Home » Posts tagged 'Technology will never replace love'
Tag Archives: Technology will never replace love
Իրական աշխարհի վիրտուալ կյանքում / In Virtual Life of Real World
Սոցիալական ցանցերից, հատկապես՝ Ֆեյսբուքի շնորհիվ է, որ առցանց տիրույթում անտեսանելի թելերով կապված ենք միմյանց: Հաճախ հենց այդ թելերի շնորհիվ է, որ առցանց հարթակում կենդանի կերպով ապրումակցում ենք մեկս մյուսի վշտին կամ ուրախությանը, ոգևորվում մեկս մյուսի հաջողությամբ և տխրում՝ ձախողումից: Կարևոր է, որ այդ վիրտուալ իրականության առցանց դրսևորման հիմքում իրական կյանքի մեր հույզերն ու ապրումներն են, անկեղծ վերաբերմունքն ու հարգանքը մեկս մյուսի նկատմամբ: Այսինքն՝ այն ինչ ունենք առցանց տիրույթում՝ մեր իրական զգացողությունների ուղիղ արտացոլումն է: Հետևաբար, մեր մտքում ու սրտում որքան բարի ու սրտացավ լինենք միմյանց նկատմամբ իրական կյանքում, այնքան ավելի ամուր կլինեն մեզ կապող թելերը նաև վիրտուալ իրականության մեջ և, մասնավորապես՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում:
Իսկ ինչպես ենք մենք ապրում այսօր… շուրջը՝ թվային տեխնոլոգիաներ են, համարյա ամեն բան ավտոմատացված է, թվայնացված, իսկ մեր օրվա մեծ մասն անցնում է համացանցում: Սակայն, թեև համացանցը շատ լավ բան է, այնուամենայնիվ, այն բույր չունի: Այն չի բուրում ինչպես ծաղիկը՝ բնության մեջ, խունկը՝ եկեղեցում, երեխան՝ բարուրի մեջ, լվացքը՝ պարանին, կնոջ վարսերը՝ դրանք շոյելու ժամանակ, աշնանը վառվող տերևները՝ մայթերին կամ ծխնելույզները՝ գյուղում… Տեխնոլոգիան երբեք չի փոխարինի սիրուն:
«Իրական աշխարհի վիրտուալ կյանքում» վերնագրով իմ այս բանաստեղծությունը և նյութում ստորև ներկայացված հուզիչ հոլովակը նպատակ ունեն ասելու մի բան, որ մարդկային զգացմունքին, անկեղծ հույզին, ապրումակցմանը, ընդամենը մի պարզ հասարակ հպմանը չի կարող փոխարինել ոչ մի տեխնիկա, և ինչքան էլ կյանքը զարգանա ու առաջ ընթանա աներևակայելի տեմպերով, միևնույն է, մենք շարունակելու ենք արբել ծաղիների, գինու կամ թարմ առավոտի բույրերից…
*
Իրական աշխարհի վիրտուալ կյանքում
Մեր կյանքն այսօր հարմարավետ, զարգացած է ու թվային,
Ամե՛ն տեսակ կոճակներով՝ ամե՜ն ինչին հասանելի,
Մե՛կ հպումով մե՛րն են դառնում ձեռքբերումնե՜րը մարդկային,
Մե՛կ սեղմումով ներբեռնում ենք բյո՜ւր գիտելիքը դարերի՜:
Թվային է այսօր կյանքում գրիչ դարձած ստեղնաշարը,
Թվային է դարձել նույնի՛սկ կյանք ստեղծելու գաղափա՜րը,
Այսօր անգամ մեր հույզե՜րը ցույց են տալիս նշաննե՜րը,
Եվ չափվում են համակարգչով անչափելի՜ արժեքները:
Մե՜ծ աշխարհը համացանցում ընդամենը է՛ջ է՝ բացվող,
Ափիդ մեջ են անհաշվելի՜ն, վիթխարի՜ն ու անեզե՜րքը,
Կյանքը հիմա ոչ թե լի՛ճ է, այլ վարա՜ր գե՛տ՝ արագացո՜ղ,
Տանից արդեն մոտ է անգամ հեռագնա՜ց տիեզե՜րքը:
Եվ վիրտուալ իրողության անիրական չափումներում
Հազա՜ր թելով կապված ենք մենք տեխնիկական միջոցներով,
Թվում է, թե վիրտուալ են զգացմունքնե՜րը մեր սրտերում,
Թվում է, թե մեր ժպիտը փոխելու ենք «սմայլիկներո՜վ»:
Բայց, որքա՛ն էլ վիրտուալը իրականին մոտ է այսօր,
Հացի բույրը ո՛չ մի սմայլիկ չի՛ փոխանցի համացանցում,
Ծաղկած դաշտը մի՛շտ կմնա՝ որպես հազա՜ր բույրի օրո՜ր,
Խնկաբույրո՜վ հոգին մեր ջինջ կստանա ա՛յլ կյանքի անցում:
Եվ ուրեմն, ապրենք կյանքը վիրտուալի մատույցներո՛ւմ՝
Չմնալով նրա դյութիչ ու հեքիաթի նման ցանցում,
Չմոռանա՛նք, որ իրակա՛ն կյանքում է ալ վարդը բուրո՜ւմ,
Սիրո դուռը թակենք կյանքո՛ւմ, հետո՛ «թագենք» համացանցում:
Առլեն Շահվերդյան
16.06.2018
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Technology will never replace love. How we live today… technologies are everywhere, around us… almost everything is automated, digitised… we spend the main part of our day in Internet. Though it is a very good thing indeed, but it does not smell. Dear friends, this wonderful and heartbreaking video will show, that no technology can replace human feeling or a simple human touch. This is a very fragile and sensitive theme and I even wrote a special poem in Armenian, entitled “In Virtual Life of Real World” and dedicated to our today’s reality.
Arlen Shahverdyan
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway