Home » Posts tagged 'Սուրբ Զատիկ'
Tag Archives: Սուրբ Զատիկ
Աղոթք. «Քրիստոս հարյավ ի մեռելոց». «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»
March 31, 2018 17:50 / 15 Comments on Աղոթք. «Քրիստոս հարյավ ի մեռելոց». «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»
Քրիստոսի խաչելությունը և հարությունը պատկերող հայկական մանրանկար
«Քրիստոս հարյավ ի մեռելոց». «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»
*
Աղոթք
Հանուն Հո՛ր և Որդվո՛ և Հոգվո՛ւյն Սրբո
Եվ Լույսի` չարիքի հետքերը սրբող,
Եվ մաքրագործող անբասիր Ոգո՛ւ,
Որ բուժո՜ւմ է ու վերքե՜րն ամոքում,
Որ ներշնչում է Հո՜ւյս, Հավա՜տ ու Սե՜ր
Եվ մութ հոգու մեջ վառում է լույսե՜ր:
Աղոթում եմ Քեզ, Հա՛յր մեր երկնային,
Այս նվիրական, անձնական պահին,
Երբ հաղորդակից դարձրել ես հոգուս
Քո հավերժական Լույսի՜ն դրախտային,
Երբ իմ խոսքերը ծնվում են հիմա`
Սեր խոստովանելով լուսե Բարձրյալին,
Երբ պարզորոշ են դառնում, ակամա,
Անբացատրելին ու անիմանալին:
Տե՛ր` իմ ոգեղեն խանդավառության,
Տե՛ր` իմ հավատքի` զորեղ, անկոտրում,
Պարգևիր մեզ Սե՜ր` պտո՜ւղ Էության,
Պահպանիր խնդրում եմ Սե՜րը մեր սրտում:
Թո՛ղ, որ Արարչի քո մաքո՜ւր Լույսով
Մի՛շտ անէանան շողքերը չարի,
Թո՛ղ, որ կենսատու, անսահման Հույսով
Մեր գոյությունը Բարի՜ն արարի:
Քո մաքրագործող Հավատքով լուսե
Ներդաշնակ ապրենք Մայր Բնության հետ
Եվ կարողանանք տեսնել ու լսել`
Արժեվորելով Ճշմարիտն հավետ:
Ես խնդրում եմ Քեզ՝ պահպանիր Կյա՜նքը,
Իմաստավորիր Գո՛յը երկրային,
Որ, վայելելով կյանքի հմա՜յքը,
Միշտ արժանանանք Լույսի՜ն երկնային:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 11.02.2002-06.04.2012
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Սիրելի Ընթերցողներ, «Աղոթք» բանաստեղծությունս գրել եմ ի փառավորումն և ի նշանավորումն քրիստոնեության մեծագույն և նշանակալի տոնի, այն է` Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի: Սրտանց շնորհավորում եմ բոլորիս` «Քրիստոս հարյավ ի մեռելոց». «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: Աստված բոլորիս Փրկիչ և Պահապան:
Սիրով ուզում եմ տեղեկացնել նաև, որ «Աղոթք» բանաստեղծությունն հետաքրքիր նախապատմություն ունի: Բանն այն է, որ բանաստեղծության առաջին երկու տողերը գրել եմ 2002 թվականի փետրվարին: 10 երկար տարիներ ես այդ երկտողը պահել եմ փոքրիկ թղթի վրա և, իհարկե, իմ սրտում ու մտքում: Պահելով ձեռագիրը և պարբերաբար մտքում վերադառնալով այդ երկտողին` ես, կարծես, իմ մեջ թանձրացնում ու վերարժեքավորում էի այն, ինչ պիտի գրեի հետագայում: Փաստորեն 2002-ին դեռ ժամանակը չէր, որպեսզի ծնվեր այս բանաստեղծությունը և պետք էր ապրել 10 տարի, ավելի հասունանալ, ավելի փորձառու, ավելի իմաստավորված ու խորաթափանց նայել աշխարհին: Այդ երկտողը, կարծես, անընդհատ եփվում էր իմ մտքում: Եվ ահա, 2012-ի ապրիլի 6-ին ծնվեց այս բանաստեղծությունը վերջապես գրելու և այն Զատկի տոնին նվիրելու մտահղացումն ու ներքին ցանկությունը: Բանաստեղծությունը գրեցի ապրիլի 6-ի ուշ երեկոյան, մեկ շնչով: Հուսով եմ, որ այսքան տարի հետո այն ստացվեց, ստացվեց ուղեղումս ու սրտումս եփվելուց ու հասունանալուց հետո: Այն իմ` որպես Հայ Առաքելական Եկեղեցուն դավանող քրիստոնյա հայ մարդու, անկեղծ սիրո արտահայտությունն է առ Աստված և նվիրումն է առ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի: Հուսով եմ, որ բանաստեղծությունս կարժանանա Ձեր ջերմ գնահատանքին:
Սիրելի Ընթերցողներ, ինձ համար Սուրբ Զատկի տոնը քրիստոնեական ամենակարևոր տոնն է, քանի որ այն պարունակում է իր մեջ այս կրոնի բուն և խորքային իմաստը: Այն փաստը, որ Հիսուս Քրիստոսը հարություն առավ և չմահացավ որպես սովորական մահկանացու ապացուցում է, որ նա Աստծո որդին է և Աստվածային արարչագործության մարմնացումը: Սա ցույց է տալիս մեզ, որ յուրաքանչյուր անկեղծ և իսկական հավատացյալի Հոգին հավերժ է և այն Հարություն է առնում մահից հետո՝ գտնելով երկնային խաղաղություն և ազատություն, ապրելով Հավերժական կյանքով: Քրիստոսը մահացավ ու Հարություն առավ մեր փրկության համար: Քրիստոնեական կրոնի գլխավոր ուղերձը և խորհուրդը մահից հետո հրաշափառ Հարության ու հոգու անմահության հնարավորությունն է: Դրան հասնելու հիմնական միջոցները մեղքերից փրկությունն է, Աստծու նկատմամբ անկեղծ հավատքով սեր և երջանկություն վերագտնելը, երկրային կյանքը ազնիվ ապրելը, ազնվորեն և անսահման նվիրումով սիրելը:
Լինելով քրիստոնյա և դավանելով Հայ Առաքելական եկեղեցուն՝ ես հարգում եմ աշխարհի բոլոր կրոններն ու մշակույթները: Գիտեմ, որ հավատքն առ Հարություն առկա է շատ կրոններում և այն յուրաքանչյուր հավատքի գլխավոր փիլիսոփայություններից մեկն է:
Ցանկացած իսկական ու անկեղծ հավատացյալ մարդ, անկախ նրանից նա քրիստոնյա է, մահմեդական, բուդդայական թե ուրիշ այլ կրոնի հետևորդ, իր կյանքում մշտապես ջանում է գտնել սեր, ազատություն, ներդաշնակություն և երջանկություն: Եկեք գտնենք սիրո, ազնիվ ու բարի հաղորդակցման և ներքին ազատության իրական ճանապարհը: Եկեք աշխարհը դարձնենք մի փոքր ավելի ապահով և եկեք չմոռանանք, որ Արարիչը պարգևել է մեզ Սերը, որպեսզի մենք մյուս մարդկանց և ամբողջ Մայր Բնության հետ ապրենք խաղաղության, համերաշխության և ներդաշնակության մեջ:
Օրհնված եղեք սիրով և երջանկությամբ: Խաղաղություն Ձեզ և Ձեր ընտանիքներին: Մաղթում եմ բոլորիս ուրախ Զատիկ:
Սուրբ Տիրամոր և մանուկ Քրիստոսի պատկերը՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում: Լուսանկարի հեղինակ` Առլեն Շահվերդյան, 2011 թ. սեպտեմբեր:
*
ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈԻ ՄԱՍԻՆ
ԶԱՏԻԿ, սուրբ Զատիկ, Յարութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, Հայ առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից: Նվիրված է Հիսուս Քրիստոսի Հարությանը: Հին կտակարանի Պասեքի տոնը քրիստոնեության մեջ վերածվել է Քրիստոսի Հարության տոնի, որը հայոց մեջ հաճախ կոչվել է Զատիկ Հարության: Քրիստոսի Հարությունը հիշատակվում է Զատիկ անվամբ: Պասեք բառը, որը V դ. Աստվածաշնչի հայ թարգմանիչները թարգմանել են Զատիկ, ծագում է եբրայերեն բիսախ (բեսախ) բառից, որը նշանակում է անցում, ելք կամ զատում: Զատիկ բառի վերջնական բացատրություն ցայսօր չկա, այն մե’րթ մեկնաբանվում է իբրև բիսախ բառի հայ. թարգմանություն` զատվելու, ազատվելու իմաստով, մե’րթ իբրև դիցաբանական անուն` սերված հին եգիպտ. Սադի, հին հնդկ. Սատի աստծո անունից (Ղ. Ալիշան), երբեմն էլ մեկնաբանվում է երկու նշանակությամբ` և’ որպես զոհ, և’ որպես ուրախության տոն, ազատություն (Հ. Աճառյան): Իր բարձրագույն իմաստով` Հին ուխտի Պասեքը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին, նրա թափած սուրբ քավչարար արյունը և հառնումը մեռելների միջից` հանուն Աստծո ժողովրդի փրկության ու ազատության: Ըստ Հայր Աստծո կամքի և մարգարեությունների` Աստծո Որդին պիտի մարմնանար, չարչարվեր, խաչվեր, թաղվեր և երրորդ օրը հարություն առներ (Սաղմ. 15.9–11, 29.4, 40.11–13, 117.16–17, Օսէէ 6.2–3 ևն), ինչը և կատարվեց:
Հին ուխտում Զատիկ սկզբնավորվում է Մովսեսի և Ահարոնի միջոցով, Աստծո պատգամի համաձայն, Եգիպտոսում, իսրայելացիների ելքից առաջ, հրեից նիսան կամ աբիբ ամսի (մարտ կամ ապրիլ) տասնչորսերորդ օրը, երեկոյան (Ելք 12): Իսրայելացիները, առաջին Զատկից հետո և մինչև Ավետյաց երկրում հաստատվելը, հատուկ ծիսակարգով, ցայսօր կատարում են Զատկի տոնը` իբրև փրկության և ազատագրության տոն: Հին կտակարանի գրքերում բազմիցս հիշատակվում է Զատիկը (դրա հետ առընչված` նաև Զատկի գառը), որը, եկեղեցու մեկնաբանական ընթերցվածի համաձայն, Հիսուս Քրիստոսի նախօրինակն է կամ նրա խորհրդաբանությունը: Ինչպես որ Իսրայելը (Աստծո ժողովուրդը), գերի լինելով Եգիպտոսում (խորհրդաբանորեն` մեղքի ծառայության մեջ), նոխազի արյան (խորհրդաբանորեն` Հիսուսի արյան) միջոցով ճանաչվեց Տիրոջ կողմից, և զատված լինելով, խուսափեց Ոչնչացնողի (Ելք 12.23) հարվածներից ու դուրս եկավ Եգիպտոսից դեպի Ավետյաց երկիր (խորհրդաբանորեն` Աստծո թագավորություն), այդպես էլ Հիսուս Քրիստոսը` «Գառն Աստուծո» (Հովհ. 1.29), հեղեց իր սուրբ արյունը` հանուն մարդկության փրկության և հարություն առավ` զատվեց մեռելներից, մեզ ևս շնորհելով հավիտենական կյանքի ավետիսը` Սուրբ Հոգու միջոցով:
Եկեղեցին Հիսուսի հրաշափառ Հարությունը տոնում է որպես Զատիկ, որովհետև նա է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա` կյանք և հարություն: Պողոս առաքյալը Հիսուսին հենց այդպես էլ կոչում է` Զատիկ, «…քանզի Քրիստոս` մեր զատիկը, մորթվեց…» (Ա Կորնթ. 5.7–8):
Զատկի տոնը քանիցս հիշվում է նաև Նոր կտակարանում: Ընդ որում` այդ տոնին մասնակցել է նաև ինքը` Հիսուսը. առաջին Զատկին, մտնելով Երուսաղեմի տաճարը, վտարել է առևտուր անողներին (Հովհ. 2.13–23): Վերջին Զատիկը Հիսուսը կատարել է իր երկրային ընթացքի վերջին տարին, Զատկի (Բաղարջակերաց) տոնին, հենց Պասեքի երեկոյան (ինչպես զատկական առաջին գառը` Հին ուխտում), մատնությունից և խաչելությունից առաջ (Մատթ. 26.17–30, Մարկ. 14.12–24, Ղուկ. 22.1–21): Առաքյալները Հիսուսին և’ ԶԱՏԻԿ, և’ Զատկի գառ են անվանում` նկատի առնելով նրա փրկարար զոհագործությունը և ս. Հարությունը: «Ես իսկ եմ հարություն և կյանք»՚ իր մասին վկայել է Հիսուսը (Հովհ. 11.25):
Ըստ Նոր կտակարանի (Մատթ. 28, Մարկ. 16, Ղուկ. 24, Հովհ. 20, 21)` խաչյալ և թաղյալ Հիսուսը երրորդ օրը (միաշաբթի կամ կիրակի) առավոտյան հարություն է առել, երևացել Մարիամ Մագդաղենացուն, ապա առաքյալներին` Պետրոսին, Հովհաննեսին և մյուսներին` Երուսաղեմում: Ութ օր հետո դարձյալ հայտնվել է աշակերտներին` Թովմասին հավատքի մեջ հաստատելու համար: Երրորդ ան-
գամ հարուցյալ Հիսուսը աշակերտներին երևացել է Գալիլիայում, ծովեզերքին: Քառասուն օրերի ընթացքում նա հայտնվել է շատերին, այդ թվում նաև Էմմավուսի ճամփորդներին` հավաստելով իր հարությունը մարմնով, ապա Ձիթենյաց լեռան վրայից համբարձվել երկինք:
Զատկի տոնախմբության օրը (Հարության ճշգրիտ թվականը) քննարկման առարկա է դարձել եկեղեցիների միջև: Նիկիայի Ա տիեզերական ժողովը (325) որոշել է Զատկի օրը առանձնացնել հրեական Պասեքից և որպես շարժական տոն, ըստ Ալեքսանդրյան կանոնի, տոնել գարնանային օրահավասարին հաջորդող ա-
ռաջին կիրակի օրը: Հետագայում, երբ տոմարը փոփոխության է ենթարկվել, օրթոդոքս եկեղեցին հավատարիմ է մնացել հուլյան տոմարին, որով Զատիկը կատարում են 13 օրվա տարբերությամբ:
Մինչև Զատիկը լինում է պահք (քառասնօրյա պաս` շաբաթ-կիրակիները հանած), որը սկսվում է Բուն Բարեկենդանին հաջորդող երկուշաբթի օրվանից:
Զատկի նախընթաց երեկոյան եկեղեցում կատարվում է Ճրագալույց: Որպես բեղմնավոր կյանքի, փրկության և ուրախության խորհրդանշան` ներկվում է կարմիր ձու (հավկիթ): Գրիգոր Տաթևացին ձուն համարել է աշխարհի խորհրդանշանը. դրսի կեղևը` երկինքը, թաղանթը` օդը, սպիտակուցը` ջուրը, դեղնուցը` երկիրը: Իսկ կարմիր ներկելը նշանակում է, թե ամբողջ աշխարհը փրկագնվել է Քրիստոսի արյունով: Ենթադրվում է, որ ձվի գործածությունը հրեաներից է փոխանցվել քրիստոնյաներին, որովհետև Պասեքի տոնի սեղանին զատկական գառան մսի հետ դրվել է նաև խաշած ձու: Ըստ ավանդություններից մեկի` Մարիամ Մագդաղենացին մեկնել է Հռոմ` քարոզելու: Ներկայանալով Տիբերիոս կայսրին` նրան նվիրել է կարմիր ձու և ավետել. «Քրիստոս
հարյավ ի մեռելոց»:
Զատկի օրը, վաղ առավոտյան սկսվում է ժամերգությունը, որի ավարտին ընթերցվում են հատվածներ չորս Ավետարաններից, երգվում շարականներ, կատարվում է անդաստան, ապա սկսվում է Պատարագը: Հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» և «Փառք Քրիստոսի ամենազոր հարության» պատասխանները: Զատկի հաջորդ օրը լինում է մեռելոց. Հիսուսի Հարության ավետիսը հայտնըվում է նաև ննջեցյալներին, որոնք ևս պիտի հառնեն Փրկչի Երկրորդ գալստյան ժամանակ: Զատկից մինչև Հոգեգալուստ ընկած ժամանակամիջոցը կոչվում է Հինունք (Հիսունք), այսինքն` հիսուն օր, որոնք բոլորն էլ նվիրված են Քրիստոսի Հարությանը, և այդ ընթացքում պասի օրեր չեն նշանակված: Հինունքի շրջանի բոլոր կիրակիներն էլ տոնական են և ունեն առանձին անուններ:
Տարվա բոլոր կիրակիները ևս Հարության տոներ են, և երբ ուրիշ Տերունի տոն է հանդիպում, Հարությունը չի ջնջվում, այլ խառնվում է մյուս Տերունի տոնի հետ: Մեծ պահքի յոթ կիրակիների մեջ ևս Հարության հիշատակը չի ջնջվում, բայց Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ Հարությանը պատշաճեցված տոները նվազեցվել են:
Ներկայումս Հայ եկեղեցին Զատիկը նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը (35 օրվա շարժականությամբ, մարտի 21-ից հետո` մինչև ապրիլի 26-ը):
Աղբյուրը`
ԿԱՆԹԵՂ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Սեյրան սարկավագ Ղազարյանի բլոգը
Happy Easter!! For me, Easter – is the most important Christian holiday, because it contains the essence of this religion. The fact that Jesus Christ rose and did not die as a simple man proves us that He is the Son of God and the incarnation of God’s creation. This shows us that the soul of each sincere and true believer is immortal and that it resurrects after death and finds Peace and Freedom in Heaven, living Immortal life. Jesus Christ died and rose for our salvation. The main message of the Christian Religion is the opportunity of Resurrection and immortality of the soul after death. The main means for reaching that are the liberation from sins and finding Love and Happiness through sincere belief to God, as well as living life in an honest way, loving honestly and with boundless dedication.
Being Christian and confessing the Armenian Apostolic Church, I respect all the religions and cultures of the World. I know that the belief to Resurrection contains in many religions and it is one of the main philosophies in each belief. Every real and sincere believer, whether he is Christian, Muslim, Buddhist or follower of other Religion, always tries to find Love, Freedom, Harmony and Happiness in His life. Let us find the true way to Love, to Kind Communication and to Internal Freedom. Let us make the World safer and let us not forget, that the Creator gave us the Love, in order for Us to live in Peace, Solidarity and Harmony with other People and with the whole Mother Nature.
Be blessed with Love and Happiness. I wish peace to you and your families. Happy Easter to all of us!
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոն / Feast of the Holy Nativity and Theophany of Lord Jesus Christ
January 5, 2017 19:09 / 50 Comments on Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոն / Feast of the Holy Nativity and Theophany of Lord Jesus Christ
Հայոց եկեղեցին Առաքելական է, քանի որ հիմնվել է ուղղակիորեն տասներկու առաքյալներից երկուսի` Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի կողմից, ովքեր էլ ձեռնադրեցին առաջին հայ եպիսկոպոսներին: Աշխարհում առաջինը հայերն են քրիստոնեությունը ընդունել որպես պետական կրոն (մ.թ. 4-րդ դարի սկիզբ, 301 թվական):
Ամեն տարի հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է:
Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ Աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի ծննդյան և մկրտության միջոցով հաստատված երկու Աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ:
Հիսուսի ծնունդն այսպես եղավ: Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում մարդահամար անցկացվեց: Յուրաքանչյուր ոք գնաց իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփն էլ սբ. Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ: Երբ Ս.Կույսի հղության օրերը լրացան, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց, նրանք ստիպված մի քարայրի մեջ տեղավորվեցին, ուր ծնվեց Հիսուսը: Աստծո որդին մի անփառունակ քարայրում` աղքատության մեջ ծնվեց, որը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է: Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի ծննդյան մասին` երգելով. «Փառք ի բարձունս Աստուծոյ, և եւ յերկիր խաղաղութիուն, ի մարդիկ` հաճություն»: (Ղուկ. 2:14): Այնուհետև արևելքից մոգեր եկան, որոնց մի աստղ էր առաջնորդել և երկրպագեցին Մանուկին, նրան ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները:
Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը տարբեր օրերի նշում:
Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին:
Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր:
Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոները:
Ինչո՞ւ է Նոր տարվա ընթացքին համընկնում պահոց շրջանը:
Ըստ Հայ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:
Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին: Հետագայում` տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի` Ս. Ծննդյան նախընթաց պահքին: Պահեցողները պահող շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»:
Ի՞նչ է Ճրագալույցի Ս. Պատարագը
Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից: Սուրբ Ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին:
Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: Հետաքրքրիր է, որ ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն:
Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:
Ս. Ծննդյան այլ արարողություններ
Հունվարի 6-ին` Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի:
Ս. Ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն: Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո մարդիկ հոգևորականին իրենց տուն և աշխատավայր են հրավիրում` տոնի կենարար ավետիսը և աստվածային օրհնությունը ստանալու նպատակով: Տնօրհնեք կատարվում է նաև այն ժամանակ, երբ տանը խախտվում է խաղաղությունը կամ զգացվում է դիվային ուժերի ներկայությունը:
Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար (մեծ, գլխավոր) տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Հունվարի 7-ին` Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները:
Ս. Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու և անվանակոչվելու հիշատակին:
Սուրբ Ծննդյան արարողությունների ժամանակացույց
– Հունվարի 5-ին` ժ. 17.30-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի ճրագալույցի տոնական Ս. Պատարագ` ազդարարելով Ս. Ծննդյան ավետիսը: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված մոմերը իրենց հետ տուն են տանում և սկսում տոնել Ս. Ծնունդը:
– Հունվարի 6-ին` ժ. 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ: Ս. Պատարագից հետո կկատարվի Ջրօրհնեքի արարողություն: Օրհնված ջուրը կբաժանվի ներկաներին:
– Հունվարի 7-ին հանգուցյալների հիշատակության օրն է` Մեռելոց: Այդ օրը բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի հոգեհանգստյան կարգ: Առավոտյան` Ս. Պատարագից և հոգեհանգստյան կարգից հետո, մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին:
-Հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչության օրն է: Այդ օրը ևս բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:
– Ս. Ծննդյան տոնի կարևոր արարողություններից է Տնօրհնեքը: Տարվա ընթացքում նվազագույնը երկու անգամ հարկ է հոգևորականի հրավիրել` Տնօրհնեքի:
Սուրբ ծննունդն ու մոգերի երկրպագությունը (15-րդ դարի հայկական մանրանկար)
The Nativity and the Adoration of the Magi (Armenian manuscript of 15th-century)
Dear Readers, as you know Armenian Church is Apostolic, because it was founded directly by two of the twelve apostles, Saints Thaddeus and Bartholomew who ordained the first Armenian bishops. Armenia became the first state in the world to adopt Christianity as its religion, in the early years of the 4th century (301 AD).
Each year, on January 6, the Armenian Apostolic Church celebrates the Feast of the Holy Nativity and Theophany of Our Lord Jesus Christ, which is the commemoration of the Birth and Baptism of Jesus Christ (Christmas).
God was incarnated and appeared to the people. During the Baptism of Jesus God the Father said, “This is my Son, whom I love; with him I am well pleased” (Mt 3:17) and the Holy Spirit descended on Christ in the form of dove, so God appeared to the people for the second time. So, both Theophanies revealed by means of the Birth and Baptism of Jesus Christ are celebrated in the Armenian Church jointly on January 6. The feast starts on the eve, in the evening of January 5, and is continued after the midnight. On the eve a solemn Candlelight Divine Liturgy is celebrated and on January 6 a solemn Divine Liturgy is celebrated. At the conclusion of the Divine Liturgy Blessing of the Waters Service is conducted symbolizing the Baptism of Christ in the River Jordan at the commencement of His ministry. By means of His Baptism Jesus blessed water.
Celebrant priest pours out the Holy Chrism drop by drop into water and blesses the water. According to the tradition people take some blessed water with them to use it as a medicinal remedy for the sick. After Blessing of the Waters Service the priests visit the houses of the faithful to proclaim the Christmastide Good News of the Birth of Jesus Christ and hence the tradition of Blessing of the Houses was formed.
The Birth of Jesus happened in this way. “In those days Caesar Augustus issued a decree that a census should be taken of the entire Roman world. … And everyone went to his own town to register. So Joseph also went up from the town of Nazareth in Galilee to Judea, to Bethlehem the town of David, because he belonged to the house and line of David. He went there to register with Mary, who was pledged to be married to him and was expecting a child. While they were there, the time came for the baby to be born, and she gave birth to her firstborn, a son. She wrapped him in cloths and placed him in a manger, because there was no room for them in the inn.” (Lk 2:1-7) The Son of God was born in poverty, in a manger. The witnesses of His Birth were the shepherds living out in the fields nearby, whom the angels had appeared and brought the good news of the Birth of the Savior singing: “Glory to God in the highest, and on earth peace to men on whom his favor rests.” (Lk 2:18).
Soon afterwards some men who studied the stars came from the East and worshipped Baby Christ, presented him gifts and returned to their countries.
© ArlenShah.Wordpress.com, 05.01.2017
Աղբյուրները / The Sources:
1. http://www.armenianchurch.org/ http://www.araratian-tem.am/
2. http://www.qahana.am/am
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway