Home » Posts tagged 'Autumn willow'
Tag Archives: Autumn willow
Աշնան ուռենին, ստվերը և ես
ԱՇՆԱՆ ՈՒՌԵՆԻՆ, ՍՏՎԵՐԸ ԵՎ ԵՍ
Աշնան բացատի գողտրիկ անկյունում
Գտել եմ սիրուն ոսկե ուռենի,
Քամին այգու մեջ գալիս է, գնում`
Մեղմիկ շոյելով ճյուղերը ծառի:
Իր ստվերի հետ է խոսում ուռենին,
Գլուխը կախել, խոնարհվել է ծուռ,
Ես էլ թիկնել եմ ուռենու բնին
Ու նրանց միջև երազում եմ լուռ:
Երազում եմ ես իմ սիրո մասին
Ու ականջ դնում նրանց զրույցին,
Նրանք էլ, կարծես, ինձ հետ միասին
Տաղերն են հյուսում սիրո հոգոցի:
Խոսում են նրանք ու սեր բացատրում,
Իրար են հպվում, խոստումներ տալիս,
Իսկ ես ստվերի տակ, այդ զով բացատում,
Հիշում եմ իմ սերը ու անձայն լալիս:
Ուռենուն թիկնած հիշում եմ կամաց
Իմ սիրած կնոջ շոյանքները թով,
Իսկ հիմա ծառն է ճյուրերով իր թաց
Իմ դեմքը շոյում մխիթարելով:
Իր ստվերի հետ է խոսում ուռենին,
Իսկ ես կորցրել եմ իմ ստվերը վաղուց
Ու հիմա տխուր թիկնել եմ բնին
Հոգոց հանելով տանջվում եմ սիրուց:
Առլեն Շահվերդյան
19.11.2015
© Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, արգելվում է այն օգտագործել կամ հրապարակել մամուլում, կայքերում և սոցիալական ցանցերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը նշելու: