Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'ashnan masin'

Tag Archives: ashnan masin

Աշունը պաչում է հոնքերդ մեղմիկ

ԱՇՈՒՆԸ ՊԱՉՈՒՄ Է ՀՈՆՔԵՐԴ ՄԵՂՄԻԿ

Աշունը պաչում է հոնքերդ մեղմիկ…
«Պաչում» եմ ասում և ոչ՝ «համբուրում»,
Քանի որ աշունն այնքա՜ն առատ է իր գույների մեջ ալ-ոսկեղենիկ,
Քանի որ աշնանը ծառերը գունեղ այնպե՜ս են բուրում,
Որ «համբուրելը» չի արտահայտում հոգեպարար այդ տրամադրությունը,
Գույներով լցված ներկապնակը,
Եվ միայն «պաչելով» է աշունը, հաստատ, ամբողջ իր կիրքը արտահայտում քեզ…

…Լավ, վերադառնամ իմ բուն թեմային… ինչ-որ շեղվեցի:
Ուրեմն` այսպես…
Աշունը պաչում է հոնքերդ մեղմիկ, աչքերդ խորունկ ու շատ գեղեցիկ
Եվ մեկ էլ շուրթերդ, որոնց համն, հաստատ, աշունը երկար դեռ չի մոռանա,
Ա՜խր, աշունը բարձրաճաշա՜կ է, նրբանկա՜տ է ու բծախնդի՜ր
Եվ գնահատել գիտե անո՜ւշը, բացառիկն, անշուշտ, ու վեհասքա՜նչը,
Որ նրա գրկում ու բույրերի մեջ երբեք չի կորչի ու չի մահանա…

Սակայն՝ քո մասին… ուրեմն՝ հիմա…
Աշունը պաչում է հոնքերդ մեղմիկ, աչքերդ խորունկ ու լիալուսին,
Առնում է բույրդ և, ահա, այդժամ, կարծես, բարձրանում են վարագույրնե՜րը,
Բացվում է աշնան թատերաբե՜մը և հնչեցվում է նվագարանը,
Եվ այս ամենը, կարծես, միասին,
Պարո՜ւմ են ծառերը, իսկ օդում խոնավ՝ զուգապար տալիս բյուր տերևները.
Տիրում է կարծես իսկական հանդե՜ս, տոնախմբությո՜ւն…
Անգամ օրորվում են մեղեդու ներքո վեհ բարդիների այն վերևները…

Աշունը… էլի՞ աշունը, ի՞նչ է կատարվում այս պահին ինձ հետ,
Այս ի՞նչ տարերք է և ի՞նչ խենթություն, բացատրեք՝ խնդրեմ.
Փոխանակ տողերս ձոնեմ հմայքիդ, դրանք ակամա աշնանն են հղվում,
Փոխանակ նկարեմ գեղեցկությունդ վառ ու լուսավոր ու այնքա՜ն մեղմիկ,
Ակամա վրձնում եմ միայն դեղինով, կարմիրով նաև ու ոսկեգույնով,
Աշունն է այդպես ինձ հրապուրել, աշունն է, կարծես, ինձ հրամայում:

…Լա՜վ, ես հասկացա, ոչ մի բան չկա անբացատրելի կամ արտասովոր
Ու ես էլ հաստատ եմ քո հանդեպ տածած իմ զգացմունքի մեջ, հաստատ ու կայուն,
Պարզապես ինքդ աշուն ես տեղով՝ այնքա՜ն գունագեղ, այնպե՜ս վառվռուն,
Եվ անուշաբո՜ւյր, ինչպես տերևը, և մեղեդայի՜ն՝ աշնան գունագեղ ծառերի նման,
Տարվա այս չքնաղ եղանակն այնպես ամբողջական ես կրում քո ներսում,
Որ աշունն ու դու միաձուլվել եք՝ բանալով անսպառ ներնչանքի դուռ իմ հոգու համար…

Առլեն Շահվերդյան

25.09.2014

© Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, արգելվում է այն օգտագործել կամ հրապարակել մամուլում, կայքերում և սոցիալական ցանցերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը նշելու:

%d bloggers like this: