Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'Շահվերդյան'

Tag Archives: Շահվերդյան

Ինձ խելահա՜ն է արել / It has driven me crazy

couple-in-love_www-artfile-ru_02

Ինձ խելահա՜ն է արել

Ինձ խելահա՜ն է արել, սիրելի՜ս, մեղմ ուրվագիծը քո պարանոցի,
Եվ շրթունքների եզրագծումը՝ այտերիդ անո՜ւշ խաչման կետերում,
Հովանոցաձև քո թարթիչների շոյանք հիշեցնող հմա՜յքը օձի,
Կախարդանք հյուսող ուսերիդ շա՜րժը, ասես՝ զովաշո՜ւնչ զեփյուռը՝ ստվերում:

Ինձ հիացրե՜լ է վեհասքանչության՝ քեզ առատորե՜ն տրված բաժինը,
Անգամ կենցաղում՝ խնամվածության քո տաղանդավո՜ր ունակությունը,
Կանացի դյութի՜չ քո «մշտապես»-ի չբացահայտված գաղտնիքի գինը,
Շուրջը քո գույնով ու լույսով անմար հարստացնելու կարողությո՜ւնը:

Ինձ խելաքա՜մ է արել քո նազով անվե՜րջ ներշնչվող իմ գովերգումը,
Քեզնով հիացած ու գերված հոգուս վառման մոմի պես այրո՜ւմը լուսե,
Քեզ համբուրելիս արյան հոսանքի իմ երակներով անսա՜նձ հորդումը,
Եվ գիտակցումը, որ այս տողերն հե՜նց քեզ համար եմ հոգովս հյուսել:

Ինձ խելահա՜ն է արել, սիրելի՜ս, քո ուրվագիծը պարանոց-օձի,
Եվ շրթունքներիդ եզրագծումը՝ համբույրի պես մե՜ղմ զեփյուռի ստվերում,
Հովանոցաձև քո թարթիչների շոյանք հիշեցնող տե՜սքը խոլորձի,
Կախարդանք հյուսող մատներիդ շա՜րժը՝ իմ անհա՜գ մարմնի խաչման կետերում:

Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 18.01.2017. © All Rights Reserved.

Հարգելի ընթերցողներ, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

Dear Readers, this Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without mentioning the name of its Author and the reference (link) to this Page.

Սիրելի ընթերցողներ, զգացե՞լ եք, թե որքան է փառավորվում մեր հոգին, լցվում լույսով ու քնքշանքով ամեն անգամ, երբ մեր սիրելիներին ասում ենք. «Ես սիրում եմ քեզ…»: Նկատե՞լ եք, թե ինչպիսի ներշնչանքով ենք լցվում այդ պահին, կարծես` թևեր ենք առնում: Լսե՞լ եք, թե այդ պահին ինչպես է թրթռում մեր սիրտը` կարծես ուզելով դուրս թռչել մեր կրծքավանդակից: Նկատե՞լ եք, որ ամեն անգամ «Ես սիրում եմ քեզ» ասելիս մեր շունչն, ասես, չի հերիքում, արյունը հորդում է երակներում, և մենք այդ պահին նմանվում ենք ձյան շերտի տակ երկար սպասումից հետո արևի տաքացնող լույս գտած գարնանային ձնծաղկի, որը զվարթ բացում է իր թերթիկները: Նկատե՞լ եք, որ ամեն անգամ սիրելիին սիրո քաղցրանուշ խոսք ասելիս մեր դեմքերը փայլում են, այտերը` կարմրում: Այդ պահին շողշողացող աչքերով նայում ենք նրան, նայում` աշխարհին և ամբողջ աշխարհը տեսնում մեր սիրելիի մեջ: Ասեք միմյանց, որ սիրում եք, կյանքն այդժամ ավելի է լուսավորվում:

Այս երգը ես սիրում եմ, սիրում եմ այնպես, ինչպես Սինաթրան էր սիրում: Այս երգը ես երգում եմ, երգում եմ այնպես, ինչպես Սինաթրան էր երգում, ամբողջ սրտովս ու հոգովս: Այս երգով ես սիրում եմ կյանքը, գեղեցիկը, սիրում եմ կնոջը… Այս երգի հետ ես ապրում եմ և ապրում եմ այնպես, ինչպես կարող եմ սիրել… Ես սիրում եմ քեզ…

© Առլեն Շահվերդյան, 18.01.2017

Dear Readers, have you ever felt how much our souls are filled with love and light every time when we tell our loved ones the words “I love you …”?. Have you ever noticed that we are filled with inspiration while telling about our love? It seems like we have wings to fly. It seems that our heart is ready to get out of our chest. The blood flows quickly in our veins. Every time when we say “I love you” we become like a spring snowdrop that was waiting for bright sunrise under the snow cover for a long time. When we hear or when we say: “I love you” we become as a tender flower which is shining with boundless happiness while looking at sun. When we say those beautiful words of love to our loved ones their faces become so full of light. Looking at our loved ones we look at the whole world and the whole world is seen inside them. Tell each other that you love and at that moment the world will become brighter, more positive and more beautiful.

I love this song the way Sinatra loved. I sing this song the way He was singing: with all his heart and soul. With this song I love the life, the beauty, the woman. I live with this song and I live the way I can love… I love you…

I also presented in this post my new poem “It has driven me crazy”, about the boundless love and admiration to beloved woman.
© Arlen Shahverdyan, 18.01.2017

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Նատալյա Յաչմենևա. Առյուծների լուսանկարներ / Natalia Yachmeneva. Photos of Lions


© Natalia Yachmeneva. Photos of Lions in the “Artis”
Amsterdam Royal Zoo, 2010

Աֆրիկյան վեհասքանչ առյուծներ` Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգում: Լուսանկարների հեղինակ` Նատալյա Յաչմենևա: 2010 թ. մարտի 24:

Африканские величественные львы в Амстердамском королевском зоопарке “Артис”. Автор фотографий – Наталия Ячменева. 24 мартa 2010 года.

Majestic African lions in the “Artis” Amsterdam Royal Zoo. The author of photos is Natalia Yachmeneva. The photos are taken on the 24th, March, 2010.

***
Ես խորին շնորհակալություն եմ հայտնում Ամստերդամի բարձրագույն դպրոցի սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Նատալյա Սերգեյի Յաչմենևային` առյուծների լուսանկարները օգտագործելու իրավունքը սիրով տրամադրելու համար:

Я выражаю свою глубокую благодар­ность студентке факультета социологии Амстердамской высшей школы Наталии Сергеевне Ячменевой за любезное предоставление права на использование фо­тографий львов.

I express my deep gratitude to the student of the Faculty of Sociology, Amsterdam High School, Natalia Yachmeneva for kindly providing the right to use the photos of lions.

© Arlen Shahveryan, “Right to Live” book, 2011

_______________________________________________________________________
*
Հեղինակային իրավունքների պաշտպանություն
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է: 
Copyright protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

© Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ / Arlen Shahverdyan. Author’s blog
© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2013 / © All Rights Reserved, 2013

       
    Blog      Facebook    Twitter      YouTube       E-mail          Clip      Subscribe   You+Blog
*
Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Մարդ և առյուծ. Սիրո հրաշագործ ուժը / Man and Lion: The magic power of Love

Սա մի անհավանական պատմություն է ընկերության մասին, որը տեղի է ունեցել Անգլիայում, 1969 թվականին: Ավստրալացիներ Էնթընի Բրուքն ու Ջոն Ռենդալլը թերթում հայտարարություն գտան առյուծի փոքրիկ ու միայնակ ձագի մասին և որոշեցին պահել նրան: Տեղի հոգևոր սպասավորը թույլ տվեց կորյունին պահել եկեղեցու տարածքում, ինչի հետևանքով ձագուկին անվանեցին Քրիստիան (անգլ.` Christian): Կորյունի մեծանալու պատմությունը ինքնին շատ հետաքրքիր է ու հարուստ արկածներով, սակայն եկավ ժամանակը, երբ Քրիստիանը մեծացավ և պետք էր վերադարձնել նրան Բնության գիրկը: Էնթընիին ու Ջոնին ոչինչ չէր մնում, քան տեղափոխել կորյունին Աֆրիկա` նրա բնօրրանը: Թեև դժվար էր բաժանումը, սակայն նրանք այդպես էլ արեցին` սրտի տակ պահելով տխրության ու բաժանման ցավը:

Թվում էր, թե պատմությունն ավարտվեց: Սակայն դրա գագաթնակետը «ծնողների» ու «որդու» հանդիպումն էր, որն անչափ հուզիչ էր: Էնթընիին ու Ջոնին զգուշացրել էին, որ վայրի բնության գրկում, ազատության մեջ մեկ տարի ապրած առյուծն արդեն վայրիացել է և, հնարավոր է, որ ոչ միայն չհիշի իր «խորթ» ծնողներին, իր խնամողներին, այլև ավելին` վնասի նրանց: Քրիստիանը շատ արագ էր հարմարվել նոր պայմաններին, դարձել էր արդեն իր խմբի առաջատարը և իսկապես կար վտանգ, որ նա լրիվ խորթացել է Էնթընիից ու Ջոնից: Սակայն տեղի ունեցավ այն, ինչը չէր կարող կանխագուշակել ոչ մեկ. Քրիստիանը ոչ միայն հիշեց իր «ծնողներին», այլև աննկարագրելի ուրախություն ապրեց` հանդիպելով նրանց:

Առաջարկում եմ դիտել մի հուզիչ տեսանյութ, որը պատմում է այն մասին, թե ինչպես Էնթընին ու Ջոնը մեծացրեցին Քրիստիանին և թե ինչ ապրեցին երեքով` մեկ տարի անց, Աֆրիկայում հանդիպման ժամանակ:

Աղբյուրը` http://www.mirpozitiva.ru/pozitiv/flash/pozitiv41.html

Սիրելի բարեկամներ, ամեն անգամ այս տեսանյութը դիտելիս մարմինս փղաքաղվում է, հուզվում եմ: Մի տեսեք, թե առյուծը ինչպես է թռնում Էնթընիի կամ Ջոնի գիրկը` թե վանդակի մեջ և թե արդեն բնության գրկում հանդիպելիս: Մի տեսեք, թե ինչպես է նա սիրում նրանց: Հանդիպման պահն իր հուզականությամբ վառ կերպով ցույց է տալիս, թե երբեմն որքան ներդաշնակ ու ջերմ են լինում մարդու և բնության միջև հարաբերությունները: Երանի թե մարդ-մարդ և մարդ-բնություն հարաբերությունները կառուցված լինեն այսպիսի անսահման, ջերմ ու անկեղծ սիրո վրա: Միայն այդ դեպքում մենք կապրենք երջանիկ, խաղաղ ու ներդաշնակ կյանքով: Որքան դրական լիցքեր է փոխանցումա ռյուծի այս պատմությունն ու հուզիչ այս տեսանյութը, որքան մտորելու տեղիք է տալիս: Այո՛, մերօրյա հաճախ դաժան ու անտարբեր կյանքում նույնիսկ կենդանիներից օրինակ կարող ենք վերցնել, օրինակ նրա, թե սերն ու նվիրվածությունը որքան անսահման են ու գեղեցիկ, կենսատու ու ապրեցնող: Պահպանենք Բնությունը, պահպանենք ինքներս մեզ:
© Առլեն Շահվերդյան, 03.06.2012

Հավանեցի՞ր գրառումը, ուրեմն կարող ես «լայքել» իմ  Facebook-յան էջը և դառնալ բլոգիս նոր ընկերը:
Did you like the post? then you can “like” my Facebook page and become a new friend of my blog.

Հանդիպում Երևանի Մխիթարյան կրթահամալիրում

Սիրելի՛ բարեկամներ, «Ապրելու իրավունք» գիտահանրամատչելի գրքիս շնորհանդեսից հետո սկսվել է իմ` որպես գրողի և ընթերցողներիս միջև հանդիպումների մի ուրույն շարք:

Նախ ուզում եմ նշել, որ ցանկացած գրողի, ցանկացած անհատ ստեղծագործողի համար այդպիսի հանդիպումները հրաշալի առիթ և հնարավորություն են ոչ միայն հանրությանը ներկայանալու որպես հեղինակ և ներկայացնելու քո հերթական աշխատանքը, այլև կենդանի շփվելու, կիսվելու նրանց հետ քո ներաշխարհով, ավելի զարգանալու և կայանալու` որպես ստեղծագործող մարդ: Գրողի համար այսպիսի հանդիպումները արտահայտման և ներկայանալի լինելու լավագույն միջոցն են: Չէ՞ որ ընթերցողների հետ կենդանի շփումը անհամեմատ ավելի մեծ ազդեցություն է ունենում, ավելի հետաքրքիր է, հիշարժան, գեղեցիկ, գրողին տալիս է փորձառություն և սեփական միտքն ու ստեղծագործությունը ներկայացնելու առիթ, իսկ ընթերցողին` իր սիրելի հեղինակի հետ հանդիպման և նրա ստեղծագործական գործունեությանը մոտիկից հաղորդակցվելու հնարավորություն:

Սակայն այդպիսի հանդիպումների ժամանակ անձամբ իմ նպատակն է ոչ միայն ներկայացնելու գիրքս, այլև ընթերցողների հոգում հետաքրքրություն առաջացնելու բնության և կենդանական աշխարհի վերաբերյալ, սեր և հոգատարություն քարոզելու բնության նկատմամբ: Իմ համեստ կարողություններով ես ջանում եմ ամենուրեք ու ցանկացած մեծ կամ փոքր լսարանի փոխանցել բնության պահպանության կարևոր հորդորը: Ինչքան որ ուժ ու եռանդ ունեմ նույն ոգով շարունակելու եմ իմ այդ առաքելությունը, որպեսզի հնարավորինս շատ մարդ համակվի այդ զգացումով:

Իմ գրքերը բնության մասին են, ես սիրում եմ գրել բնության թեմաներով, դա իմ գրական ստեղծագործական գործունեության նախանշանակությունն է, ժանրը, գրական թեմատիկ ուղղությունս, այն բնագավառը, որտեղ ես ինձ լավ եմ զգում, որտեղ ստեղծագործում եմ անսահման սիրով ու նվիրումով, այն բնագավառը, որին Վախթանգ Անանյանից հետո մեր գրականության մեջ առ այսօր դեռ ոչ մեկ չէր անդրադարձել: Ես գրում եմ բնության մասին մեծ ոգեշնչումով և ամեն առիթի դեպքում ուժերիս ներածին չափով փորձում եմ նպաստել մեր հասարակության մեջ բնապահպանական ու բնաճանաչողական որակների ձևավորմանն ու զարգացմանը, բնապահպանական մշակույթի կայացմանը: Եթե յուրաքանչյուր այդպիսի հանդիպումից կամ իմ գրքերի ընթերցումից հետո մարդու մեջ դրական հետք է մնում և նա սկսում է ավելի հոգատար ու գիտակցված կերպով վերաբերվել բնությանը, ապա ջանքերս իզուր չեն: Դա հուսադրում է, ոգևորում, ուժ տալիս, որպեսզի ես, իմ գրքերի միջոցով և կենդանի շփումների ժամանակ, շարունակեմ նույն ներշնչանքով և ոգևորումով սեր քարոզել բնության նկատմամբ:

Եվ ահա, ես պատիվ ունեմ Ձեր ուշադրությանը ներկայացնելու ինձ համար մի այդպիսի հիշարժան հանդիպում, կիսվելու Ձեզ հետ իմ տպավորություններով և անկեղծ ուրախությամբ` հուսալով, որ դուք նույնպես սրտանց կուրախանաք այս իրողությունով:

2012 թվականի մայիսի 19-ին Երևանի Մխիթարյան կրթահամալիրի ղեկավարությունն ինձ սիրով հրավիրեց հանդիպելու կրթահամալիրի սաների հետ` ներկայացնելու համար «Ապրելու իրավունք» գիրքս: Ինձ համար պատիվ էր հանդես գալու կրթական ավանդույթներով ու բարի համբավով առանձնացող այդ կրթօջախում: Հրաշալի է, որ մեր իրականության մեջ կան այդպիսի հեղինակավոր, բարձր մակարդակով կրթական հաստատություններ: Երանի թե այդպիսիք շատ լինեն: 

Կրթահամալիրի գրադարանին գիրքը նվիրաբերելուց հետո, ես անցկացրեցի մի յուրօրինակ սեմինար-դասախոսություն վայրի բնաշխարհի, առյուծների, ընդհանրապես` բնապահպանական թեմաներով: Սաների հետ հանդիպման հենց սկզբում հանեցի փողկապս, որպեսզի մեր զրույցը լինի ավելի անկաշկանդ, մտերիմ ու ազատ մթնոլորտում:

«Ապրելու իրավունք» գրքի ներկայացումն ավելի դիտարժան ու հետաքրքիր դարձնելու համար այն ներկայացրեցի «Power Point» ձևաչափով` համեմելով բնության մասին հետաքրքիր տեղեկույթով: Ես մանրամասն խոսեցի գրքի մասին, ներկայացրեցի վայրի բնաշխարհը և առյուծներին: Դա մի յուրօրինակ ճանապարհորդություն էր դեպի վայրի բնություն, մասնավորապես` Աֆրիկա մայրցամաքի բնաշխարհը: Գրքի ներկայացման համատեքստում անդրադարձա նաև Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի շնորհակալ գործունեությանը: Մանրամասն խոսեցի նաև հայկական մշակույթում առյուծների տեղի ու դերի մասին: Ահա մի հատված.

Ասեմ, որ սլայդշոուն պարզապես գերել էր երեխաներին, և անչափ ոգևորվել էի այն հանգամանքով, որ նրանք դիտում ու լսում էին մեծ հետաքրքրությամբ, հափշտակությամբ և ուշադրությամբ: Հանդիպման ժամանակ ջանում էի երեխաների մեջ սերմանել համոզմունք, որ ոչ բոլոր մարդիկ են դաժանորեն ու անխնա կերպով վերաբերվում բնությանը, որ շատ մարդիկ բնասեր են, մաքուր ու անվնաս են պահում շրջակա միջավայրը:

Միայն հիանալ կարելի էր կրթահամալիրի սաների շնորհքով: Ինձ շատ դուր եկավ նրանց բազմակողմանի զարգացվածությունն ու բարեկրթությունը: Այդ պարկեշտ և ուշիմ երեխաները ոչ միայն ակտիվ մասնակցեցին հանդիպմանը և կլանված յուրացրեցին նյութը, այլև դրանից հետո շրջապատել էին ինձ` ուղղելով իրենց հետաքրքրող հարցերը: Հիրավի ոգևորիչ էր, որ հանդիպումը այդքան դուր էր եկել սաներին և նրանք շատ ոգևորված էին: Հանդիպման հաջողության և այսօրինակ հանդիպումների կարևորության մասին սիրով նշեց նաև կրթահամալիրի ղեկավարությունը:

Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Երևանի Մխիթարյան կրթահամալիրին` ի դեմս կրթահամալիրի տնօրեն հարգարժան Հայր Սերոբ Չամուռլյանի, ջերմ ընդունելության և սաների հետ հանդիպման նման հնարավորություն ընձեռելու համար: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ լավ բարեկամ և բարեշնորհ անձնավորություն Տիգրան Շահբազյանին` այս հանդիպման առիթը ստեղծելու, հանդիպումը կազմակերպելու, ինչպես նաև այն տեսանկարահանելու և լուսանկարելու համար:

Սիրելի՛ բարեկամներ, անկեղծորեն հույս ունեմ, որ այս հանդիպումը կրթահամալիրի սաների համար հիշարժան դարձավ և նպաստեց նրանց ներսում բնությունը վերարժեվորելուն ու վերագնահատելուն: Սա մի փոքրիկ ու համեստ քայլ էր, սակայն հուսով եմ` օգտակար, քանի որ այժմ այդ երեխաները կարող են վստահ ասել, որ բավական շատ բան գիտեն առյուծների ու վայրի բնաշխարհի մասին: Երջանիկ կլինեմ, եթե գոնե մեկ հայ երեխայի սրտում այս հանդիպումից հետո բնության նկատմամբ սիրո և հոգատարության զգացում առաջանա և ամրապնդվի:

Ես ուրախ էի հյուրընկալվել Երևանի Մխիթարյան կրթահամալիրում: Ի սրտե հաջողություններ ու նոր ձեռքբերումներ եմ մաղթում այս կրթօջախին` իր շնորհակալ գործում: Լուսավոր և մեծ ապագա եմ ցանկանում կրթահամալիրի բոլոր սաներին: Հանդիպման վերջում ես ասացի նրանց, որ նրանք մեր երկրի վաղվա օրինակելի քաղաքացիներն են և ինչքան շատ սիրեն ու հոգ տանեն բնության նկատմամբ, այնքան մեր կյանքը կընթանա բնության հետ ներդաշնակության և խաղաղության մեջ, այնքան ավելի կրթված և բնապահպանության ու բնաճանաչողության առումներով` ավելի գրագետ ու զարգացած կլինի մեր հասարակությունը:

© Առլեն Շահվերդյան, 20.05.2012
© Հոդվածում օգտագործված տեսագրությունները և լուսանկարները պաշտպանված են հեղինակային իրավունքով, 2012

© Arlen Shahverdyan, 20.05.2012
© Videos and Photos used in the article are Copyright protected

«Արշավականներ» հայրենագիտական ակումբ. ճանաչողական արշավից մինչև ոգեղենության հաղթարշավ

Սիրելի՛ բարեկամներ, իմ խորին համոզմամբ` յուրաքանչյուր մարդ ուժեղ ու համարձակ, լիարժեք երջանիկ ու իր ներաշխարհում` խաղաղ կյանքով ապրում է միայն սեփական Հայրենիքում, հայրենի հողի վրա: Օտարության մեջ, կյանքի ամենաբարեկեցիկ պայմանների առկայության պարագայում անգամ, սեփական հողի, սեփական բնօրրանի զգացողության բացակայության պատճառով վաղ թե ուշ մի օր իրեն զգացնել է տալիս օտար լինելու հանգամանքը, ինչը անպայմանորեն ստիպում է կարոտած ու տխրածոր աչքերով նայել հորիզոնին, հիշել Հայրենիքը, պատկերացնել այն, խոսել նրա մասին, հետաքրքրվել նրանով, հայացքով փորձել գտնել Հայրենիքը հիշեցնող որևէ մասունք կամ էլ որևէ հայրենակցի: Հենց այդ ժամանակ Հայրենիքն հիշեցնող նույնիսկ ամենաաննշան թվացող մանրուքները  սրտի խորքում ձեռք են բերում զգալի կամ մեծ կարևորություն: Հայրենիքից հեռու Հայրենիքի կարոտով ապրող մարդը կամաց-կամաց մեռնում է իր ներսում: Շատերին Հայրենիքը վերացական կատեգորիա է թվում, հայրենասիրությունը` դատարկաբանություն, շատերը իրենց ներսում կփորձեն հակառակեն, թե «Հայրենիք» կոչվող հողն ու ջուրը չէ, որ ապրեցնում են, երջանկացնում մարդուն, և պետք է ձգտել լավ ապրել, թեկուզ` օտարության մեջ: Սա թյուրընկալում է, ավելին` մոլորություն: Օտարության մեջ, օտար հասարակությանը ամենահաջող ինտեգրման պարագայում անգամ, միևնույն է, ոչինչ չի փոխարինում սեփականին, նրան, ինչ քոնն է` իր լավ ու վատ կողմերով: Բավական է, ասենք, որևէ օտարերկրյա զբոսաշրջությունից Երևան վերադառնալիս (լինի դա ինքնաթիռի վայրէջքի պահին թե մեկ ուրիշ դեպքում) զգաք, թե ինչ է կատարվում Ձեր հոգում: Մեկի մոտ դա դրսևորվում է արագացող շնչառությամբ, խիստ հուզական կերպով, ներքին կարոտախեղդ ալեկոծությամբ, իսկ մյուսի մոտ դա շա՜տ հանգիստ, խաղաղ և ենթագիտակցական մակարդակում` ինքնավստահության վերագտման մի վիճակ է, որն ընդամենը կոչվում է այսպես. «Եկա ՏՈՒՆ»:

Այո՛, Հայրենիքը դա տունն է: Դա ոչ թե միայն հողն ու ջուրն են, որքան էլ որ զուլալ ու սիրելի են դրանք, այլ ի վերուստ մեզ տրված ու ի վերուստ կանխորոշված մեր կեցավայրն է, պատմական բնօրրանի մեզ պատկանող այն անգին հատվածը, Երկիր մոլորակի մեր գողտրիկ անկյունը, այն անգնահատելի տարածությունը, որը ոչ այլ ինչ է, քան տուն, մեր տունը:

Հիմա այն մասին, թե ինչպես ենք վերաբերվում մենք այս տանը: Ցավոք սրտի, սակայն հաճախ մենք ոչ միայն անթույլատրելիորեն անտարբեր ենք մեր իսկ տան նկատմամբ, այլև ընդգծված կերպով օտարի պես ենք մեզ պահում: Սեփական տունը, իսկ լայն իմաստով` Հայրենիքը պետք է պահել անառիկ, ապահով, անվտանգ, մաքուր, որպեսզի այդ ընդհանուր տանը սիրով ապրել ու արարել ուզենան բոլորը: Մինչդեռ մենք, ցավոք, հաճախ ոչ միայն մաքուր չենք պահում այն, այլև ջանք անգամ չենք գործադրում Հայրենիքը լիարժեք կերպով ճանաչելու, այն ավելի շատ իմանալու, գնահատելու ուղղությամբ: Մեր Հայրենիքը չքնաղ մի օրրան է, որը լի է բազում հրաշագեղություններով ու անկրկնելի հարստություններով` ինչպես բնական, այնպես էլ պատմամշակութային: Եվ ահա, փոխանակ փորձենք ավելին իմանալ Հայրենիքի մասին, ավելի մոտիկից ճանաչել այն, ավելի մոտ լինել նրան, մենք, հակառակը, հաճախ արագ հավաքում ենք մեր իրերն ու լքում նույն այդ Հայրենիքը` ուրիշի Հայրենիքում մշտապես դեգերելով ու փորձելով գտնել մերը` ուրիշում: Սիրելինե՛րս, ուրիշի Հայրենիքը սիրելի ու գնահատելի է ուրիշի համար, դա իրենն է: Եկեք նախ մենք մերը ճանաչենք, իմանանք, գնահատենք: Երբեք չի կարելի թերագնահատել ուրիշինը, պետք է մշտապես ուսումնասիրել ու գնահատել, սակայն երբեք չի կարելի նաև թերագնահատել մերը, այն սիրելի տունը, որը բոլորս կառուցում ենք, ամեն մեկս` մեր չափով: Չէ՞ որ մերը նույնպես մշտապես ունի ուշադրության, սիրո և հոգածության, խնամքի ու հոգատարության կարիք: 

Սեփական Հայրենիքի ճանաչման ճանապարհին մեզանից յուրաքանչյուրն իր համար ամեն անգամ անում է որևէ նոր, անսպասելի բացահայտում: Հաճախ այդ բացահայտումները զգալի ազդեցություն են ունենում մեր աշխարհընալման, Հայրենիքի վերագնահատման ու վերարժեվորման գործընթացքում: Հաճախ էլ հաճելի բացահայտումների այդ համախումբը ստիպում է մեզ ոչ միայն նոր հայացք գցել մեր սեփական տան վրա, այլև ամուր ճանկերով կառչել մեր հողից, մեր Հայրենիքից` գիտակցելով, թե որքան գեղեցիկ, դյութիչ ու կախարդող է այն:

2011 թվականին ես առիթ ունեցա ինձ շատ հարազատ ու սիրելի մարդկանց ընկերակցությամբ լինելու մեր Հայրենիքի մի քանի տեսարժան վայրերում, որտեղ նախկինում կամ չէի եղել, կամ էլ վերջին անգամ այցելել էի շատ վաղուց: Մեկը մյուսից հետաքրքիր ուղևորություններ էին դրանք: Եղանք չքնաղ Խոր Վիրապում, Նորավանքում, որը ցնցեց իր նրբակերտությամբ ու գողտրիկությամբ, այցելեցինք Օշական,  Ձորափ, Տեղեր, Օրգով, Աղցք, Ամբերդ: Ոչ պակաս հետաքրքիր ու նորովի այցելություն ունեցանք նաև նույն Գառնի և Գեղարդ: Այդ հիշարժան ու ճանաչողական այցելությունները մեծապես փոխեցին անգամ իմ պատկերացումները սեփականի նկատմամբ: Ինձ ճանաչողները հաճախ են նշում, որ ունեմ ստեղծագործական անսահման երևակայություն: Սակայն ամենավառ ու անեզր երևակայությամբ օժտված լինելու դեպքում անգամ, միևնույն է, Մայր Բնության «երևակայությամբ» կերտված բնական «կոթողները» ամեն անգամ ստիպում են հիացական հայացքով գամվել տեղում, զմայլվել դրանցով, զգալ սեփական շնչառության արագացումը և հերթական անգամ վերաիմաստավորել այն, ինչ ունենք ու պիտի պահպանենք: Եթե այս ամենին հավելեմ նաև այն, թե ինչպիսի ձեռակերտ կոթողներով, պատմամշակութային հինավուրց հուշարձաններով ու կառույցներով է զարդարված մեր առանց այդ էլ զարդարուն Հայրենիքը, ապա պարզ է դառնում, որ մենք դեռ շատ բան ունենք բացահայտելու մեր ՏԱՆԸ, այն տանը, որը բոլորինս է, որը հաճախ այնքան սովորական է թվում մեզ, որ երբեմն, ցավոք, անտեսվում է մեր կողմից:

Այս համատեքստում Հայրենիքի ճանաչմանն ուղղված ցանկացած ձեռնարկ, քայլ, միջոցառում ողջունելի է, ցանկացած նմանատիպ նպատակ` օրինակելի ու արդարացված: Մերօրյա երիտասարդության մի զգալի մասը, ցավոք, հեռու է ոչ միայն սեփական Հայրենիքը, այն է` սեփական տունը ճանաչելու ցանկությունից, այլև խիստ ցածր է նրա ինքնաճանաչողության մակարդակը: Այդպիսի երիտասարդից, որը ոչ թե սեփական Հայրենիքի տեղը չգիտի քարտեզի վրա, այլ անգամ չի իմանում, թե ինչ ասել է քարտեզ, դժվար է սպասել վեհ գաղափարներին հետևելու ձգտում կամ էլ Հայրենիքը ճանաչելու ազնիվ մղում: Սակայն, բարեբախտաբար, այդպիսի երիտասարդները քիչ են, ավելի շատ են նրանք, ովքեր ոչ միայն ձգտում են բացահայտել, ճանաչել, իմանալ Հայրենիքը, այլև իսկապես սիրում են այն, ինչ ճանաչում են ու ամեն անգամ բացահայտում: Իմ այս հոդվածում նկատելի է մեծ ոգևությունս ու ներշնչանքս, քանի որ անչափ ուրախանում եմ հենց այդ հանգամաքով. հրաշալի է, որ մեզանում կա մեր հասարակության կորիզը կազմող ակտիվ, մտքով, ոգով և մարմնով առողջ երիտասարդություն: Իմ այս հոդվածը գնահատանքի անկեղծ արտահայտություն է այդպիսի երիտասարդության հասցեին: Հենց նրանց վրա է հիմնվում Հայրենիքը, նրանք են սեփական տունը ազնվորեն սիրող ու դրան անվերապահորեն նվիրված այն առաջամարտիկները, ովքեր հասարակության կատալիզատոր են, սեփական երկրի նկատմամբ վերաբերմունքի ձևավորման օրինակ, սեփական Հայրենիքը ճանաչելու և պահպանելու մշակույթի կրողներ ու զարգացնողներ:

Իսկ Հայրենիքը ճանաչում են տեսնելով այն, քայլելով այնտեղ, որտեղ չես եղել, զգալով Հայրենի բնության այն բույրը, որով նախկինում թոքերդ չէին լցվել, շոշափելով այն քարը, որը նախկինում չէիր տեսել, անցնելով այն արահետով, որը կարծես հենց քեզ համար էր որպես կածան գծել Անտառը, նստելով հենց այն ծառի ստվերում, որը կարծես քեզ համար էր պարզել իր ճյուղերը, հագեցնելով ծարավը հենց այն քաղցրահամ աղբյուրից, որը կարծես ժպտում է` տեսնելով քեզ:

Հայրենիքի ճանաչման հարցում ուշագրավ է մի ակումբի գործունեություն, որի մասին պատվի ունեմ անդրադառնալու իմ այս հատուկ հոդվածով: Խոսքը «Արշավականներ» հայրենագիտական ակումբի մասին է, որը մեծ մասսայականություն է վայելում երիտասարդության շրջանում` լինելով բնապահպանական, բնաճանաչողական ընդգրկում ունեցող մի ողջունելի և ուրույն շարժում, երիտասարդական ոգու ու եռանդի, անսպառ էնտուզիազմի և նպատակասլացության յուրօրինակ ու հաջող համադրություն:

«Արշավականներ» հայրենագիտական ակումբը հիմնադրվել է 2008 թվականի մայիսի 12-ին: Մինչ օրս կազմակերպվել է մոտ 120 արշավ, որոնց մասնակցել են 1000-ից ավելի երիտասարդներ: Հետաքրքիր ու հիշարժան այս արշավների շնորհիվ հայ երիտասարդը հնարավորություն է ստանում ճանաչելու իր Հայրենիքը, առնչվելու հայոց պատմությանն ու մշակույթին: Ինչպես նշեցի` այսօր կա դրա կարիքը, քանի որ հաճախ հայ երիտասարդները լավ չեն ճանաչում մեր երկիրը, ինչի հետևանքով էլ արմատավորվում է անտարբերությունը, խորանում է հետաքրքրության բացակայությունը: 

Հատկանշական է, որ ակումբի կողմից նախանշվող երթուղիները խիստ բազմազան են: Ավելին. ակումբի մասնակիցները 2008 թվականից ի վեր այցելել են Հայաստանի բոլոր մարզերը, 6 անգամ ուսումնասիրել են Արցախի գանձերը, հաղթահարել են մի քանի լեռնագագաթներ (Արագած, Խուստուփ, Արա, Հատիս): Ուրախ ու հոգեթով միջավայր ունեցող ակումբի անդամները ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, որոնց միավորում է սերը Հայրենիքի նկատմամբ, այն բացահայտելու և պարզապես գաղափարակից ընկերների հետ շփվելու ազնիվ ցանկությունը: Նույնքան ազնիվ ու բարյացկամ մթնոլորտը, որն իշխում է ակումբում, մասնակիցներին փոխանցում է դրական անսպառ լիցքեր, և նրանք ամեն անգամ մեծ ջերմեռանդությամբ ու նվիրումով են տրվում Հայրենիքը բացահայտելու հերթական հետաքրքիր արշավին: Դրանք, ի դեպ, օգտակար են ոչ միայն յուրաքանչյուր մասնակցի անհատական ինքնազարգացման առումով, այլև էականորեն նպաստում են հայ երիտասարդության մեջ հայրենասիրության, բնաճանաչողության ձևավորման ու զարգացման գործին:

Ակումբի նպատակը հստակ է. լիարժեք կերպով ուսումնասիրել հայկական ճարտարապետության և մշակույթի կոթողները, ծանոթանալ հաճախ մոռացության մատնված ազգային ավանդույթներին, ձևավորել և զարգացնել ուրույն արշավական մշակույթ և այս ամենին հաղորդակից դարձնել հայ երիտասարդներին:

Հատուկ ուզում եմ ուշադրություն հրավիրել արշավական մշակույթի ձևավորման կարևորության հարցի վրա: Այս բնագավառը մեզանում, թեև իր ունեցած որոշակի ավանդույթներին, միևնույն է, գտնվում է զարգացման ու կատարելագործման փուլում, և որքան շատ լինեն այսօրինակ ակումբներն ու ընկերակցությունները, այնքան ոլորտն ավելի արագ կբյուրեղացվի ու կզարգանա: Անշուշտ, այս իմաստով «Արշավականներ» հայրենագիտական ակումբն ունի ոլորտի զարգացման հարցում իր զգալի ներբերումն ու խիստ օգտավետ ավանդը: Ակումբի դռները բաց են բոլոր արշավասեր և հայրենասեր երիտասարդների առջև: Ավելին. համոզված եմ, որ Ձեզանից շատերն հիմա համակվեցին արշավի դուրս գալու, Հայրենիքը ավելի մոտիկից ճանաչելու տրամադրությամբ: Ի դեպ, առաջարկում եմ այցելել նաև «Արշավականներ» հայրենագիտական ակումբի Ֆեյսբուքյան էջը:  

Նշեմ, որ 2011 թվականից գործում է «Արշավականներ» հայրենագիտական ակումբի պաշտոնական կայքը` հավակնելով դառնալ այս բնագավառի լավագույն կայքերից մեկը: Այստեղ ամենշաբաթյա պարբերությամբ տեղադրվում են ակումբի արշավների և մյուս իրադարձությունների ֆոտո հաշվետվությունները: Բնական է, որ պարտադիր չէ մասնակցել արշավներին՝ կայքի ամենօրյա այցելուն լինելու համար: Կայքը կարող է դառնալ յուրաքանչյուր այցելուի յուրօրինակ գրադարանը, քանի որ այստեղ կարելի է գտնել բազմաթիվ հետաքրքրաշարժ նյութեր ու նորություններ արշավների, հայ ճարտարապետության, պատմության, մշակույթի և, առհասարակ, հայի ու հայկականի մասին, իսկ կայքի բովանդակային հարստացման աշխատանքներն անընդհատ շարունակվում են:

Ես պատիվ ունեմ նշելու, որ 2012 թվականի մայիսի 15-ին ակումբի պաշտոնակայքում հատուկ հոդված տեղադրվեց «Ապրելու իրավունք» գրքիս մասին: Ուրախ եմ, որ ակումբի կայքի հարուստ գրադարանը համալրվել է նաև իմ գրքի մասին այդ ուշագրավ անդրադարձով (Կարդա այդ հոդվածը):

«Արշավականներ» հայրենագիտական ակումբը, իր անցած ողջունելի ու օրինակելի ուղիով հանդերձ, դեռ շատ անելիքներ ունի ոլորտի զարգացման գործում: Չ՞է որ յուրաքանչյուր արշավն անմոռաց տպավորությունների և հայրենագիտական բացահայտումների համախումբ և ճանաչելիության խորացման օգտակար գործընթաց չէ միայն, այլև ամեն անգամ ամրագրում է ևս մեկ հաջող քայլ առաջ` դեպի այս ոլորտի զարգացումը: Եվ ուրեմն ողջունելի, խրախուսելի ու օրինակելի է «Արշավականներ» հայրենագիտական ակումբի և նմանատիպ այլ ընկերակցությունների, բնապահպանական շարժումների ու անհատ բնապահպանների գործունեությունը մեր երկրում: Այն, ինչը նպաստում է հայ երիտասարդի հոգեկերտվածքի ձևավորմանը, այն ինչն իր բարերար ազդեցությունն է ունենում երիտասարդական ոգու կերտմանն ու արտահայտմանը: Իսկ այդ ոգին, այդ էներգիան անսպառ են, ինչպես որ անսպառ են արշավի ելած մասնակիցների եռանդն ու ջիղը:

Սիրելի՛ բարեկամներ, ես երազում եմ այն օրվա մասին, երբ մի օր մեզանում տոնենք ոգեղենության հաղթանակը, այն հաղթանակը,  երբ գրագետ, բանիմաց, կիրթ ու նպատակասլաց, աշխատասեր ու ազնիվ, ինտելիգենտ ու ինտելեկտուալ, բնասեր ու բնապահպան երիտասարդի, մարդու ու քաղաքացու կերպարը լինի օրինակ: Երազում եմ այն օրվա մասին, երբ օրվա հերոսը լինի ոչ թե տգետ ու բիրտ, անտաշ ու հագահիգիենիկ, այլ բարեկիրթ ու բարեշնորհ մարդը, ոչ թե բանջարաբոստանային կուլտուրա կամ էլ պալար հիշեցնող աննպատակ երիտասարդը, այլ նպատակասլացն ու այս կյանքում իր խոսքն ասել ձգտողը: Երազում եմ այն օրվա մասին, երբ իշխեն ոչ թե զոռբայությունը, այլ ազնիվ համառությունն ու սեփական ճշմարտացիության և համոզմունքների մեջ վստահությունն ու այդ համոզմունքները հիմնավորելու և հաստատելու կարողությունը, մշակույթը: Իմ երազանքի օրն է այն օրը, երբ սերն ու հոգածությունը Բնության ու Հայրենիքի նկատմամբ տոնի պես իշխեն մեր հոգիներում, իսկ արշավներն ու բնաճանաչողությանը, Հայրենիքի պատմամշակութային գանձերի բացահայտմանն ուղղված ցանկացած ուրիշ ձեռնարկումները դառնան այդ տոնի ապահովման գրավականը, տոնական տրամադրության լավագույն մարմնավորումները: Երազում եմ, որ սերը Բնության ու Հայրենիքի նկատմամբ դառնա ոչ թե մոդայիկ զբաղմունք, այլ ԿԵՆՍԱՁԵՎ, մարդու էության ձևավորման կանխորոշիչ: Երազում եմ, որ մատաղ սերնդի համար օրինակ լինեն ոչ թե իրենց կյանքն աննպատակ սպառող մարդիկ, քրեական հեղինակությունները և կամ տգիտության ու միջակության մարմնավորումները, այլ իր գունազգացողությամբ աչք շոյող գեղանկարիչը, բեմահարթակին իր վիրտուոզ նվագով հիացնող ջութակահարը, ծառը ջրող այգեպանը, սերունդ կրթող ուսուցիչը, կռունկավարն ու բանվորը, գիտնականն ու սպորտսմենը, գրողն ու մտավորականը, ուսապարկը ուսին ճամփա ընկած ու հայրենի եզերքներն հափշտակությամբ ու ոգևորությամբ ուսումնասիրող արշավականը: Գալո՛ւ է այդ օրը, ազնվության, հայրենասիրության ու ոգեղենության, արդարության ու Բնության հետ ներդաշնակության այդ սպասված ու խաղաղ օրը: Սակայն այդ խաղաղությանն ու ներդաշնակությանը հասնելու համար նախ յուրաքանչյուրս պիտի ապրենք մեր ներքին ալեկոծ «հեղափոխությունը», անցնենք ինքնակրթման, ինքնազարգացման ու ինքնամաքրման մեր ուրույն և դժվարին «արշավը», ինչից հետո միայն անպայման մի օր կարձանագրենք ու կտոնենք ազգային զարթոնքի և ոգեղենության հաղթարշավը:
© Առլեն Շահվերդյան, 15-16.05.2012

Դրվագներ արշավից (աղբյուըր` http://www.arshavakanner.am/)`

%d bloggers like this: