Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'ընձառյուծ'

Tag Archives: ընձառյուծ

Դադարեցնե՛նք ավերումն աշխարհի / Let’s Stop the Destruction of the World!

Դադարեցնե՛նք ավերումն աշխարհի

Մոլորակի ամե՛ն երակ, ամե՛ն շնչող թուփ ու ծառ,
Մարդու նման կենդանի՛ է, Մարդու նման կարևո՛ր,
Ամե՛ն Գազան արարո՜ւմն է Աստծո մտքի երկնափառ,
Ամե՛ն Թռչուն, Ձուկ ու Սողուն բացառի՛կ է իրենով:

Մարդը մե՛կն է այս աշխարհի ապրողներից բյուրավոր,
Աստված նրա՛ն շնորհեց ձիրքը պահպանելու բոլորին,
Բայց դրժելով Աստծո խոսքը՝ Մարդն, արարքով հրեշավոր,
Դաժանությո՛ւն ու արհավի՛րք բերեց փխրո՜ւն աշխարհին:

Մոռանալով իրեն տրված պատգամն՝ Աստծուց երկնային,
Մարդը հյուծեց Բնությանը իր անկշտո՛ւմ էությամբ,
Նա իր վայրա՛գ մղումներով ջարդեց մե՜ջքը աշխարհի,
Մազից կախված բազո՜ւմ կյանքեր թողեց կռվում գոյությա՛ն:

Իրեն թվաց, թե վերջ ու չափ չունի՛ Երկրի բարիքը,
Ձո՜ւկն է վխտում մեծ օվկիանում, ինչքա՜ն ուզի կհանի,
Սակայն օդո՛ւմ, ջրո՛ւմ, հողո՛ւմ նա ավարտեց գալիքը,
Որ դե՜ռ պիտի վայելեին սերունդնե՜րը պատանի:

Ու հե՛տ նայեց Մարդը մի պահ, տեսավ ավե՜ր ու կորո՜ւստ,
Հավե՛տ կորսված Կենդանիներ ու ծառազո՜ւրկ տափաստան,
Երկու ձեռքով խփեց գլխի՛ն, ուր պսակ կար ի վերուստ,
Աստծո ձեռամբ դրված նրա մտքի վրա բանակա՛ն:

Մարդը ոռնա՜ծ մենությունից, շուրջը գո՛րշ էր, ահավո՜ր,
Ամե՛ն մեռնող կյանքի համար նա վերստի՛ն մահացավ,
Այս ի՞նչ արեց իր իսկ ձեռքով՝ անփառունա՛կ, հանցավո՛ր,
Գիտակցելով իմաստնացավ՝ լուռ մեռնողի ցավությա՜մբ:

Եվ հողի մեջ արմատի պես ճյուղե՛ր ձգեց կենարար,
Որ ցողուն տա ու նորովի՛ ապրի կյանքը արժանի,
Եվ ընդունի, որ աշխարհում Աստծո ամե՛ն արարած
Կարևո՛ր է, որ կյանքը այս չմոխրանա ու մեռնի:

Որ աշխարհում հավե՜տ իշխեն խաղաղությո՛ւնն ու բարի՛ն
Եվ համերա՛շխ ապրեն Մարդն ու Գազանները՝ փոքրումեծ,
Պահպանելո՛վ ու սիրելո՛վ Բնությո՜ւնն Աստվածային
Մարդը նորի՛ց հետ կստանա գլխի պսա՜կը անեղծ:

Եվ սերունդները գալիք՝ հպարտությա՜մբ զավակի,
Մեզ կգովե՜ն ու չե՛ն գամի ամոթանքի սյուներին,
Թե կանգնեցնենք կործանումը մեր հրա՜շք Մոլորակի,
Այն իր սիրո՜վ ու ջերմությա՜մբ կհատուցի բոլորին:

Առլեն Շահվերդյան

© Գրել եմ՝ 16.11.2017

Հարգելի Ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

Երկիր մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր արարած ունի ապրելու իրավունք: Մենք` մարդիկ, պետք է հասկանանք, որ այսպիսի դաժանությամբ օր-օրի կործանում ենք մոլորակը: Դադարեցնե՛նք ոչնչացնել Բնությունը, բավական է սպանենք կենդանիներին, բավական է այսպես դաժան վարվենք նրանց հանդեպ: Թողնենք, որ կենդանիներն ապրեն անվտանգ ու խաղաղ` վայելելով կյանքի բերկրանքն ու ուրախությունը: Ապրենք կենդանիների և ամբողջ Բնության հետ խաղաղության ու ներդաշնակության մեջ և չմոռանանք, որ մենք Բնության մի մասնիկն ենք: 

Սպանված ու մաշկված յագուար (Panthera onca), Ալտո Պուրուս շրջան, պերուական Ամազոնիա (Լուսանկարը` Դիեգո Շուբրիջ) / Jaguar (Panthera onca) hunted and skinned in the Alto Purus area, Peruvian Amazon (Photo: Diego Shoobridge).
Աղբյուրը / The source: http://www.parkswatch.org/

Every Being living on the Planet Earth has a Right to Live. We – Humans must understand that we anniliate the Planet day by day. Let’s Stop to destroy the Nature. It is enough to kill Animals. It is enough to behave with them in such a cruel way. Let Animals live in secure and peace enjoying the beauty and happinnes of the Life. Let’s live in peace and harmony with Animals and with the whole Nature and  not forget that We are the part of the Nature.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

«Ապրելու իրավունք» գրքիս շնորհանդեսը` «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության բնապահպանական կոնֆերանսի շրջանակներում

Սիրելի՛ բարեկամներ, 2012 թ. ապրիլի 10-ին իմ կյանքում տեղի ունեցավ կարևոր և արժանահիշատակ իրադարձություն. Երևանի «Կոնգրես» հյուրանոցի Հանդիսությունների դահլիճում «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված բնապահպանական կոնֆերանսի ժամանակ կայացավ «Ապրելու իրավունք» գրքիս շնորհանդեսը: Ավելին. կոնֆերանսի առաջին ելույթն իմն էր` որպես գրքի հեղինակի: Ես պատիվ և հնարավորություն ունեցա նման լսարանի առջև հանդես գալու որպես գրող և հանրությանը հրապարակավ ու պաշտոնապես ներկայացնելու իմ մենագրական գիրքը:

Շնորհակալ եմ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին, որ իմ գրքի շնորհանդեսը որոշեց ընդգրկել այդ միջոցառման շրջանակներում: Այս պահին առաջարկում եմ Ձեզ դիտելու իմ ելույթն ամբողջությամբ`

Ելույթին հաջորդեց նաև մասնակիցներին գրքիս նվիրատվության հաճելի ու գեղեցիկ արարողությունը: Ես սիրով մակագրեցի ու նվիրեցի գիրքս բազմաթիվ ընթերցողների: Շատ ոգևորված եմ, որ բոլորը` ոչ միայն ոլորտի մասնագետները, այլև տարբեր բնագավառների մարդիկ, մեծ հետաքրքրությամբ ու հաճույքով էին ծանոթանում գրքիս` արված աշխատանքի հասցեին հայտնելով իրենց գովեստի ու գոհունակության խոսքերը: Ջերմորեն ողջունվեց նաև շնորհանդեսին հնչած ելույթս: Շատերն ինձ արդեն ճանաչում էին և անկեղծորեն ուրախ էին հենց հեղինակից ստանալու գիրքը, որին արդեն ծանոթ էին իմ բլոգից:

Սիրելի՛ բարեկամներ, մեծ ոգևորումով ու հաճույքով կիսվում եմ Ձեզ հետ իմ այս ուրախությամբ և շատ շնորհակալ եմ բոլորիդ` գրքիս շնորհանդեսի առնչությամբ Ձեզանից ստացվող բարի արձագանքների և անկեղծ ուրախության համար: Շարունակ ստանում եմ ջերմ շնորհավորանքներ և գոհունակության խոսքեր, ինչը վկայում է, որ ինձ համար սրտանց ուրախանում եք և որ այս աշխատանքը իզուր չի արվել: Դա անչափ ոգևորում է ինձ և պատիվ բերում:

Շնորհանդեսի պահին:

Եվս մեկ ուրախալի հանգամանքի մասին: Դուք գիտեք, որ ես իմ բլոգում տեղադրում եմ տպագրված գրքերիս էլեկտրոնային տարբերակները, որպեսզի գրքերս իսկապես հասանելի լինեն մարդկանց ու մարդիկ ընթերցեն: Եվ ահա, ես պատրաստում եմ «Ապրելու իրավունք» գրքի էլեկտրոնային տարբերակը, որը նույնպես կտեղադրվի իմ բլոգ-կայքում, և նրանք, ովքեր ցանկանում են ծանոթանալ գրքին ու ընթերցել այն` կկարողանան անել դա հենց իմ բլոգում:

Ուզում եմ ավելի մանրամասն կերպով անդրադառնալ բնապահպանական այս կոնֆերանսին: Այն նախագահում էր Գագիկ Սուխուդյանը («Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն), բացման խոսքով հանդես եկավ Ապրես Զոհրաբյանը («Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն): Ուզում եմ նշել, որ կոնֆերանսն իր բնույթով օգտակար և ներկայումս խիստ մտահոգող բնապահպանական խնդիրներին իրապես բաց ճակատով, պարզ ու համարձակորեն անդրադարձող մասնագիտական մի ժողովում էր: Քննարկում, որի բոլոր կողմերը կիսում էին «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության և բոլոր բնասերներ մարդկանց մտահոգություններն այն մասին, թե ինչպես են վերջին տարիներին Հայաստանում աննախադեպ չափերի հասել բնության ավերումը և բնական ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը: Բացվում են նոր հանքավայրեր, չեն դադարում «օրինական» և ապօրինի անտառահատումները, հողերի աղտոտումը հասնում է աղետալի չափերի, ջրային ավազանը «հարստանում է» տարբեր աղտոտիչներով և այլն: Եթե այսպես շարունակվի, ապա հետևանքներն իրոք աղետալի և անդառնալի կլինեն: Բնապահպանության որոշ հարցերում` արդեն այդպիսին են: Կարծում եմ, որ մենք պետք է հստակ գիտակցենք, որ այս բնությունը ՄԵՐ բնությունն է, օտարինը չէ և չի՛ կարելի օտարաբար, մի տեսակ` արհամարհանքով ու չարակամորեն վնասել այն, փչացնել, չարաշահել: Մեզանում բնապահպանական խնդիրները շատ-շատ են, և ես ուրախ եմ, որ այս կոնֆերանսը ևս մեկ լավ առիթ էր բնապահպաններին` կիսելու իրենց մտահգությունները, փորձելու մեկտեղել ջանքերը, համախմբվելու և գործնականում իրագործելու բոլոր բարի նպատակները` ի շահ մեր հայրենի բնության պահպանման ու հարատևման, ի շահ մեր պետության անխախտ, կայուն զարգացման: Ուրախալի է, որ կոնֆերանսը ուղղակի հերթական հավաք չէր, և բացի նրանից, որ նպատակ էր հետապնդում ևս մեկ անգամ հանրությանը ներկայացնելու ՀՀ բնապահպանական ամենահրատապ խնդիրները, այն նաև առաջարկում էր իրավիճակից դուրս գալու իրատեսական լուծումներ: Ի դեպ, որպես իրավիճակից դուրս գալու տարբերակ, «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջարկվում էր նաև դիտարկել բնապահպանության ոլորտում հանրային տեսչության/մոնիտորինգային մարմնի ձևավորման և հատուկ բնապահպանական հիմնադրամի ստեղծման հարցերը, որոնք կարող են արդյունավետ, համակարգող ու համադասող գործիքներ դառնալ ներկայիս բնապահպանական հիմնախնդիրների լուծման, բնապահպանական կառույցների միջև արդյունավետ փոխգործակցության և մեր երկրի զարգացման համար:

Բնապահպանական կոնֆերանսի ժամանակ

Կոնֆերանսին իրենց զեկուցումներով հանդես եկան բնապահպանական բնագավառի հայտնի ու կարկառուն ներկայացուցիչներ, անվանի բնապահպաններ: Զեկուցումների համար ընտրվել էին ներկայիս ամենահրատապ և ճգնաժամային իրավիճակում գտնվող ոլորտները` հանքարդյունաբերություն, քաղաքաշինություն, անտառներ, ջրերի աղտոտում, կենսաբազմազանություն. հատուկ պահպանվող տարածքներ: Հակոբ Սանասարյանը («Հայաստանի կանաչների միություն») իր ելույթում անդրադարձավ հանքարդյունաբերության ներկա վիճակին ու հանքարդյունաբերական թափոնների ահագնացող չափերին: Երևանի քաղաքաշինական ռիսկերի մասին հանգամանալից կերպով խոսեց Կարինե Դանիելյանը («Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»)` իր հետաքրքիր և շատ արժեքավոր զեկուցման մեջ մանրամասն կերպով ներկայացնելով այս իմաստով Երևանում առկա խիստ տխուր պատկերը և հնարավոր աղետալի զարգացումները:

«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի ելույթը: Ձախից` աջ. Ապրես Զոհրաբյան, Գագիկ Սուխուդյան:

Հանքարդյունաբերության էկոլոգիական ռիսկերի մասին իրենց կենտրոնի հետազոտությունները ներկայացրեց Արմեն Սաղաթելյանը («Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն»): Հետաքրքիր ելույթով հանդես եկավ Քնարիկ Հովհաննիսյանը և իր` որպես փորձագետի, ուշագրավ մեկնաբանությունները տվեց ՀՀ ջրային ռեսուրսների  աղտոտվածության վիճակի վերաբերյալ: ՀՀ անտառների ներկա վիճակին էր անդրադառնում Անի Հայկունու զեկուցումը («Հայաստան-ծառատունկ» ծրագիր):

Լուսանկարում (աջից` ձախ)` Կարեն Մանվելյան, Գագիկ Սուխուդյան:

Իր ընդգրկուն և կարևոր զեկուցումով հանդես եկավ Կարեն Մանվելյանը («Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ»), որը պատիվ ունեմ առաջարկելու Ձեզ դիտել այժմ ամբողջությամբ`

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մանվելյանի «Կենսաբազմազանություն. բնության հատուկ պահպանվող տարածքներ» խորագրով ելույթը:

Կոնֆերանսն ամփոփեց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արման Վերմիշյանը:
Սիրելի բարեկամներ, ինչպես տեսնում եք` կոնֆերանսի բովանդակային ընդգրկումն ու շրջանակը, թեմաների ընտրությունը, հրավիրված մասնագետների կազմն ու նրանց զեկուցումների կարևորությունը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու, թե որքան անհրաժեշտ, արդյունավետ ու կարևոր էր այս հանդիպումը:

Վերջում հատուկ ուզում եմ նշել, որ հոդվածում օգտագործված լուսանկարները և տեսագրությունները օգտագործման բացառիկ իրավունքով ինձ տրամադրվել են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) կողմից: Լուսանկարների և տեսագրության հեղինակային իրավունքները պատկանում են WWF Armenia-ին: Բոլոր իրավունքները պաշտպանված են (Copyright, 2012): Խորին շնորհակալություն եմ հայտնում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանին, մասնաճյուղի Համագործակցության զարգացման բաժնի ղեկավար Արթուր Խոյեցյանին և WWF Armenia-ի ամբողջ անձնակազմին:

Այսքանը: Շնորհակալ եմ Ձեր ուշադրության համար: Ակնկալում եմ Ձեր կարծիքներն ու արձագանքը:
© Առլեն Շահվերդյան, 10.04.2012, 12.04.2012

ՀԱՏՈՒԿ ՀԱՎԵԼՈՒՄ. Հարգելի՛ բարեկամներ, վերջում կցանկանայի նշել, որ կոնֆերանսը, ինչպես նաև «Ապրելու իրավունք» գիրքս, առանձին հրապարակումներով լուսաբանվել և լուսաբանվում է էլեկտրոնային մամուլով և հեռուստատեսությամբ: Առաջարկում եմ ծանոթանալ դրանցից մի քանիսին`

  1. «ԱՐ» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական ծրագրի այսօր պատրաստած տեսանյութը կոնֆերանսի վերաբերյալ, որում նշվում է նաև իմ գրքի մասին:
  2. «www.panarmenian.net» լրատվական գործակալության ֆոտոռեպորտաժը կոնֆերանսի վերաբերյալ և ապրիլի 10-ի ֆոտոռեպորտաժների շարքը, այդ թվում` կոնֆերանսը:
  3. «Իննսունական թվականներից Հայաստանում փողը հայտարարվեց Աստված. Ապրես Զոհրաբյան» հոդվածը` «www.tert.am» լրատվական գործակալության կայքում:
  4. «Իննսունական թվականներից Հայաստանում փողը հայտարարվեց Աստված. Ապրես Զոհրաբյան» հոդվածը` «www.armtown.com» կայքում:
  5. «Բնապահպանները մեկ րոպե լռությամբ հարգեցին Թեղուտի «սպանդը»» հոդվածը` «www.1in.am» լրատվական գործակալության կայքում:
  6. «Ա. Զոհրաբյան. Հայաստանում փողը հայտարարվեց Աստված» հոդվածը` «www.armlur.am» կայքում:
  7. «Մարդիկ» կայքում ««Ապրելու իրավունք». գիրք առյուծների մասին» հոդվածը:
  8. «Մեկ րոպե լռությամբ հարգեցին Թեղուտի «սպանդը»» հոդվածը` «www.top-news.am» լրատվական կայքում:
  9. ««Ապրելու իրավունք». լույս է տեսել առյուծների մասին գիրք» հոդվածը` «www.tert.am» լրատվական գործակալության կայքում:
  10. «Բնապահպանական կոնֆերանսի ժամանակը բավարար չէր հիմնախնդիրները թվարկելու համար» հոդվածը` «Econews.am» տեղեկատվական բնապահպանական կայքում:
  11. «Լույս է տեսել Առլեն Շահվերդյանի «Ապրելու իրավունք» գիրքը» հոդվածը` «Նոյյան տապան» լրատվական գործակալության կայքում:
  12. «Ապրելու իրավունք» հոդվածը` «HayNews.am» լրատվական գործակալության կայքում:
  13. «Ապրելու իրավունք» հոդվածը` «NewsRoom.am» լրատվական կայքում:
  14. ««Ապրելու իրավունք». լույս է տեսել առյուծների մասին գիրք» հոդվածը` «www.Armtown.com» լրատվական գործակալության կայքում:
  15. ««Ապրելու իրավունք». լույս է տեսել առյուծների մասին գիրք» հոդվածը` «www.Hamaynk.com» իրանահայ լրատվական ցանցում:
  16. «Ապրելու իրավունք» հոդվածը` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի բլոգում:

Թռչկանի ջրվեժի ձայնից էլ բա՛րձր…

Սիրելի՛ բարեկամներ, բազմամյա անտարբերության դրսևորումներից հետո մեր հասարակության մեջ վերջապե՛ս գրանցվում է այն միտումը, որ հասարակությունը և, հատկապես` դրա բնասեր ու բնապահպան հատվածը, անտարբեր չի մնում բնությունը անխնա ու անխոհեմ կերպով շահագործելու, այն ակնհայտորեն վնասելու քայլերին:

Այսօր լրագրողների հետ հանդիպեցին «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության հեղինակներն ու բնապահպանները: Հանդիպումը լուսաբանվեց ԶԼՄ-ների կողմից: Ես այս ընթացքում ուշադիր հետևել եմ բարձրացված հարցի ընթացքին ու բոլոր զարգացումներին և իմ հոգու պարտքը համարեցի առանձին այս հոդվածքով անդրադառնալ Թռչկանի խնդրին և այս խնդրի լուծման հարցում գրանցված ակնհայտ, շոշափելի և ոգևորիչ հաջողություններին:

Նախ ներկայացնեմ մի քանի լրատվական անդրադարձ: «Այս անգամ հանդիպումը, ինչպես բանախոսներն են ասել, առաջին հաղթանակից հետո էր: Նախաձեռնության ակտիվիստներին հաջողվել է դադարեցնել Թռչկանում ՀԷԿ կառուցելու ծրագիրը: Հանրապետության նախագահի հանձնարարականով ջրվեժին հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ է տրվել, ինչը նշանակում է, որ Թռչկանի տարածքում ցանկացած գործունեություն պետք է պայմանավորվի նրա անձնագրով: Խնդիրն այն է, սակայն, որ այս ջրվեժը անձնագիր չունի: Ու հենց դա է պատճառը, որ այսօր հրարավոր չէ հստակ որոշել ինչ կարգավիճակ տալ Թռչկանին` արգելոցի, արգելավայրի, թե ազգային պարկի: Բնապահպանության նախարարությունում խոստացել են առաջիկա մեկ տարում լուծել այդ խնդիրը: Բնապահպաններն ու ակտիվիստները պահանջում են անձնագրավորման աշխատանքներին ներգրավվել նաև իրենց»,-նշվում է «http://www.shanttv.com» կայքում զետեղված տեսանյութում:

««Թռչկանի ջրվեժը կարծես փրկված է, բայց մեր անելիքները դեռ շատ են: Մեր միսիան ավարտված է այնքանով, որ մեր վրանային ավանի երիտասարդ բնակիչները վերադարձել են Երևան, բայց Թռչկանում և, ընդհանրապես, բնապահպանական ոլորտում անելիքները շատ են, և մենք կշարունակենք գործել տասնապատիկ եռանդով», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնող խմբի անդամ Արման Վերմիշյանը», – նշվում է «Թերթ.am» լրատվական գործակալության կայքում զետեղված հոդվածում:

«Համապատասխան կառույցների հետ համակարգելով այս հարցը` մենք կսկսենք այնտեղ անտառվերականգնման աշխատանքներ, որը կնապաստի սողանքների ինչ-որ չափով պահպանությանը և, իհարկե, այնտեղի կենսաբազմազանության պահպանությանը», -հանդիպման ժամանակ ասել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) տնօրեն Կարեն Մանվելյանը»: Այս մասին նշվում է «http://news.armeniatv.com» կայքում զետեղված տեսանյութումWWF հայաստանյան մասնաճյուղի գործունեությանը ծանոթացեք նաև մասնաճյուղի պաշտոնական կայքում: Հավելեմ, որ մասնաճյուղի բնապահպանական շնորհակալ գործունեությանը ես ժամանակին անդրադարձել եմ նաև կովկասյան ընձառյուծի մասին պատմող «Նրանք անհետացման եզրին են…» վերնագրով հրապարակմանս մեջ:   

Ի մի բերելով այս հրապարակումները` ես ուզում եմ անդրադառնալ Թռչկանի հարցի մեկ այլ շատ կարևոր ասպեկտի: Վերջապե՛ս մեր հասարակության մեջ նկատելի են քաղաքացիական գիտակցության հասունացման, զարգացման ու հետզհետե կայացման սաղմեր: Չէ՞ որ եթե Թռչկանի փրկության օրինակը ամրագրվի օրենքով, ջրվեժը ապահովվի անձնագրով, հստակեցվեն նրա պահպանության սահմանները, անվավեր ճանաչվեն շինարարություն սկսելու բոլոր թույլտվությունները, տրվեն հստակ ու կայուն երաշխիքներ, որ այսօրինակ դեպքն այլևս չի կրկնվի, պատժվեն բոլոր նրանք, ովքեր շահադիտական նպատակներով փորձեցին վնասել ջրվեժին, ապա կարելի կլինի արձանագրել, որ Թռչկանի օրինակը նախադեպ է և հետայսու զգաստացնող իրողություն ու հիշեցում բոլորին: Սակայն, ինչպես երևում է վերը թվարկածից, անելիքները դեռ շատ են. ՀԷԿ-ի շինարարական աշխատանքների արդյունքում մեծապես տուժել է Թռչկանի էկոհամակարգը, առաջացել են նաև սողանքավտանգ տարածքներ, որոնք լավ ուսումնասիրության և վերականգնման կարիք ունեն: Ինչևէ մեր հասարակությունը և, հատկապես` նրա երիտասարդ ու բնասեր ակտիվիստները ապահովեցին Թռչկանի ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ: Այս կարևոր հարցադրումը խիստ հոգեհարազատ է նաև ինձ, և մեր մոլորակի կենդանի ու անկենդան բնության, նրա բոլոր արարածների ու տարածքների ապրելու իրավունքի ապահովման, կենսաբազմազանության պահպանության մասին ես մշտապես գրում եմ այս բլոգ-կայքում և անդրադառնում եմ նաև իմ «Ապրելու իրավունք» գրքում:

Ճիշտ է, Թռչկանի հարցում այսօր վերջակետը դեռ դրված չէ: Եվ թեև պայքարը տվեց իր ցանկալի ու աննախադեպ արդյունքները, և ՀԷԿ-ի շինարարությունը դադարեցված է ու ծանր տեխնիկան էլ հեռացված է տարածքից, սակայն ջրվեժը կարող է ցանկացած պահին կրկին խոցելի լինել: Միևնույն ժամանակ վստահ եմ, որ այսուհետև Թռչկանը ու նրա պես բնական հրաշքներն ունեն իրենց արժանի ու հավատարիմ պահապաններին: Եվ ահա ես ի սրտե ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց ուժեղ կամքով ու ֆիզիկական ներկայությամբ տեղում կանխեցին արհավիրքը: Չէ՞ որ ջրվեժի ոչնչացումը, նրա էկոհամակարգի խաթարումը իսկական բնական արհավիրք, աղետ կլինեին: Թռչկանի փրկությունը իսկապես ձեռքբերում է, սակայն չպետք է կանգ առնել: Ես ուրախանում եմ այս էկոլոգիական զարթոնքի, բնապահպանական բումի, հեղափոխական այս հաղթանակի համար, ինչպես իրենք բնապահպաններն ու Թռչկանի փրկության ակտիվիստներն են այսօր որակել: Ողջունում եմ այն հաստատակամությունը, որի շնորհիվ նրանք լսելի դարձրեցին իրենց ձայնը, որն այս անգամ Թռչկանի ջրվեժի գահավիժող ջրի ձայնից էլ բա՛րձր հնչեց: 

Այսօր բնապահպանների շնորհիվ Թռչկանի արտաքին տեսքին բան չի սպառնում, ջրվեժից վերև ջուր վերցնելու հարցը փակված է: Սակայն եթե արտաքնապես փրկված է Թռչկանը և մեր հայրենիքի այդ մի կտոր աշխարհին այլև վտանգ չի սպառնում, ապա ժամանակն է, որ փրկենք նաև շատերիս ներքին աշխարհը, փրկենք շահամոլությունից ու նյութապաշտությունից, հասկանանք, որ միայն փողով, hասույթով, կապիտալով չէ, որ հարուստ են լինում: Բնությունն էլ է հարստություն, անմահ ու անգին «կապիտալ», բոլորիս «կապիտալը»: Ոչ մեկը մահանալուց հետո իր հետ չի տանում իր ունեցվածքը, և եթե նա այս կյանքում բարի համբավ ու լավ անուն չի թողնում, ապա վստահ կարելի է ասել, որ նա այդ կյանքը չի էլ ապրել, ուղղակի դատարկություն է եղել, «пустое место»` անթույլատրելիորեն տեղ զբաղեցնելով այս մոլորակի վրա այն դեպքում, երբ շատերն այդ տեղը շատ ավելի արժանիորեն կարող են զբաղեցնել: Իսկ եթե կյանքդ ապրում ես որպես «пустое место», ապա կյանքիդ օրոք թվացյալ վայելքներդ էլ պարզապես ծիծաղելի են դառնում ու ողորմելի, իսկ ժառանգներդ էլ քեզ հիշում են գլուխները կախ:

Սիրելինե՛րս, ես խանդավառվում եմ, որ մեր հասարակությունը մի տեսակ ակտիվացել է ու բնապահպանական առումով կամաց-կամաց հասունանում է, սկսում է հասկանալ, արժեվորել ու գնահատել իր հայրենի բնությունը: Դրան նպաստում են, իհարկե, սրտացավ մարդկանց, շահագրգիռ կառույցների համախմբումը մեկ նպատակի շուրջ, սոց-ցանցերի գործիքարանի ճիշտ, լավ նպատակի համար ծառայող հստակ ու հասցեական կերպով օգտագործումը: Վերջապե՛ս մեր հասարակությունը տեսավ, որ այո՛, հարկ եղած դեպքում մարդիկ կարող են կանգնել անգամ բուլդոզերների դեմ ու փրկել փխրուն ու չքնաղ մի ջրվեժ` այդպիսով փրկելով բոլորիս, փրկելով նույն այդ բուլդոզերները գործի դրած մարդկանց երեխաների ապագան: 

Բնապահպան, հարգելի տիկին Կարինե Դանիելյանի բնորոշմամբ` վերջին 20 տարիների ընթացքում ակնհայտ է դարձել, որ հայերը չեն սիրում ու չեն կարողանում պաշտպանել բնությունը: Թռչկանի օրինակը ստիպում է հավատալ, որ հայերիս մեջ վերջապես գրանցվում է այդ շարժը, բնությանը խնամքով վերաբերվելու միտումը: Եվ ուրեմն. «Սառույցը շարժվե՜ց, պարոնա՛յք երդվյալ ատենակալնե՛ր», – ինչպես կասեր Օստապ Բենդերը:

Ես շնորհավորում և ողջունում եմ Ձեզ բոլորիդ, սիրելի՛ բնապահպաններ ու Թռչկանի պահպանման ակտիվիստնե՛ր: Ձեզանից ոմանց, մասնավորապես` իմ շատ հարգելի պարոն Կարեն Մանվելյանին պատիվ ունեմ ծանոթ լինելու նաև անձամբ: Սիրելի՛ երիտասարդ բարեկամներ, իմ ու մեր այն համաքաղաքացիներ, որոնք այս օրերին ապրում էին Թռչկանի կողքին` իրենց ձեռքը պահելով Թռչկանի զարկերակին: Ձեզ եմ հղում երախտիքիս այս խոսքը` Ձեր կարևոր ու նվիրյալ գործունեության համար: Շնորհակալությո՛ւն, որ այսօր Թռչկան ջրվեժը շարունակում է ապրել, շնորհակալությո՛ւն նրա ապրելու իրավունքը պաշտպանելու համար:

Հեղինակ`
Առլեն Շահվերդյան
© «Arlenshah.wordpress.com» հեղինակային բլոգ-կայք, 08.11.2011

Թռչկանի ջրվեժի լուսանկարը` Էդգար Մարուքյանի 

Նրանք գտնվում են անհետացման վտանգի տակ / They are under threat of extinction!

This slideshow requires JavaScript.

Հայաստանի բնաշխարհը հարուստ է ու բազմազան: Կենսաբազմազանության տեսակետից մեր երկիրը յուրահատուկ է ամբողջ Հարավային Կովկասում: Մեր բնաշխարհի մի մասնիկն է նաև կովկասյան կամ առաջավորասիական ընձառյուծը, որի թվաքանակը, ցավոք, չափազանց քիչ է. Հայաստանում մնացել է ընդամենը մի քանի կովկասյան ընձառյուծ: Նրանք ունեն մեր հոգածության և պահպանության կարիքը: Այս ուժեղ կենդանին այժմ գտնվում է շատ փխրուն վիճակում` ապրելով առանց այդ էլ արդեն նույնքան փխրուն էկոհամակարգում: Մեկ անզգույշ կամ անհեռատես քայլ` և մենք կկորցնենք կովկասյան ընձառյուծին: Ցավոք, նրան հատկապես սպառնում է որսագողությունը, որը թիվ մեկ խնդիրն է այս կենդանու անվտանգ գոյության ապահովման հարցում: Մենք պարտավոր ենք պահպանել նրանց, պահպանել մեր անկրկնելի բնության յուրաքանչյուր արարածին, չէ՞ որ նրանք բոլորն ունեն նույնպիսի ապրելու իրավունք, ինչպես և մենք: Իսկ պահպանելու համար պետք է ճանաչել ու սիրել ու գնահատել: Վայրի կենդանիներից շատերը ապրել են մեզանից` մարդկանցից, առաջ և, ով՞ գիտե, միգուցե ապրեն նաև մեզանից հետո: Այնպես որ, մենք իրավունք չունենք վերացնել նրանց: Մինչդեռ անօրինական որսագողությունն ու բնության անհեռատես ու անխնա կերպով շահագործումը հաճախ հասնում է աղետալի ծավալների: Բնապահպանական կառույցների և բնասեր անհատների ջանքերին հակառակ` ոմանք շարունակում են շահույթ ստանալու նպատակով դաժանորեն սպանել կենդանիներին, հատել անտառները, բնությունը դիտելով որպես իրենց սեփականությունը: Եթե այսպես շարունակվի, ապա մենք անվերադարձ կկորցնենք շատ վայրի կենդանիների, որոնք այսօր խիստ անպաշտպան են մարդու առջև: Հայաստանի բացառիկ բնաշխարհը նույնպես ունի մեր բոլորի հոգածության, ուշադրության, խնամքի կարիքը: Յուրաքանչյուրս մեր տեղում և մեր կարողությունների չափով պետք է օգնենք բնությանը հարատևելու: Ամեն մեկս մեր մասով պետք է նպաստենք բնապահպանությանը: Եթե գործունեության բերումով ի զորու չենք զգալի օգնություն ցուցաբերել կամ զգալի չափով, ակտիվորեն ներգրավվել բնապահպանական արդի խնդիրների լուծմանը, ապա գոնե պետք է մեր ունեցած հնարավորություններով ու լծակներով նպաստենք այդ խնդիրների վերհանմանը, լայնորեն արծարծմանը, գոնե պիտի ջանանք չփչացնել ու պահպանել այն ամենը, ինչը դեռ մնացել է, այն ամենը, ինչը մենք պետք է փոխանցենք գալիք սերունդներին: Այս համատեքստում խոսքը վերաբերվում է մեծ կամ փոքր բնապահպանական նպաստավոր քայլերին` սկսած ծառի ճյուղը անիմաստ, անտեղի կոտրելը բացառելուց մինչև շրջակա միջավայրը, մեր հայրենի բնությունը մաքուր ու անվնաս պահելը, մեր զավակներին, մեր հայրենակիցներին բնության նկատմամբ սեր ու գորովանք փոխանցելը: Եթե սիրենք մեր հայրենի բնությունը, ապա ավելի կսիրենք, կհարգենք ու կգնահատենք նաև միմյանց: Մեր հայրենի բնության մի գանձ էլ կովկասյան ընձառյուծն է: Նրա պահպանության և այդ խնդրի վերհանման հարցում մեծ է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia, ԲՀՀ Հայաստան) կարևոր դերը: Վայրի բնության այս բացառիկ գեղեցիկ ու հազվագյուտ կենդանատեսակի պահպանությանն ուղղված` «WWF Armenia»-ի շնորհակալ ջանքերի մասին առավել մանրամասն կարդացեք մասնաճյուղի կայքում:

© Առլեն Շահվերդյան, 15.05.2011, 11.01.2012
Ընձառյուծի լուսանկարները` © WWF Հայաստան / Ա. Մալխասյան / Ի. Խորոզյան / Մ. Բոյաջյան 

Read the English information about WWF Armenia’s efforts on Caucasian leopard Conservation.

Կարդա նաև նորագույն տեղեկույթը | Read also the newest info:

___________________________________________________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!

Կարդացեք Բնության համաշխարհային հիմնադրամի, «Երկրի ժամի», ինչպես նաև WWF-Հայաստանի վերաբերյալ իմ հոդվածները բլոգի «WWF-Armenia» բաժնում:

ATTENTION!

Read my articles about WWF, “Earth Hour” as well as WWF-Armenia in the “WWF-Armenia” Category of the blog.

________________________________________________________________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Բլոգի նոր այցելուներին և մշտական ընթերցողներին
Տարածեք այս հոդվածը ձեր ընկերների շրջանում: Հետևեք Բլոգիս Ֆեյսբուքի էջին, միացեք ինձ Ֆեյսբուքում կամ Թվիթերում՝ դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտեք ինձ Յութուբում:
Գրեք ինձ՝ shahverdyan.arlen@gmail.com էլ. փոստի հասցեին: Բաժանորդագրվեք բլոգին:
ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
To New Visitors and Constant Readers of the Blog
Share this article with your friends. Follow my Blog’s Facebook Pagejoin me on Facebook or Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube. Write me via E-mail: shahverdyan.arlen@gmail.com. Subscribe to this Blog.
Save the Planet Earth*
 Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
 Do not print out this page without need – think about the Environment
%d bloggers like this: