Առլեն Շահվերդյան

Home » Հեղինակ / Author » Կենսագրություն / Biography

Կենսագրություն / Biography

Arlen Shahverdyan. All Rights Reserved 2016

Առլեն Շահվերդյան, գրող, սույն գրական բլոգի հեղինակ
Arlen Shahverdyan, Writer, the Author of this Literary Blog

ԳՐԱԿԱՆ-ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԳՐՈՂԻ ՊՈԵԶԻԱՆ

Առլեն Մայիսի Շահվերդյանը ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին, Երևանում: Սկսել է ստեղծագործել 1994 թվականից, հիմնականում՝ բանաստեղծություններ, հեղինակային երգեր: 2003 թվականին առաջին անգամ տպագրվել են նրա մի քանի բանաս­տեղծությունները «Ուղեկից» երիտասարդական ամսագրում: Դրանից հետո պարբերաբար տպագրվել է մամուլում և էլեկտրոնային գրական կայքերում:

Հեղինակի հարյուրավոր բանաստեղծությունները ճանաչված ու սիրված են ընթերցողների կողմից (տես՝ https://arlenshah.wordpress.com/poems-by-arlen-shahverdyan/): Նա դրանք, գեղագիտական ձևավորմամբ, պարբերաբար հրապարակում է իր գրական բլոգի «Բանաստեղծություններ» երկլեզու էջում, ինչպես նաև «Facebook»-ի և «Twitter»-ի իր պաշտոնական էջերում: Նրա պոեզիայի թեմատիկ գլխավոր առաջնահերթություններն են սիրո, բնության, կանացի վեհասքանչության և գեղեցկության գովաբանումը և մեծարումը, մարդ-բնություն ներդաշնակ հարաբերության վերհանումը: Իր բանաստեղծություններով Առլեն Շահվերդյանը մշտապես ձգտում է նպաստել մարդ-մարդ և մարդ-բնություն հարաբերություններում բարության ու գթասրտության խորացմանը, հասարակության շրջանում բնաճանաչողության մակարդակի բարձրացմանը, էկոլոգիական գիտակցության ձևավորմանն ու զարգացմանը, բնապահպանության՝ որպես կենսաձևի, ամրապնդմանը, բնության հանդեպ սիրո, հարգանքի և գորովանքի սերմանմանը: Բացի սերը, կինը, բնությունը փառաբանող բանաստեղծություններից, Առլեն Շահվերդյանի պոեզիայում զգալի տեղ է տրվում նաև ռազմահայրենասիրական թեմատիկային՝ ի մեծարումն և ի նշանավորումն Հայոց բանակի, հայ ժողովրդի, հայկական պետականության, հայկական մշակույթի ու լեզվի:

Հատկանշական է, որ հեղինակը մշտապես ձգտում է ապահովել հայերեն բանաստեղծությունների անգլերեն թարգմանությունները (առնվազն՝ բառացի), ինչը բանաստեղծություններն հասանելի ու հասկանալի է դարձնում օտարազգի ընթերցողների համար: Դրա շնորհիվ գրողին հաջողվել է ձևավորել մեծ լսարան նաև արտասահմանցի ընթերցողների շրջանում, որոնք երկար տարիներ է հետևում են գրողի ստեղծագործություններին:

Իր սիրելի մայրենի լեզվով՝ հայերենով, գրված բանաստեղծություններից բացի, նա երբեմն գրում է բանաստեղծություններ նաև այլ լեզուներով, հատկապես՝ անգլերենով: Այսինքն՝ ոչ թե հայերեն է գրում ու հետո ինքը թարգմանում անգլերեն, ինչպես ընդունված է իր գրական կայքում, այլ հենց անգլերենով է ստեղծագործում, բանաստեղծության բնօրինակի լեզուն հենց անգլերենն է: Հայերենը եղել և մնում է հեղինակի առաջնային ու սիրելի ստեղծագործական լեզուն, որով գրելիս նա ուղղակի սավառնում է հայերեն բառերի ու խոսքի ազատության, գեղեցկության ու հարստության մեջ: Միևնույն ժամանակ, օտար լեզվով ստեղագործելը հետաքրքիր մարտահրավեր է, յուրատիպ փորձ: Ըստ հեղինակ՝ այդպես ստեղծագործելը բավականին դժվար է, քանի որ լեզվամտածողությունն է ուրիշ, և պետք է այնպես տիրապետել օտար լեզվին ու այնպես զգալ այն, որ ստեղծագործես հենց այդ լեզվամտածողությամբ և լեզվազգացողությամբ: Սակայն, ըստ նրա, դժվարության հետ մեկտեղ, դա նաև անչափ հետաքրքիր պրոցես է: Անգլերեն լեզվով բանաստեղծություններ գրելը նոր մակարդակի վրա բարձրացրեց Առլեն Շահվերդյանի պոեզիան և նրա ստեղծագործական գործունեությունը ճանաչելի դարձրեց նաև օտարալեզու ընթերցարանին: Օրինակ՝ անգլերենով գրված նրա բանաստեղծությունների «Love is calling» («Սերը կանչում է») վերնագրով ժողովածուի էլեկտրոնային տարբերակը դրված է վաճառքում ԱՄՆ-ի անվանի օնլայն գրախանութներից մեկում:

ՏՊԱԳՐՎԱԾ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐՔԵՐԸ. ԳՐՈՂԻ ԱՐՁԱԿԸ

Առլեն Շահվերդյանը 5 տպագիր և 7 էլեկտրոնային գրքերի հեղինակ է: Բոլոր գրքերը ներկայացված են հեղինակի բլոգի «Գրքեր» բաժնում (տես՝ https://arlenshah.wordpress.com/arlen-shahverdyan-books/):

2008 թվականին տպագրվել է Առլեն Շահվերդյանի առաջին մանկական վիպակը՝ «Զատիկ Լեոն» վերնագրով, որը բնաճանաչողական ու բնապահպանական առաքելությամբ և հարուստ գիտական նյութով մանկական հեքիաթ է՝ նախատեսված ինչպես մանուկների, այնպես էլ նրանց ծնողների համար: Միջատների աշխարհում փոքրիկ զատիկի արկածների մասին պատմող վիպակը լայն արձագանք գտավ ընթերցողների շրջանում: Նախքան գրքի լույսընծայումը այն թողարկվել է նաև հատուկ սկավառակով, որը հազվադեպ երևույթ էր այդ ժամանակ: Գիրքը տպագրվել է «Լիմուշ» տպագրատանը (Երևան, 2008, 104 էջ: ISBN 978-9939-805-45-0): Գրքի «PDF» ձևաչափով էլեկտրոնային տարբերակը ներկայացված է Առլեն Շահվերդյանի գրական բլոգի «Գրքեր» էջում:

2009 թվականին տպագրվել է գրողի «Ամանորյա հեքիաթ» վերնագրով երկրորդ գիրքը: Դա խաղալիքների արկածների մասին պատմող յուրահատուկ հեքիաթ է՝ Ամանորի հրաշքի նախաշեմին: Գիրքը տպագրվել է «Լիմուշ» տպագրատանը (Երևան, 2009, 36 էջ: ISBN 978-9939-64-014-3): Գրքի «PDF» ձևաչափով էլեկտրոնային տարբերակը ներկայացված է Առլեն Շահվերդյանի գրական բլոգի «Գրքեր» էջում:

Arlen Shahverdyan_Right to Live book_Illustrated insert pages_All Rights Reserved

«Ապրելու իրավունք» գրքի ներդիրի էջերից: Առյուծի կորյունի հետ՝ հատուկ այս գրքի համար կազմակերպված լուսանկարումն իրականացվել է Երևանի կենդանաբանական այգու տնօրինության հատուկ թույլտվությամբ:  

2011 թվականի վերջին հրատարակվել է հեղինակի «Ապրելու իրավունք» գիրքը, որը հայ իրականության մեջ կենդանիների արքային՝ առյուծին, նվիրված միակ ու բացառիկ գիտագեղարվեստական հիմնարար աշխատությունն է, հայկական այն եզակի հրատարակություններից մեկը, որը գեղարվեստական ու գիտական ժանրերի յուրահատուկ համադրում է: Գրքի շնորհանդեսը կայացել է 2012 թվականի ապրիլի 10-ին «Թռչկան» քաղա­քացիական նախաձեռնության կողմից կազմակերպված բնապահպանական կոնֆերանսի ժամանակ: Գրքի շնորհանդեսին հեղինակը հանդես է եկել գիրքը ներկայացնող ընդարձակ ելույթով (տես՝ “Arlen Shahverdyan. “Right to Live” book Presentation, “Trchkan” Conference, Yerevan, 2012.04.10” (https://www.youtube.com/watch?v=JET7dKdb7go): Առյուծ կենդանատեսակին նվիրված «Ապրելու իրավունք» վերնա­գրով գիրքը, իր բովանդակային ընդգրկումով և բնապահպանական հարցադրումով արժանանալով Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ուշադրությանը, լույս է տեսել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մանսաճյուղի (WWF-Հայաստան) ֆինանսական աջակցությամբ:

Arlen Shahverdyan_Info about book Right to Live_JPG

Ապրելու իրավունք (Image source: PanArmenian.Net)

«Ապրելու իրավունք» գիրքը լայն արձագանք է գտել մասնագիտական շրջանակներում, ԶԼՄ-ներում, ընթերցասեր ու բնասեր հասարակության շրջանում: «Ապրելու իրավունք» գիրքը ենթակա չէ վաճառքի, այն նվիրաբերվել է մասնագիտական կառույցներին, կրթական հաստատություններին և գրանցվել է մի շարք գրադարաններում, այդ թվում՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում (Միջին Արևելքի ընթերցասրահում (Ջեֆերսոն, LJ220)): Այս մասին առավել մանրամասն ներկայացված է «Իմ գիրքը` Կոնգրեսի գրադարանում / My Book in Congress Library» հոդվածում (տես՝ https://arlenshah.wordpress.com/2012/08/30/arlen-shahverdyan-book-right-to-live-in-congress-library/): «Ապրելու իրավունք» գիրքը Հեղինակային հրատարակություն է, տպագրվել է «Սամարկ» տպագրատանը (Երևան, 2011, 308 էջ, ISBN 978-9939-0-0225-5): Գրքի մասին մանրամասն ներկայացված է Առլեն Շահվերդյանի բլոգի «Ամենաընթերցվողը» եռալեզու էջում:

Առլեն Շահվերդյանի ելույթը՝ «Ապրելու իրավունք» գրքի շնորհանդեսի ժամանակ: «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված բնապահպանական կոնֆերանս: Երևան, «Կոնգրես» հյուրանոցի Հանդիսությունների դահլիճ, 2012 թ. ապրիլի 10:

2013 թվականի սեպտեմբերի 12-ին հրապարակվել է հեղինակի «Love is calling» («Սերը կանչում է») վերնագրով առաջին էլեկտրոնային գիրքը, որն անգլերեն բանաստեղծությունների նկարազարդ ժողովածու է (Arlen Shahverdyan, Love is calling. Yerevan, 2013, e-Book, 16 pages. ISBN 978-9939-0-0853-0): Գիրքը կարելի է գտնել և գնել «Lulu» հրատարակչական ընկերության (ԱՄՆ) օնլայն գրախանութում: Գրքի մասին ներկայացված է Առլեն Շահվերդյանի գրական բլոգի «Գրքեր» էջում:

2014 թվականի մարտի 21-ին հրապարակվել է գրողի՝ «Արքան» վերնագրով էլեկտրոնային 2-րդ նկարազարդ գիրքը առյուծ կենդանատեսակի մասին: Գրքում ընթերցողին դիտարժան «ուղևորություն» սպասվում դեպի աֆրիկյան ու ասիական վայրի բնություն, ներկայացվում է առյուծ կենդանատեսակը՝ ծագումից ու զարգացումից մինչև մերօրյա ենթատեսակային բազմազանություն, առյուծի ոչնչացման ու պահպանության խնդիրները, առյուծի խորհրդանիշի դերը տարբեր ազգերի մշակույթներում, կրոններում ու զինանիշագիտության մեջ և այլն: «Արքան» էլեկտրոնային գիրքը Հեղինակային հրապարակում է (Երևան, 2014, 87 էջ: Գիրքը պաշտոնապես ամբողջությամբ ներկայացված է «Joomag.com» գրական-հրատարակչական միջազգային հեղինակավոր կայքում (տես՝ http://www.joomag.com/en/newsstand/arlen-shahverdyan/0625839001395406862?ref=ib):

2014 թվականի օգոստոսի 23-ին հրապարակվել է հեղինակի «Այնքան երջանիկ, որքան հիմա» վերնագրով պատմվածքը՝ էլեկտրոնային գրքի տեսքով: Իրական պատմության հիման վրա գրված այս ստեղծագործությունը լայնորեն տարածվել է ընթերցողների շրջանում: «Այնքան երջանիկ, որքան հիմա» էլեկտրոնային գիրքը Հեղինակային հրապարակում է (Երևան, 2014, 12 էջ): Գիրքը պաշտոնապես ամբողջությամբ ներկայացված է «Joomag.com» գրական-հրատարակչական միջազգային հեղինակավոր կայքում (տես՝ http://www.joomag.com/en/newsstand/arlen-shahverdyan/0564553001408804806):

Photo by Arlen Shahverdyan. All Rights Reserved - 2014

Հեղինակի «Լռության գինը» գիրքը՝ գիտնականների ձեռքերում (ձախից՝ աջ. ԵՊՀ ռեկտոր, ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյան, Հայկական պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյան, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գիտնական-վերլուծաբան, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյան): Երևան, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի 056 Մասնագիտական խորհրդի նիստի ժամանակ, 14.10.2014 թ.:

2014 թվականին սեպտեմբերին հրատարակվել է Առլեն Շահվերդյանի «Լռության գինը» գիրքը, որը կյանքի է կոչվել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) ֆինանսական աջակցությամբ և մասնագիտական խորհրդատվությամբ: Այն թվով 2-րդ գիրքն է, որը լույս է ընծայվել WWF-Հայաստանի աջակցությամբ: Գիրքը նվիրված է կովկասյան ընձառյուծին, Հայաստանում խիստ հազվագյուտ և հրաշագեղ այս կենդանու պահպանությանն ուղղված՝ WWF-Հայաստանի բազմամյա, օգտակար ու հետևողական ջանքերին, ինչպես նաև Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը, մասնավորապես՝ Ամբերդ ամրոցին: 2014 թ. հոկտեմբերի 4-ին՝ Կենդանիների պաշտպանության միջազգային օրը, տեղի է ունեցել «Լռության գինը» գրքի հեռուստաշնորհանդեսը Հայաստանի Հանրային հեռուստատեսության (Հ1) «Առաջին լրատվական» ծրագրի գլխավոր թողարկման ժամանակ (տես՝ https://www.youtube.com/watch?v=XklH5IHeNlY): Գիրքը ենթակա չէ վաճառքի, այն նվիրաբերվել է մասնագիտական կառույցներին, կրթական հաստատություններին: Այն լայն արձագանք է գտել մասնագիտական շրջանակներում, ԶԼՄ-ներում, ընթերցասեր ու բնասեր հասարակության շրջանում: «Լռության գինը» գիրքը Հեղինակային հրատարակություն է, տպագրվել է «Սամարկ» տպագրատանը (Երևան, 2014, 92 էջ: ISBN 978-9939-0-1166-0): Գրքի մասին մանրամասն ներկայացված է Առլեն Շահվերդյանի գրական բլոգի «Գրքեր» էջում:

Տեսանյութ՝ նվիրված WWF-Հայաստանին և «Լռության գինը» գրքին, Առաջին լրատվական» ծրագիր, Հայաստանի Հանրային հեռուստատեսություն, 2014 թ. հոկտեմբերի 4:

2015 թվականի հունվարի 29-ին հրապարակվել է գրողի 4-րդ էլեկտրոնային գիրքը՝ «Տեսնել հեռուն» վերնագրով: Ինքնակենսագրական դրվագների օգ­տագործմամբ՝ սիրո հուզիչ այս պատմությունը արժանացել է ընթերցողների լայն շրջանի համակրանքին ու գնահատանքին: «Տեսնել հեռուն» էլեկտրոնային գիրքը Հեղինակային հրապարակում է (Երևան, 2015, 27 էջ): Գրքի «PDF» ձևաչափով էլեկտրոնային տարբերակը ներկայացված է Առլեն Շահվերդյանի գրական բլոգի «Գրքեր» էջում:

2015 թվականի ապրիլի 20-ին հրապարակվել է Առլեն Շահվերդյանի 5-րդ էլեկտրոնային գիրքը՝ «Թրքուհու գաղտնիքը» վերնագրով: Հեղինակն այդ պատմվածքը գրել է երկու օրում՝ 2015 թ. ապրիլի 16-17-ին, սակայն դա նրա հոգում կուտակված երկար տարիների ապրումների ու հույզերի արգասիքն է, նրա անկեղծ ու սրտագին վերաբերմունքի համեստ արտահայտությունը իր ժողովրդի ցավի, ինչպես նաև ապրելու ու բարգավաճելու հույսի նկատմամբ: Գիրքը նվիրվել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և հրապարակվել է՝ ի նշանավորումն Ցեղասպանության 100-րդ տարելիցի: Գիրքը լայն արձագանք է գտել պետական և մասնավոր կառույցների շրջանում, ԶԼՄ-ներում, Սփյուռքի գաղթօջախներում, հատկապես՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների շրջանում: «Թրքուհու գաղտնիքը» էլեկտրոնային գիրքը Հեղինակային հրապարակում է (Երևան, 2015, 37 էջ): Գրքի «PDF» ձևաչափով էլեկտրոնային տարբերակը ներկայացված է Առլեն Շահվերդյանի գրական բլոգի «Գրքեր» էջում:

2015 թ. օգոստոսի 5-ին հրապարակվել է հեղինակի 6-րդ էլեկտրոնային գիրքը՝ «Ապրումակցում» վերնագրով: Գրքում հեղինակը արծարծում է սիրո, կյանքի և մահվան, մարդկային հասարակությանը և մարդու էությանը վերաբերող մի շարք հարցեր, քննարկման նյութ դարձնում մարդու մահից հետո նրա դիակիզման անթույլատրելիությունը՝ բերելով դրա դեմ իր և համոզիչ հակափաստարկը ու այն դնելով շրջանառության մեջ: «Ապրումակցում» էլեկտրոնային գիրքը Հեղինակային հրապարակում է (Երևան, 2015, 29 էջ): Գրքի «PDF» ձևաչափով էլեկտրոնային տարբերակը ներկայացված է Առլեն Շահվերդյանի գրական բլոգի «Գրքեր» էջում:

2016 թ. մայիսի 6-ին լույս է տեսել հեղինակի «Գարնանային ռեքվիեմ» տպագիր գիրքը: «Գարնանային ռեքվիեմը» (գրված 2002–2016 թթ.) գրական էտյուդների, պատմվածքների հեղինակային ժողովածու է, որում ներկայացված են գրողի դիտումները, մտորումները, հուշերը կյանքի ու տարբեր երևույթների, մարդ–բնություն և մարդ–հասարակություն հարաբերությունների, մարդկային կերպարների, ճակատագրերի ու զգացողությունների, քաղաքային մշակույթի, մտահոգություններն ու հորդորները՝ շրջակա միջավայրի, բնության պահպանության մասին: Ժողովածուն արծարծում է անձնային ու համամարդկային, բնապահպանական, հայրենասիրական, հասարակական, խոհափիլիսոփայական նշանակություն ու ընդգրկում ունեցող արդի խնդիրներ: Գրքում ներկայացված են նաև հեղինակի գրական բլոգ-կայքից (https://arlenshah.wordpress.com) վերցված բնապահպանական նյութեր: «Գարնանային ռեքվիեմ» գիրքը Հեղինակային հրատարակություն է, տպագրվել է «Լիմուշ» տպագրատանը (Երևան, 2016, 148 էջ: Տպագիր տարբերակով՝ ISBN 978-9939-0-1787-7 և Էլեկտրոնային տարբերակով՝ ISBN 978-9939-0-1788-4): Գրքի մասին մանրամասն ներկայացված է Առլեն Շահվերդյանի գրական բլոգի «Գրքեր» էջում:

Տեսահոլովակը ներկայացնում է «Գարնանային ռեքվիեմ» գրքի տպագրության ընթացքը «Լիմուշ» տպագրատանը: Տեսահոլովակի իրավունքները պաշտպանված են: Այն հատուկ պատրաստված է «Գարնանային ռեքվիեմ» գրքի լույսընծայման և շնորհանդեսի համար և ցուցադրման բացառիկ իրավունքով ներկայացված է միայն իմ յութուբյան ալիքում:

2016 թ. դեկտեմբերի 15-ին հրապարակվել է հեղինակի 7-րդ էլեկտրոնային գիրքը՝ «Արդեն ունեմ» վերնագրով, որը նվիրված է մարդ-բնություն ներդաշնակ հարաբերության արժեքավորմանը: Գրքի հիմքում իրական մոտիվներ են, իսկ սյուժեն հեղինակը յուրովի զարգացրել է՝ ուշադրություն հրավիրելով բնությունից մարդու հեռացման բացասական հետևանքների վրա: Գրքի գլխավոր հերոսի կյանքի պատմության օրինակով հեղինակը շոշափում է համամարդկային խնդիրներ, ինչի շնորհիվ ընթերցողը հնարավորություն է ունենում վերաիմաստավորելու նաև սեփական կյանքն ու իր համար կարևոր արժեքները: Բնապատկերների ինքնատիպ, կենդանի ու մանրամասն նկարագրությամբ հեղինակը ընթերցողին անմիջապես տեղափոխում է դեպի բնության գիրկը՝ դարձնելով ներկայացվող իրադարձությունների ականատեսը: «Արդեն ունեմ» էլեկտրոնային գիրքը Հեղինակային հրապարակում է (Երևան, 2016, 22 էջ): Գրքի «PDF» ձևաչափով էլեկտրոնային տարբերակը ներկայացված է Առլեն Շահվերդյանի գրական բլոգի «Գրքեր» էջում:

2017 թ. հոկտեմբերի 9-ին հրապարակվել է հեղինակի 8-րդ էլեկտրոնային գիրքը՝ «Հանուն Բնության» վերնագրով, որը իր կողմից պատրաստված հատուկ «eBook» է և իրենից ներկայացնում է «Հանուն Բնության» գրական-բնապահպանական մրցույթին ներկայացված ստեղծագործությունների ժողովածու (Երևան, 2017, 66 էջ: Գրքի մասին մանրամասն տես՝ https://arlenshah.wordpress.com/2017/10/09/arlen-shahverdyan-for-the-sake-of-nature-literary-competition-award-wwf-armenia/): Գրքի «PDF» ձևաչափով էլեկտրոնային տարբերակը ներկայացված է Առլեն Շահվերդյանի գրական բլոգի «Գրքեր» էջում: 

Arlen Shahverdyan Books. All Rights Reserved 2016

Առլեն Շահվերդյանի տպագրված գրքերը:

Հեղինակի «Գարնանային ռեքվիեմ» գիրքը՝ Երևանի «Նոյյան տապան» անվանի գրախանութի «Արդի հայ արձակ» բաժնում (12.10.2017 թ.):

ԳՐԱԿԱՆ ՆՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՈՃԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Առլեն Շահվերդյանը բազմաթիվ նորաբանությունների հեղինակ է, որոնք կիրառում է իր ստեղծագործությունների մեջ: Հատկանշական է, որ դրանցից շատերը մտել են լեզվի մեջ և կիրառվում են:

Նա այն հայ երիտասարդ գրողներից է, որը հաջողությամբ կիրառում է էլեկտրոնային գրքի ստեղծման ու հան­րահռչակման պրակտի­կան, միևնույն ժամանակ մշտապես առաջնային է համարում գրքի ավանդական՝ տպագիր լույսընծայումը: Հեղինակը հաջողությամբ կիրառում է ժամանակի տեղեկատվական գործիքարանը՝ իր ստեղծագործությունները և նյութերը ընթերցողներին հասցնելու համար:

Առլեն Շահվերդյանը նաև այն եզակի գրողներից է, որոնք հաջողությամբ ստեղծագործում են ինչպես չափածո, այնպես էլ արձակ ժանրերում: Ավելին, նրան հաջողվել է սինթեզել նաև գեղարվեստական ու գիտական շարադրանքը: Մասնավորապես՝ «Ապրելու իրավունք» գրքում գրողին հաջողվել է առաջին անգամ հայերեն լեզվով մեկ գրքում համատեղել գիտական և գեղարվեստական ոճերը՝ ստեղծելով բնագիտական ուսումնասիրությունների և գեղարվեստական ժանրի յուրօրինակ ու եզակի համադրություն, մենագրական մի հետազոտություն, որը հաջողությամբ կարելի է դասել նաև արկածային գրականության շարքը: Գիտական տեղեկույթն առավել ուշագրավ ներկայացնելու նպատակով հեղինակը ընտրել է մատուցման ուրույն ոճ. պահպանվել է գեղարվեստական ստեղծագործությանը բնորոշ սյուժետային գիծը, ներ­կայացված հարցադրումներն ունեն գիտական բնույթ, սակայն մոտեցումը և պարզա­բանումները գեղարվեստական են: Հեղինակը հաջողությամբ մասնակցում է գրական միջոցառումների, մրցանակաբաշխությունների, գնահատվում է նրա ներբերումը ժամանակակից գրականություն:

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Իմ գրական գործունեության ընթացքում հեղինակը բազմիցս համոզվել է, որ սեփական լեզվի հետ գործ ունենալը զգայուն և կարևոր խնդիր է, որին չի կարելի մոտենալ անպատասխանատու կերպով, իսկ բանաստեղծություն արարելը՝ դժվարին, հետաքրքիր ու հոգեպարար պրոցես: Իր համար բանաստեղծություն գրելը սոսկ պահի տակ մտքին եկած բառերի շարադրանք չէ, ներշնչանքից սերված տողերի մեխանիկական հանձնում չէ թղթին, ոչ էլ հույզերի ու ապրումների մարմնավորում սխալ կամ վերամբարձ խոսքերով: Բանաստեղծություն գրելն իր համար պատասխանատվություն է: Հոգևոր և մտավոր ստեղծագործական մի չքնաղ պրոցես, որին նա մոտենում է պատվախնդրորեն: Ըստ հեղինինակի՝ դու գործ ունես լեզվի հետ, բառերի ու բառիմաստների, հասկացութենական ամբողջ ապարատի հետ և պատասխանատու կերպով պիտի մոտենաս մտքիդ գրավոր արգասիքին՝ քո կողմից ստեղծվող ամեն մի տողին, ամեն մի բառին: Առլեն Շահվերդյանի սեղանին մշտապես մի քանի բառարաններ են՝ բացատրական, ուղղագրական, հոմանիշների, թարգմանչական: Բանաստեղծություն գրելիս, անհրաժեշտության դեպքում, իր կողմից գործածվող ամեն մի բառը նա ստուգում ու ստուգաբանում եմ տպագիր ու էլեկտրոնային արդի կամ գրաբարյան բառարաններով, որպեսզի հիմնավորված կերպով օգտագործի բառն՝ իր 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կամ նույնիսկ 10-րդ իմաստով: Եթե կարիք կա՝ նա չի վարանում խորհրդակցել նաև լեզվի մասնագետների, խմբագիրների, թարգմանիչների հետ: Հեղինակը գիտակցում է, որ խոսքը արժեք է, և ամեն մի բառ օգտագործելիս պետք է այն լինի հիմնավորված, իմաստավորված, բառը պետք է արժեքավորվի, իսկ լեզուն՝ հարգվի: Նույնիսկ իր կողմից ստեղծվող նորաբանությունները՝ նոր բառերը, բազմիցս ստուգաբանում է՝ դրանց իմաստաբանական, հասկացութենական համակարգերը և իմաստային համադրումները հիմնավորելու համար: Հեղինակը համոզված է, որ եթե ուզում ես ստեղծել գրական մնայուն արժեք, եթե ուզում ես, որ բանաստեղծությունդ անցնի ժամանակի քննությունն ու մնայուն լինի, փոխանցվի հաջորդ սերունդներին, ուրեմն պատվախնդիր վերաբերմունքով, հետևողական կերպով ու խորը պատասխանատվությամբ պիտի մոտենաս սեփական լեզվին, բանաստեղծությանդ արարմանը: Ի վերջո, բանաստեղծությունը բառերի կույտ կամ դրանց անփույթ համախումբ չէ, բանաստեղծությունը գրելը ոչ միայն արվեստ է, ոչ միայն ստեղծագործական, այլև ուրույն գիտական պրոցես է, պատասխանատու գործ, որովհետև յուրաքանչյուր բառը կամ հասկացությունը մայրենի լեզվի և լեզվամտածողության՝ դարերով մշակված ու հղկված ակադեմիական գանձ է: Հետևապես լեզվի հետ աշխատելիս չպետք է խուսափել քո առջև դնել ավելի բարձր նշաձող և նվիրումով ու ինքնաքննադատաբար հասնել ավելի մեծ արդյունքի:

Բանաստեղծություն գրելիս հեղինակի համար պակաս կարևոր չեն նաև ճիշտ շարահյուսությունը, ուղղագրությունը, ճիշտ կետադրությունը, մայրենի լեզվի կանոնների ճիշտ պահպանումը, իսկ խախտման դեպքում՝ դրա հիմնավորված լինելը: Չէ՞ որ մի սովորական ստորակետ կարող է փչացնել կամ, հակառակը, ընդգծել բանաստեղծությանդ ոգին: Բացականչության մեկ նշանի բացակայության դեպքում անգամ կարող է նվազել ներշնչանքիդ փոխանցման անկեղծ ու հուժկու ամբողջ ալիքը և, հակառակը, որևէ ածական որպես գոյական օգատգործելը կարող է ընդգծել մտքիդ յուրատիպությունը:

Հեղինակը մշտապես հորդորում է սիրել, հարգել ու խնամքով վերաբերվել մայրնի լեզվին և մեծագույն պատասխանատվությամբ մոտենալ քո ստեղծած կամ քո կողմից կիրառվող յուրաքանչյուր բառին ու տողին: Միայն այդ դեպքում է հնարավոր հասնել մտքի ու խոսքի ներդաշնակությանը, հոգու և մտքի անկեղծ, որակյալ ու անթերի գրավոր արտահայտումներին:

Գրող Առլեն Շահվերդյանի ընդարձակ հարցազրույցը՝ հայտնի հեռուստահաղորդավար Գագիկ Հովսեփյանի «Զրույցներ կեսգիշերին» հեղինակային ծրագրում («Հ3» հեռուստաընկերություն, 12.05.2017):
Սեղմեք նկարի վրա՝ հաղորդումը դիտելու համար

ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

2015 թվականի դեկտեմբերի 7-ին Առլեն Շահվերդյանը մտահղացավ ստեղծելու մի նոր հարթակ՝ փորձելով ինքնաարտահայտման և ճանաչման հնարավորություն տալ տաղանդավոր, արվեստասեր և ինքնատիպ երիտասարդներին, որոնք ցանկանում են հրապարակել իրենց աշխատանքները համացանցում, սակայն ինչ-ինչ պատճառներով չունեն դրա հնարավորությունը կամ անհրաժեշտ չափով չեն տիրապետում համացանցային համապատասխան գործիքարանին: Փորձելով իր համեստ նպաստը բերել մեզանում պրոֆեսիոնալ կամ սիրողական ստեղծագործությունների հանրահռչակմանն ու ճանաչմանը՝ նա ստեղծեց «Արվեստասեր» բլոգը (տես՝ https://arvestaser.wordpress.com/about/), որը նպատակ ունի նպաստելու նաև ստեղծագործական մտքի զարգացմանը և ստեղծագործական միջավայրի ձևավորմանը: Այս բլոգ-կայքում հրապարակվում են տասնյակ տաղանդավոր ստեղծագործողներ: «Արվեստասերը» լավ հնարավորություն է ճանաչելու անհատին այլ լույսի ներքո, այն է՝ իր մասնագիտական գործունեությունից զատ, նաև որպես ստեղծագործող-մտավորականի, որն ազատ ժամանակ տրվում է իր սիրելի զբաղմունքին և նախասիրություններին: Իսկ դրանք կարող են տարբեր լինել, քանի որ կայքն ունի ներկայացվող ստեղծագործությունների բնագավառային և ժանրային լայն ընդգրկում՝ գրականություն, կիրառական արվեստ, նկարչություն, լուսանկարչություն, տեսահոլովակային կամ կինո աշխատանքներ և այլն:

Առլեն Շահվերդյանը նաև «Հանուն Բնության» գրական-բնապահպանական մրցույթի հեղինակն է ու կազմակերպիչը (տես՝ «Բնապահպանական գործունեությունը» գլուխը):

Գրական գործընթացներում, տարբեր գրական միջոցառումներում ու մրցույթներում իր մասնակցության համար Առլեն Շահվերդյանն արժանացել է մի շարք պատվոգրերի ու շնորհակալագրերի.

  • 2014 թ. դեկտեմբերի 26-ին «Գրքասեր» կրթամշակութային ՀԿ-ի («Booklover.am») կողմից արժանացել է Շնորհակալագրի՝ ժամանակակից հայ գրականության տարածման ու հանրայնացման և հայ հասարակության մեջ ընթերցանության զարգացման ծրագրերին ակտիվ մասնակցություն ունենալու համար:
  • 2016 թ. նոյեմբերի 25-ին «Համահայկական երիտասարդական շարժում» ՀԿ-ի, Երևանի գրողների միության և ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից արժանացել է Հավաստագրի՝ «Նուռ-2» համահայկական երիտասարդական գրական 2-րդ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար:
  • 2017 թ. հուլիսի 25-ին «Author.am» կայքի և «Երիտասարդ գրողների գրական ակումբի» կողմից արժանացել է Շնորհակալագրի՝ «Author.am» և «Երիտասարդ գրողների գրական ակումբի» համատեղ նախաձեռնությամբ տպագրված «Ինձ նման մարդիկ» ժողովածուում զետեղված ստեղծագործությունների ընտրության գործում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար: 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

1988-1998 թթ. գերազանցությամբ սովորել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 միջնակարգ դպրոցում:

1998-2003 թթ. գերազանցությամբ սովորել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Մանկավարժության, հոգեբանության և անգլերեն լեզվի ֆակուլտետում՝ ստանալով մանկավարժ-հոգեբանի որակավորում:

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Առլեն Շահվեդյանը, մանկուց լինելով շատ բնասեր մարդ, իր գիտակից ամբողջ կյանքում ուսումնասիրել է բնաշխարհն ու գրել բնապահպանական նյութեր, գրքեր, կազմել անձնական օգտագործման կենդանաբանական կարգաբանական բառարաններ (հայերեն-ռուսերեն-լատիներեն և հայերեն-անգլերեն): Իր գրական բլոգ-կայքի բնապահպանական բաժնում ներկայացված են հեղինակի տասնյակ բնաճանաչողական ու բնապահպանական բովանդակությամբ նյութեր (հոդվածներ, հրապարակախոսական գրառումներ և այլն), որոնք սեր և հոգածություն են քարոզում բնության նկատմամբ: Նույն առաքելությունն ունեն նաև հեղինակի գրեթե բոլոր տպագիր գրքերը: Առլեն Շահվերդյանը բնության թեմայով ստեղծագործում է ինչպես արձակ, այնպես էլ չափածո ժանրերում, և բնությանը նվիրված նրա բազմաթիվ բանաստեղծություններ մեծ ճանաչում ու տարածում ունեն ընթերցողների շրջանում:

2011 թվականից ի վեր հեղինակն ակտիվ և արդյունավետ բնապահպանական-ստեղծագործական համագործակցության մեջ է գտնվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի («WWF-Հայաստան») հետ: Մասնաճյուղի ֆինանսական և մասնագիտական աջակցությամբ հրատարակվել են նրա «Ապրելու իրավունք» և «Լռության գինը» գրքերը, որոնք ունեն բնապահպանական նպատակ և վայելում են զգալի ճանաչում: Հեղինակը, սերտորեն համագործակցելով մասնաճյուղի հետ, երկար տարիներ աջակցել է նաև «Երկիր ժամը» համամոլորակային ծրագրի՝ Հայաստանում հանրահռչակման և լուսաբանման գործին:

Ձախից՝ աջ. «WWF-Հայաստանի» Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հերմինե Հակոբյան, «WWF-Հայաստանի» տնօրեն Կարեն Մանվելյան, «Հանուն Բնության» գրական–բնապահպանական մրցույթի հաղթողներ՝ Նաիրե Սահակյան, Աննա Անդրեասյան, Սոնա Վանյան, Արմինե Պողոսյան, Հռիփսիմե Պետրոսյան, մրցույթի հեղինակ և կազմակերպիչ Առլեն Շահվերդյան:
Լուսանկարը՝ Ալեքսանդր Մալխասյանի («WWF-Հայաստան»):

2017 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Առլեն Շահվերդյանը հեղինակել և միանձնյա կազմակերպել է «Հանուն Բնության» գրական-բնապահպանական մրցույթը, որի հանդիսավոր մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին, «WWF-Հայաստանում» (տես՝ https://arlenshah.wordpress.com/2017/10/09/arlen-shahverdyan-for-the-sake-of-nature-literary-competition-award-wwf-armenia/): Բնությանը նվիրված բացառիկ և աննախադեպ այս մրցույթում երիտասարդ ստեղծագործողներն իրենց գրական ստեղծագործությունների միջոցով նպաստել են բնապահպանական խնդիրների արծարծմանը: «WWF-Հայաստանի» ղեկավարությունը բարձր է գնահատել մրցույթի կազմակերպումն ու դրա հեղինակ և կազմակերպիչ Առլեն Շահվերդյանի բազմամյա, մշտական ջանքերը՝ բնության նկատմամբ սիրո ու գորովանքի տարածման հարցում:

Բացի բնապահպանական բովանդակությամբ հրապարակախոսական նյութերից՝ համացանցային (սեփական գրական բլոգ-կայք, սոցիալական ցանց և այլն), Առլեն Շահվերդյանը նաև բնապահպանական գիտական հոդվածների հեղինակ է և բնապահպանական ելույթներով հանդես է գալիս թեմատիկ միջոցառումների ու հանդիպումների ժամանակ:

2018 թ. մարտի 31-ին, Համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի օրը, Սուրբ Զատկի տոնին ընդառաջ, Առլեն Շահվերդյանը ընկերների հետ իրականացրեց աննախադեպ ծառատունկ՝ Մայր հողում տնկելով միանգամից 35 կաղնի, որոնք նա սերմից հինգ ամիս խնամքով ու գորովանքով աճեցրել էր իր աշխատասենյակում (տես՝ https://arlenshah.wordpress.com/2018/03/31/arlen-shahverdyan-the-second-life-of-my-oaks-poem-me-and-oak/): Այդ խորհրդանշական ծառատունկը հեղինակը համարում է իր համեստ ներդրումներից մեկը բնապահպանության և կանաչ տարածքների ավելացման գործում:

2022-11-29_8a

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

2000-2004 թթ. աշխատել է Հանրային հեռուստատեսությունում որպես թարգմանիչ խմբագիր, հեռուստալրագրող, մեկնաբան: 2003-2005 թթ. աշխատել է որպես ՊՆ մամլո քարտուղարի օգնական:

2006-2007 թթ. եղել է հեռուստալրագրող և մեկնաբան, աշխատել է լուրերի հաղորդավար «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրում:

2007-2009 թթ. աշխատել է որպես ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ներկայումս՝ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան) «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի պատասխանատու քարտուղար:

2009-2016 թթ. եղել է ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի, այնուհետև՝ ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետի ռեֆերենտը (2009-2010 թթ.), ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի ռեֆերենտ-ասպիրանտուրայի քարտուղարը (2010-2016 թթ.):

2016-2018 թթ. աշխատել է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում որպես ավագ սպա:

2018 թ.-ից մինչ օրս աշխատում է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում որպես ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Ռազմական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ավագ դասախոս, եղել է տվյալ կենտրոնի պետի ՊԺԿ: Դասախոսում է ռազմական ռազմավարությանը, ռազմական ռազմավարության դասականներին (Սուն Ցզի, Կառլ ֆոն Կլաուզևից, Լիդել Հարտ), պատերազմի հատկանիշներին, ժամանակակից պատերազմների և զինված հակամարտությունների բնույթին, ռազմավարական զսպմանը, պաշտպանական ոլորտում ռազմավարական պլանավորմանը, էկոլոգիական անվտանգությանը, պաշտպանությանը պետության պատրաստմանը վերաբերող մի շարք դասախոսություններ:

Ծառայության բերումով նաև իրականացնում է ՊԱՀՀ-ի գործունեության լուսաբանումը և հանրայնացումը, պատրաստում և տարածում է մամլո հաղորդագրություններ ՊՆ-ի և ԶԼՄ-ների համար, պատրաստում է տեսանյութեր ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի համար, որպես ադմինիստրատոր՝ վարում է իր կողմից ստեղծված «Ռազմավարագետ» բլոգ-կայքը, որը ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի և դրա «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի պաշտոնակայքն է (տես՝ https://razmavaraget.wordpress.com/), երկար տարիներ իրականացրել է ՊՆ ՊԱՀՀ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի 056 Մասնագիտական խորհրդի և ՊՆ ՊԱՀՀ-ի Գիտական խորհրդի աշխատանքների համակարգումը, իրականացնում է ՊԱՀՀ-ի կողմից կազմակերպվող միջազգային գիտական համաժողովների, ֆորումների կազմակերպական-արարողակարգային աշխատանքները և դրանց լուսաբանումը:

ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Առլեն Շահվերդյանի գիտական-հետազոտական և դասախոսական գործունեության թեմատիկ տիրույթներն են ռազմական ռազմավարական հետազոտությունները, էկոլոգիական անվտանգության խնդիրների ուսումնասիրությունը քաղաքագիտության, քաղաքական և անվտանգային տեսանկյուններից: Աշխատում է թեկնածուական ատենախոսության վրա: Ժամանակակից պատերազմների և զինված հակամարտությունների բնույթի, տեղեկատվական ընդդիմամարտության, ռազմավարական զսպման, էկոլոգիական անվտանգության վերաբերյալ մի շարք գիտական նյութերի և հոդվածների հեղինակ է, այդ թվում՝

  1. Ա. Մ. Շահվերդյան, «Բնապահպանական անվտանգության որոշ հարցերի դիտարկումը քաղաքական գիտության տեսանկյունից»: Եր., ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդես, 2010 թ., հմ. 2, էջեր 79-92 (տես՝ https://razmavaraget.files.wordpress.com/2011/10/n2_2010-final.pdf):
  2. Ա. Մ. Շահվերդյան, «Պատերազմի կործանարար ազդեցությունը բնության վրա: Հակառակորդի բնահամակարգը՝ որպես պատերազմի թիրախ»: Եր., ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդես, 2010 թ., հմ. 4, էջեր 103-112 (տես՝ https://razmavaraget.files.wordpress.com/2011/10/n4-_2010-final.pdf):
  3. Ա. Մ. Շահվերդյան, «Բլոգ-կայքերը՝ որպես սոցիալական համախմբման գործիք»: Եր., ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդես, 2015 թ., հմ. 4, էջեր 87-94 (տես՝ https://razmavaraget.files.wordpress.com/2016/02/haykakan-banak_2015-n4.pdf):
  4. Ա. Մ. Շահվերդյան, «Ֆեյսբուք սոցիալական ցանցում ՀՀ ռազմական տեղեկույթի և բանակային թեմաներով նյութերի տարածման հարցի շուրջ»: Եր., ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդես, 2016 թ., հմ. 3, էջեր 112-117 (տես՝ https://razmavaraget.files.wordpress.com/2016/12/armenian-army-n-3-2016.pdf):
  5. Ա. Մ. Շահվերդյան, ««Սոցիալացանցային էկոլոգիա» հասկացությունը՝ որպես անվտանգային հետազոտությունների նոր ոլորտ»: Եր., ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդես, 2018 թ. հմ. 1-2, էջեր 221-231 (տես՝ https://razmavaraget.files.wordpress.com/2018/08/hb-2018-n-1-2.pdf)
  6. Ա. Մ. Շահվերդյան, «Հեռակառավարվող ռազմական անօդաչու թռչող ապարատների կիրառման նկատմամբ որոշ արդիական մոտեցումներ»: Եր., ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդես, 2018 թ. հմ. 3, էջեր 79-90 (տես՝ https://razmavaraget.files.wordpress.com/2018/12/armenian_army_n3_2018.pdf):
  7. Ա. Մ. Շահվերդյան, «Սոցիալական մեդիայի միջոցով ՀՀ Զինված ուժերի հեղինակության բարձրացման խնդիրը՝ ՀՀ պաշտպանության համակարգի զարգացման տեսլականի համատեքստում»: Եր., ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդես, 2018 թ., հմ. 4, էջեր 108-117 (տես՝ https://razmavaraget.files.wordpress.com/2018/12/HB-2018-n4.pdf):
  8. Ա. Մ. Շահվերդյան, «ԱՄՆ-ի Բանակի օպերատիվ կառավարման հայեցակարգի «Հաղթել բարդ աշխարհում» հիմնարար գաղափարի վերաբերյալ»: Եր., ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդես, 2019 թ., հմ. 2, էջեր 7-17 (տես՝ https://razmavaraget.files.wordpress.com/2019/11/haykakanbanak-2019-n2.pdf):
  9. Ա. Մ. Շահվերդյան, «Ժամանակակից պատերազմների բնույթը». «ՀՀ Զինված ուժերի ուղղությունները՝ ժամանակակից պատերազմների բնույթի հաշվառմամբ» գիտաժողովի նյութեր: Եր., ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդես, 2019 թ., հմ. 3, էջեր 109-119 (տես՝ https://razmavaraget.files.wordpress.com/2019/11/hb-3-2019.pdf):
  10. Ա. Մ. Շահվերդյան, «Բնահամակարգերի ոչնչացման մեջ մեղադրանքների օգտագործումը քաղաքական շահարկումների նպատակով՝ Ղարաբաղյան հակամարտության օրինակով»: Եր., ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդես, 2020 թ., հմ. 1, էջեր 81-88 (տես՝ https://razmavaraget.files.wordpress.com/2020/07/hb_2020-n1.pdf):
  11. Ա. Մ. Շահվերդյան, «Մոլորակի բնական պաշարների նվազման հետևանքները միջպետական հարաբերություններում»: Եր., «Регион и мир» научно-аналитический журнал, том XI, № 5, 2020, էջեր 30-34 (տես՝ http://geopolitika.am/dir/wp-content/blogs.dir/1/files/2020_5.pdf):
  12. Ա. Մ. Շահվերդյան, «Տեղեկատվական-քարոզչական պատերազմի էկոլոգիական չափումները Ղարաբաղյան հակամարտության համատեքստում»: Արցախ, «Գիտական Արցախ» պարբերական, № 4 (7), 2020, էջեր 45-51 (տես՝ https://artsakhlib.am/wp-content/uploads/2021/01/ArlenShahverdyan), նույնը նաև՝ «CyberLeninka» էլեկտրոնային գիտական գրադարանում, հրակարապված՝ 30.01.2022 (https://cyberleninka.ru/article/n/environmental-aspects-of-the-information-propagandist-war-in-the-context-of-the-karabakh-conflict):
  13. Ա. Մ. Շահվերդյան, «Պատերազմի ժամանակ տեղեկատվական ընդդիմամարտության որոշ առանձնահատկություններ»: Եր., ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդես, 2020 թ., հմ. 4, էջեր 58-67 (տես՝ https://razmavaraget.files.wordpress.com/2021/01/hb-2020-n4.pdf):
  14. Ա. Մ. Շահվերդյան, «Ռազմավարական զսպման ուժային միջոցների կատարելագործումը՝ նորագույն ՍՌՏ-ների զարգացման համատեքստում»: Եր., ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդես, 2021 թ., հմ. 1, էջեր 49-59 (տես՝ https://razmavaraget.files.wordpress.com/2021/07/hb-1-2021.pdf):
  15. Ա. Մ. Շահվերդյան, «Արտաքին քաղաքականության ձևավորման որոշ հարցեր` 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում կատարված բնաոչնչացման դատապարտման օրինակով»: Եր., ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդես, 2022 թ., հմ. 1, էջեր 104-115 (տես՝ https://razmavaraget.files.wordpress.com/2022/09/hb-2022-n1.pdf):
  16. Բ. Մ. Աղաջանյան, Ա. Մ. Շահվերդյան, «Հիբրիդային պատերազմը և դրա դրսևորումները Արևմուտք-Ռուսաստան առճակատման համատեքստում»: Եր., ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդես, 2022 թ., հմ. 3, էջեր 99-114 (տես՝ https://razmavaraget.files.wordpress.com/2022/12/hb3.pdf):

Հեղինակի հոդվածների մի զգալի մասը հրատարակվել է նաև ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի «Աշխատանքային տետրեր» հավելվածի հատուկ (փակ) համարներում: Ա. Շահվերդյանի դասախոսությունները տպագրվում են ՊԱՀՀ-ի դասախոսությունների ժողովածուներում: Նա պատրաստում է թեմատիկ զեկուցումներ, կազմակերպում կլոր սեղան-քննարկումներ և գիտաժողովներ և վարում դրանք:

Գիտական գործուղումների և դասընթացների շրջանակում հաջողությամբ մասնակցել և ավարտել է՝

  • Բուլղարիայում անցկացված «Defense Institution Building in Security Sector» դասընթացը, 2009 թ. մայիս (Regional Stability in the Greater Black Sea area Working Group, Partnership for Peace Consortium of Defense Academies and Security Studies Institutes, 12-15 May, Sofia, Bulgaria),
  • Գերմանիայում ՆԱՏՕ-ի դպրոցի «NATO European Security Cooperation Course» դասընթացը, 2009 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր (21 September-2 October, 2009, NATO School, Oberammergau, Germany),
  • «JFCBS ETV Programme / PsyOps,  CIMIC and InfoOps in NATO ETV – Seminar» (Yerevan, 5-9 December, 2016),
  • ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի և ՀՀ պաշտպանության նախարարության 2019 թ. համագործակցության ծրագրի համաձայն՝ հուլիսի 16-19-ը ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի համար ՊՆ-ում ՆԱՏՕ-ի փորձագետներն կողմից անցկացված «Հեռավար դասընթացի ստեղծում և զարգացում» խորագրով գործնական դասընթացը:
  • Գերազանց ավարտել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացը (2019 թ. հոկտեմբերի 21-2020 թ. մարտի 13):
  • ՆԱՏՕ-ի «NATO JFCBS (Joint Force Command Brunssum)» ծրագրի շրջանակներում՝ ՊՆ-ում ՆԱՏՕ-ի փորձագետներն կողմից անցկացված «Military Public Affairs (MPA) and Strategic communications (STRATCOM)» խորագրով դասընթացը (2022 թ. դեկտեմբերի 5-8):

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԵՎ ԿԱՊԸ ԲԱՆԱԿԻ ՀԵՏ

Հայրենիքի նկատմամբ սերն ու նվիրումը հեղինակը ժառանգել է հայրենադարձ ծնողներից: Հայրենասեր Պապերի ու Հոր օրինակը եղել է նրա համար կյանքի ուղեկից: 1994 թ.-ին հեղինակի Հայրը՝ Մայիս Շահվերդյանը, պատվով մասնակցել է Արցախի ազատագրման պայքարին, Վազգեն Սարգսյանի կողմից պարգևատրվել մեդալով:

2003-2005 թթ. ծառայել է Հայոց բանակում, եղել ՀՀ ՊՆ մամլո քարտուղարի օգնականը: Իրականացրել է ԶԼՄ-ներին տեղեկատվության ապահովումը էլեկտրոնային միջոցներով, ԶԼՄ-ների՝ ՊՆ-ում հավատարմագրման գործընթացն ու խմբագրական աշխատանք կատարել ՊՆ պաշտոնակայքի առաջին տարբերակում:

2007 թ.-ից մինչ օրս ծառայում է ՀՀ Զինված ուժերում որպես սպա, ունի «գնդապետ» զինվորական կոչում:

Ծառայության ընթացքում տարբեր հրամաններով պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով, վկայագրերով, շնորհակալագրերով և պետական մեդալներով՝ 

  1. Ժամկետային զինծառայության ավարտին արժանացել է ՀՀ ՊՆ Շնորհակալագրի՝ անբասիր ծառայության, մարտական պատրաստության և զինվորական կարգապահոթյան բարձր ցուցանիշների համար (2005 թ. մայիսի 2):
  2. 2009 թ. մայիսի 15-ին արժանացել է Վկայագրի՝ մայիսի 12-15-ը Բուլղարիայում Պաշտպանական ակադեմիաների և անվտանգության հետազոտությունների ինստիտուտների «Հանուն խաղաղության համագործակցության Կոնսորցիումի» Մեծ Սևծովյան տարածքում Տարածաշրջանային անվտանգության աշխատանքայի խմբի կողմից կազմակերպած «Անվտանգության բնագավառում պաշտպանական համակարգի կառուցումը» սեմինարին մասնակցության համար («Defense Institution Building in Security Sector». Regional Stability in the Greater Black Sea area Working Group, Partnership for Peace Consortium of Defense Academies and Security Studies Institutes, 12-15 May, Sofia, Bulgaria):
  3. 2009 թ. հոկտեմբերի 2-ին արժանացել է Վկայագրի՝ սեպտեմբերի 21-ից-հոկտեմբերի 2-ը Գերմանիայի Օբեամմերգաու քաղաքում ՆԱՏՕ-ի Դպրոցի կողմից անցկացված «Եվրոպական անվտանգային համագործակցության դասընթացին մասնակցության համար («NATO European Security Cooperation Course». 21 September-2 October, 2009, NATO School, Oberammergau, Germany): 
  4. 2011 թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է Պատվոգրով՝ ՀՀ Զինված ուժերի մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության գործում զգալի ձեռքբերումների, ինչպես նաև ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ: 
  5. 2011 թ. դեկտեմբերի 24-ին պարգրատրվել է ՀՀ ՊՆ «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով: 
  6. 2012 թ. օգոստոսի 30-ին պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Ծովակալ Հ.Ս. Իսակովի» մեդալով: 
  7. 2012 թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով պարգևատրվել է ՀՀ Զինված ուժերում «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով: 
  8. 2013 թ. հունիսի 3-ին Վետերանների «Մարտական եղբայրություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության կողմից պարգևատրվել է Սովետական միության հերոս, գվարդիայի լեյտենանտ Ալեքսանդր Դեմակովի անվան «Աստղ» Յուրգինյան երիտասարդական ռազմահայրենասիրական կենտրոնի (Կեմերովսկի շրջան, ՌԴ) «Սովետական միության հերոս, գվարդիայի լեյտենանտ Ալեքսանդր Դեմակովի» հուշամեդալով՝ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած հատուկ ներդրման համար: 
  9. 2015 թ. նոյեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է Պատվոգրով՝ «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» գործընկեր պետությունների կոմիտեի նիստի և «Խարարարության պրոբլեմներ» միջազգային ամենամյա համաժողովի կազմակերպական գործում ունեցած ներդրման համար: 
  10. 2018 թ. հունվարի 15-ին ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրամանով պարգևատրվել է ՀՀ Զինված ուժերում «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալով:
  11. 2018 թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից պարգևատրվել է Պատվոգրով՝ ՀՀ Պաշտպանության նախարարի Ուղերձ-տեսլականին նվիրված կոնֆերանսին ակտիվ մասնակցելու համար:
  12. 2019 թ. հուլիսի 19-ին պարգևատրվել է Վկայագրով՝ ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի և ՀՀ պաշտպանության նախարարության 2019 թ. համագործակցության ծրագրի համաձայն՝ հուլիսի 16-ից 19-ը ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի համար ՊՆ վարչական համալիրում ՆԱՏՕ-ի փորձագետներն կողմից անցկացված «Հեռավար դասընթացի ստեղծում և զարգացում» խորագրով գործնական դասընթացին ակտիվ և արդյունավետ մասնակցության համար:
  13. 2020 թ. մարտի 13-ին ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից արժանացել է Գերազացության Վկայագրի՝ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացն առաջին տեղով, գերազանց ավարտելու առթիվ (Առաջին տեղ՝ 100-ից 99 միավոր):
  14. 2020 թ. հուլիսի 24-ին ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գ. Տավարածյանի կողմից պարգևատվել է Պատվոգրով՝ ծառայության ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների, բարեխիղճ աշխատանքի և զինվորական կարգապահության համար:
  15. Պարգևատրվել է Վկայագրով՝ ՆԱՏՕ-ի «NATO JFCBS (Joint Force Command Brunssum)» ծրագրի շրջանակներում՝ ՊՆ-ում ՆԱՏՕ-ի փորձագետներն կողմից անցկացված «Military Public Affairs (MPA) and Strategic communications (STRATCOM)» խորագրով դասընթացին ակտիվ մասնակցության համար (2022 թ. դեկտեմբերի 5-8):
  16. 2023 թ. փետրվարի 10-ին ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գ.Տավարածյանի կողմից պարգևատրվել է Պատվոգրով՝ ծառայության ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների, բարեխիղճ աշխատանքի և զինվորական կարգապահության համար:
  17. 2023 թ. մարտի 30-ին պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Վազգեն » մեդալով:
  18. 2023 թ. մայիսի 20-ին ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է ՀՀ Զինված ուժերում «Անբասիր ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով:

ԲԼՈԳԱՅԻՆ ԵՎ ԿԱՅՔԵՐԻ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

2011 թվականի ապրիլին Առլենը Շահվերդյանը «Wordpress» համաշխարհային հեղնակավոր պլատֆորմի վրա ստեղծել է իր հեղինակային գրական բլոգը: Այստեղ կարելի է գտնել հեղինակի գրքերը, բանաստեղծությունները, գեղանկարները, լուսանկարները, հեղինակային մտքերը, բլոգերային գրառումները, հոդվածները և այլն:

Բլոգում հեղինակի՝ որպես գրողի, նախընտրելի գրական թեմաներն են սերը, բնությունը, գեղեցիկը, կանայք: Բլոգի հիմնական բովանդակությունը ստեղծագործական է և բնապահպանական (էկոլոգիական): Այն ներառում է նաև բազմաթիվ և բազմազան այլ հետաքրքիր նյութեր բոլոր ընթերցողների համար: Բլոգի հիմնական, գլխավոր նպատակներն են հեղինակի ստեղծագործական գործունեության լուսաբանումը և բնության նկատմամբ սիրո ու հոգածության սերմանումը: Որպես շատ բնասեր անձնավորություն` հեղինակը շատ է ցավում բնության ու շրջակա միջավայրի պահպանության համար և մշտապես գրում է Երկիր մոլորակի բնության պահպանության, մարդ-բնություն ներդաշնակ ու խաղաղ համագոյակցության կարևորության մասին:

Բլոգն ունի բազմահազար ընթերցողներ Հայաստանում և Սփյուռքում: 2012 թվականի հունիս ամսից բլոգը երկլեզու է` հայերեն և անգլերեն (նյութերը անգլերեն թարգմանում է ինքը հեղինակը), ինչի շնորհիվ բլոգը լայն տարածում ունի նաև արտասահմանում, օտարազգի ընթերցողների, բլոգերների, օգտատերերի շրջանում՝ ձեռք բերելով հսկայական լսարան, բլոգի բազմաթիվ նոր ընկերներ, համախոհներ և «follower»-ներ: Բլոգն ունի «SEO» որակի հավաստագիր, պաշտոնապես գրանցված է «Copyrighted.com» կայքում, արժանացել է 100-ից ավելի բլոգային մրցանակների, 2012 և 2013 թվականներին ճանաչվել է տարվա լավագույն բլոգ:

Հետևողականորեն կատարելագործելով ու զարգացնելով իր բլոգը՝ հեղինակը մասնագիտական առումով ձեռք է բերել արժեքավոր իմացություն և փորձ, ինչը նրան իրավունք տվեց նախաձեռնելու նաև այլ բլոգների ստեղծում և վարում: Դրանց թվում են ՀՀ ՊՆ «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի «Ռազմավարագետ» պաշտոնական բլոգը (տես՝ https://razmavaraget.wordpress.com/), «International Conference «Regional Security Dynamics in the South Caucasus»» բլոգը` նվիրված 2011 թ. նոյեմբերին Երևանում կայացած միջազգային կոնֆերանսին (տես՝ https://securecaucasus.wordpress.com/), ոճաբան և վարսահարդար Արսինե Շահվերդյանի ձեռքի աշխատանքներին նվիրված «Իմ աշխարհը» բլոգը (տես՝ https://imashxarh.wordpress.com/), Համբարձում Քեչաջյանի շինարարական աշխատանքների անհատական բլոգը (տես՝ https://kechajyan.wordpress.com/), ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի անհատական բլոգը (տես՝ https://nhovhannisyan.wordpress.com/), կենդանի սիրողներին նվիրված «Animal Lovers’ Blog»-ը (տես՝ https://animalloversblog.wordpress.com/), «Նավասարդ ազգային զարթոնք» հասարակական կազմակերպության պաշտոնական բլոգը (տես՝ https://navasard1.wordpress.com/), ստեղծագործող մարդկանց համար հանրաճանաչման հարթակ հանդիսացող «Արվեստասեր» բլոգը (տես՝ https://arvestaser.wordpress.com/) և այլն: Այս բլոգները հեղինակը վարում է հետևողականորեն ու ամենայն պատասխանատվությամբ, իսկ դրանցում պարբերաբար զետեղվող նյութերը պարտադիր կարգով ու պատշաճ կերպով լուսաբանում նաև ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում: Առլեն Շահվերդյանը նաև Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի պաշտոնական կայքի վեբ-ադմինիստրատորն է քաղաքացիական հիմունքներով (տես՝ http://psaa.am/):

ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բացի գրական գործունեությունից, Առլեն Շահվերդյանը ազատ ժամանակ զբաղվում է նաև նկարչությամբ, մանկուց ինքնուս նկարում է, նկարների մի մասը ներկայացված է բլոգում (տես՝ https://arlenshah.wordpress.com/my-paintings/):

Նա նաև բազմաթիվ երգերի հեղինակ է, գրում է երգերի և երաժշտությունը և խոսքերը, իսկ 1999 թվականին Հեղինակային երգի փառատոնին ճանաչվել է լավագույն հեղինակ-կատարողներից մեկը և արժանացել նաև հանդիսատեսի համակրանք պատվոգրին:

Զբաղվում է սպորտով, սիրում է ճանապարհորդել:

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

5 Comments

  1. You’re highly accomplished. I appreciate your visit to my humble blog.

  2. Akop Gabrielyan says:

    A splendid combination of talents and terrific accomplishments! Proud to know you, Arlen!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 721,911 այցելություն / visit
%d bloggers like this: