Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Posts tagged 'ընտանի կենդանիներ'

Tag Archives: ընտանի կենդանիներ

Շունիկների Սուրբ ծնունդը / Puppy Christmas

Հրաշք շունիկներով լի գունեղ ու շատ զվարճալի սուրբ ծննդյան այս տեսանյութը ես նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր շատ սիրում են այս համով ու փոքրիկ արարածներին: Ես նրանց շատ եմ սիրում, համոզված եմ` դուք էլ: Տեսեք, թե ինչ արեցին նրանք Սուրբ ծննդի հետ:)
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
© Առլեն Շահվերդյան, 24.12.2012

I give this colourful Christmas video with lots of lovely puppies all those who loves these cute and small creatures. I love them very much, and I’m sure you too.
Look what they did with Christmas!:)
Merry Christmas and Happy New Year!

© Arlen Shahverdyan, 24.12.2012

Տարածիր այս գրառումը ընկերներիդ շրջանում: «Լայքիր» Facebook-յան իմ էջը կամ միացիր ինձ Twitter-ում` դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտիր ինձ YouTube-ում:
Տեղադրիր գովազդ այս բլոգում:

Share this post with your friends. “Like” my Facebook page or join me on Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube.
Post advertisement in this blog.

Փրկեց քառասուն մարդու և սպանվեց քառասունմեկերորդի ձեռքով

Այս պատմությունը ես կարդացել եմ ռուս անվանի գրող և մեծ բնասեր Յուրի Դմիտրիևի «Մարդը և կենդանիները» գրքում, որը մինչև այսօր իմ սեղանի գրքերից մեկն է: Գրքի ռուսերեն բնօրինակը լույս է տեսել քառասուն տարի առաջ` 1973 թվականին: Գիրքը հայերեն թարգմանվել և հրատարակվել է 1981-ին: Բացի այն, որ այս գրքի հայերեն տարբերակը իմ հասակակիցն է, այն նաև իմ բնապահպանական հետաքրքրությունների շրջանակում մշտապես առկա անբաժան ընկերներիցս է, քանի որ բովանդակային զարմանալի ընդգրկունությամբ մինչև այսօր մնում է արդիական, հետաքրքիր, նոր: Իմ անձնական գրադարանի այս ամենասիրելի գրքերիցս մեկում ներառված վիթխարի տեղեկույթը վերաբերվում է ոչ միայն կենդանիներին, այլև մարդ-բնություն փխրուն հարաբերությանը, կապին, ինչը և գրքի հարցադրման առանցքում է: Պատմությունը, որը կներկայացնեմ Ձեզ հիմա, այս գրքի բազմաթիվ հետաքրքիր ու հուզիչ պատմություններից մեկն է: Հավելեմ, որ այսօր շատ ավելի բան է հայտնի այս պատմության մասին, քան Դմիտրևի ժամանակներում: Այդ պատճառով, նախքան այս պատմությունը Ձեզ ներկայացնելը, ես բավական երկար ուսումնասիրեցի պատմության վերաբերյալ բազմաթիվ այլ աղբյուրներ ևս` տեքստում անհրաժեշտ ճշգրտումներ և հավելումներ անելու, ինչպես նաև անհրաժեշտ լուսանկարները գտնելու համար: Այնպես որ` այս հոդվածը, հիմքում ունենալով Յու. Դմիտրիևի գիրքը, իմ սեփական հետազոտությունն է, որն արել եմ ոչ միայն մեծ հետաքրքրությամբ ու հաճույքով, այլև պահանջկոտությամբ և պատասխանատու կերպով, որպեսզի ընթերցողին ներկայացնեմ միայն ճշգրտված տվյալներ: 

Հայտնի է, որ աշխարհի շատ քաղաքներում կան հուշարձաններ, որոնք կանգնեցվել են այս կամ այն հերոս կենդանու պատվին: Այդ հուշարձանները խորհրդանշում են տվյալ կենդանու որևէ սխրանքը, պատմական իրադարձությունների (հիմնականում` համաշխարհային պատերազմների) թոհուբոհի մեջ նրա ունեցած դերակատարությունը: Կան նաև հավաքական կերպարներ խորհրդանշող հուշարձաններ, կան անգամ այդպիսի հուշարձաններով լի կենդանիների հատուկ գերեզմաններ:

Հերոս կենդանիների շարքում են շները, որոնք պատերազմում թե խաղաղ պայմաններում հաճախ են ցուցաբերել հերոսություն, արիություն: Նրանց արժանիորեն մեծարել են և անմահացրել` որպես օրինակ սերունդների համար: 

Շան պատվին կանգնեցված ամենահայտնի հուշարձաններից մեկը գտնվում է Փարիզում, Շների գերեզմանոցում: Այն կառուցվել է շուրջ երկու դար առաջ: Քարե պատվանդանին մի հսկա շուն է և հավատով լի հայացքով նրան հպված մի երեխա: Պատվանդանին կա ֆրանսերեն հետևյալ մակագրությունը. «Բարրին, որ փրկեց քառասուն մարդու և սպանվեց քառասունմեկերորդի ձեռքով» (Il sauva la vie à 40 personnes. Il fut tué par le 41ème):

Բարրիի հուշարձանը` Փարիզում

Հուշարձանի պատմությունն այսպիսին է: Ալպերում կա մի լեռնանցք, որ կոչվում է Մեծ են-Բերնար: Մի ժամանակ այստեղով ճանապարհ էր անցնում, որը Իտալիան կապում էր Կենտրոնական Եվրոպայի երկրների հետ: Ճանապարհը դժվարին էր ոչ միայն այն պատճառով, որ ձգվում էր երկուսուկես կիլոմետր բարձրության վրա, այլև նրանով, որ այս կողմերում եղանակը փոփոխական է. հանկարծակի սկսվում է քամի, բուք. ճամփորդները հաճախ կորցնում են ճանապարհը, մոլորվում ու կործանվում: 10-րդ դարում լեռնանցքում հիմնադրվեց Սեն-Բերնարի (Սուրբ Բերնարի) վանքը: Ցանկանալով որքան հնարավոր է մեծ թվով մարդկանց ենթարկել իրեն, եկեղեցին օգտագործեց նաև այս վայրը, որպեսզի ընդարձակի իր ազդեցության սահմանները: Վանականները գիտեին բոլոր նրանց, ովքեր անցնում էին լեռնանցքով. վանքի հյուրանոցում ապաստան էին տալիս նրանց, օգնում դժբախտության մեջ ընկածին:

Սենբերնարներ` Ալպերում

13-րդ դարում վանականները ձեռք բերեցին ուժեղ ու խելացի շներ, որոք սենբերնար անունն ստացան: Այդ շները չէին վախենում սառնամանիքից ու քամուց, նրանց համար սարսափելի չէր ձյան հաստ շերտը: Թավամազ այս հսկա շները հիրավի ցրտադիմացկուն էին ու ամրակազմ: Շնորհիվ իրենց գերզարգացած զգայարանների ու դիմացկունության, նրանք կարողանում էին երկար ժամանակով շրջել ձյունածածկ տարածքում և փնտրել ձյան տակ մնացածներին, ճանապարհը կորցրած կամ լեռների ծերպերն ընկած անցորդներին: Այս շները իսկական գտածոներ էին վանականների համար: Երկար տարիների ընթացքում սենբերնարները փրկեցին հազարավոր մարդկանց: Սենբերնարների մեջ կային իրենց չեմպիոնները, իրենց հռչակավորները: Ամենահայտնի փրկարարների մեջ կար մի շուն` Առյուծ անունով: Նա փրկել էր 35 մարդու: Առյուծային ուժով օժտված այս հսկան մեծ համբավ էր վայելում լեռներում:

Սակայն ավելի հայտնի էր Բարրին (1800-1814 թթ.), նույն այն շունը, որը փրկել էր քառասուն մարդու և սպանվել քառասունմեկերորդի ձեռքով:

Ասում են, թե դա եղել է ահա թե ինչպես: 1814 թվականն էր, ցրտաշունչ մի ձմեռ: Մի անգամ շատ ուժեղ բուք սկսվեց: Փորձանքի մեջ ընկած մարդկանց օգնելու ելած շները մեկը մյուսի հետևից ուժասպառ վերադանում էին վանք: Եվ միայն Բարրին էր ձնամրրիկի միջով առաջ գնում: Ըստ երևույթին բնազդը նրան հուշում էր, թե ինչ-որ մեկը օգնության կարիք ունի: Եվ այն չխաբեց Բարրին: Ի վերջո նա հայտնաբերեց ձյան մեջ կորած մի մարդու: Ձյունը փորելով ու նրան դուրս հանելով, շունը սկսեց քաշքշել սառած մարդուն, լիզեր նրա դեմքը: Եվ ահա մարդը ուշքի եկավ: Սակայն բացելով աչքերը ու կողքին տեսնելով շան մռութը, մարդը կարծեց, թե իր առջև գայլ է: Հանելով ատրճանակը (մեկ այլ վարկածի համաձայն` դանակը) մարդը սպանեց Բարրիին: Դա էլ հենց Բարրիի փրկած քառասունմեկերորդ մարդն էր… Բարրիի դիակը հանդիսավորությամբ տեղափոխեցին Փարիզ և ամենայն մեծարանքով թաղեցին շների հատուկ գերեզմանոցում:

Կան վկայություններ, որ այդ զինվորը եղել է շվեյցարացի: Այդ ժամանակ վանքի շրջակայքում լուրեր էին տարածվել, թե լեռներում մարդ է մահացել: 48 ժամ որոնելով նրան` Բարրին վերջապես գտել էր զորքից անհետացած ու լեռներում կորած զինվորին, որը երկարափող հրացանի սվինով խոցել էր շանը ու մահացու վիրավորել: 

Սակայն ճշմարտության համար պետք է նշել, որ այս վարկածը ավելի շատ լեգենդ է, քան իրականություն: Կա ևս մի հետաքրքիր և ավելի արժանահավատ վարկած, համաձայն որի Բարրին իրոք փրկել է քառասուն մեկ մարդու: Քառասունմեկերորդը մի երեխա է եղել: Ոչ ոք չգիտեր, որ երեխան փորձանքի մեջ է ընկել: Հայտնի չէ, թե ինչպես է նա հայտնվել լեռնանցքում` բնակավայրերից այդքան հեռու: Եվ միայն ծեր Բարրին էր զգում, որ ինքը պետք է շտապի` փրկելու երեխային: Նա ժամանակին հասավ. երեխան չնայած կորցրել էր գիտակցությունը, բայց ողջ էր: Բարրին պառկեց նրա կողքին` աշխատելով տաքացնել նրան. երկար ու համառորեն լիզում էր դեմքը: Տղան ուշքի եկավ: Նա այնքան թույլ էր, որ չէր կարողանում ոտքի կանգնել և միայն կարողացավ գրկել շան պարանոցը: Այդ ժամանակ Բարրին սկսեց դանդաղ ու զգուշորեն քարշ տալ նրան: Ծեր Բարրիի վիճակը շատ ծանր էր: Տղան ասես հասկացավ դա ու բարձրացավ շան մեջքին: Այսպես էլ շունը նրան հասցրեց մարդկանց մոտ: Իսկ Բարրին, քսան տարի ծառայելով մարդկանց, մեռավ սեփական մահով` կյանքի վերջին տարիները անցկացնելով Շվեյցարիայի Բեռն քաղաքում:

Այս վարկածի վառ ապացույցն է հանդիսանում նաև այն, որ մահից հետո Բարրիի մարմինը տեղափոխվել է Բեռնի բնության պատմության թանգարան: Այնտեղ պատրաստել են շան խրտվիլակը: Բարրիի մորթին պահպանեցին տակսիդերմիայի շնորհիվ: 1923 թվականին փոխեցին շան գանգը` դարձնելով այն ժամանակակից սենբերնարների գանգին համապատասխան:

Բարրիի խրտվիլակը` Բեռնի բնության պատմության թանգարանում

Հավելեմ, որ Բարրի անունով այս բարի շան պատմությունը բազմիցս հիշատակվում է եվրոպական գեղարվեստական գրականության, փաստավավերագրության մեջ և կինեմատոգրաֆիայում: Ասեմ նաև, որ 19-րդ դարից ի վեր Սեն-Բերնարի վանքի շներից մեկին ավանդաբար անվանակոչում են Բարրի, իսկ 2004 թվականից առ այսօր գործում է Բարրիի անվան հիմնադրամը, որը ստեղծվել է վանքին կից գործող շնաբուծարանում սենբերնար ցեղատեսակի շների բուծման ծախսերը հոգալու նպատակով:

Ահա և մի հերոս շան պատմություն, որը փառքով ապրել է` դժվարամատչելի ու ձյունածածկ լեռներում երկար տարիներ փրկելով մարդկանց: Ճշմարտության համար, սակայն, պետք է նշեմ, որ կան մարդիկ, որոնք, այնուամենայնիվ, հակված են հավատալու, որ Բարրիի հուշարձանի պատվանդանին գրված մակագրությունն է ճիշտը, և որ շունը իսկապես դժբախտ վախճան է ունեցել, երբ զինվորականը թյուրիմացաբար սպանել է նրան: Կան և այնպիսիք, ովքեր ավելի հակված են հավատալու նրան, թե իրականում երկու դեպքերն էլ եղել են, և դրանք կազմում են Բարրիի փառավոր կենսագրության էջերը: Թե որ վարկածն է առավել համապատասխանում իրականությանը` թողնում եմ Ձեզ: Երկու հարյուր տարվա վաղեմության այս դեպքերն այսօր մեզ հազիվ թե օգնեն լիարժեքորեն իմանալու, թե ի վերջո ո՞ր վարկածն է լիովին համապատասխանում իրականությանը և որը` ոչ: Սակայն մեծ հաշվով մի՞թե հարցը դա է, մի՞թե դա է կարևորը: Կարևորն այն է, որ Բարրին, և ոչ միայն նա, փրկել է մարդկանց, ծառայել նրանց մեծ նվիրումով ու հավատարմորեն, և մարդիկ, ի նշան երախտագիտության, նրան հուշարձան են կանգնեցրել:

Բարրիի հուշարձանը հուշարձան է իրենց պարտքին և մարդուն հավատարիմ բոլոր շներին (լինեն դրանք ցեղական թե փողոցային): Կարելի է անվերջ պատմել հազարավոր շների մասին, որոնք անձնուրացաբար ծառայել են մարդուն` իրենց կարևոր ներբերումն ունենալով հենց նույն` մարդու պատմության մեջ և նպաստելով մարդ-բնություն անխախտ հարաբերության հարատևմանը և հարստացմանը: Մենք պարտավոր ենք պահպանել բնությունը և նրա բոլոր բնակիչներին, որպեսզի չխաթարվի այդ փխրուն հարաբերության ներդաշնակությունը:
Այսքանը, սիրելի ընթերցող: Հուսով եմ` այս պատմությունը հետաքրքիր էր և օգտակար:
© Առլեն Շահվերդյան, 24.02.2012

Որքան կյանք կա աչքերում…

Ուշադիր նայեք ներքևում այս փոքրիկին, մի՞թե հնարավոր է չսիրել այս շնիկին ու մյուս բոլոր կենդանիներին: Մի՞թե հնարավոր է հոգ չտանել նրանց, չտեսնել նրանց աչքերում նվիրվածություն ու անսահման սեր մարդու և նրա կողմից եկող հոգածության նկատմամբ: Բավական է սիրել ու խնամել որևէ կենդանու, և նա մինչև կյանքի վերջ հավատարիմ է մնում մեզ` ասես փորձելով փոխհատուցել մեր լավ, բարի ու հոգատար վերաբերմունքը: Չէ՞ որ այս հատկությունը շատ հաճախ պակասում է մեր` մարդկանց շրջանում: Մարդիկ հաճախ դաժան են, դաժան ոչ միայն կենդանիների, այլև հենց միմյանց նկատմամբ: Թվում է, թե հոգսաշատ, գորշ, խնդիրներով լի մեր ներկայիս կյանքում այնքան դժվար է ապրելը, առօրյա կյանքը, որ ոչ ժամանակ, ոչ էլ ցանկություն պիտի մնար հետաքրքրվելու բնությունով, ճանաչելու այն ու սիրելու, փորձելու պահպանել շրջակա միջավայրը: Սակայն իրականում կյանքը հիասքանչ է, գեղեցիկ, այն գորշ չէ, այլ գունեղ է, և բավական է նայել այս փոքրիկ շնիկի աչքերին` հասկանալու համար, թե որքան անմեղ են նրանք ու որքան անպաշտպան, հասկանալու ու տեսնելու համար, թե որքան կյանք կա նրա աչքերում: Մենք էլ ենք հաճախ անպաշտպան մեր իսկ ստեղծած աշխարհում: Երկաթբետոնե այս դարում մենք էլ ենք հաճախ նմանվում անպաշտպան արարածների: Սակայն անգամ այդ պահին մենք պիտի մեր մեջ ուժ գտնենք չմոռանալու, որ մեզանից ավելի փոքրեր էլ կան, փոքրեր ոչ թե չափսերի առումով, այլ այն առումով, որ մենք ունենք բանականություն: Հենց դա է, որ առաջին հերթին մեզ պետք է պարտավորեցնի հոգալ և մեր մասին, և չմոռանալ ու հոգալ կենդանիների մասին; Չէ՞ որ, ունենալով բանականություն, մենք պատասխանատվություն ենք կրում Երկիր մոլորակի անվտանգ գոյության ու հարաևության, մոլորակի բնության պահպանության և նրա բոլոր արարածների կյանքի գոյության ապահովման համար: Կարող է այս խոսքերը շատ լիրիկական, շատ միամիտ կամ էլ ռոմանտիկ են հնչում ոմանց համար: Ասեմ, որ եթե նրանց այս ամենը գոնե ռոմանտիկ է թվում, ապա դա հույս է ներշնչում, որ լրիվ չի կործանվել, խեղաթյուրվել ու ապականվել նրանց զգայական, հուզական աշխարհը, նրանց կիսադատարկ կամ փողով լի ներաշխարհը: Իսկ մարդկության առաջադեմ մեծամասնության համար «սիրենք ու պահանենք բնությունը» կամ «հոգ տանենք բնության նկատմամբ» խոսքերը ոչ թե լիրիկական զեղումներ են կամ ռոմանտիկ կոչեր, այլ ԿԵՆՍԱԿԵՐՊ:
Հարկավոր է սիրել իրար, սիրել ու հարգել, սիրել բնությունը: Երբ մարդիկ սիրում են կյանքը, սիրում են մարդկանց ու բնությունը, ապա այդ սերը բումերանգի պես հետ է գալիս: Բնությունը պարուրում է մեզ իր հոգատարությամբ ու ասես շնորհակալությու հայտնում մեր սիրո ու հոգածության համար: Մի տեսեք, թե որքան քիչ բան է հարկավոր այս փոքրիկ շնիկին` մարդու ձոռքում այսպես հրվելու համար, ասես աշխարհն իրենն է: Իսկապես, երբեմն այնքան քիչ բան է պետք սիրելի մարդուն երջանկացնելու, նրա կյանքը բերկրանքով ու երջանկությամբ լցնելու համար, կամ էլ սիրելի կենդանուն ցույց տալու համար քո հոգատարությունը: Շատ քիչ բան, իսկապես` հաճախ  շատ քիչ բան է պետք աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնելու համար: Սակայն դրա համար նախ շատ քիչ, բայց անհրաժեշտ, կաևոր փոփոխություն պիտի ապրենք նախ մենք` մեր ներսում:
Այսքանը, վերջում առաջարկում եմ կարդալ նաև «Ես կարոտել եմ քեզ…» գրառումս:
© Առլեն Շահվերդյան, 24.01.2012

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 4,098 other followers

%d bloggers like this: