Home » Posts tagged 'երկրաշարժ'
Tag Archives: երկրաշարժ
Շարունակել ապրել. Երկրաշարժից տարիներ անց / Continue to live: years after the Earthquake
1988 թվականին 7 տարեկան էի, բայց ամեն բան հիշում եմ: Հիշում եմ ծնողներիս, բարեկամներիս վիշտն ու սարսափը, հիշում եմ, թե ինչպես էին մեզ թողնում տանն ու գնում այն ժամանակ՝ Լենինական, որպեսզի փնտրեն ու գտնեն կորածներին ու զոհվածներին, հիշում եմ մեր բարեկամուհու ցավալի մահը, հիշում եմ սարսափ առաջացնող պատմությունները աղետի գոտուց, հիշում եմ մեծահասակների արտասվակեզ ու այլայլված դեմքերը, երբ վերադառնում էին տուն ու կոկորդները սեղմելով փորձում բարձրաձայն չարտասվել, որ մենք՝ երեխաներս, չվախենանք: Երեխայի համար մեծահասակի սարսափած դեմքից ավելի սարսափելի բան չկա, չէ՞ որ մեծահասակի հայացքում երեխան միշտ փնտրում է խաղաղություն, վստահություն, հանգստություն, ուրախություն:
Տարիներ են անցել այդ ահավոր ու ավերիչ երկրաշարժից: Չկա հայ ընտանիք, որին այդ արհավիրքը շրջանցել է, լինի դա տան անդամի կորուստ, թե պարզապես ծանոթի: Տարիների հետահայաց դիրքից նայում ու լսում եմ աղետը վերապրածներին ու հավատում, որ մեր ժողովուրդը ուժեղ է և ունակ հաղթահարելու ամենադժվար փորձությունն անգամ, սրտում վառ պահելով հիշատակը՝ շարունակելու ժպտացող աչքերով նայել իր բալիկին:
Հպարտանում եմ նրանցով, ովքեր հաղթահարելով արհավիրքը, անցնելով այդքան դժվարությունների միջով շարունակել են ապրել:
Թող, որ լույսով պարուրվի Սպիտակում, Լենինականում (Գյումրի) և հայկական մյուս քաղաքներում ու բնակավայրերում երկրաշարժի զոհերի անմար հիշատակը: Թող, որ 1988-ին փլատակների տակից հնչած նրանց օգնության կանչերը մեզ միշտ հիշեցնեն ամենակարևորի մասին՝ սիրենք ու հոգ տանենք միմյանց նկատմամբ, միասնական լինենք ու միասին հաղթահարենք պատուհասած ցանկացած սպառնալիք կամ աղետ: Բոլոր ընտանիքներին մաղթում եմ ուժ ու կորով, ընտանեկան բարօրություն և անվտանգ, խաղաղ ու երջանիկ կյանք, իսկ մեր Պետությանը՝ հզորություն և բարգավաճում, որպեսզի այլևս չունենք աղետ գոտիներ, այլ կայուն զարգացմամբ քայլենք առաջ:
Սիրելի Ընթերցողներ, աշխարհահռչակ «Pour toi Arménie» հոգեցունց երգի առաջին իսկ հնչյուններից ու տեսահոլովակի առաջին իսկ պատկերներից ամեն անգամ ամբողջ մարմնով փշաքաղվում եմ, այնքան բան հիշում ու վերապրում: Համազգային այս ցավը միավորվելու ու միասնաբար հզոր լինելու զգայուն ու կարևոր ազդակ է, և ժամանակն է բոլորովս «փշաքաղվենք»: Ժամանակն է, որպեսզի բոլորս մեր միջով ևս մեկ անգամ անցկացնենք այս ամենն ու իմաստավորենք մեր գոյն ու անելիքը, մեր անցյալը, ներկան ու ապագան: Ժամանակն է, որպեսզի մեր տանջված մարմնի ամեն մի փշաքաղումը մեր զգայուն ու վառ կենդանության կարևոր ազդակ գնատահենք, ոգևորվենք ու հավատով նայենք ապագային: Ժամանակն է, որ մեր պայծառ մտքի ու արարող հոգու ամեն դրսևորումն համարենք հավերժ ապրելու մեր բանձևման գրավականն ու արգասիքը: Ես հավատում եմ մեր ժողովրդին, իմ ժողովրդին, որի մի մասնիկն եմ ես, մի «փշաքաղումը»:
Առլեն Շահվերդյան
In memory to all the victims of the Spitak Earthquake, December 7, 1988.
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway