Home » Posts tagged 'Հիշում եմ և պահանջում'
Tag Archives: Հիշում եմ և պահանջում
Հայկական գարնան հաղթանակները / Victories of the Armenian May
ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱԿԱՉՆԵՐ
Մութ գիշեր էր, ապրիլ ամսվա խաղա՜ղ գիշեր,
Արշալույսը դեռ թիկնած էր հորիզոնին,
Իսկ խավարում լսելի էր մե՜ղմ զեփյուռի անո՜ւշ երգը:
Մեր դիրքապահ տղաները, հողը զարդող կակաչի պես,
Սպասում էին արշալույսի արթնացումին,
Որ արևի տա՜ք շողերով ժպտա նրանց հպա՜րտ դեմքը:
Բայց, այս անգամ, հորիզոնից վտա՛նգ սողաց աղետաբեր,
Չա՛րն ու մա՛հը սողոսկեցին Հայրենիքի եզերքից նե՛րս,
Ու թվացյալ կանոնությամբ, սակայն՝ իրենց նո՛ւյն խուժանով,
Հոխորտացի՛ն, ինչպես սևսաթ ամպե՜րը մեծ,
Հոխորտացի՛ն, հոգում՝ վախի՜ ուրվականով:
Մո՛ւթ էր, անդո՜րր, որ ահազդո՛ւ ակնթարթում դարձավ թնդյո՛ւն,
Խաղա՜ղ օրոր, որ ստիպեցին դառնա պայթյո՛ւն:
Գաղտնագողի՛ բորենու պես,
Որ ջղաձի՛գ իր ծիծաղով մա՜հ է սուրում,
Թուրքը նորի՛ց մոտեցավ մեզ՝
Դարա՛ն մտած, ինչպես չա՛րքը իր հրճվանքի՜ կիզակետում,
Խավա՛ր գտած, ինչպես գո՛ղը, որ փախնում է՝ գողոնն ուսի՛ն:
Ու թողնելով մարդասպանի՛ հետագիծը՝ արահետում,
Մա՛հը նայեց մեր երեսին,
Նայեց նորի՛ց թուրքի դեմքով:
Նայե՛ց մի պահ ու զարմացա՜վ,
Որովհետև Հայրենիքը պաշտպանված էր մե՛ր տղերքով,
Որովհետև անգամ խավար այդ գիշերում թե՜ժ արև էր նրանց սրտում
Ու սահմանին հայրենական կանգնած էին առյո՛ւծ ոգով:
Իր ցասումով՝ կե՛ղծ ու շինծո՛ւ,
Իրեն հատուկ դաժանությա՛մբ՝
Կրա՛կ թափեց մերոնց ոտքին ոսոխը պի՛ղծ:
Կրա՛կ թափեց, ու մի վայրկյան նրան թվաց,
Թե հայրենյաց պաշտպանները ընդամենը կակաչնե՜ր են՝
Մատղա՜շ, անբի՜ծ,
Նո՜ւրբ ու ազնի՜վ:
Չհասկացա՛վ, սակայն, չարքը, որ կակաչը՝ հրակարմի՜ր տեսքով իր տա՜ք,
Ոգի՛ ունի պատերազմի:
Չհասկացա՛վ, որ մատղաշը ձգե՛լ գիտի իր ցողունը
Եվ բռունցքե՛լ գիտի ձեռքը՝ պի՛նդ բռնելով թո՛ւրը ռազմի:
Անասելի՜ խրոխտությամբ, իրենց ոգով հայրենասեր,
Մարտնչեցի՛ն զինվո՛ր ու սպա՛,
Կռի՛վ տվին, մինչև վերջի՛ն փամփուշտը տաք,
Կռի՛վ տվին, մինչև բացվող արևածա՜գ:
Եվ անձնուրա՜ց հերոսությամբ
Սրբագրեցին մահազդը սի՛ն, թշնամակա՛ն,
Մինչև անգամ՝ կյանքի՛ գնով կանգնեցնելով չարքի ճամփա՛ն:
Ու կռվեցի՛ն պաշտպանները Հայրենիքի,
Իսկ փրկության կոչնազանգով ոտքի՛ ելած ժողովո՜ւրդը
Միասնաբա՛ր ու մի՛ շնչով եկա՛վ կանգնե՛ց նրանց կողքի՛ն:
Մե՛կը՝ կռված տղաների խրո՜խտ գնդով,
Մյո՛ւսն՝ հագուստո՛վ ու սննդո՛վ,
Ամե՛ն շերտի ու ոլորտի, ժողովրդի ամե՛ն որդի,
Գիտնականի՛ց մինչև բանվո՛ր՝ ազգը դարձավ Երկրի զինվո՜ր:
Զինվո՛ր դարձավ ու միացավ իր քաջարի՛ որդիներին,
Հայի շնչո՜վ լցվեց դիրքը, հայի փայլո՜վ շողաց ձյո՜ւնը մեր լեռների՜:
Իր թիկունքում զգալով ո՛ւժը հայրենակցի,
Զինվո՛րն ու սպա՛ն սխրանքներո՜վ և փառունա՜կ արիությա՜մբ՝
Ազգափրկիչ վահա՛ն դարձան մի անկոտրո՛ւմ:
Ամեն կետում մի՛ հերոս էր, ամեն դիրքում՝ մի՛ զորական,
Նույնիսկ, եթե թվով զիջեր՝ որակո՛վ էր իր գերակա:
Իսկ թշնամին իր քանակով, բորենու պես ոհմակ կազմած,
Ծփո՜ւմ էր ու հանդգնորեն չարախնդում,
Ծփո՜ւմ էր, բա՛յց ամեն արած քայլի դիմաց
Մի՛ քանի քայլ հե՛տ շպրտվում:
Մեկին՝ հարված հրանոթո՛վ, մյուսի գլխին՝ փայտի կոթո՛վ.
Հայ քաջարի զինվո՛րն ու սպա՛ն, մինչև վերջի՛ն զարկը սրտի,
Կերտում էին նո՜ր, լուսավո՜ր մեր ապագան,
Կերտում էին բարի՜ գալո՜ւստն առավոտի:
Կեղտ-չարիքին ոչնչացնում կրակոցո՛վ,
Վտանգավոր մոլեռանդին այրում ի՛ր իսկ հրի բոցո՜վ:
Եվ ահա, նենգ հրոսակը տարակուսեց,
Երբ տանկերին նրա կանգուն մեր զինվորը ոչնչացրեց
Լուցկո՛ւ նման շղթայաբար հրի՛ տալով,
Ու զորքերին՝ բորենակերպ, հարյուրներո՜վ ճամփեց դժոխք:
Եվ հուսահատ դաժանության վերջին պահին
Հրոսակը հիշեց իր մեջ ննջող Նեռի՜ն այն անողոք,
Նրան, որին ժառանգել է անփառունակ նախնիներից:
Ու այդ Նեռին հանելով դուրս՝ թուրքը մորթեց մի քանի հայ անմեղ ծերի
Եվ այդպիսով ապացուցեց, որ ցեղասպան էությունը մինչև օրս նա չի բուժել:
Ո՜ւշ էր, սակայն, և պարտության լո՛ւրն էր գուժել
Թուրքի՝ արդեն շիվար, շարքը,
Հայ զինվորի պատժիչ ձե՛ռքը սաստե՛լ էր իր խուժան վարքը:
Մի քանի օ՜ր տևած ահե՜ղ գոյամարտում,
Մի քանի դա՜ր մեջը պարպած կուտակումով,
Հայրենիքի պաշտպանները դաժա՛ն մարտում
Փառքո՜վ դրին թո՛ւրը պատյա՛ն:
Եվ վաղորդյան շողերի հետ հաղթանա՜կը բացեց հայի
Հերոսությա՛ն մի նո՜ր մատյան:
Վա՛յը եկավ թուրքի հալին,
Որ, չորացա՛ծ իր փշերով տատասկների,
Փորձում էր խոր վերքեր թողնել հայի հոգում,
Փորձում էր, բայց չհաջողե՛ց ու երբեք էլ չի՛ հաջողի,
Քանի վստա՛հ ու մշտարթո՛ւն
Հայրենիքի պաշտպաննե՛րն են մե՛ր սահմանին:
Վա՛յը եկավ թուրքի հալին,
Նրանց դիրքից լրբալա՜ց էր նորից լսվում,
Սադրած կռվի հետևանքով լացի ձա՛յնն էր անգամ խզվո՛ւմ:
Եվ չարամի՛տ, հոխորտագի՛ն զառանցանքից
Չէ՛ր մնացել անգամ նշո՜ւյլ,
Ու եղել էր նրա շինծո՛ւ զորությունը փշո՜ւր-փշո՜ւր:
Միչդեռ հայը՝ նորից հպա՜րտ ու փառավո՜ր,
Նախնիների դիմաց կանգնած պա՛րզ երեսով,
Կերտեց մի նո՛ր ու հաղթակա՛ն, վսե՜մ պատում,
Աստծո սիրո՜վ շողաց լո՜ւյսը իր հավատում,
Սիրտը լցվեց նորից հույսո՜վ խաղաղությա՜ն…
Ու քանի դեռ նրա մեջքին ա՛զգն է՝ ամբողջ իր վեհությա՜մբ,
Հայրենիքի պաշտպանների խրո՛խտ դեմքին
Հավատա՜մքն է խաղա՜ղ երկնի,
Բայց և՝ կրա՛կ կմոլեգնի, թե հարկ լինի պաշտպանելու մեր պատի՛վը:
Դրա փայլո՛ւն ապացույցը՝ մեր նահատակ հերոսների թվի դիմաց
Նենգ ոսոխի բյուր զոհերի ամո՛թ թիվը:
Եվ վերջացա՜վ պատերազմը,
Ու ապրիլյան արեգակը գրկեց հո՜ղը,
Ծիծեռները՝ թրատելով երկի՜նքը լուրթ,
Անհոգ ու պարզ թռչում էին այնքա՜ն մոտիկ,
Դաշտը նորից լցվեց խոտի անո՜ւշ բույրով,
Ու տերևին նորից գրկեց գարնա՜ն ցողը առավոտի:
Եվ խաղաղվե՜ց պատերազմի Աստվածն ահե՜ղ՝
Հագենալով մարտադաշտի պաղ արյունից,
Ու նոր օրվա շողերի հետ հայացք նետեց երկու կողմին.
Թուրք ոսոխը նահանջել էր իր դիրքերը գաղտնագողի,
Ու պարտությա՛ն դառնահա՛մն էր նրա քիմքին,
Մինչդեռ հայոց հպա՛րտ հողին
Բացվել էին նորից կարմի՜ր կակաչները հաղթանակի՜:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 05-06.05.2018
Նվիրվում է 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր մասնակիցներին և Հայրենիքի բոլոր պաշտպաններին՝ ի մեծարումն հայի առյուծային ոգու և քաջության:
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ
Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, պատերազմի սիրելի՛ վետերաններ, սիրելի՛ ազատամարտիկներ, Հայաստանի և Արցախի զինված ուժերի սիրելի՛ սպաներ և զինվորներ, սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի (մայիսի 9, 1945), Շուշիի ազատագրման (մայիսի 8, 1992), Երկրապահի օրվա (մայիսի 8, 1997) և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորման (մայիսի 9, 1992) տարեդարձների առթիվ:
Ապրիլյան պատերազմի (ապրիլի 2-5, 2016) սիրելի՛ մասնակիցներ, Դուք Ձեր անձնազոհությամբ և արիությամբ վերահաստատեցիք մեր ժողովրդի ապրելու իրավունքը՝ դառնալով ժողովրդական ոգևորիչ համախմբման հզոր ու շարժիչ ուժ: Ապրիլյան Ձեր գոյամարտով, Ձեր անմնացորդ նվիրումով Դուք կրկին անգամ հաղթական ու տոնական դարձրիք հայկական գարունը:
2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին մենք և աշխարհի առաջադեմ մարդկությունը արձանագրեցինք Հայաստանում ժողովրդական միասնության և ժողովրդավարական արժեքների ողջախոհ իմաստավորման նոր ու պատմական էջ, ինչը վերստին փաստում է, որ հայկական գարունը հայերիս համար եղել և մնում է համախմբվածության և ոգեղենության ժամանակաշրջան:
Հայկական գարնանը միշտ էլ հաղթանակներ են գրանցվել, անգամ ապրիլի 24-ին, հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, մենք ամեն անգամ կարծես իմաստավորում ենք նաև մեր յուրատիպ հաղթանակը չարիքի ու մահվան հանդեպ և վեր հանում ու արժեքավորում վերածնվելով, ապրելով ու արարելով հաղթելու գաղափարը:
Հայկական գարունների ընթացքում մենք կարողանում ենք ոչ միայն հաղթանակներ տանել, այլև խաղաղություն պարտադրել թշնամուն: Հենց մայիս ամսին, իսկ ավելի կոնկրետ՝ 1994 թ. մայիսի 12-ին, չկարողանալով դիմադրել հայկական ուժերի վճռական գործողություններին և վախենալով ավելի ծանր կորուստներ ունենալուց՝ հակառակորդը զինադադար խնդրեց, Ադրբեջանի սանձազերծած լայնածաված պատերազմը վերջացավ նրա ամոթալի պարտությամբ:
Եվ ահա, Հաղթանակի հավաքական օրը՝ մայիսի 9-ին, պատիվ ունեմ հրապարակելու «Ապրիլյան քառօրյա պատերազմ» վերնագրով ընդարձակ բանաստեղծությունս, որը նվիրում եմ մեր փառապանծ ռազմական հաղթանակները կերտած, մեր Հայրենիքի անվտանգությունն ու խաղաղությունն ապահովող հայրենանվեր ու բարեվարք սպաներին և խիզախ ու անպարտ զինվորներին:
Ի թիվս իմ բազմաթիվ ռազմահայրենասիրական բանաստեղծությունների՝ կցանկանայի նշել նաև Ապրիլյան քառօրյայի հերոս մասնակիցներին և մեր հայրենիքին նվիրված մի քանի բանաստեղծություններ ևս, այդ թվում՝ «Հայկական դիրքից», «Հայի ուժը զինվորն է իր», «Մեր անունն է Հայկական բանակ», «Հանուն ազգային, սուրբ նպատակի», «Զինվորի սերը», «Սիրահարված զինվորը. սոնետ», «Իմ հայ ժողովուրդ», «Հայի միտքը արդար է», «Հանուն Հայրենիքի», «Ձոն՝ Հայրենիքին», «Իմ հողն ուրիշ է», «Ուզում եմ արու զավակ ունենալ»:
Սիրելի Ընթերցողներ, կրկին անգամ սրտանց շնորհավորում եմ հայկական հաղթական գարնան տոների առթիվ: Փա՛ռք հայկական երկու ազատ ու անկախ պետություններին՝ Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, կեցցե՛ հայ ժողովրդը: Աստված պահապան մեր Հայրենիքին:
Այս փառապանծ օրը ուզում եմ գրել նաև ինձ համար շատ նվիրական մի թեմայից: Բանն այն է, որ ես ու մեր ընտանիքը Արցախի ազատամարտը զգացել է անմիջականորեն, քանի որ Հայրս 1994 թվականին մասնակցել է ինքնապաշտպանական մարտերին: Հիշում եմ, թե ինչքան ծանր, դժվար, ապրումներով և հուզումներով լի ժամանակահատված էր դա մեր ընտանիքի համար: Ամեն օր մեր սրտերը թրթռում էին ռազմի դաշտից ստացված լուրերից, երբեմն` նաև ծանր գույժերից: Սակայն մեր հայրերը, եղբայրներն ու զավակները շարունակում էին մարտնչել առյուծային ոգով, քանի որ մեր կռիվն արդար էր, մեր բնօրրանը, Հայրենիքն էինք պաշտպանում ու ազատագրում: 94-ին կնքվեց զինադադարը, և Հայրս հետ եկավ: Նրա կամավոր մեկնումը ռազմի դաշտ և, մյուս հայորդիների հետ միասին, անձնուրաց կերպով մասնակցությունը կռիվներին ինձ համար, որպես ձևավորվող պատանու, դարձավ հպարտության և քաջության օրինակ հետագա ամբողջ կյանքի համար: Անցան տարիներ, հիմա ես, Հորս նման, ցանկացած պահին պատրաստ եմ կռվելու մեր երկրի ամեն մի թիզ հողի համար, որ ապրենք հպարտ ու արժանավայել, որ մեր մայրերը, կանայք ու աղջիկներն իրենց զգան պաշտպանված ու հոգատար ձեռքերում, որ մեր Հայրենիքը անառիկ լինի ու օր-օրի հզորանա: Ես այդ նույն ոգով էլ իմ որդուն եմ դաստիարակելու:
Ինչպես Հայրս ինձ համար օրինակ դարձավ, այնպես էլ Արցախի ազատամարտում կռվող տղերքի համար օրինակ էին ֆիդայինները, Երկրորդ աշխարհամարտի տարիներին անձնուրած մարտնչած հայորդի հերոսները, զինվորներն ու սպաները, բոլոր նրանք, ովքեր կռեցին պատմությունը սեփական ձեռքերով, կերտեցին այն ապագան, որում ապրում ենք մենք այսօր:
Մայիս ամիսը, հիրավի, շատ նվիրական հայ ժողովրդի համար, հաղթական ամիս է. նշում ենք մի քանի տոն, նշում ենք մեր հերոսական ոգու արտահայտությունը Երկրորդ աշխարհարամարտում, Արցախում: Այնտեղ կռվողները հավատով էին կռվում: Հավատում էին, որ ազատագրվելու է մեր Հայրենիքը, որ ապրելու ենք խաղաղ ու անվտանգ երկրում: Նրանք մարտի էին գնում այդ հավատն ու հույսը, այդ ներքին համոզմունքը իրենց սրտի տակ պահած:
Ամեն մայիսի 9-ին հոգիս մի տեսակ փառավորվում է: 1941-1945 թթ. Մեծ Հայրենական պատերազմում խորհրդային ամբողջ ժողովրդի ձեռք բերած փառահեղ հաղթանակը, որը մեզ բոլորիս լցնում է հերոս վետերանների սերնդի նկատմամբ հպարտությամբ և խորին երախտապարտությամբ, մեր սերնդի վրա, մեզանից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնակի պատասխանատվություն մեր իսկ, մեր երեխաների ու թոռների, հայրենիքի ճակատագրի համար: ժամանակին մի ամբողջ մեծ Հայրենիքի ճակատագիրը մեր քաջարի պապերի ու հայրերի ձեռքերում էր, նրանք այդ փորձությունը հաղթահարեցին պատվով` ազատագրելով աշխարհը չարիքից: Նրանք իրենց կյանքը զոհեցին հանուն խաղաղության: Մեզ՝ հայերիս համար, Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակն ունեցավ կենսական նշանակություն, իսկ մեր հարյուր հազարավոր հայ քաջորդիները իրենց անունները ոսկե տառերով գրեցին պատերազմի տարեգրության մեջ:
Այսօր պատվախնդիր հետևողականությամբ ստանձնենք պատասխանատվությունը մեր երկրի ապագայի համար և կառուցենք ու հզորացնենք մեր Հայրենիքը` պատերազմի արհավիրքներն ու վտանգները կանխարգելելու և նոր սպառնալիքներին ավելի ուժեղ կերպով հակազդելու, արժանի հակահարված տալու համար: Ամբողջ առաջադեմ մարդկության հետ նշենք ֆաշիզմի նկատմամբ տարած ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ տարեդարձը, անհանդուրժող լինենք ագրեսիային, ահաբեկչությանը:
«Կռիվ ենք գնում ախպերս ու ես…»,-ահա այս խոսքերն են գալիս մտքիս՝ լսելով տեսանյութում հնչող երգի խոսքերը… Նայում եմ տեսանյութում մեր տղերքին, էն տղերքին, որոնք իրենց կյանքն էին վտանգել հանուն վեհ գաղափարների, հանուն արդարացի լուծման, հանուն Հայրենիքի ու պատվի: Այս տղերքը վետերան պապերի արժանի հետնորդներն են և մշտարթուն օրինակ՝ հետագա բոլոր սերունդների համար: Ես երազում եմ, որ այս ոգեշնչումով ապրենք միշտ, և մեր կյանքում միշտ գրանցենք ոգեղենության հաղթանակներ` վեր կանգնելով նեղ անձնական շահերից ու ազնիվ կերպով, մաքուր խղճով կարողանանք նայել մեր զավակների, մեր մատաղ սերնդի աչքերին:
Հայ ազատամարտիկ տղե՛րք, թող այս երգերում լսվող Ձեր խրոխտ ձայնը միշտ զիլ հնչի մեր ականջներում ու հուշերում, թող Ձեր քաջարի ոգին ու անմար սխրագործություններն հաջողության օրինակ լինեն և հանդիսանան ժողովրդի ու պետության հավերժ կենսունակության գրավական:
Մենք վեհանում ենք Ձեզանով, Ձեր օրինակով և պիտի այնպես ապրենք մեր կյանքը, որ մեզանով էլ վեհանան մեր հաջորդ սերունդները:
Փա՛ռք յուրաքանչյուր հայորդու` զորահրամանատարից մինչև կռվի շարքային մասնակից, Փա՛ռք հայ քաջ վետերաններին, փա՛ռք Արցախյան ազատամարտի նահատակված ու կենդանի բոլոր մասնակիցներին, փա՛ռք Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին, փա՛ռք ու հավերժ հիշատակ յուրաքանչյուրին, ով իր կյանքը զոհեց այն լուսավոր ու հաղթանակած օրվա համար, որն ինքը կյանքում այդպես էլ չհասցրեց ապրել ու տեսնել, սակայն վաղուց տեսել էր իր երազանքներում: Փա՛ռք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց ստեղծարար կյանքով և հայրենանվեր գործունեությամբ շենացնում են, զորացնում են ու շարունակելու են զորացնել և զարգացնել մեր Հայրենիքը:
Հարգանքով՝
Առլեն Շահվերդյան
Գրող, ՀՀ Զինված ուժերի մայոր
Dear friends, please accept my cordial congratulations on Anniversary of the Victory in the Great Patriotic War. The Day of Victory for the Armenians has double meaning as we celebrate on this day also the Liberation of Shushi (May 8-9, 1992) from Azeri cruel attacks on Nagorno-Karabakh and Armenia. This was one of the first significant military victories by the Armenian Forces during the Nagorno-Karabakh Liberation War. My Father has taken part in this war together with many Armenians protecting our dear Homeland from Azeri barbarism, terrorism and killings of hundreds of innocent and peaceful Armenian population. My new and large Armenian poem (above), entitled “The Poppies of Victory”, is dedicated to all participants of the The Four-Day War (April War), 2016 and to all defenders of Homeland, in tribute to the Lionesque Armenian Spirit and Courage.
Arlen Shahverdyan
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Հայկական ապրիլ / Armenian April
Հայկական ապրիլ
Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին
Ինձ զոհ չկոչե՛ք, ես ապրե՛լ գիտեմ,
Արարե՛լ գիտեմ կյա՜նքը վերստին,
Գիտեմ մաքառե՛լ և հաղթե՛լ, անգամ,
Անկարելիի՛ն ու անհույս «ո՛չ»-ին:
Գիտեմ և՛ զրկանք և՛ ցավեր կրել,
Արյունոտ վերքով երազել հեռո՜ւն,
Փայփայել հո՜ւյսը վաղվա լուսավոր
Եվ ծլարձակե՜լ նո՜ւյնիսկ ոչնչի՛ց:
Ինձ վիշտ չկոչե՛ք, ես ցնծա՜լ գիտեմ,
Գիտեմ խնդության բերկրա՜նքը կռել,
Ամենադժվար արգե՛լքը, անգամ,
Անցնում եմ ոգո՛վ իմ հաղթահարո՛ղ:
Կարող եմ ցավոտ տառապանքների
Անվե՜րջ թվացող ուղեծի՛ր ծռե՛լ
Եվ կրկի՛ն անգամ, գլուխս բա՛րձր,
Արժանապատի՛վ ապրել եմ կարող:
Ինձ վերջ չկոչե՛ք, ես սկի՛զբ եմ դրել,
Որի արմատը տարեց է դարի՜ց,
Փորձել են ջնջել, որ ես չլինեմ,
Բայց չե՛ն հաշվարկել կառչո՛ւմս հողի՜ն:
Փորձել են կտրել ցողո՛ւնն իմ կանաչ՝
Չհասկանալով, որ հզո՜ր ծառի
Արմատը նորի՛ց երկի՜նք կձգի
Արևով օրհնված իր նո՛ր ցողունի՜ն:
Ինձ ապրի՛լ կոչեք, հայկակա՛ն ապրի՜լ,
Կյանքի՛ ու գարնա՛ն ոգեղե՜ն ապրում,
Օսմանցու խլած հողիս Հայրենի
Անկոտրում շի՛վն եմ, քա՛րն եմ հենարար:
Ես հա՛յ եմ այսօ՛ր, երե՛կ և վա՛ղը
Իմ հաղթանակող ոգո՛վ անկոտրում,
Թափած արյո՛ւնս և մա՛հս անգամ
Հավե՛րժ ապրելու աղո՛թք է անմար:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 24.04.2018
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
To my foreign Readers – Dear all, I have the honor to introduce to you my new poem “Armenian April” (written on 24.04.2018). The poem is dedicated to the victims of the Armenian Genocide. As always I tried to translate the poem for all my foreign readers. The following is a literal (word for word) translation of the poem, trying to make the meaning of the poem more understandable and available for all.
Armenian April
Don’t call me victim, I know to live
I know to create the life again,
I know to fight and win even
The impossible as well as the hopeless “No”.
I know to suffer deprivation and pain,
And to dream the future, having a bloody wound
I know to hug the light of future
And germinate even from nothing.
Don’t call me sorrow, cause I know to rejoice,
I know to make the delight of joy,
Even the most difficult barrier
I pass with my victorious spirit.
I can even change the way of
Seemingly endless sufferings
And again, with my head high,
I can live dignified.
Don’t call me end, I have put a start,
And its root is older than a century,
They have tried to annihilate me
But they have not reckoned my clinging to the soil.
They have tried to cut my green stem
Not understanding that the root of the powerful tree
Will raise to the sky a new stem, blessed with sun.
Call me April, Armenian April!
Living of life and spring
Cause I am the stem
And the foundamental stone from my Homeland,
Which the Osmanians have grabbed from me.
I am Armenian today, yesterday and tomorrow
With my victorious spirit
And even my spilled blood and death
Are a prayer for eternal life.
© Author – Arlen Shahverdyan, The poem is translated into English by the author.
The poem is copyright protected. © All Rights Reserved, 2018.
This Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without the reference (link) to its Author and to this Page.
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway