանքն է հղում քո որևէ ստեղծագործության հասցեին, երջանկանում ես ու հոգիդ փառավորվում է, չէ՞ որ ընթերցողի անկեղծ ու ջերմ գնահատականը պատիվ է բերում ու ոգեշնչում ցանկացած հեղինակի: Սակայն համարում եմ, որ երբեք չի կարելի մեծամտանալ ու կանգ առնել արդեն ձեռք բերվածի վրա՝ գոհ լինելով արդյունքից: Հաջողությունը, գնահատանքը ընդամենը նոր հաղթանակ է, որը արձանագրում ես, նոր մի բարձունք, որը գրավում ես, և հետևաբար պետք է անդադար ու նվիրական աշխատանքով շարունակել արարել: Այլ կերպ ապրել ես չեմ կարող: Ահա հենց դա է, որ կառաջարկեի երիտասարդ ստեղծագործողներին (ոչ թե՝ խորհուրդ կտայի նրանց, քանի որ ինքս երիտասարդ եմ), այն է՝ աշխատել սիրով, նվիրումով ու ջանադրաբար, աշխատել հավատով ու ջերմեռանդությամբ, փորձել սովորել, ճանաչել ու իմանալ ավելին, քան գիտեն, ամբարել գիտելիքներ, փորձել բացահայտել այն, ինչը դժվարամատչելի էր, յուրացնել այն, ինչն անհասանելի էր թվում: Միայն նվիրումի և հետևողական աշխատանքի շնորհիվ մարդը կարող է իր ստեղծագործական տաղանդի համար ստեղծել անհրաժեշտ միջավայրն ու պայմանները, որպեսզի հնարավոր լինի ներկայանալի ու ճիշտ ձևով մատուցել իր ստեղծածը՝ հուսալով արժանանալ գնահատանքի, սիրո, հարգանքի ու ընդունման: Անդադար աշխատանքի միջոցով է հնարավոր հավակնել սփռել սեփական լույսը մարդկության զարգացման ճանապարհին: Միայն հետևողական ստեղծագործական աշխատանքի շնորհիվ կարելի է ստանալ դեպի ընթերցողների սիրտը տանող կողպեքի այն կարևոր բանալին, որը միշտ տրվում է մեկ օրինակով, դրա «դուբլիկատը» հանելն հնարավոր չէ:
***
«ԱՐԱՐՄԱՆ ԱՅԴ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԺՎԱՐԻՆ Է»
Զրույց բնասեր, գրող Առլեն Շահվերդյանի հետ
«Առավոտ» օրաթերթ, 2014 հունիսի 24
(տես՝ https://arlenshah.wordpress.com/2014/06/25/my-interview-given-to-the-daily-newspaper-aravot/)
Առլեն Շահվերդյանը չի սիրում գռեհիկ ու «կարգուկանոն» չճանաչող գրականություն: Նա իր բլոգում տեղադրում է իր այն ստեղծագործությունները, որոնք կա՛մ արդեն իսկ լույս են տեսել, կա՛մ ապագայում կտպագրվեն: Չի մոռանում նաեւ ընթերցողներին ծանոթացնել իր երաժշտական ճաշակի ու սեփական ձեռքերով ստեղծված կտավների հետ: Ստեղծագործողի «Ապրելու իրավունք» գիրքը կենդանիների արքային՝ առյուծին վերաբերող գիտագեղարվեստական աշխատություն է, որը գրանցվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում:
– Առլեն, Դուք ստեղծագործում եք թե՛ արձակ, թե՛ չափածո: Որո՞նք են այն ընդհանուր գծերն ու տարբերություններն ըստ Ձեզ, որոնք ունեն չափածոն ու արձակը: Ինչպե՞ս է ընտրվում միտքը ընթերցողին հայտնելու «ձեւաչափը»:
– Ինձ համար մշտապես ու հավասարապես կարեւոր են եղել մտքիս շարադրանքի թե՛ արձակ, թե՛ չափածո ձեւերը, դրանք տվյալ հոգեվիճակի՝ այդ պահին ծնվող «սուրհանդակներն» են: Բանաստեղծական շարադրանքի ժամանակ ներքին հոգեվիճակի արտահայտումը լինում է, ասես, մեղեդային ուրույն «նվագակցությամբ», կարծես ներսից մտքի եւ զգայական վիճակի անպայման դուրսբերում ու արտահայտում լինի: Արձակի դեպքում «գործդ» մտքիդ հետ համեմատաբար երկարատեւ է, սակայն՝ ոչ պակաս հետաքրքիր: Ինձ համար, որպես ստեղծագործողի, չափազանց կարեւոր է, որ այդ երկու «ձեւաչափերը» մշտապես ներդաշնակության մեջ են գտնվում նաեւ իմ ներսում:
– Նաեւ նկարում եք: Ձեզ ավելի դուր է գալիս վրձնո՞վ, թե՞ գրչով «նկարելը»:
– Արտաքին աշխարհը ընկալելը, այն ներաշխարհում մշակելը եւ յուրովի մեկնաբանելը ունենում է տարբեր դրսեւորումներ: Նկարում եմ մանկությունից, ինքնուս եմ, նկարչական կրթություն չունեմ, ինչը, սակայն, երբեմն դժվարությամբ եմ համոզում աշխատանքներիս հասցեին հիացական խոսք հղողին: Նկարելը ինձ համար բնության եւ գեղեցիկի հետ առնչվելու եւ նաեւ առերեսվելու յուրօրինակ «գործիք» է, գեղեցիկը մատուցելու, դրա մասին խոսելու «անձնական շարադրություն»: Եթե ասեմ ձեզ, որ ես նաեւ նվագում եմ, ինչպես նաեւ ունեմ բազմաթիվ, առայժմ՝ չհանրահռչակված հեղինակային երգեր, ընդ որում՝ թե՛ երաժշտության եւ թե՛ խոսքերի հեղինակն ինքս եմ, ապա, այո՛, կարելի է վստահաբար ասել, որ նկարչությունը, երաժշտությունը եւ գիրը ինձ համար ստեղծագործական մեկ ընդհանուր «համանվագի» հավասար եւ անսահման սիրելի ոլորտներ են: Ցավոք, վերջին տարիներին ժամանակի սղության պատճառով համեմատաբար քիչ եմ նկարում եւ նվագում, սակայն գիրը երբեք չի զիջել իր տեղը, գրել չեմ դադարել երբեւէ:
– Եթե ցանկություն ունենանք Ձեր ոգեշնչման աղբյուրներին գտնել, որտե՞ղ փնտրենք:
– Ոգեշնչմանս աղբյուրներով թաթախված են իմ բանաստեղծությունները, գրքերը, մտքերը, իմ ամբողջ հեղինակային բլոգը, եւ բավական է մեկ անգամ մարդը հպվի այդ աշխարհին, կզգա այդ աղբյուրների վեհասքանչությունը: Ներշնչանքի անեզր աղբյուրներ են կինը, սերը, բնությունը…Ինձ մոտիկից ճանաչող մարդիկ գիտեն, որ ներշնչանքի աղբյուր կարող է լինել անգամ որեւէ զավեշտալի դրվագ, ասենք՝ թեկուզ տրանսպորտում, եւ դառնալ երգիծական որեւէ ստեղծագործության նյութ:
– Դուք ունեք տպագրված գրքեր, մի քանիսն էլ շուտով են լույս տեսնելու: Ստեղծագործում եք նաեւ համացանցային տիրույթում: Ո՞ր հարթակում է գրողն իրեն ավելի շատ «ձուկը՝ ջրում» զգում: Ի՞նչ առավելություններ ու թերություններ ունեն տպագիր ու առցանց գրականությունը:
– Կարծում եմ, որ գրողի համար յուրաքանչյուր հարթակ ինքնաարտահայտման հնարավորություն է, այլ հարց է, թե այդ հնարավորությունը ով ինչպես է օգտագործում: Ես ինձ հավասարապես «հարմար» եմ զգում թե՛ տպագիր գրքի հետ աշխատելիս, թե՛ համացանցային տիրույթում: Կարծում եմ՝ մտածող եւ իր միտքը գրող մարդը պետք է ներդաշնակորեն հավասարակշռի ավանդական, ժառանգաբար փոխանցվող մշակութային մտածելակերպը ժամանակակից մոտեցումների ու զարգացումների հետ: Արդի տեղեկատվական գործիքարանին տիրապետելու եւ այն գրագետ կերպով ու խելամտորեն օգտագործելու անհրաժեշտությունն այսօր նոր հորիզոն է գրողի համար: Ես, օրինակ, հաջողությամբ հրապարակել եմ մի քանի էլեկտրոնային գրքեր, որոնք շատ ավելի հասու են մեծամասնությանը:
– Դուք ինքներդ հայ նորագույն գրականություն կարդո՞ւմ եք:
– Կարդում եմ գրեթե ամեն բան, ինչ պատահում է՝ փորձելով ինքս ինձ համար առանձնացնել, հաճախ՝ ֆիլտրել հոգեհարազատն ու հետաքրքիրը: Երբ ասում եմ «կարդում եմ», դա վերաբերում է ոչ միայն տպագիր հրատարակություններին, գրքերին, այլեւ համացանցային նյութերին, ստեղծագործական աշխատանքներին, նույնիսկ՝ գրառումներին, ոմանց կիսարթուն մտքերին, երբ առաջին բանը, որ անում են՝ սեփական սոցցանցի էջը գրոհելն է: Մերօրյա գրականությունը նման է բազմագույն կտավի, որտեղ յուրաքանչյուր ստեղծագործող իր ուրույն գույնն է ներբերում այդ ներկապնակին: Գույն կա մնում է, գույն կա՝ մաքրվում: Կան շատ հաջողված ստեղծագործություններ եւ հետաքրքիր հեղինակներ, որոնք ուրույն ձեռագիր ունեն, կան եւ այնպիսիք, որոնք տարրական լեզվական չիմացությունը, խոսքի կուլտուրայի ակնհայտ արհամարհումը, լեզվամտածողական համակարգի խարխլումը, խոսքի շարահյուսության եւ տարրական ուղղագրության բռնաբարումը համարում են նորամուծություն, ոճ՝ կիսագրագետ, անփույթ, կոպիտ, երբեմն էլ զավեշտալի սխալներով շարադրանքը ներկայացնելով որպես «նոր խոսք»: Ամեն միտք էլ «արեւի տակ» տեղ գտնելու իրավունք ունի: Ի վերջո, այդպիսի ստեղծագործությունները մնայուն չեն, սակայն դրանց առկայությունն է, որ ստեղծում է ավելի լավը կերտելու մղում շատերի մոտ: Արարման այդ ճանապարհը դժվարին է: Սակայն ես համոզված եմ, որ դժվարություններն անցողիկ են, իսկ դրանց հաստատակամորեն ու հետեւողական կերպով հաղթահարման ճանապարհին ի հայտ եկող ձեռքբերումները` մնայուն ու հավերժ:
– Ձեր բազմաթիվ նյութեր նվիրված են բնությանը…
– Ինչ ինձ հիշում եմ՝ անսպառ սեր ու նվիրում ունեմ բնության նկատմամբ: Համոզված եմ, որ մարդը կարող է ապրել խաղաղության մեջ միայն, եթե ապրում է բնության հետ խաղաղ գոյակցությամբ եւ չի վնասում բնությանը, հետեւապես՝ նաեւ իրեն: Իմ նյութերը, գրքերը, ստեղծագործությունները սեր, գորովանք ու հոգածություն են քարոզում բնության նկատմամբ՝ փորձելով վեր հանել մարդ-բնություն ազնիվ ու խաղաղ հարաբերության կարեւորությունը: Ես իմ համեստ ջանքերը մշտապես ուղղում եմ դրան: Բնության մասին գրելը, բնապահպանական խնդիրներ արծարծելը ոչ թե սոսկ հարգանք է բնությանը, այլեւ ձգտում՝ նպաստելու մեր հասարակության մեջ էկոլոգիական գիտակցության ձեւավորմանն ու զարգացմանը: Բնասեր լինել, ունենալ էկոլոգիական գիտակցություն եւ կրել այդպիսի մշակույթ, չի նշանակում սոսկ խնամքով վերաբերմունք կենդանական ու բուսական աշխարհի նկատմամբ, այլեւ բարեկամեցություն, հանդուրժողականություն շրջակա միջավայրի նկատմամբ, սեր ու ներդաշնակություն մարդ-բնություն եւ մարդ-մարդ հարաբերություններում: Ունենալ էկոլոգիական գիտակցություն՝ նշանակում է կարողանալ անվնաս ու խաղաղ հարաբերվել թե՛ բնության, թե՛ շրջապատող մարդկանց եւ թե՛ ամբողջ աշխարհի հետ:
Զրուցեց Սյունե Սևադան
«Առավոտ» օրաթերթ 24.06.2014
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/06/25/474077/
© 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից
***
ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՄԱՐԴՈՒ ՈՒ ԲՆՈՒԹՅԱՆ ԽԶՎԱԾ ԿԱՊԸ
«Արմենպրես» լրատվական գործակալություն, 2014 թ. հոկտեմբերի 20
(տես՝ https://arlenshah.wordpress.com/2014/10/20/my-interview-given-to-the-armenpress-news-agency/)
Երևանյան գրախանութներում ակնառու է արդի հայ գրողների աշխատանքների ավելացումը: Դրանցից շատերը պատկանում են երիտասարդ տաղանդավոր գրողների, սակայն հազվադեպ կարելի է հանդիպել վայրի բնությանը նվիրված աշխատանք: Երիտասարդ ստեղծագործող, բլոգեր Առլեն Շահվերդյանի «Լռության գինը» վերնագրված նոր` բնաճանաչողական, բնապահպանական եւ պատմամշակութային գիրքը` գեղարվեստական մատուցմամբ, նվիրված է կովկասյան ընձառյուծի պահպանության խնդրին: Սա երիտասարդ գրողի վեցերորդ գիրքն է: Առլենի համար ներշնչանքի աղբյուր են մարդբնություն փոխհարաբերություները: «Արմենպրես» ը ներկայացնում է հարցազրույց Առլեն Շահվերդյանի հետ:
– Ձեր նոր գիրքը, որը նվիրված է կովկասյան ընձառյուծին, վերնագրված է «Լռության գինը»: Ինչո՞ւ «լռություն» եւ ի՞նչ գին ենք վճարում այդ լռության համար այն դեպքում, երբ այսօր այդքան կարևոր է բարձրաձայնել առկա խնդիրների մասին և ոչ թե լռել:
– Վերնագիրն ինքնին խոսուն է, որովհետև գրքում գերիշխող է այն միտքը, որ շատ երևույթների նկատմամբ մեր լռության գինը հաճախ լինում է այս կամ այն կենդանատեսակի անհետացումը կամ մեկ ամբողջական էկոհամակարգի վերացումը: «Լռության գինը» վերնագիրն ընտրելիս ես փորձել եմ ընդգծել այն հանգամանքը, որ բնապահպանական խնդիրներից շատերը հաճախ պահանջում են այնպիսի ուշադրություն ու հոգածություն, որ հակառակ պարագայում մենք հնարավոր է իսպառ կորցնենք որևէ կենդանատեսակ: Տվյալ պարագայում կովկասյան ընձառյուծը որպես սիմպտոմատիկ օրինակ է, որովհետև մեր բնաշխարհում կովկասյան ընձառյուծից բացի, շատ կենդանատեսակներ կան, որոնք, իհարկե, ունեն հոգածության կարիք: Տվյալ դեպքում նաև նույն վերաբերմուքն է պատմամշակութային ժառանգության նկատմամբ:
– Հաշվի առնելով, որ ձեր նախորդ երկու գրքերն էլ էին նվիրված կատվազգիներին, ինչո՞ւ ընտրեցիք հենց ընձառյուծին:
– Դեռ փոքր տարիքից մեծ սեր ունեմ կենդանական աշխարհի նկատմամբ և առավելապես խոշոր կատուների, սա այն ոլորտն է, որտեղ բազմամյա ուսումնասիրությունների արդյուքում ծնվել են երկու գրքեր: Ըտրությունը կանգ առավ կովկասյան ընձառյուծի վրա` «WWFՀայաստանի» կովկասյան ընձառյուծի պահպանման աշխատանքների առավել ընդգծման համար, և այս գիրքը նրանց հետ համագործակցության արգասիք դարձավ: Վերջին տասնամյակում չեմ հանդիպել բնությանը նվիրված գեղարվեստական գրքերի հրատարակությունների: Եվ այս գիրքը հետաքրքիր մոտեցում էր` գեղարվեստական սյուժեի մատուցման և այս կենդանատեսակի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների համադրմամբ:
– Փաստորեն Ձեր սերը կատվազգիների նկատմամբ չի սահմանափակվել վերոհիշյալ գրքերով, դուք նաև ստեղծել եք մանկական հեքիաթ` Լեո անունով զատիկի մասին: Ի՞նչ խորհուրդ կա այդ հեքիաթի մեջ:
– Հեքիաթում յուրաքանչյուր միջատի անվանումը, նրա ապրելակերպն ու կենսակերպը նկարագրված է գիտական ճշտությամբ, սակայն երեխաներին մատչելի ոճով: Քանի որ գիրքը ունի բնաճանաչողական հատկություն, երեխան կկարողանա ճիշտ տեղեկանալ կենդանիների մասին: Ես իմ բոլոր մանկական հեքիաթներում և վիպակներում փորձում եմ բնության և կենդանիների միջոցով արտահայտել որոշ երևույթներ, որոնք առկա են մարդկանց աշխարհում և փորձում եմ ասելիքը փոխանցել այնպես, որ այն ուսանելի լինի երեխաներին: Ինչու էր զատիկը փորձում գտնել իրեն՝ դա մի հետաքրքիր արկածներով լի վիպակ է, որտեղ, ի դեմս կենդանիների, փորձել եմ ներկայացնել այն, որ մարդուն պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա և որքան ուժ ու եռանդ է անհրաժեշտ յուրաքանչյուր մարդու` ձեռքբերում ունենալու համար: Զատիկին անվանել եմ Լեո, որի անունը գալիս է լեոպարդից, ինչը նշանակում է բծավոր, իսկ զատիկն ինքն էլ է բծավոր:
– Դուք նկատեցիք, որ վերջին տասնամյակում քիչ են տպագրվել բնությանը նվիրված գեղարվեստական աշխատություններ, Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը:
– Մեծանուն Վախթանգ Անանյանից հետո վերջին տասնամյակներում բնությունը գեղագիտորեն ընկալելու և գեղարվեստորեն արտահայտելու օրինակներ ըստ էության չկան: Վերջին տասնամյակների ընթացքում թուլացել է մարդու ու բնության կապը, երբեմն նաև խզվել: Այսօր մարդիկ, շատ այլ խնդիրներով զբաղված լինելով կամ շատ այլ երևույթների ու խնդիրների վրա կենտրոնանալով, բնության նկատմամբ վերաբերմունքը մղել են հետին պլան: Դա մենք տեսնում ենք ամեն օր` շրջակա միջավայրի նկատմամբ մեր համերկրացիների վերաբերմունքից: Իմ գրքում նշել եմ, որ դա մարդբնություն ներդաշնակ հարաբերությունների խզումն է:
– Ձեր բլոգում դիտելով տպագրված և տպագրությանը պատրաստվող գրքերի ցանկը` աչքի է զարնում «Գարնանային ռեքվիեմ» անվանումով գիրքը: Ինչո՞ւ այդքան իրարամերժ հասկացություններով վերնագիր:
– «Գարնանային ռեքվիեմը» մի պատմվածք է, որը տեղ է գտել պատմվածքների համանուն ժողովածուի մեջ: Այնտեղ մանրամասն խոսվում է երկու պարադոքսալ երևույթների համադրման մասին: Այդ պատմվածքում, համադրելով կյանքի զարթոնքի և մայրամուտի հասկացությունները, փորձել եմ ցույց տալ, որ յուրաքանչյուր տխրության մեջ ավարտուն բան կա, որը բերում է նոր սկզբի, և յուրաքանչկուր սկիզբ ունի ավարտ: Փորձել եմ ցույց տալ այն փխրուն փոխհարաբերությունը, որն առկա է դրանց միջև:
Հարցազրույցը` Անահիտ Մինասյանի:
***
ՀԱՄԱՑԱՆՑԸ ՇԱՏ ԼԱՎ ԲԱՆ Է, ԲԱՅՑ ԱՅՆ ՉԻ ԲՈՒՐՈՒՄ. ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Gazeta.am» լրատվական գործակալություն, 2014 թ. հոկտեմբերի 20
(տես՝ https://arlenshah.wordpress.com/2014/10/20/my-interview-given-to-gazeta-am-news-website/)
Գրող, բլոգեր Առլեն Շահվերդյանը, ով սիրում է ստեղծագործել թե՛ չափածո և թե՛ արձակ ժանրերում, վերջերս հրատարակեց իր «Լռության գինը» գիրքը: Երիտասարդ ստեղծագործողի համար ոգեշնչման աղբյուրներ են սերը, բնությունը, կանայք, Հայաստանի տեսարժան վայրերը: Նրա ստեղծագործությունների առանցքում բնությունն է, բնապահպանական խնդիրներն ու կենդանիները: Սիրում է նաև նկարել բնության տեսարաններ:
Հաճախակի է լինում բնության գրկում և կարծում է, որ գտնվելով ծառաշատ վայրում, բնության մեջ, լսելով թռչունների ձայնը՝ ոչ միայն հանգստանում ես, այլև լցվում ես ներշնչանքով՝ նոր ստեղծագործություն արարելու համար:
Gazeta.am-ը զրուցել է Առլեն Շահվերդյանի հետ` վերջերս հրատարակած գրքի, նրա ստեղծագործությունների, նախասիրությունների և ապագա ծրագրերի մասին:
– Դուք գրում եք թե՛ արձակ և թե՛ չափածո ստեղծագործություններ: Ո՞րն է ավելի հեշտ ստացվում, և ո՞րն է ավելի հոգեհարազատ:
– Եվ՛ արձակ և՛ չափածո ժանրերում ստեղծագործելն ինձ համար հոգեհարազատ է: Բարեբախտաբար երկու դեպքում էլ մեծ սիրով ու հետաքրքրությամբ կարողանում եմ շարադրել միտքս և արտահայտել այն զգացողությունները, որոնք այդ պահին անհրաժեշտ է լինում հանձնել թղթին: Բանաստեղծությունները կարծես մտքի սուրհանդակներ լինեն, որոնք հանգավորված կերպով արտահայտում են այս կամ այն երևույթը կամ զգացողությունը: Արձակն ավելի երկար ու հետաքրքիր աշխատանք է սեփական մտքի հետ, որ փորձում ես շարադրել ավելի ընդարձակ նախադասությունների միջոցով, արտահայտել այն ամենն ինչը կուտակել ես և ցանկանում ես դուրս բերել: Երկու դեպքում էլ ինձ հավասարապես ազատ եմ զգում:
– Ովքե՞ր են Ձեր ընթերցողները:
– Բարեբախտաբար ընթերցողներն ընդգրկում են լայն շրջանակ, ընդ որում ինչպես մասնագիտական հետաքրքրությունների առումով, այնպես էլ՝ տարիքային: Ուրախությամբ պետք է նշեմ, որ բացի հայ ընթերցողից, արդեն շուրջ երեք տարի է մեծ ուշադրության եմ արժանանում արտասահմանցի ընթերցողների կողմից: Դրան խթան հանդիսացավ նաև այն, որ կայքս դարձրեցի երկլեզու՝ հայերեն և անգլերեն, որը հնարավորություն ստեղծեց, որպեսզի լսարանն ավելի մեծանա: Այս պահի դրությամբ ընթերցողներիս աշխարհագրությունը բավականին լայն է: Ասեմ, որ ես ինքս եմ թարգմանում նյութերս: Ուրախալին այն է, որ այն ինչ գրում եմ ու նաև թարգմանում ընկալելի է օտարազգի ընթերցողի համար: Բոլորովին վերջերս, երբ իմ էլեկտրոնային բանաստեղծությունների գիրքը լույս ընծայվեց, այն լայն արձագանք գտավ հատկապես օտարազգի ընթերցողների կողմից, որոնք հաճելիորեն զարմացել էին հանգավորված, իրենց համար ընկալելի բանաստեղծություններ կարդալու մի մարդուց, որն այլ լեզվամտածողության կրող է և այլազգի է:
– Ի՞նչը կարող է ոգեշնչել երիտասարդ ստեղծագործողին:
– Շատ բան կարող է ոգեշնչել երիտասարդ ստեղծագործողին, եթե նա սիրում է կյանքը և սիրում է արտահայտել կյանքի գեղեցիկը: Ընդ որում ոչ միայն ընդունված չափորոշիչներով, այլ գեղեցիկն ամեն ինչում: Ինձ համար ոգեշնչման աղբյուրներ են սերը, բնությունը կանայք, այն լավն ու բարին, որոնք կան: Ցավոք, դրանք երբեմն իրենց տեղը զիջում են ավելի բացասական երևույթներին, բայց գրելով լավի մասին, փորձում ես քո փոքրիկ, համեստ ներդրումն ունենալ՝ աշխարը մի փոքր լավը դարձնելու ուղղությամբ:
– Ձեր ստեղծագործությունների հիմնական մասը նվիրված է բնությանը: Մտածել ե՞ք այլ թեմաներով ևս ստեղծագործելու մասին, և ո՞րը կլինի առաջինը:
– Իմ ստեղծագործությունների առանցքում բնությունն է, բնապահպանական խնդիրներն և բնությունը գեղարվեստորեն նկարագրելը: Ինձ համար պատիվ և ուրախություն է, որ այս ոլորտում ստեղծագործում եմ և ունեմ մի քանի տպագրված գրքեր: Ցավոք, որքանով, որ ես ուսումնասիրել եմ, դաշտում բնության նկատմամբ գեղարվեստական ստեղծագործություններ գրող այլ հեղինակների չեմ հանդիպել: Գրում եմ ինձ հետաքրքրող թեմայի վերաբերյալ: Երբեք չեմ փորձել քաղաքական կամ այլ թեմաներով գրել: Ես ստեղծագործում եմ այն բնագավառում, այն թեմայի շուրջ, որն ինձ հոգեհարազատ է: Ես այդտեղ ինձ լավ եմ զգում, ազատ եմ զգում և մեծ նվիրումով եմ գործս անում: Ինչ վերաբերում է թեմաների ընտրությանը, իհարկե, կան ստեղծագործություններ, որոնք բացի բնությանն ու սիրուն նվիրվելով, այլ խնդիրներ են արծարծում: Շատ ունեմ բանաստեղծություններ հայրենասիրական բովանդակությամբ:
Ասեմ, որ իմ բոլոր ստեղծագործություններում ոչ միայն մարդ-բնություն ներդաշնակությունն է ներկայացված, այլ դրա առանցքում դրված է մարդ-մարդ հարաբերությունները: Ինչու՞, որովհետև, եթե մարդն էգոլոգիապես գիտակից է, զարգացած է և խաղաղ ու ներդաշնակ հարաբերության մեջ է շրջապատող միջավայրի հետ, մարդը շատ հանդուրժող ու բարի կամեցող է նաև մարդկանց նկատմամբ:
– Այսօր գրագողությունը դարձել է սովորական երևույթ: Երբևէ նման դեպք Ձեզ հետ պատահել է և նման դեպքերում Ձեր քայլերը, վերաբերմունքը:
– Այսօր գրագողության հիմնական աղբյուրը համացանցն է: Ես ունեմ հետևյալ որդեգրած մոտեցումը՝ այն, ինչ տեղադրվում է համացանցում, առաջին հերթին հրատարակվում է և պարտադիր կերպով նաև գրանցվում՝ իր բոլոր օրինական ճանապարհներով, ակադեմիական պահանջներին համապատասխան: Անգամ, եթե դա էլեկտրոնային գիրք է, այն անց եմ կացնում բոլոր անհրաժեշտ փուլերով, որպեսզի այն համապատասխանի հեղինակային իրավունքի բոլոր պահանջներին: Միայն այդ դեպքում կարելի է ասել, որ հանրությանը ներկայացնում ես մի բան, որը հեղինակային իրավունքի առումով պաշտպանված է: Իմ ընթերցողներն այնպիսի բարեշնորհ ու առաքինի մարդիկ են, որոնք երբևէ իրենց նման բան թույլ չեն տվել: Դա ուրախացնող և պարտավորեցնող է:
– Հաճախակի ե՞ք լինում բնության գրկում:
– Վերջերս նյութ էի հրապարակել այդ հարցադրմամբ՝ «Դուք հիշու՞մ եք, թե վերջին անգամ երբ եք եղել բնության գրկում, կամ ե՞րբ եք վերջին անգամ ոտաբոբիկ քայլել կանաչ խոտի վրայով», որն, ըստ իս, ուղիղ շփում է մայր հողի, երկրագնդի հետ: Այո՛, փորձում եմ օրվա ժամանակի որևէ հատված անպայման անցկացնել բնության գրկում: Գտնվելով ծառաշատ վայրում, բնության մեջ, լսելով թռչունների ձայնը՝ ոչ միայն հանգստանում ես, այլև լցվում ես ներշնչանքով՝ նոր ստեղծագործություն արարելու համար:
– Ե՞րբ սկսեցիք ստեղծագործել:
– Դեռ դպրոցական տարիներից ստեղծագործում եմ: Շարադրություններս ուսուցիչները միշտ առանձնացնում էին՝ ասելով, որ այն շարադրություն չէ, այլ՝ արձակ ստեղծագործություն: Փոքր տարիքից շատ ակտիվ եմ եղել, հաճախել եմ տարբեր խմբակների: Անընդհատ ստեղծագործական վիճակների մեջ եմ եղել:
– Քանի՞ գիրք ունեք հրատարակած, և ե՞րբ է հրատարակվել առաջին գիրքը:
– Առաջին գիրքը լույս է տեսել 2008 թվականին, որը «Զատիկ Լեոն» մանկական վիպակն էր: Հատկանշական է, որ, լինելով մանկական վիպակ, նվիրված լինելով միջատների աշխարհին, իր մեջ պարունակում է գիտականորեն ճշգրիտ տեղեկույթ միջատների մասին, ինչն ուսանելի է ընթերցող մանկահասակ երեխաների համար: Գիրքը ազատ դրված է իմ հեղինակային բլոգում:
Մինչ այսօր արդեն հրապարակել եմ 4 հրատարակված, 3 էլեկտրոնային գիրք: Կարծում եմ, որ էլեկտրոնային գրքերի պատշաճ մակարդակով մշակումը և հրապարակումը նույնպես մեզանում նոր և հետաքրքիր երևույթ է: Էլեկտրոնային գրքերը շատ ավելի լայն հասանելիություն են ունենում: Միշտ սիրում եմ կրկնել այս խոսքը՝ համացանցը շատ լավ բան է, բայց այն չի բուրում: Իսկ մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ կան գույներ, բույրեր: Գիրքը և՛ գունեղ է, և՛ բուրում է:
– Ձեր վերջին գիրքը՝ «Լռության գինը», ինչի մասին է:
– Գիրքը կոչվում է «Լռության գինը», այն հրատարակվել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) ֆինանսական աջակցությամբ և մասնագիտական խորհրդատվությամբ: Այն նվիրված է կովկասյան ընձառյուծին, նրա պահպանության խնդրում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճուղի ձեռնարկվող քայլերին և մեր պատմամշակության կոթողներից մեկին՝ Ամբերդ ամրոցին:
Վերնագիրն ընդհանուր առմամբ միավորում է այդ երկու արձակ պատմվածքները, որովհետև առանցքում հետևյալ միտքն է. «Շատ անգամ շատ երևույթների նկատմամբ մեր լռության գինը լինում է տվյալ կենդանատեսակի կամ կոթողի ոչնչացումը, անհետացումը»: Այս իմաստով փորձել եմ բերել երկու տարբեր ոլորտի օրինակներ և միավորել մեկ ընդհանուր վերնագրի տակ՝«Լռության գինը»:
Կովկասյան ընձառյուծի օրինակով փորձել եմ վեր հանել խիստ հազվագյուտ կենդանու պահպանության խնդիրը և դա պրոեկտել բնության մյուս ներկայացուցիչների վրա:
– Ապագայում ի՞նչ ծրագրեր կան:
– Խոսելով ստեղծագործական ծրագրերի մասին՝ ուզում եմ նշել, որ, վարելով հեղինակային բլոգ, անընդհատ գտնվում եմ ստեղծագործական վիճակում: Թեկուզ մեկ հրապարակում գրելն արդեն ստեղծագործական պրոցես է: Ինձ համար ներշնչանքի աղբյուր շատ հաճախ լինում է այցելությունը որևէ տեսարժան վայր: ՀՀ բնությունը և տեսարժան վայրերն այնքան ունիկալ են, այնքան գեղեցիկ, որ անընդհատ կարող են ներշնչանքի աբյուր հանդիսանալ:
Առաջիկա ծրագրերում ունեմ հրատարակվելիք գիրք, որը պատրաստ է «Գարնանային ռեքվիեմ» վերնագրով և հույս ունեմ, որ այն կտպագրվի: Պատրաստել եմ էլեկտրոնային նոր գիրք և արդեն սկսել եմ աշխատանք նոր պատմվածքի վրա, որը նկարագրությունն է Լոռվա մարզ կատարած իմ վերջին այցելության:
Հարցազրույցը վարեց Դուսյա Ղազարյանը:
***
ՊԱՏՄՎԱԾՔԸ ՍԻՐՈ, ԿՅԱՆՔԻ և ՄԱՀՎԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՂԻՆԱԿԻ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԱՍԻՔՆ Է. ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ «ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳԻՐՔԸ
ՄԱՄՈՒԼ.am լրատվական գործակալություն, 2015 թ. օգոստոսի 13
(տես՝ http://mamul.am/am/news/70999)
Հրապարակվել է Առլեն Շահվերդյանի էլեկտրոնային նոր գիրքը՝ «Ապրումակցում» վերնագրով: Պատմվածքը սիրո, կյանքի և մահվան վերաբերյալ հեղինակի մտորումների արգասիքն է: Գրքում արծարծվող թեմաներն են դիակիզման անթույլատրելիությունը և ապրումակցման երևույթի կարևորումը:
ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում գրող, արձակագիր Առլեն Շահվերդյանն ասաց, որ ստեղծագործում է պատանեկան հասակից: Հիմնականում գրում է չափածո և արձակ: «Ինձ համար նախընտրելի թեմաներն են սերը, բնությունը, կինը, մարդ-բնություն, մարդ-մարդ հարաբերությունները: Ստեղծագործելու համար միշտ գտնում եմ ժամանակ և ներշնչանք»,- անկեղծացավ գրողը:
«Արդեն հրատարակել եմ տպագիր 4 և էլեկտրոնային 7 գիրք: Ժամանակի տեղեկատվական գործիքարանի օգտագործմամբ գրքերս լայն տարածում են գտնում ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի ընթերցողների շրջանում»,- ասաց հեղինակը:
Նյութը պատրաստեց Անի Մնացականյանը:
***
«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐ» – ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«OnlineRadio.am», 2016 թ. մայիսի 22
(տես՝ https://arlenshah.wordpress.com/2016/05/24/my-interview-to-onlineradio-am/)
«Գեղեցիկ գրել՝ նշանակում է միաժամանակ գեղեցիկ մտածել, գեղեցիկն զգալ ու գեղեցիկ արտահայտվել: Այսինքն, հավասար չափով տիրապետել խելքին, հոգուն ու ճաշակին» — Բյուֆոնի այս խոսքերը լավագույնս բնորոշում են մեր այսօրվա հյուրին: Նա, թեև երիտասարդ է, բայց արդեն իսկ բազմաթիվ գրքերի հեղինակ է: Ստեղծագործում է թե արձակ, թե չափածո ժանրերում: Գրում է նաև հոդվածներ և էտյուդներ: Ծանոթ լինելով նրա պոեզիային՝ կարող եմ փաստել, որ ձևավորվում է անչափ նուրբ, քնքուշ և ինքնատիպ գրող: Մեր հյուրն է երիտասարդ ստեղծագործող, բանաստեղծ և արձակագիր Առլեն Շահվերդյանը:
– Բարև, Առլեն:
– Բարև Ձեզ:
– Շնորհակալ եմ, որ ընդունեցիր մեր հրավերը: Կխնդրեմ, որ մի քանի բառով պատմես, թե ինչպե՞ս գրվեցին առաջին ստեղծագործություններդ:
– Դրանք բանաստեղծություններ էին: 1990-ականներին, երբ դեռ ժամանակի գործիքարանը, տեղեկատվական տեխնոլոգիաները, սոցիալական մեդիան այդչափ զարգացած չէին, կար միայն հրատարակվելու հնարավորություն: Այդ ընթացքում հրապարակվել եմ՝ հրատարակելով մի քանի բանաստեղծություններ և մեկ ժողովածու:
– Ի՞նչ մասնագիտություն ունես:
– Մասնագիտությամբ հոգեբան եմ:
– Ըստ քեզ, գրող դառնալու համար որքանո՞վ է կարևոր մասնագիտական կրթությունը: Քո մասնագիտությունը քեզ որքանո՞վ է օգնում:
– Յուրաքանչյուր մասնագիտություն իր յուրատիպ հետքը թողնում է: Դա իր արտացոլումը գտնում է գրողի գրական ճաշակի և աշխատանքները հնարավորինս ինքնատիպ մատուցելու հնարավորության վրա:
– Ինչպե՞ս ես վերաբերվում քննադատությանը:
– Շատ առողջ կերպով: Երբեմն նույնիսկ ինքս եմ ցանկանում քննադատական խոսք լսել: Քննադատական՝ ոչ թե որևէ բան խաթարելու կամ հուսալքելու իմաստով, երբեմն՝ նաև անտեղի վատաբանելու առումով, այլ քննադատություն, որը կառուցողական է, սրտացավ և ողջամիտ: Քննադատություն, որն ստիպում է մտածել, հետևություններ անել: Ցավոք սրտի, այդպիսի քննադատության հազվադեպ եմ արժանանում, բայց շատ եմ ուզում: Երբեմն ուրախանում եմ, որ այդպիսի քննադատություն է լինում: Նման քննադատությունն է միայն, որը որոշակիորեն, չակերտյալ նոր «տրամպլին» է որևէ նոր արգելք հաղթահարելու համար:
– Քանի՞ գրքերի հեղինակ ես:
– Եթե թվարկեմ հրատարակվածները, ապա թվով արդեն հինգ-վեց գրքերի հեղինակ եմ: Մնացած տասն էլեկտրոնային են, որոնք նույնպես գրանցված են որպես գրքեր և ունեն բավական լայն տարածում:
– Ինձ հետաքրքրեց քո գրքերից մեկի վերնագիրը «Լռության գինը»: Բավականին խոսուն վերնագիր է: Կյանքում հաճախ շատ թանկ ենք վճարում մեր լռության դիմաց: Կխնդրեմ պատմես այս ժողովածուի մասին. ինչպիսի՞ ստեղծագործություններ են ներառված և ինչպե՞ս եղավ խորագրի ընտրությունը:
– Առհասարակ, շատ մեծ ուշադրություն եմ դարձնում վերնագրերին: Հավանաբար դրա վրա իր հետքը թողել է հեռուստալրագրության փորձառությունս: Վերնագիրն առաջին հրավերքն է ընթերցողին դեպի այն գրական աշխարհը, որը փորձում ես հրամցնել նրան: «Լռության գինը» մի ժողովածու է՝ երկու վիպակից կազմված, երկու երևույթների ու մեզանում առկա շատ կարևոր հարստությունների և դրանց պահպանության երբեմն մեր անթույլատրելի լռության մասին: Երբ անտարբեր ես և լռում ես երևույթի նկատմամբ, ապա այդ լռությունը շատ հաճախ ունենում է շատ ցավալի և մեծ գին:
– «Ապրելու իրավունք». այսպես է կոչվում քո գրքերից մեկը: Այստեղ ինչպիսի՞ ստեղծագործություններ են ներառված:
– Եթե ցիտեմ գրախոսներից մեկի գնահատականը. «դա ֆունդամենտալ, հետազոտական, գեղարվեստական, գիտական աշխատություն է»՝ նվիրված «առյուծ» կենդանատեսակին. ոչ միայն նրա կենսաբանական, ծագումնաբանական ուսումնասիրության առումով, այլև առյուծի դերն ու նշանակությունն աշխարհի բոլոր ազգերի դավանաբանության, զինանշագիտության, պատմամշակութային ժառանգության մեջ: «Ապրելու իրավունքը» դարձյալ ընդգծում է բոլոր կենդանի արարածների՝ մարդու հետ հավասար Երկիր մոլորակի վրա ապրելու իրավունք ունենալու խնդիրը և մատնանշում այն կարևոր հանգամանքը, որ մարդը մոլորակի վրա միայնակ չի ապրում, Երկիրը հարուստ է իր կենսաբազմազանությամբ, և յուրաքանչյուրն ունի ապրելու իրավունք: Առանձնակի հպարտությամբ ու գորովանքով եմ խոսում այս գրքի մասին, որովհետև կարճ ժամանակում ոչ միայն լայն տարածում գտավ և սիրվեց, այլև, հուրախություն ինձ, այն նաև գրանցվեց աշխարհի մի շարք գրադարաններում: Ինձ շատ հաճելի էր իմանալ, որ, բացի մեր առաջատար գրադարաններից, այն ամրագրվեց և գրանցվեց նաև ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում: Այս գրադարանն աշխարհի ամենամեծ գրապահոցն է և այնտեղ գրանցված գրքերը համարվում են մարդկային ժառանգություն: Ինձ շատ շոյիչ էր: Կոնգրեսի գրադարանի վկայագրում, որն ուղարկել են ինձ, նշված է. «Հետաքրքիր է, որ Հայաստանում արվել է նմանատիպ հետազոտություն»: Այս գիրքս շուրջ տասը տարիների երկարատև ուսումնասիրությունների արգասիք է:
– Կա՞ քեզ համար որևէ թեմա, որի մասին երբեք չես գրի:
– Այո: Կարող եմ մատնանշել ոլորտ, որն ինձ խորթ է և դրանով չեմ զբաղվում, դրա մասին չեմ գրում: Դա քաղաքական ոլորտն է: Ոչ թե, որ համարում եմ այնտեղ գրելու բան չկա, այլ ուղղակի դա իմը չէ: Այն, ինչն իմը չէ, աշխատում եմ հանձն չառնել, որովհետև այդտեղ ինձ չեմ զգում այնքան անկեղծ ու ազատ, որքան որ այլ ոլորտներում:
– Եղե՞լ են դեպքեր, երբ ինքդ քեզ դարձնես ստեղծագործության հերոս:
– Հետաքրքիր հարց: Իմ շատ պատմվածքներ գրված են առաջին դեմքով: Ինչո՞ւ: Ինձ թվում է, որ ստեղծագործություններիս անկեղծության գրավականներից մեկը նրանում է, որ այն անպայման անցնում է հեղինակի պրիզմայով և դա ներկայացնում եմ այն նախապես ապրվելուց հետո: Ստացվում է այնպես, որ առաջին դեմքով ստեղծագործելիս ուղիղ երկխոսության մեջ եմ մտնում ընթերցողի հետ: Երբ երրորդ դեմքով եմ ստեղծագործում, ինձ մոտ տպավորություն է լինում, որ իմ ստեղծած սյուժեն դիտում եմ կողքից: Առաջին դեմքով ստեղծագործելիս շատ սերտ շփում և հարաբերություն է ձևավորվում ընթերցողի հետ: Քանի որ ընթերցող-հեղինակ կապն անմիջական է դառնում. մարդուն անմիջապես տեղադրում ես այն իրադարձության և զարգացումների մեջ, որը որ ցանկանում ես:
– Գիտեմ, որ սիրում ես նաև նկարել: Գրչով, թե՞ վրձնով է ավելի հեշտ կերտել կերպարներ:
– Դեռ դպրոցական տարիքից թե դասարանի, թե դպրոցի շարադրությունների, եթե կատակեմ (խմբ.-ժպտում է), տիրակալ էի: Կարելի է ասել, որ նկարագրական ոճը նկարելու և նաև տեսածը գրչով գեղարվեստորեն նկարագրելու հակումը միշտ եղել է: Առհասարակ, նկարում եմ ազատ ժամանակ: Իրերին և երևույթներին ստեղծագործաբար նայելը մշտապես է: Եթե այդ պահին այն իր արտահայտումը գտնում է գրչի միջոցով, դառնում է գրական ստեղծագործություն: Նկարում եմ, թեպետ, փոքր տարիքից, բայց, ցավոք, ավելի հազվադեպ, քան գրում եմ:
– Եղե՞լ են դեպքեր, երբ միտքը, գաղափարը հասունանա չափածոյի ժանրում, սակայն հետագայում վերածես արձակի:
– Եղել են այդպիսիք: Բայց, որպես կանոն, չափածո ստեղծագործությունն իր արտահայտումը գտնում է հենց չափածոյում, արձակը՝ արձակում: Ինչո՞ւ: Ըստ իս, չափածո ստեղծագործությունն իր մեջ պարունակում է որոշակի մեղեդայնություն: Սիրում եմ ազատ ժամանակ նվագել, երգեր եմ գրում: Համոզվել եմ, որ բանաստեղծության հանգավորվածության մեջ ազատականություն վայելելու շնորհը շատ անգամ ապահովված է լինում երաժշտականության զգացողությունով և երաժշտական լսողության ունակությամբ: Մեղեդայնության տարբերություն կա: Տվյալ դեպքում խոսքը չափածոյում տակտի, ռիթմի զգացողության մասին է: Բացի այդ, հանգերի և դրանք զգալու, ճիշտ օգտագործելու մեջ է: Երաժշտություն լսող և արարող մարդու պարագայում իր իսկ կողմից արարված բանաստեղծությունը շատ ավելի մեղեդային է, քան երաժշտությունից հեռու մարդունը: Դա, իհարկե, չի նշանակում, որ երաժշտական ընկալում չունեցող կամ քիչ ունեցող բանաստեղծը վատ բանաստեղծ է: Պարզապես, այս դեպքում ուրվագծվում են ոճային տարբերությունները և մեղեդայնության շատի ու քչի առկայությունը բանաստեղծության մեջ:
– Քո խոսքից կարելի է ենթադրել, որ հանգը բանաստեղծության կերտման արվեստում բավականին լայն տեղ է գրավում: Բանաստեղծության կերտման արվեստում ուրիշ ի՞նչ չափանիշներ ունես:
– Չափանիշի փոխարեն կասեի նախապայման: Բանաստեղծության համար անհրաժեշտ է սիրտ, միտք, աշխարհը և շրջապատող իրերն ու երևույթները գեղարվեստորեն ընկալելու և այն նույնքան գեղարվեստորեն արտահայտելու ունակություն: Երբեմն խոսում են, որ մուսան եկավ, մուսան գրեց: Հավատացնում եմ ձեզ. մուսան միշտ գալիս և նստում է այն մարդկանց ուսին, որոնք ժրաջան ու աշխատասեր են իրենց իսկ այցելած այդ մուսան կյանքի կոչելու: Եթե մուսան մի անգամ նստում է ծույլի ուսին, հաջորդ անգամ այլևս այդ ուսին չի նստում: (խմբ. – ժպտում է)
– Շնորհակալ եմ գեղեցիկ և անկեղծ զրույցի համար: Այն նաև սկսնակ գրողների համար ուղղորդող ազդեցություն կունենա:
– Ես էլ եմ շատ շնորհակալ հրավերքի համար: Պետք է ողջունեմ ձեզ. տեսնում եմ այն հարթակում, որ ստեղծել և կազմակերպել եք, շատ հետաքրքիր, տաղանդավոր և խոստումնալից անուններ: Ինքս էլ ազատ ժամանակ հաճույքով հետևում եմ և ուրախանում՝ տեսնելով հետաքրքիր մոտեցումներով և լուծումներով, նաև՝ ինքնատիպ մտքի շարադրանքներով երիտասարդների: Դա ոգևորող է, ուրախացնող: Այն գրականությունը, որով որ հաճախ սիրում ենք հպարտանալ, վստահ եմ, որ լավ ձեռքերում է: Ժամանակի ընթացքում ժամանակի բովով անցնելուց հետո հաստատ կունենանք այնպիսի անուններ, որոնք որ մեր անցյալի գրական վիթխարի ժառանգության արժանի կրողներն են:
– Ի՞նչ կարևոր խորհուրդ կհղեք սկսնակ երիտասարդ ստեղծագործողներին:
– Խորհուրդ կտամ սիրել. սիրել այն ամենն, ինչ անում են՝ աշխարհը, կյանքը, գեղեցիկը, մարդկանց, շրջապատող աշխարհը, միջավայրը: Ամեն բան անել սիրով: Իմ խորին համոզմամբ, ստեղծագործողը միայն մարդը չէ, որն արվեստի որևէ գործ է ստեղծում: Մեզանից յուրաքանչյուրն ստեղծագործաբար ապրում է, եթե էությամբ ստեղծագործող է: Դա կարող է լինել մարդկային հարաբերությունների մեջ, սովորական շփման, աշխարհի և իրերի, երևույթների հետ հարաբերման տիրույթում: Եթե մարդն իր էությամբ ստեղծագործող է, անում է այն, ինչ սիրում է, և սիրելով է անում, ուրեմն վստահ եմ, որ արդեն իսկ գործի կարևոր մասն ապահովված է:
– Շնորհակալություն, Առլեն:
– Ես էլ եմ շնորհակալ:
Հարցազրույցը վարեց Սոնա Վանյանը:
***
«ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՉԱՄԻՉՆ Է, ՈՐ ԿՅԱՆՔԻ «ԲՈՒԼԿՈՒ» ՄԵՋ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ՀԱՄ ՈՒ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆ. Հարցազրույց գրող Առլեն Շահվերդյանի հետ
«Առավոտ» օրաթերթ, 2016 մայիսի 24
(տես՝ https://arlenshah.wordpress.com/2016/05/25/arlen-shahverdyan-interview-to-the-daily-newspaper-aravot-may-24-2016/)
– Հե՞շտ են ծնվում գրական էտյուդներդ ու պատմվածքներդ:
– Գրական էտյուդներս, պատմվածքներս, վիպակներս, առհասարակ՝ բոլոր արձակ ստեղծագործություններս, երեւույթի, ապրումի կամ որեւէ դրվագի գեղարվեստական ոճով գրական արտահայտչամիջոցներն են: Կան պատմվածքներ, որոնց ստեղծման ներշնչանքն այնպես է հորդում, որ գրեթե մեկ շնչով է ծնվում նոր գործը: Կան եւ այնպիսիք, որոնք որոշակի բովով են անցնում հոգու գաղտնարաններում, հասունանում, սպասում իրենց համար նախանշված պահին, երբեմն՝ երկար սպասում, իսկ այդ ընթացքում բյուրեղանում ու առավել ճշգրիտ կերպով արտահայտում այն, ինչն ուզում ես ասել: Օրինակ՝ ես ունեմ ստեղծագործություններ, որոնց մտահղացումները կամ առաջին, սկզբնական գրառումներն արել եմ ձեռագրով դեռ 10-15 տարի առաջ, այդքան ժամանակ խնամքով պահել եմ ու հրապարակման իրենց ժամին արժանացել են միայն տարիներ անց:
– Ինչո՞ւ է հենց «Գարնանային ռեքվիեմ» վերնագրված նոր գիրքդ:
– «Գարնանային ռեքվիեմ» գիրքս, որը լույս է տեսել մայիս ամսին, հեղինակային մտորումներով «թաթախված» պատմվածքների ժողովածու է: Գարունը կյանքի սկիզբն է, իսկ յուրաքանչյուր ռեքվիեմ էլ արտահայտում է կյանքի մայրամուտն ու ավարտը: Վերնագրելով գիրքս «Գարնանային ռեքվիեմ»՝ ցանկացել եմ ցույց տալ կյանքում սկզբի ու ավարտի հաջորդականության անխախտությունն ու տալ դրա խոհափիլիսոփայական մեկնությունը: Ընթերցողը կտեսնի, որ գրքում զետեղված համանուն՝ «Գարնանային ռեքվիեմ», պատմվածքում տվել եմ ընտրված այդ վերնագրի լիարժեք հիմնավորումը: Ընթերցողին մնում է ձեռք բերել «Գարնանային ռեքվիեմի» իր օրինակն ու ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները:
– Արդյո՞ք գրականությամբ կարելի է հաղթահարել բոլոր ոլորտներում, ցավոք, տիրապետող դարձած «անչամիչ բուլկու» մտածողությունը:
– Շնորհակալություն, որ համեմատությունն անում ես հենց գրքիս «Բուլկու միակ չամիչը» վերնագրով եւ արդեն մեծ համբավ վայելող ստեղծագործության հիշատակմամբ: Ցավոք, գրականությամբ ամբողջապես հաղթահարել տարբեր ոլորտներում առկա իրողությունները՝ հնարավոր չէ, սակայն գրականությամբ առաջարկել հաղթահարման ուղիներ, տալ ուղղորդիչ, հուշող, գեղարվեստորեն գրավիչ ու արդարացված եւ իմաստավորված առաջարկություններ՝ պարտադիր է: Գրականությունը բոլոր հարցերը լուծելու առաքելություն չունի, սակայն այն ունի հարցադրումը վեր հանելու ու դրա վրա ուշադրություն եւ միտք սեւեռելու առաքելություն: Այլաբանորեն եթե ասեմ, ապա գրականությունը հենց այն չամիչն է, որը կյանքի «բուլկու» մեջ հաղորդում է համ ու գրավչություն:
– Ո՞րն է լավ գրականության չափման քո «գործիքը»:
– Լավ գրականությունը, առաջին հերթին, պիտի լինի անթերի, գրագետ, շարահյուսորեն ու ուղղագրական իմաստով՝ մաքուր լեզվով, քանի որ այդպիսով այն դառնում է ճիշտ լեզվամտածողության ճշգրիտ արտացոլումն ու արգասիքը: Որքան էլ ասելիքը ուրույն լինի ու ինքնատիպ, միեւնույն է, ինձ համար դրա մատուցման ձեւը, այն է՝ անաղարտ լեզուն, ստեղծագործության գրի նկատմամբ խնամքով վերաբերմունքը եւ սեփական լեզվի նկատմամբ հարգանքն ու գորովանքը այն «գործիքներն» են ու նաեւ կարեւոր նախապայմանները, որոնք առանձնացնում են մեկ ստեղծագործությունը մյուսից, մի գրողին՝ մյուսից:
– Ստեղծագործում ես ինչպես չափածո, այնպես էլ արձակ: Արդյոք չի՞ անցել պոեզիայի ժամանակը, եթե հաշվի առնենք այն, որ գոնե Հայաստանում գրահրատարակիչներն այսօր ավելի շատ արձակ են տպագրում:
– Ես միշտ համոզված եմ եղել ու հիմա էլ մնում եմ նույն կարծիքին, որ ստեղծագործող մարդը ստեղծագործաբար է վարվում ամեն ինչում, ստեղծագործաբար է դրսեւորում իրեն ցանկացած իրավիճակում, ոչ միայն արվեստ արարելիս, այլեւ անգամ կենցաղում, հարաբերություններում: Իսկ պոեզիա ստեղծող մարդը, որն ունի տաղաչափության, ռիթմիկայի, մեղեդայնության, այն է՝ երաժշտական լսողությամբ ամրագրված «գրի զարկերակի» ընդգծված զգացողություն, զգայուն կերպով արտահայտում է կյանքի լիրիկական, պոետիկ ընկալումը, իսկ այդ ընկալման կարիքն ունի ցանկացած ժամանակ: Հետեւապես պոեզիայի ժամանակը չի կարող անցնել, այն սերտորեն կապված է մարդու ներքինի հետ, կյանքի իրողություններին ու երեւույթներին նրա՝ պոետիկ կերպով նայելու ու այն այդպես արտացոլելու ունակության հետ: Գրահրատարակիչների կողմից արձակին երբեմն նախապատվություն տալու վտանգ չեմ տեսնում, քանի որ զուգահեռաբար հրատարակվում է նաեւ ուրույն պոեզիա:
– Գրել ես, որ չես սիրում փողը, տուն վերադառնալուն պես իսկույն դրամապանակդ հանում ես ու դնում սեղանին՝ հեռացնելով քեզանից, այնուամենայնիվ, հնարավո՞ր է «փող աշխատել» գրականությամբ, թե՞ այն ուղղակի հաճելի զբաղմունք է կամ ներանձնացում, ռեֆլեքսիա…
– Կրկին շնորհակալ եմ քեզ, որ մեր զրույցի առանցքում խնամքով մշտապես վերադառնում ու հիշատակում ես «Գարնանային ռեքվիեմ» նոր գիրքս: Մեր օրերում գրականության, իսկ ավելի ստույգ՝ գրական գործունեության, մասնավորապես՝ տպագրվող գրքերի միջոցով բառիս արեւմտյան չափանիշներով «փող աշխատելը» հնարավոր չէ, քանի որ շուկան փոքր է, պահանջարկը՝ նույնպես, իսկ ընթերցողի գնողունակությունն էլ՝ համեմատաբար ցածր: Սակայն կարծում եմ, որ գրականության արարման նպատակը ոչ թե բուն եկամուտն է, այլ այն կարեւոր «մեսիջը» եւ նույնքան կարեւոր հոգեւոր բավարարվածությունը, որը ստանում է ընթերցողը: Փող աշխատելով չես վեհանում, այլ վեհանում ես այն բարի նպատակներով ծախսելիս, մինչդեռ գրականության պարագայում վեհանում ես թե՛ գրականության հետ հաղորդակցվելիս, այն «սպառելիս» եւ թե՛ այն ինքդ արարելիս:
Զրուցեց Գոհար Հակոբյանը
«Առավոտ» օրաթերթ 24.05.2016
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/05/25/695578/
***
ԺԱՄԱՆԱԿԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՎՏԱՆԳԸ ՄԱՐԴՈՒ ՀԵՌԱՑՈՒՄՆ Է ԲՆՈՒԹՅՈՒՆԻՑ. Հարցազրույց գրող Առլեն Շահվերդյանի հետ
«Օրեր» եվրոպական անկախ ամսագրի (հրատարակվում է 1999 թվականից, Պրահայում) պաշտոնական կայք, 2016 թ. օգոստոսի 9
(տես՝ https://arlenshah.wordpress.com/2016/08/10/the-greatest-threat-of-our-time-is-the-estrangement-of-human-from-the-nature-interview-to-the-magazine-days/)
Գրքերի ստեղծման առիթով զրուցեցինք հեղինակի հետ:
– Տարիների հեռվից գնահատելով ձեր անցած ճանապարհը, ինչպես կներկայացնեք այսօրը՝ որտեղից ուր ենք հասել:
– Հասել ենք կյանքի տեխնոլոգիական զարգացման մի այնպիսի մակարդակի, երբ հաճախ մարդկային մաքուր հույզը կամ զգացմունքը կարող է արտացոլվել ու պարփակվել ընդամենը մեկ էլեկտրոնային պատկերում կամ «սմայլիկում»: Սա, ցավոք, հեռացրել է շատերին իրական, «օֆլայն» կյանքից՝ կյանքի ընկալումը թողնելով հիմնականում «օնլայն» հարթության մեջ: Սակայն որքան օգտակար ու անհրաժեշտ է «օնլայն» իրականությունը մեզանում, այնքան, միևնույն ժամանակ, կարևոր է իրական կյանքի, իրական զգացողությունների ապրման անհրաժեշտության գիտակցումը: Համացանցը շատ լավ իրողություն է, անեզր հնարավորությունների համախումբ, սակայն այն չի բուրում, ինչպես ցողաթաթախ խոտը, ծաղկավետ դաշտը, կնոջ անուշաբույր վարսերը, ծխացող խունկը: Համացանցը ընդամենը հնարավորություն է փոխանցելու այդ ամենի վեհասքանչությունը, ինչը իրականում զգալու համար անհրաժեշտ է չմոռանալ «օֆլայն» կյանքի մասին:
– Արդյո՞ք հեշտ է աշխատել ներկայիս պայմաններում, հատկապես՝ այսօրվա հրատարակչություններում:
– Կարծում եմ, որ լավ արարումը, լավ ստեղծագործությունը միշտ էլ գնահատելի է բոլոր ժամանակներում, և այն միշտ իր արժանի գնահատանքն է գտնում թե՛ հրատարակչությունների, թե՛, առաջին հերթին, ընթերցողի կողմից: Այսօր կա հնարավորությունների լայն սպեկտր, ինչի հետևանքով հաճախ հրապարակ է գալիս ոչ այնքան մնայուն արարում, սակայն ամեն ինչի ամենաճիշտ ֆիլտրը ժամանակն է, ինչը թելադրում է բյուրեղացման ու տաղանդավորը միջակությունից տարանջատելու իր գործիքարանը:
– Ինչի՞ վրա է բևեռացված մեր հասարակությունը, ի՞նչ որակ է ձևավորում արվեստը:
– Հասարակության տարբեր շերտեր կան՝ նախընտրելիությունների, բևեռացվածության ու կենտրոնացվածության տարբեր մակարդակներով, իրերի, երևույթների նկատմամբ տարաբնույթ ընկալմամբ, արժեհամակարգերի բազմազանությամբ: Արվեստը իր առաքելության մեջ մշտապես ու հաստատապես ձևավորելու է կոչված կյանքի գեղագիտական ընկալումը՝ անհատի մեջ համամարդկային, կարևորագույն և անձնավորության ձևավորման համար անհրաժեշտ արժեքների ու որակների արմատավորմամբ:
– Մի հետաքրքիր դեպք պատմեք ձեր կյանքից:
– Շատ են դեպքերը, սակայն մեկին անդրադառնամ, որը տեղի ունեցավ բոլորովին վերջերս: Ինչու՝ անդրադառնամ, քանի որ այդ մասին երկլեզու, նկարազարդ նյութ ունեմ հրապարակած իմ գրական բլոգ-կայքում (https://arlenshah.wordpress.com): Անցած ձմռան ընթացքում աշխատասենյակիս պատուհանի տակ, կենսածառի (տույա) ճյուղերի մեջ ապրում էր մի երաշտահավ, որին ամբողջ ձմեռ սիրով կերակրեցի պատուհանիցս՝ հոգ տանելով, որ քաղցած չմնա: Սիրում եմ կերակրել կենդանիներին, հատկապես՝ թռչուններին: Գարնանը, մի օր բացելով պատուհանս, պատահաբար նկատեցի, որ այդ փոքրիկ երաշտահավը սատկել է ու ընկել պատուհանիս տակ: Նրա մահվան պատճառը չգիտեմ, հավանաբար էլեկտրական լարերին էր դիպել, սակայն տպավորություն էր, որ եկել ու մահացել է հենց պատուհանիս տակ՝ կարծես ինձ տեղեկացնելու համար: Պատահականություն է դա, թե խորհրդավոր դիպված՝ չգիտեմ: Ես վերցրեցի թռչնակին, փորեցի նրա համար գերեզման, հենց այն տույայի տակ, որտեղ ապրում էր ու թաղեցի՝ հատուկ խնամքով ու գորովանքով՝ ծածկելով գերեզմանը տույայի տերևներով: Բնության հետ միաձուլման ու ներդաշնակության մի չքնաղ ու բացառիկ պահ էր դա, բնության նկատմամբ իմ անմնացորդ ու անհուն սիրո արտահայտություն:
– Մտավորական մարդու ձեր բնորոշումը:
– Իմ խորին համոզմամբ՝ մտավորականը ո՛չ կոչում է, ո՛չ տիտղոս, ո՛չ պարգև ու ո՛չ էլ պիտակ: Մտավորականը կենսաձև է, էություն: Դու կամ էությամբ մտածող ես, կամ՝ ոչ, կամ կենսաձևդ այդպիսին է, այսինքն ապրում ես այդպես, կամ՝ ոչ: Մտավորականը աշխարհը, իրերն ու երևույթները ընկալում է ավելի խորը, մտածական բոլոր շերտերի համադրմամբ ու իմաստավորմամբ, այդ ամենը անցկացնում սեփական պրիզմայով ու արտացոլում նորովի իմաստավորված և ինքնատիպ կերպով, իսկ հաճախ էլ՝ գեղարվեստորեն: Մտավորականի առաքելությունը աշխարհը ոչ միայն արվեստի, գիտության և այլ բնագավառների միջոցով արտացոլելու մեջ է, այլև անգամ առօրեական կյանքի, կենցաղի ճիշտ կազմակերպման ու մատուցման: Մտածող մարդը մտածում է ամեն ինչի վերաբերյալ: Նույնը մշտապես նշում եմ ստեղծագործող մարդուն բնորոշելիս, քանի որ համոզված եմ, որ ստեղծագործող մարդը ստեղծագործում է ոչ միայն արվեստի որևէ գործ արարելով, այլև ստեղծագործում է ամեն ինչում՝ միջանձնային հարաբերություններում, շրջակա միջավայյրի հետ հարաբերվելիս, կյանքի ու կենցաղի կազմակերպման մեջ:
– Ըստ ձեզ, ո՞ րն է մեր ժամանակի ամենամեծ վտանգը:
– Իմ համոզմամբ՝ ժամանակի ամենամեծ վտանգը մարդու հեռացումն է բնությունից, քանի որ դրանից բխում են շատ բացասական հետևանքներ՝ մարդկային արժեքների խաթարումից մինչև մարդու ներսում սեփական ես-ի հետ հաշտ ու ներդաշնակ լինելու պակասը, աշխարհը անխոհեմ կերպով վտանգելուց մինչև զգայականության մակարդակի իջեցումը, կարևոր զգացմունքների ու հույզերի նվազեցումը, իսկ երբեմն էլ՝ բացակայությունը: Բնության հետ կապի խաթարումը մարդուն դարձնում է պակաս բարի, պակաս հանդուրժող, պակաս մեծահոգի ու ներող, իսկ անտարբեր, չարացած մարդը կորցնում է շատ կարևոր հանգույցը՝ մարդ-մարդ և մարդ-բնություն հարաբերություններում: Սիրելով ու ներդաշնակորեն կապված լինելով բնության հետ՝ մարդը սիրում ու գորովանքով հարաբերվում է նաև շրջակա միջավայրին ու դրա անքակտելի մասը կազմող մարդկանց:
– Մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը, կարո՞ղ ենքայսօր պարծենալ մեր մշակույթով:
– Մենք մեր մշակույթով միշտ կարող ենք պարծենալ, սակայն մշակույթը կուլտուրան է, ինչը արտացոլվում է ոչ միայն արվեստի բնագավառներում, այլև մարդկային սովորական հարաբերություններում, կյանքի կազմակերպման բարեվարքության մեջ, անգամ կենցաղավարության մակարդակում: Լինելով մշակութային՝ անհրաժեշտ է հասկանալ ոչ միայն մշակութային այն արժեքները, որոնցով ներկայանում ես աշխարհին, այլև նույն այդ աշխարհի ընկալման, դրա հետ հարաբերման կուլտուրայի քո մակարդակը, մարդկային հասարակության ու դրա յուրաքանչյուր անհատի բարեվարքության, արժեքների նկատմամբ գորովանքով վերաբերմունքի ու դրանց պահպանման մակարդակը: Մեր ժողովրդի դիմագիծը պետք է լինի մշակութապես զարգացած, ինտելիգենտ, քաղաքավարի, բարի ու մարդասեր, հայրենասեր ու հայրենանվեր մարդու դիմագիծը, որը արարում է բարիք իր և բոլորի համար, որն իր ապրելու իրավունքը ապացուցում ու ամրագրում է բարի գործերով՝ լինեն դրանք մշակութային և այլ ոլորտներում, թե պարզապես մարդկային հարաբերություններում:
– Խնդրեմ մի քանի խոսքով ներկայացրեք ձեր գրքերը:
– Իմ գրքերը նվիրված են սիրուն, գեղեցիկին, բնությանը, մարդ-բնություն ներդաշնակ կապի կարևորության վերհանմանը: Արդեն հրատարակել եմ հինգ տպագիր և վեց էլեկտրոնային գրքեր: Գրում եմ և չափածո (բանաստեղծություններ) և արձակ: Երջանիկ եմ, որ դրանք մշտապես գտնում են ջերմ ու գորովանքով լի գնահատական ընթերցողների կողմից:
– Հիմնականում ովքե՞ր են աջակցում ձեր գրքերի ստեղծման ուհրատարակության գործում։
– Հիմնականում (ինչը դեռ ցավալի իրողություն է մեզանում) գրքերիս կյանքի կոչման աշխատանքների զգալի մասը կազմակերպում և իրականացնում եմ ինքս՝ որպես հեղինակ: Աշխարհի շատ երկրներում գրողը չի մասնակցում իր գրական ստեղծագործության կյանքի կոչման գործընթացին, քանի որ կան մշակված ինստիտուտներ, և այդ ամենը արդեն նորմ է: Մեզանում դեռ կա տվյալ ինստիտուտների զարգացման հրամայականը: Ունեմ գրքեր, որոնք հրատարակվել են հովանավորների կամ հրատարակչությունների աջակցությամբ: Հատկապես ուզում եմ նշել «Ապրելու իրավունք» և «Լռության գինը» գրքերս, որոնք հրատարակվել են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) ֆինանսական աջակցությամբ:
– Դուք էլ, շատ շնորհաշատ մտավորականների նման անցաք մութ ուլույս տարիների միջով. ի՞նչ կարծիքի եք այն ժամանանակների ուներկայիս գրականության մասին, ի՞նչ կարծիքի եքհեռուստահաղորդումների մասին և ի՞նչ են տալիս դրանքհասարակությանը:
– Մութ ու լույս տարիները շատ բան խլեցին և շատ բան տվեցին՝ խորհելու ու հետևություններ անելու համար: Ներկայիս գրականությունը հետաքրքիր է, բազմաշերտ ու բազմազան, և միշտ կարելի է գտնել որակյալը՝ տարանջատելով այն անորակից, գրագետը՝ անգրագետից: Ինձ համար մեծ նշանակություն ունի մայրենի լեզվի մաքուր ու գրագետ կերպով օգտագործումը ներկայիս գրականության մեջ, քանի որ սխալ շարահյուսությամբ կամ կետադրությամբ, լեզվի տարրական կանոնների կոպիտ խախտմամբ գրականությունը չի եղել ու չի լինի երբեք մնայուն արժեք, այլ ընդամենը տվյալ պահին տվյալ մարդու կողմից ինքնատիպության կամ տարբերվելու բանալ արտահայտչամիջոց է: Հեռուստահաղորդումների մեջ շատ կցանկանայի տեսնել ավելի մեծ թվով գիտահանրամատչելի և ուսուցողական հաղորդումներ, քանի որ զվարճալին պետք է, սակայն այն պիտի լինի ներդաշնակ հավասարակշռության մեջ մարդու գիտելիքները հարստացնող, նրան զարգացնող և աշխարհընկալումը մեծացնող հաղորդումների ու ֆիլմերի կողքին: Դե իսկ հեռուստասերիալների մասին թույլ տվեք լռել, քանի որ մեզանում դրանց մեծ մասի սյուժետային հիմնական գիծը, ցավոք, շարունակում է մնալ կրիմինալ կյանքի երբեմն՝ ուռճացված ներկայացումը:
– Ունե՞ք նպատակներ, որ չեք հասցրել իրագործել․Առաջիկայում ի՞նչծրագրեր ունեք:
– Առաջիկա կարևոր նպատակներիցս մեկը ընտանիք կազմելն ու բալիկներ ունենալն է: Դեռ ամուսնացած չեմ: Ունեմ բազմաթիվ գրքեր ու բանաստեղծություններ, որոնք պիտի հրատարակեմ: Իսկ ընդհանրապես, ես ջանում եմ կյանքն ապրել այնպես, որ իմ համեստ, նվիրական, հետևողական ու անդադրում ջանքերով ես էլ իմ լույսը բերեմ մարդկության ճանապարհին՝ լուսավորելով աշխարհը ու դարձնելով այն մի փոքր ավելի լավն ու բարին:
– Ո՞րն է Ձեր խրատը կամ խորհուրդն այսօրվա երիտասարդությանը:
– Սիրել կյանքը, սիրել բնությունը, մարդուն, սիրել սիրելը և գորովանք տալը, սիրել Աստծուն ու ճշմարիտը, սիրել պետությունդ, ժողովրդիդ, ամբողջ աշխարհը և ամեն բան անել սիրով: Իսկ ստեղծագործող երիտասարդներին խորհուրդ կտամ շատ աշխատել, աշխատել անմնացորդ կերպով, քանի որ մուսան երբեք չի նստում ծույլի կամ մեծամիտի ուսին:
Հարցազրույցը վարեց Գարիկ Ավետիսյանը:
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway