Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'Կոնգրես հյուրանոց'

Tag Archives: Կոնգրես հյուրանոց

«Ապրելու իրավունք» գրքիս շնորհանդեսը` «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության բնապահպանական կոնֆերանսի շրջանակներում

Սիրելի՛ բարեկամներ, 2012 թ. ապրիլի 10-ին իմ կյանքում տեղի ունեցավ կարևոր և արժանահիշատակ իրադարձություն. Երևանի «Կոնգրես» հյուրանոցի Հանդիսությունների դահլիճում «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված բնապահպանական կոնֆերանսի ժամանակ կայացավ «Ապրելու իրավունք» գրքիս շնորհանդեսը: Ավելին. կոնֆերանսի առաջին ելույթն իմն էր` որպես գրքի հեղինակի: Ես պատիվ և հնարավորություն ունեցա նման լսարանի առջև հանդես գալու որպես գրող և հանրությանը հրապարակավ ու պաշտոնապես ներկայացնելու իմ մենագրական գիրքը:

Շնորհակալ եմ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին, որ իմ գրքի շնորհանդեսը որոշեց ընդգրկել այդ միջոցառման շրջանակներում: Այս պահին առաջարկում եմ Ձեզ դիտելու իմ ելույթն ամբողջությամբ`

Ելույթին հաջորդեց նաև մասնակիցներին գրքիս նվիրատվության հաճելի ու գեղեցիկ արարողությունը: Ես սիրով մակագրեցի ու նվիրեցի գիրքս բազմաթիվ ընթերցողների: Շատ ոգևորված եմ, որ բոլորը` ոչ միայն ոլորտի մասնագետները, այլև տարբեր բնագավառների մարդիկ, մեծ հետաքրքրությամբ ու հաճույքով էին ծանոթանում գրքիս` արված աշխատանքի հասցեին հայտնելով իրենց գովեստի ու գոհունակության խոսքերը: Ջերմորեն ողջունվեց նաև շնորհանդեսին հնչած ելույթս: Շատերն ինձ արդեն ճանաչում էին և անկեղծորեն ուրախ էին հենց հեղինակից ստանալու գիրքը, որին արդեն ծանոթ էին իմ բլոգից:

Սիրելի՛ բարեկամներ, մեծ ոգևորումով ու հաճույքով կիսվում եմ Ձեզ հետ իմ այս ուրախությամբ և շատ շնորհակալ եմ բոլորիդ` գրքիս շնորհանդեսի առնչությամբ Ձեզանից ստացվող բարի արձագանքների և անկեղծ ուրախության համար: Շարունակ ստանում եմ ջերմ շնորհավորանքներ և գոհունակության խոսքեր, ինչը վկայում է, որ ինձ համար սրտանց ուրախանում եք և որ այս աշխատանքը իզուր չի արվել: Դա անչափ ոգևորում է ինձ և պատիվ բերում:

Շնորհանդեսի պահին:

Եվս մեկ ուրախալի հանգամանքի մասին: Դուք գիտեք, որ ես իմ բլոգում տեղադրում եմ տպագրված գրքերիս էլեկտրոնային տարբերակները, որպեսզի գրքերս իսկապես հասանելի լինեն մարդկանց ու մարդիկ ընթերցեն: Եվ ահա, ես պատրաստում եմ «Ապրելու իրավունք» գրքի էլեկտրոնային տարբերակը, որը նույնպես կտեղադրվի իմ բլոգ-կայքում, և նրանք, ովքեր ցանկանում են ծանոթանալ գրքին ու ընթերցել այն` կկարողանան անել դա հենց իմ բլոգում:

Ուզում եմ ավելի մանրամասն կերպով անդրադառնալ բնապահպանական այս կոնֆերանսին: Այն նախագահում էր Գագիկ Սուխուդյանը («Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն), բացման խոսքով հանդես եկավ Ապրես Զոհրաբյանը («Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն): Ուզում եմ նշել, որ կոնֆերանսն իր բնույթով օգտակար և ներկայումս խիստ մտահոգող բնապահպանական խնդիրներին իրապես բաց ճակատով, պարզ ու համարձակորեն անդրադարձող մասնագիտական մի ժողովում էր: Քննարկում, որի բոլոր կողմերը կիսում էին «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության և բոլոր բնասերներ մարդկանց մտահոգություններն այն մասին, թե ինչպես են վերջին տարիներին Հայաստանում աննախադեպ չափերի հասել բնության ավերումը և բնական ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը: Բացվում են նոր հանքավայրեր, չեն դադարում «օրինական» և ապօրինի անտառահատումները, հողերի աղտոտումը հասնում է աղետալի չափերի, ջրային ավազանը «հարստանում է» տարբեր աղտոտիչներով և այլն: Եթե այսպես շարունակվի, ապա հետևանքներն իրոք աղետալի և անդառնալի կլինեն: Բնապահպանության որոշ հարցերում` արդեն այդպիսին են: Կարծում եմ, որ մենք պետք է հստակ գիտակցենք, որ այս բնությունը ՄԵՐ բնությունն է, օտարինը չէ և չի՛ կարելի օտարաբար, մի տեսակ` արհամարհանքով ու չարակամորեն վնասել այն, փչացնել, չարաշահել: Մեզանում բնապահպանական խնդիրները շատ-շատ են, և ես ուրախ եմ, որ այս կոնֆերանսը ևս մեկ լավ առիթ էր բնապահպաններին` կիսելու իրենց մտահգությունները, փորձելու մեկտեղել ջանքերը, համախմբվելու և գործնականում իրագործելու բոլոր բարի նպատակները` ի շահ մեր հայրենի բնության պահպանման ու հարատևման, ի շահ մեր պետության անխախտ, կայուն զարգացման: Ուրախալի է, որ կոնֆերանսը ուղղակի հերթական հավաք չէր, և բացի նրանից, որ նպատակ էր հետապնդում ևս մեկ անգամ հանրությանը ներկայացնելու ՀՀ բնապահպանական ամենահրատապ խնդիրները, այն նաև առաջարկում էր իրավիճակից դուրս գալու իրատեսական լուծումներ: Ի դեպ, որպես իրավիճակից դուրս գալու տարբերակ, «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջարկվում էր նաև դիտարկել բնապահպանության ոլորտում հանրային տեսչության/մոնիտորինգային մարմնի ձևավորման և հատուկ բնապահպանական հիմնադրամի ստեղծման հարցերը, որոնք կարող են արդյունավետ, համակարգող ու համադասող գործիքներ դառնալ ներկայիս բնապահպանական հիմնախնդիրների լուծման, բնապահպանական կառույցների միջև արդյունավետ փոխգործակցության և մեր երկրի զարգացման համար:

Բնապահպանական կոնֆերանսի ժամանակ

Կոնֆերանսին իրենց զեկուցումներով հանդես եկան բնապահպանական բնագավառի հայտնի ու կարկառուն ներկայացուցիչներ, անվանի բնապահպաններ: Զեկուցումների համար ընտրվել էին ներկայիս ամենահրատապ և ճգնաժամային իրավիճակում գտնվող ոլորտները` հանքարդյունաբերություն, քաղաքաշինություն, անտառներ, ջրերի աղտոտում, կենսաբազմազանություն. հատուկ պահպանվող տարածքներ: Հակոբ Սանասարյանը («Հայաստանի կանաչների միություն») իր ելույթում անդրադարձավ հանքարդյունաբերության ներկա վիճակին ու հանքարդյունաբերական թափոնների ահագնացող չափերին: Երևանի քաղաքաշինական ռիսկերի մասին հանգամանալից կերպով խոսեց Կարինե Դանիելյանը («Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»)` իր հետաքրքիր և շատ արժեքավոր զեկուցման մեջ մանրամասն կերպով ներկայացնելով այս իմաստով Երևանում առկա խիստ տխուր պատկերը և հնարավոր աղետալի զարգացումները:

«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի ելույթը: Ձախից` աջ. Ապրես Զոհրաբյան, Գագիկ Սուխուդյան:

Հանքարդյունաբերության էկոլոգիական ռիսկերի մասին իրենց կենտրոնի հետազոտությունները ներկայացրեց Արմեն Սաղաթելյանը («Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն»): Հետաքրքիր ելույթով հանդես եկավ Քնարիկ Հովհաննիսյանը և իր` որպես փորձագետի, ուշագրավ մեկնաբանությունները տվեց ՀՀ ջրային ռեսուրսների  աղտոտվածության վիճակի վերաբերյալ: ՀՀ անտառների ներկա վիճակին էր անդրադառնում Անի Հայկունու զեկուցումը («Հայաստան-ծառատունկ» ծրագիր):

Լուսանկարում (աջից` ձախ)` Կարեն Մանվելյան, Գագիկ Սուխուդյան:

Իր ընդգրկուն և կարևոր զեկուցումով հանդես եկավ Կարեն Մանվելյանը («Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ»), որը պատիվ ունեմ առաջարկելու Ձեզ դիտել այժմ ամբողջությամբ`

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մանվելյանի «Կենսաբազմազանություն. բնության հատուկ պահպանվող տարածքներ» խորագրով ելույթը:

Կոնֆերանսն ամփոփեց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արման Վերմիշյանը:
Սիրելի բարեկամներ, ինչպես տեսնում եք` կոնֆերանսի բովանդակային ընդգրկումն ու շրջանակը, թեմաների ընտրությունը, հրավիրված մասնագետների կազմն ու նրանց զեկուցումների կարևորությունը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու, թե որքան անհրաժեշտ, արդյունավետ ու կարևոր էր այս հանդիպումը:

Վերջում հատուկ ուզում եմ նշել, որ հոդվածում օգտագործված լուսանկարները և տեսագրությունները օգտագործման բացառիկ իրավունքով ինձ տրամադրվել են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) կողմից: Լուսանկարների և տեսագրության հեղինակային իրավունքները պատկանում են WWF Armenia-ին: Բոլոր իրավունքները պաշտպանված են (Copyright, 2012): Խորին շնորհակալություն եմ հայտնում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանին, մասնաճյուղի Համագործակցության զարգացման բաժնի ղեկավար Արթուր Խոյեցյանին և WWF Armenia-ի ամբողջ անձնակազմին:

Այսքանը: Շնորհակալ եմ Ձեր ուշադրության համար: Ակնկալում եմ Ձեր կարծիքներն ու արձագանքը:
© Առլեն Շահվերդյան, 10.04.2012, 12.04.2012

ՀԱՏՈՒԿ ՀԱՎԵԼՈՒՄ. Հարգելի՛ բարեկամներ, վերջում կցանկանայի նշել, որ կոնֆերանսը, ինչպես նաև «Ապրելու իրավունք» գիրքս, առանձին հրապարակումներով լուսաբանվել և լուսաբանվում է էլեկտրոնային մամուլով և հեռուստատեսությամբ: Առաջարկում եմ ծանոթանալ դրանցից մի քանիսին`

  1. «ԱՐ» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական ծրագրի այսօր պատրաստած տեսանյութը կոնֆերանսի վերաբերյալ, որում նշվում է նաև իմ գրքի մասին:
  2. «www.panarmenian.net» լրատվական գործակալության ֆոտոռեպորտաժը կոնֆերանսի վերաբերյալ և ապրիլի 10-ի ֆոտոռեպորտաժների շարքը, այդ թվում` կոնֆերանսը:
  3. «Իննսունական թվականներից Հայաստանում փողը հայտարարվեց Աստված. Ապրես Զոհրաբյան» հոդվածը` «www.tert.am» լրատվական գործակալության կայքում:
  4. «Իննսունական թվականներից Հայաստանում փողը հայտարարվեց Աստված. Ապրես Զոհրաբյան» հոդվածը` «www.armtown.com» կայքում:
  5. «Բնապահպանները մեկ րոպե լռությամբ հարգեցին Թեղուտի «սպանդը»» հոդվածը` «www.1in.am» լրատվական գործակալության կայքում:
  6. «Ա. Զոհրաբյան. Հայաստանում փողը հայտարարվեց Աստված» հոդվածը` «www.armlur.am» կայքում:
  7. «Մարդիկ» կայքում ««Ապրելու իրավունք». գիրք առյուծների մասին» հոդվածը:
  8. «Մեկ րոպե լռությամբ հարգեցին Թեղուտի «սպանդը»» հոդվածը` «www.top-news.am» լրատվական կայքում:
  9. ««Ապրելու իրավունք». լույս է տեսել առյուծների մասին գիրք» հոդվածը` «www.tert.am» լրատվական գործակալության կայքում:
  10. «Բնապահպանական կոնֆերանսի ժամանակը բավարար չէր հիմնախնդիրները թվարկելու համար» հոդվածը` «Econews.am» տեղեկատվական բնապահպանական կայքում:
  11. «Լույս է տեսել Առլեն Շահվերդյանի «Ապրելու իրավունք» գիրքը» հոդվածը` «Նոյյան տապան» լրատվական գործակալության կայքում:
  12. «Ապրելու իրավունք» հոդվածը` «HayNews.am» լրատվական գործակալության կայքում:
  13. «Ապրելու իրավունք» հոդվածը` «NewsRoom.am» լրատվական կայքում:
  14. ««Ապրելու իրավունք». լույս է տեսել առյուծների մասին գիրք» հոդվածը` «www.Armtown.com» լրատվական գործակալության կայքում:
  15. ««Ապրելու իրավունք». լույս է տեսել առյուծների մասին գիրք» հոդվածը` «www.Hamaynk.com» իրանահայ լրատվական ցանցում:
  16. «Ապրելու իրավունք» հոդվածը` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի բլոգում:
%d bloggers like this: