Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'հաղթանակ'

Tag Archives: հաղթանակ

Իմ սիրտը լեռներում է / My Heart’s in the Highlands

«Իմ սիրտը լեռներում է»: Վիլյամ Սարոյանի հանրահայտ պիեսի այս գեղեցիկ վերնագրով էլ որոշեցի սկսել իմ հոդվածը, քանի որ այն հրաշալիորեն խորհրդանշում է նյութը, ինչի մասին ուզում եմ գրել այժմ:

Իմ մշտական ընթերցողները գիտեն, որ «Ապրելու իրավունք» գիտահանրամատչելի գրքիս շնորհանդեսից հետո սկսվել է իմ` որպես գրողի և ընթերցողներիս միջև հանդիպումների մի ուրույն շարք: Եվ ահա ևս մեկ հիշարժան հանդիպում կայացավ հունիսի 19-ին, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայում:

Սիրելի՛ բարեկամներ, ես առիթ ու պատիվ եմ ունեցել «Ապրելու իրավունք» գիրքս ներկայացնելու գիտական տարբեր լսարանների առջև, ինչպես նաև բազմաթիվ առանձին գիտնականների, գիտնական տեսաբանների, բնության վերաբերյալ տեսական արժեքավոր գիտելիքներով զինված հետազոտողների: Բոլորովին վերջերս ես պատիվ ունեցա գիրքս ներկայացնելու Երևանի Մխիթարյան կրթահամալիրում, ինչի մասին կարող եք կարդալ իմ մանրամասն անդրադարձը:

Սակայն գրքիս ներկայացումը դրանով չի սահմանափակվում, քանի որ հիմնական հասցեատերերի շարքում են, իհարկե, նաև նրանք, ովքեր իրենց գործունեությամբ ոչ թե տեսական, այլև ուղղակի առնչություն ու կապ ունեն բնության հետ: Այդպիսի մարդկանց թվին են պատկանում, առաջին հերթին, բնապահպանները: Հենց նրանց կողմից կազմակերված կոնֆերանսի ժամանակ էր, որ կայացավ գրքիս շնորհանդեսը:

Սակայն բնապահպաններից բացի կան բազմաթիվ այլ բնագավառներ, որտեղ մարդիկ իրենց գործի կամ սիրելի զբաղմունքի բերումով կապված են բնության հետ, շփվում են նրա հետ: Այդպիսի մարդիկ են, օրինակ, ալպինիստները, լեռնային տուրիզմով, արշավներով զբաղվող մարդիկ, որոնց համար վայրի բնաշխարհը ոչ միայն գեղատեսիլ վայրեր են, այլև ամենօրյա հետաքրքիր ու տքնաջան աշխատանք և բազում դժվարությունների հետևողական հաղթահարում: Ալպինիզմը դրանով զբաղվողների համար ոչ թե սոսկ նախասիրություն է կամ սիրելի զբաղմունք, այլև հոգու գործ, տարերք, նոր մարտահրավերների գնահատում, նոր բարձունքների նվաճում և այդ ճանապարհին կամային որակների թրծում ու փոխանցում մյուսներին: Բնության հետ այս անխախտ կապը ներշնչանքի մեծ աղբյուր է: Բնության նկատմամբ սիրո առկայությունը լավագույն գրավականն է այս մարդկանց հետաքրքիր ու ադրենալինով հարուստ գործում: Ամեն անգամ նոր հայտագործություններ, ամեն անգամ բնության հրաշքների բացահայտում, բնության դժվարամատչելի անկյունների հաղթահարում, սեփական կենսագրության մեջ հերթական հաղթանակի գրանցում: Հիրավի, նրանց սիրտը լեռներում է: Այս խիզախ, ազատ մտքով ու հոգով մարդիկ շատ լավ գիտեն, թե ինչ ասել է դնել քո առջև բարձր նշաձող, դժվար խնդիր և այդ խնդիրն հաղթահարել պատվախնդրորեն, ջանք չխնայելով, հավատալով հաջողությանը և սեփական ուժերին:

Դժվար, հագեցած ու հետաքրքիր է ալպինիստի գործունեությունը, որը, ըստ էության, նույնքան դժվար, հագեցած ու հետաքրքիր «գործ» է բնության հետ: Չէ՞ որ հաղթահարելով դժվարությունը ալպինիստն ամեն անգամ առերեսվում է ոչ միայն բնության հրաշագեղությանը, այլև նրա զորեղությանը, ուժին, վիթխարիությանը:

Ահա այսպիսի մարդկանց միջավայրում խոսել բնության մասին նշանակում էր զրուցել համախոհների հետ, մարդկանց, ովքեր իրենց էությամբ բնասեր են և գործի բերումով` բնագետ: Իմ խորին համոզմամբ` մարդը չի կարող զբաղվել ալպինիզմով` չսիրելով բնությունը, չհարգելով ու չգնահատելով այն:

Ինձ համար պատիվ էր հանդես գալ ֆեդերացիայում` գտնելով այնտեղ փոխադարձ ջերմություն, հարգալից ու բարեկամական վերաբերմունք: Ես ներկայացրեցի գիրքը «Power point» ձևաչափով պատրաստված գեղեցիկ սլայդշոույի միջոցով:

Ինձ անչափ ոգևորեց ներկաների մեծ հետաքրքրությունը մատուցվող թեմայի վերաբերյալ: Նրանք համակ ուշադրությամբ լսում էին և ակտիվորեն մասնակցում զրույցին: Ըստ էության` ինտերակտիվ այդ հանդիպումը ընթացավ հետաքրքիր ու հաճելի մթնոլորտում: Դրա գրավականներից մեկը ֆեդերացիայի անդամների բնության նկատմամբ գիտակցված ու գրագետ վերաբերմունքն է, ներկայացվող նյութի նշանակության վերաբերյալ պատճաշ մոտեցումը, ինչպես նաև բարեկիրթ ու անկեղծ շփումը: Ինձ անչափ ուրախացրեց նաև իմ ելույթին հաջորդած հարց ու պատասխանը, որը մի հետաքրքիր ու համակարծիք զրույց էր` հեղինակի և լսարանի միջև:

Այսպիսի հանդիպումների ժամանակ իմ նպատակն է ոչ միայն ներկայացնելու գիրքս, այլև ընթերցողների հոգում հետաքրքրություն առաջացնելու բնության և կենդանական աշխարհի վերաբերյալ, սեր և հոգատարություն քարոզելու բնության նկատմամբ: Իմ գրքերով, հոդվածներով, ելույթներով ես մշտապես ջանում եմ ամենուրեք ու ցանկացած մեծ կամ փոքր լսարանի փոխանցել բնության պահպանության կարևոր հորդորը: Ինչքան որ ուժ ու եռանդ ունեմ նույն ոգով շարունակելու եմ իմ այդ առաքելությունը, որպեսզի հնարավորինս շատ մարդ համակվի այդ զգացումով: Ելույթիցս մի հատված, որը այս խոսքերիս շարունակությունն է.

Դե իսկ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայում այս հանդիպումը ավելի շատ վերածվեց բնության նկատմամբ նույնպիսի սիրով ու գորովանքով լցված համախոհ մարդկանց մի հրաշալի ու բարի շփման: Շփում, որի ժամանակ առանցքային թեման բնությունն էր և բնությունն ավելի մոտիկից ճանաչելու ու այն պահպանելու անկեղծ մտահոգությունը:

Ես նվիրաբերեցի «Ապրելու իրավունք» գրքի օրինակներ ֆեդերացիային: Հանդիպման վերջում ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը ֆեդերացիայի կողմից ինձ նվիրեց խորհրդանշական հուշանվերներ:

Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիային և հանդիպման բոլոր ներկաներին` ջերմ ընդունելության և բարեկամության համար: Խորին շնորհակալություն փոխնախագահ Սուրեն Դանիելյանին: Հատուկ շնորհակալություն ֆեդերացիայի անդամ, «Արշավականներ» ակումբի համահիմնադիր, իմ լավ ընկեր ու բարեկամ Տիգրան Շահբազյանին` այս հանդիպման առիթը ստեղծելու, հանդիպումը կազմակերպելու, ինչպես նաև այն տեսանկարահանելու և լուսանկարելու համար:

Ես ի սրտե հաջողություններ ու նոր ձեռքբերումներ եմ մաղթում Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիային` ինձ արդեն համարելով այս կառույցի լավ բարեկամ: Ֆեդերացիայի` հարգանքի ու գնահատանքի արժանի շնորհակալ գործը ոչ միայն համախմբում է ալպինիզմով ու լեռնային տուրիզմով հետաքրքրված մարդկանց, այլև իր կարևոր ու արժեքավոր նպաստն է բերում մեր հասարակության մեջ այս մշակույթի ձևավորմանը և մեր երկրում այս բնագավառի զարգացմանը:

© Առլեն Շահվերդյան, 19.06.2012
© Հոդվածում օգտագործված տեսագրությունները և լուսանկարները պաշտպանված են Հեղինակային իրավունքի մասին օրենքով, 2012

***
“My Heart’s in the Highlands”: I decided to start my article with this beautiful title of an Armenian American dramatist and author William Saroyan’s famous play as it perfectly symbolizes the material I am going to write about now.

My permanent readers know that after the presentation of my new book “Right to Live” I receive invitations from various kind of audiences. There started a unique series of meetings between me (as a writer) and my readers. During these kind of meetings I present my new book and speak about nature, biodiversity, human-nature relations, speak about the importance of providing harmony between people and nature. I am trying to inseminate love, care, respect to the nature especially among the children and youth as they are the future of our life. During these meeting, seminars I show them a beautiful “Power point” presentation with great number of photos about nature and lions. I am telling them a huge information about wildlife. For example, such kind of memorable meeting was in June 19, in Armenian Mountaineering and mountain tourism federation.

Dear Friends, firts of all I would like to tell you that I often have the honor to introduce my book “Right to Live” to scientists of the theoretical science sphere. Recently I had the honor to introduce my book at Mkhitarian Educational Foundation (May 19, 2012, Yerevan). I would be glad if you read my article about that meeting and see the videos and pictures. In the article’s first video I am telling the Foundation’s sons about the role of lions in Armenian history, culture and heraldry. In the second video I am speaking about Kevin Richardson’s great activity. At first I am speaking about how cruel sometime can be People as they destroy nature, kill wild animals with guns. And after that I am telling about the humanity of people, how kind they can be, how much love and care they give to nature, animals. And as a bright example I am talking about Kevin and his activity. I show pictures where is seen how much love Kevin gives to animals and how much animals love and respect him. I also mention that I have the honor to be in contact with Kevin and he welcomes the creation of the book “Right to Live” as a unique product about lions and nature.

But I introduce my book also to them who not only study the nature but also “works” with nature overcoming all the difficulties and every day feeling the beauty of nature as well as its power and sometimes dangerous manifestations. These men work face to face with the nature and in the nature. They have free soul, they are very brave, they know what is difficulty and they have enough persistence to solve the problem, to overcome the threat and to succeed reaching a new level. I am talking about alpinists who are brave enough and very interesting people. Their hearts are really in the Highlands.

Members of the Armenian Mountaineering and mountain tourism federation where listening to the presentation with great interest and attentively. It was kind of an interactive meeting and conversations. It was my pleasure to have a speech for them. Now I consider me as a friend of the federation. They met me very warm and friendly. At the end of my speech I was asked interesting questions. I presented several copies of my book to the Federation. Vice President of the Federation Suren Danielyan gave me symbolic souvenirs.

I would like to thank Armenian Mountaineering and mountain tourism federation, Vice President Suren Danielyan and all the members of the federation. Also I would like to thank much the member of the federation and co-founder of the “Arshavakanner” club, my good friend Tigran Shahbazyan for organizing this meeting, shooting the videos and taking the photographs. I would like to mention that in the first 2 videos I introduce the book and in the last video (where I am sitting in front of the audience) I am talking about the importance of teaching children to love and protect the nature. In the video I share my experience of inseminating love, care and respect to the nature among the children telling that we always see the results in future, when children grow up. This is a very important educational process the result of which is seen only after some time. We must start to work with children from the early age as they will grow up and become nature lover adults. 

Dear Friends, at the end I would like to wish success to the federation. I think that Armenian Mountaineering and mountain tourism federation not only units alpinists but also promotes the development of this culture and sphere in our society and in our state.  

© Arlen Shahverdyan, 19.06.2012.
Translated by the Author.
Videos and Photos used in this article are Copyright protected.
© All Rights Reserved, 2012

Հավանեցի՞ր գրառումը, ուրեմն կարող ես «լայքել» իմ  Facebook-յան էջը և դառնալ բլոգիս նոր ընկերը:
Did you like the post? then you can “like” my Facebook page and become a new friend of my blog.

«Արշավականներ» հայրենագիտական ակումբ. ճանաչողական արշավից մինչև ոգեղենության հաղթարշավ

Սիրելի՛ բարեկամներ, իմ խորին համոզմամբ` յուրաքանչյուր մարդ ուժեղ ու համարձակ, լիարժեք երջանիկ ու իր ներաշխարհում` խաղաղ կյանքով ապրում է միայն սեփական Հայրենիքում, հայրենի հողի վրա: Օտարության մեջ, կյանքի ամենաբարեկեցիկ պայմանների առկայության պարագայում անգամ, սեփական հողի, սեփական բնօրրանի զգացողության բացակայության պատճառով վաղ թե ուշ մի օր իրեն զգացնել է տալիս օտար լինելու հանգամանքը, ինչը անպայմանորեն ստիպում է կարոտած ու տխրածոր աչքերով նայել հորիզոնին, հիշել Հայրենիքը, պատկերացնել այն, խոսել նրա մասին, հետաքրքրվել նրանով, հայացքով փորձել գտնել Հայրենիքը հիշեցնող որևէ մասունք կամ էլ որևէ հայրենակցի: Հենց այդ ժամանակ Հայրենիքն հիշեցնող նույնիսկ ամենաաննշան թվացող մանրուքները  սրտի խորքում ձեռք են բերում զգալի կամ մեծ կարևորություն: Հայրենիքից հեռու Հայրենիքի կարոտով ապրող մարդը կամաց-կամաց մեռնում է իր ներսում: Շատերին Հայրենիքը վերացական կատեգորիա է թվում, հայրենասիրությունը` դատարկաբանություն, շատերը իրենց ներսում կփորձեն հակառակեն, թե «Հայրենիք» կոչվող հողն ու ջուրը չէ, որ ապրեցնում են, երջանկացնում մարդուն, և պետք է ձգտել լավ ապրել, թեկուզ` օտարության մեջ: Սա թյուրընկալում է, ավելին` մոլորություն: Օտարության մեջ, օտար հասարակությանը ամենահաջող ինտեգրման պարագայում անգամ, միևնույն է, ոչինչ չի փոխարինում սեփականին, նրան, ինչ քոնն է` իր լավ ու վատ կողմերով: Բավական է, ասենք, որևէ օտարերկրյա զբոսաշրջությունից Երևան վերադառնալիս (լինի դա ինքնաթիռի վայրէջքի պահին թե մեկ ուրիշ դեպքում) զգաք, թե ինչ է կատարվում Ձեր հոգում: Մեկի մոտ դա դրսևորվում է արագացող շնչառությամբ, խիստ հուզական կերպով, ներքին կարոտախեղդ ալեկոծությամբ, իսկ մյուսի մոտ դա շա՜տ հանգիստ, խաղաղ և ենթագիտակցական մակարդակում` ինքնավստահության վերագտման մի վիճակ է, որն ընդամենը կոչվում է այսպես. «Եկա ՏՈՒՆ»:

Այո՛, Հայրենիքը դա տունն է: Դա ոչ թե միայն հողն ու ջուրն են, որքան էլ որ զուլալ ու սիրելի են դրանք, այլ ի վերուստ մեզ տրված ու ի վերուստ կանխորոշված մեր կեցավայրն է, պատմական բնօրրանի մեզ պատկանող այն անգին հատվածը, Երկիր մոլորակի մեր գողտրիկ անկյունը, այն անգնահատելի տարածությունը, որը ոչ այլ ինչ է, քան տուն, մեր տունը:

Հիմա այն մասին, թե ինչպես ենք վերաբերվում մենք այս տանը: Ցավոք սրտի, սակայն հաճախ մենք ոչ միայն անթույլատրելիորեն անտարբեր ենք մեր իսկ տան նկատմամբ, այլև ընդգծված կերպով օտարի պես ենք մեզ պահում: Սեփական տունը, իսկ լայն իմաստով` Հայրենիքը պետք է պահել անառիկ, ապահով, անվտանգ, մաքուր, որպեսզի այդ ընդհանուր տանը սիրով ապրել ու արարել ուզենան բոլորը: Մինչդեռ մենք, ցավոք, հաճախ ոչ միայն մաքուր չենք պահում այն, այլև ջանք անգամ չենք գործադրում Հայրենիքը լիարժեք կերպով ճանաչելու, այն ավելի շատ իմանալու, գնահատելու ուղղությամբ: Մեր Հայրենիքը չքնաղ մի օրրան է, որը լի է բազում հրաշագեղություններով ու անկրկնելի հարստություններով` ինչպես բնական, այնպես էլ պատմամշակութային: Եվ ահա, փոխանակ փորձենք ավելին իմանալ Հայրենիքի մասին, ավելի մոտիկից ճանաչել այն, ավելի մոտ լինել նրան, մենք, հակառակը, հաճախ արագ հավաքում ենք մեր իրերն ու լքում նույն այդ Հայրենիքը` ուրիշի Հայրենիքում մշտապես դեգերելով ու փորձելով գտնել մերը` ուրիշում: Սիրելինե՛րս, ուրիշի Հայրենիքը սիրելի ու գնահատելի է ուրիշի համար, դա իրենն է: Եկեք նախ մենք մերը ճանաչենք, իմանանք, գնահատենք: Երբեք չի կարելի թերագնահատել ուրիշինը, պետք է մշտապես ուսումնասիրել ու գնահատել, սակայն երբեք չի կարելի նաև թերագնահատել մերը, այն սիրելի տունը, որը բոլորս կառուցում ենք, ամեն մեկս` մեր չափով: Չէ՞ որ մերը նույնպես մշտապես ունի ուշադրության, սիրո և հոգածության, խնամքի ու հոգատարության կարիք: 

Սեփական Հայրենիքի ճանաչման ճանապարհին մեզանից յուրաքանչյուրն իր համար ամեն անգամ անում է որևէ նոր, անսպասելի բացահայտում: Հաճախ այդ բացահայտումները զգալի ազդեցություն են ունենում մեր աշխարհընալման, Հայրենիքի վերագնահատման ու վերարժեվորման գործընթացքում: Հաճախ էլ հաճելի բացահայտումների այդ համախումբը ստիպում է մեզ ոչ միայն նոր հայացք գցել մեր սեփական տան վրա, այլև ամուր ճանկերով կառչել մեր հողից, մեր Հայրենիքից` գիտակցելով, թե որքան գեղեցիկ, դյութիչ ու կախարդող է այն:

2011 թվականին ես առիթ ունեցա ինձ շատ հարազատ ու սիրելի մարդկանց ընկերակցությամբ լինելու մեր Հայրենիքի մի քանի տեսարժան վայրերում, որտեղ նախկինում կամ չէի եղել, կամ էլ վերջին անգամ այցելել էի շատ վաղուց: Մեկը մյուսից հետաքրքիր ուղևորություններ էին դրանք: Եղանք չքնաղ Խոր Վիրապում, Նորավանքում, որը ցնցեց իր նրբակերտությամբ ու գողտրիկությամբ, այցելեցինք Օշական,  Ձորափ, Տեղեր, Օրգով, Աղցք, Ամբերդ: Ոչ պակաս հետաքրքիր ու նորովի այցելություն ունեցանք նաև նույն Գառնի և Գեղարդ: Այդ հիշարժան ու ճանաչողական այցելությունները մեծապես փոխեցին անգամ իմ պատկերացումները սեփականի նկատմամբ: Ինձ ճանաչողները հաճախ են նշում, որ ունեմ ստեղծագործական անսահման երևակայություն: Սակայն ամենավառ ու անեզր երևակայությամբ օժտված լինելու դեպքում անգամ, միևնույն է, Մայր Բնության «երևակայությամբ» կերտված բնական «կոթողները» ամեն անգամ ստիպում են հիացական հայացքով գամվել տեղում, զմայլվել դրանցով, զգալ սեփական շնչառության արագացումը և հերթական անգամ վերաիմաստավորել այն, ինչ ունենք ու պիտի պահպանենք: Եթե այս ամենին հավելեմ նաև այն, թե ինչպիսի ձեռակերտ կոթողներով, պատմամշակութային հինավուրց հուշարձաններով ու կառույցներով է զարդարված մեր առանց այդ էլ զարդարուն Հայրենիքը, ապա պարզ է դառնում, որ մենք դեռ շատ բան ունենք բացահայտելու մեր ՏԱՆԸ, այն տանը, որը բոլորինս է, որը հաճախ այնքան սովորական է թվում մեզ, որ երբեմն, ցավոք, անտեսվում է մեր կողմից:

Այս համատեքստում Հայրենիքի ճանաչմանն ուղղված ցանկացած ձեռնարկ, քայլ, միջոցառում ողջունելի է, ցանկացած նմանատիպ նպատակ` օրինակելի ու արդարացված: Մերօրյա երիտասարդության մի զգալի մասը, ցավոք, հեռու է ոչ միայն սեփական Հայրենիքը, այն է` սեփական տունը ճանաչելու ցանկությունից, այլև խիստ ցածր է նրա ինքնաճանաչողության մակարդակը: Այդպիսի երիտասարդից, որը ոչ թե սեփական Հայրենիքի տեղը չգիտի քարտեզի վրա, այլ անգամ չի իմանում, թե ինչ ասել է քարտեզ, դժվար է սպասել վեհ գաղափարներին հետևելու ձգտում կամ էլ Հայրենիքը ճանաչելու ազնիվ մղում: Սակայն, բարեբախտաբար, այդպիսի երիտասարդները քիչ են, ավելի շատ են նրանք, ովքեր ոչ միայն ձգտում են բացահայտել, ճանաչել, իմանալ Հայրենիքը, այլև իսկապես սիրում են այն, ինչ ճանաչում են ու ամեն անգամ բացահայտում: Իմ այս հոդվածում նկատելի է մեծ ոգևությունս ու ներշնչանքս, քանի որ անչափ ուրախանում եմ հենց այդ հանգամաքով. հրաշալի է, որ մեզանում կա մեր հասարակության կորիզը կազմող ակտիվ, մտքով, ոգով և մարմնով առողջ երիտասարդություն: Իմ այս հոդվածը գնահատանքի անկեղծ արտահայտություն է այդպիսի երիտասարդության հասցեին: Հենց նրանց վրա է հիմնվում Հայրենիքը, նրանք են սեփական տունը ազնվորեն սիրող ու դրան անվերապահորեն նվիրված այն առաջամարտիկները, ովքեր հասարակության կատալիզատոր են, սեփական երկրի նկատմամբ վերաբերմունքի ձևավորման օրինակ, սեփական Հայրենիքը ճանաչելու և պահպանելու մշակույթի կրողներ ու զարգացնողներ:

Իսկ Հայրենիքը ճանաչում են տեսնելով այն, քայլելով այնտեղ, որտեղ չես եղել, զգալով Հայրենի բնության այն բույրը, որով նախկինում թոքերդ չէին լցվել, շոշափելով այն քարը, որը նախկինում չէիր տեսել, անցնելով այն արահետով, որը կարծես հենց քեզ համար էր որպես կածան գծել Անտառը, նստելով հենց այն ծառի ստվերում, որը կարծես քեզ համար էր պարզել իր ճյուղերը, հագեցնելով ծարավը հենց այն քաղցրահամ աղբյուրից, որը կարծես ժպտում է` տեսնելով քեզ:

Հայրենիքի ճանաչման հարցում ուշագրավ է մի ակումբի գործունեություն, որի մասին պատվի ունեմ անդրադառնալու իմ այս հատուկ հոդվածով: Խոսքը «Արշավականներ» հայրենագիտական ակումբի մասին է, որը մեծ մասսայականություն է վայելում երիտասարդության շրջանում` լինելով բնապահպանական, բնաճանաչողական ընդգրկում ունեցող մի ողջունելի և ուրույն շարժում, երիտասարդական ոգու ու եռանդի, անսպառ էնտուզիազմի և նպատակասլացության յուրօրինակ ու հաջող համադրություն:

«Արշավականներ» հայրենագիտական ակումբը հիմնադրվել է 2008 թվականի մայիսի 12-ին: Մինչ օրս կազմակերպվել է մոտ 120 արշավ, որոնց մասնակցել են 1000-ից ավելի երիտասարդներ: Հետաքրքիր ու հիշարժան այս արշավների շնորհիվ հայ երիտասարդը հնարավորություն է ստանում ճանաչելու իր Հայրենիքը, առնչվելու հայոց պատմությանն ու մշակույթին: Ինչպես նշեցի` այսօր կա դրա կարիքը, քանի որ հաճախ հայ երիտասարդները լավ չեն ճանաչում մեր երկիրը, ինչի հետևանքով էլ արմատավորվում է անտարբերությունը, խորանում է հետաքրքրության բացակայությունը: 

Հատկանշական է, որ ակումբի կողմից նախանշվող երթուղիները խիստ բազմազան են: Ավելին. ակումբի մասնակիցները 2008 թվականից ի վեր այցելել են Հայաստանի բոլոր մարզերը, 6 անգամ ուսումնասիրել են Արցախի գանձերը, հաղթահարել են մի քանի լեռնագագաթներ (Արագած, Խուստուփ, Արա, Հատիս): Ուրախ ու հոգեթով միջավայր ունեցող ակումբի անդամները ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, որոնց միավորում է սերը Հայրենիքի նկատմամբ, այն բացահայտելու և պարզապես գաղափարակից ընկերների հետ շփվելու ազնիվ ցանկությունը: Նույնքան ազնիվ ու բարյացկամ մթնոլորտը, որն իշխում է ակումբում, մասնակիցներին փոխանցում է դրական անսպառ լիցքեր, և նրանք ամեն անգամ մեծ ջերմեռանդությամբ ու նվիրումով են տրվում Հայրենիքը բացահայտելու հերթական հետաքրքիր արշավին: Դրանք, ի դեպ, օգտակար են ոչ միայն յուրաքանչյուր մասնակցի անհատական ինքնազարգացման առումով, այլև էականորեն նպաստում են հայ երիտասարդության մեջ հայրենասիրության, բնաճանաչողության ձևավորման ու զարգացման գործին:

Ակումբի նպատակը հստակ է. լիարժեք կերպով ուսումնասիրել հայկական ճարտարապետության և մշակույթի կոթողները, ծանոթանալ հաճախ մոռացության մատնված ազգային ավանդույթներին, ձևավորել և զարգացնել ուրույն արշավական մշակույթ և այս ամենին հաղորդակից դարձնել հայ երիտասարդներին:

Հատուկ ուզում եմ ուշադրություն հրավիրել արշավական մշակույթի ձևավորման կարևորության հարցի վրա: Այս բնագավառը մեզանում, թեև իր ունեցած որոշակի ավանդույթներին, միևնույն է, գտնվում է զարգացման ու կատարելագործման փուլում, և որքան շատ լինեն այսօրինակ ակումբներն ու ընկերակցությունները, այնքան ոլորտն ավելի արագ կբյուրեղացվի ու կզարգանա: Անշուշտ, այս իմաստով «Արշավականներ» հայրենագիտական ակումբն ունի ոլորտի զարգացման հարցում իր զգալի ներբերումն ու խիստ օգտավետ ավանդը: Ակումբի դռները բաց են բոլոր արշավասեր և հայրենասեր երիտասարդների առջև: Ավելին. համոզված եմ, որ Ձեզանից շատերն հիմա համակվեցին արշավի դուրս գալու, Հայրենիքը ավելի մոտիկից ճանաչելու տրամադրությամբ: Ի դեպ, առաջարկում եմ այցելել նաև «Արշավականներ» հայրենագիտական ակումբի Ֆեյսբուքյան էջը:  

Նշեմ, որ 2011 թվականից գործում է «Արշավականներ» հայրենագիտական ակումբի պաշտոնական կայքը` հավակնելով դառնալ այս բնագավառի լավագույն կայքերից մեկը: Այստեղ ամենշաբաթյա պարբերությամբ տեղադրվում են ակումբի արշավների և մյուս իրադարձությունների ֆոտո հաշվետվությունները: Բնական է, որ պարտադիր չէ մասնակցել արշավներին՝ կայքի ամենօրյա այցելուն լինելու համար: Կայքը կարող է դառնալ յուրաքանչյուր այցելուի յուրօրինակ գրադարանը, քանի որ այստեղ կարելի է գտնել բազմաթիվ հետաքրքրաշարժ նյութեր ու նորություններ արշավների, հայ ճարտարապետության, պատմության, մշակույթի և, առհասարակ, հայի ու հայկականի մասին, իսկ կայքի բովանդակային հարստացման աշխատանքներն անընդհատ շարունակվում են:

Ես պատիվ ունեմ նշելու, որ 2012 թվականի մայիսի 15-ին ակումբի պաշտոնակայքում հատուկ հոդված տեղադրվեց «Ապրելու իրավունք» գրքիս մասին: Ուրախ եմ, որ ակումբի կայքի հարուստ գրադարանը համալրվել է նաև իմ գրքի մասին այդ ուշագրավ անդրադարձով (Կարդա այդ հոդվածը):

«Արշավականներ» հայրենագիտական ակումբը, իր անցած ողջունելի ու օրինակելի ուղիով հանդերձ, դեռ շատ անելիքներ ունի ոլորտի զարգացման գործում: Չ՞է որ յուրաքանչյուր արշավն անմոռաց տպավորությունների և հայրենագիտական բացահայտումների համախումբ և ճանաչելիության խորացման օգտակար գործընթաց չէ միայն, այլև ամեն անգամ ամրագրում է ևս մեկ հաջող քայլ առաջ` դեպի այս ոլորտի զարգացումը: Եվ ուրեմն ողջունելի, խրախուսելի ու օրինակելի է «Արշավականներ» հայրենագիտական ակումբի և նմանատիպ այլ ընկերակցությունների, բնապահպանական շարժումների ու անհատ բնապահպանների գործունեությունը մեր երկրում: Այն, ինչը նպաստում է հայ երիտասարդի հոգեկերտվածքի ձևավորմանը, այն ինչն իր բարերար ազդեցությունն է ունենում երիտասարդական ոգու կերտմանն ու արտահայտմանը: Իսկ այդ ոգին, այդ էներգիան անսպառ են, ինչպես որ անսպառ են արշավի ելած մասնակիցների եռանդն ու ջիղը:

Սիրելի՛ բարեկամներ, ես երազում եմ այն օրվա մասին, երբ մի օր մեզանում տոնենք ոգեղենության հաղթանակը, այն հաղթանակը,  երբ գրագետ, բանիմաց, կիրթ ու նպատակասլաց, աշխատասեր ու ազնիվ, ինտելիգենտ ու ինտելեկտուալ, բնասեր ու բնապահպան երիտասարդի, մարդու ու քաղաքացու կերպարը լինի օրինակ: Երազում եմ այն օրվա մասին, երբ օրվա հերոսը լինի ոչ թե տգետ ու բիրտ, անտաշ ու հագահիգիենիկ, այլ բարեկիրթ ու բարեշնորհ մարդը, ոչ թե բանջարաբոստանային կուլտուրա կամ էլ պալար հիշեցնող աննպատակ երիտասարդը, այլ նպատակասլացն ու այս կյանքում իր խոսքն ասել ձգտողը: Երազում եմ այն օրվա մասին, երբ իշխեն ոչ թե զոռբայությունը, այլ ազնիվ համառությունն ու սեփական ճշմարտացիության և համոզմունքների մեջ վստահությունն ու այդ համոզմունքները հիմնավորելու և հաստատելու կարողությունը, մշակույթը: Իմ երազանքի օրն է այն օրը, երբ սերն ու հոգածությունը Բնության ու Հայրենիքի նկատմամբ տոնի պես իշխեն մեր հոգիներում, իսկ արշավներն ու բնաճանաչողությանը, Հայրենիքի պատմամշակութային գանձերի բացահայտմանն ուղղված ցանկացած ուրիշ ձեռնարկումները դառնան այդ տոնի ապահովման գրավականը, տոնական տրամադրության լավագույն մարմնավորումները: Երազում եմ, որ սերը Բնության ու Հայրենիքի նկատմամբ դառնա ոչ թե մոդայիկ զբաղմունք, այլ ԿԵՆՍԱՁԵՎ, մարդու էության ձևավորման կանխորոշիչ: Երազում եմ, որ մատաղ սերնդի համար օրինակ լինեն ոչ թե իրենց կյանքն աննպատակ սպառող մարդիկ, քրեական հեղինակությունները և կամ տգիտության ու միջակության մարմնավորումները, այլ իր գունազգացողությամբ աչք շոյող գեղանկարիչը, բեմահարթակին իր վիրտուոզ նվագով հիացնող ջութակահարը, ծառը ջրող այգեպանը, սերունդ կրթող ուսուցիչը, կռունկավարն ու բանվորը, գիտնականն ու սպորտսմենը, գրողն ու մտավորականը, ուսապարկը ուսին ճամփա ընկած ու հայրենի եզերքներն հափշտակությամբ ու ոգևորությամբ ուսումնասիրող արշավականը: Գալո՛ւ է այդ օրը, ազնվության, հայրենասիրության ու ոգեղենության, արդարության ու Բնության հետ ներդաշնակության այդ սպասված ու խաղաղ օրը: Սակայն այդ խաղաղությանն ու ներդաշնակությանը հասնելու համար նախ յուրաքանչյուրս պիտի ապրենք մեր ներքին ալեկոծ «հեղափոխությունը», անցնենք ինքնակրթման, ինքնազարգացման ու ինքնամաքրման մեր ուրույն և դժվարին «արշավը», ինչից հետո միայն անպայման մի օր կարձանագրենք ու կտոնենք ազգային զարթոնքի և ոգեղենության հաղթարշավը:
© Առլեն Շահվերդյան, 15-16.05.2012

Դրվագներ արշավից (աղբյուըր` http://www.arshavakanner.am/)`

%d bloggers like this: