2020 թվականի աշունն ուրիշ գույն ուներ, մի ուրիշ գորշ երանգ էր պատել հայկական ոսկեզօծ ու բազմագույն աշնանը:
Պատերազմի բոթը միախմբե՛լ էր, ահազանգե՛լ, հավաքե՛լ, տարե՛լ ու կանգնեցրե՛լ մահի՛ առաջ, պատվո՛վ կանգնեցրել նրա դեմ:
Ու կանգնա՛ծ էին մեր Տղաները, Զինվորներն ու Սպաները, որ ասես մեկիկ-մեկիկ մի գունե՜ղ աշնանային տերև լինեին գունազուրկ աշնան համայնապատկերում: Նրանք իրենց գո՛ւյնը, իրենց ոգի՛ն, իրենց կա՛մքն էին բերել պայքարելու՝ հանո՛ւն ազատության, հանո՛ւն արդարության, պայքարելու մահի՛ դեմ:
Մշուշով էր պատվում նրանց առավոտները, ու սառնօդությունից եղյամով պատված տերևի պես մեր Տղերքը դիմադրո՛ւմ էին այն ցրտին ու տերևաթափին, որն իր հետ բերում էր սառնաշունչ մահը: Եվ աշունն հենց իրենցո՛վ, իրենց գույնո՛վ լցվեց այդ տարին, աշունն հենց իրենցո՛վ ստացավ այն երանգները, որոնք իրենից խլել էր թշնամին:
Իսկ թշնամին նե՜նգ էր, նա սողոսկում ու լցվում էր Հայրենի եզերքներն ու փորձում կոտրել, ճնշել, ջարդել այն ոգին, որ մեր տղաներն ունեին: Չստացվե՛ց, չստացվե՛ց ու չի՛ ստացվելու, քանզի հենց այդ ոգի՛ն էր, որ կռվեցնում ու պայքարի էր հանում մերոնց, մեր քաջերին, մեր մատղաշներին, մեր Զինվորներին ու Սպաներին, կյանքի երկար ճանապարհի առաջ դեռ նոր-նոր կանգնած մեր աշնանազա՜րդ, սիրո՜ւն տերև-տղերքի՛ն:
Նրանց մեջ էր Դավիթը, որ ժամկետային ծառայությունն էր անցկացնում՝ ծառայակից Տղերքի հետ իր խրո՛խտ, իր խոսո՜ւն ասելիքը բերելով թշնամու գաղջին, իր ուրույն ու գեղեցիկ տերևի գո՛ւյնը բերելով թշնամու սանձազերծած գորշին ի հակառակ: Տաղանդավոր ու լուսավոր մի Հայ տղա, Հայ մարդ, Հայ զավակ, որ կրում էր իր մեջ մի ամբողջ նորանկախ պետության պատմություն: Պատահական չէր, որ Դավիթ Ուզունյանը Հայաստանի Հանրապետության 2001 թվականի առաջին ծնունդն էր, 21-րդ դարի և նոր հազարամյակի առաջին ծնունդը, ծնվել էր հունվարի 1-ին և, կարծես, իր բացառիկ ծնունդով ազդարարել մի նո՛ր ավետիս, մանկան իր ճիչով ավետել մի նո՛ր սկիզբ, մի նո՛ր կյանք, հայի ազգանվան մի նո՛ր «յան»:
Մշուշը թանձրանում էր ամեն անգամ, երբ թշնամին փորձում էր առաջանալ: Դավիթը կռվում էր Մռավ լեռան ամենաբարձր դիրքում: Քի՛չ է ասել, թե կռվում էր, Դավիթն իր ծառայակից Ընկերների հետ կյանքի ու մահու կռի՛վ էր տալիս և ամե՛ն անգամ հաջողությամբ հետ մղում թշնամու բազմամարդ հարձակումները, նրա նենգ ու բազմամարդ դիվիզիաների գրոհները: Ավելի՛ն, լինում էր այնպես, որ Դավիթն ինքը դուրս էր գալիս թաքստոցից կռվելու՝ Ընկերներին հորդորելով մնալ: Նա անվա՛խ էր, նրա տերևը չէ՛ր սասանվում թշնամու նենգադավ քամուց, նա գիտե՛ր իր անելիքը, գիտե՛ր, որ թիկունքում Տղե՛րն են, Ժողովո՛ւրդն է, Հայրենի՛քն է: Եվ ամեն անգամ, երբ լեռան բարձունքից մե՜ղմ քամին փչում ու շոյում էր իր երիտասարդ դեմքը, ասես շոշափում ու հպարտանում էր լուսավոր Դավիթի պայծառ էությամբ: Իսկ նա ունակ, շնորհալի, ամեն ինչում լավագույնին հասնելու և որակյալը լինելու ազնիվ մղում ուներ իր մեջ, անխոնջ ջանքերով ու եռանդով տղա էր, այնպիսի տղա, որի նմանների ուսերին է լինում Հայրենիքի բախտորոշ ճակատագիրն ու ապագան:
Դավիթն ուներ այդ գիտակցումը, նա գիտեր, որ էլ ումի՞ց, եթե ոչ հենց իրենի՛ց է կախված Հայրենիքի պաշտպանությունը, իրենի՛ց ու իր նման քաջարի Տղաների՛ց, որ Դավիթի կողքին էին, Դավիթի պես կռվում էին մեր Հայրենիքի սահմաններին, կռվում էին Հայաստանում ու Արցախում, մեր ազատագրված հողերում:
Ու կռի՜վ էր, կռի՛վ՝ Հայ տղաների ու չարքի միջև, կռի՛վ աշնանային գունազարդ տերևների ու թշնամու մահազդ կրող քամու միջև: Այնպիսի ահե՜ղ կռիվ, որ անգամ Մռավ լե՜ռն էր ներքուստ դղրդում, երբ ամեն անգամ մերոնք թշնամուն հե՛տ մղելով մռնչում էին հաղթանակա՛ծ ու գոչում բա՜րձր ու խրո՛խտ:
Մի քանի օր տևած ահեղ պայքարից հետո, հոկտեմբերի 1-ին, թշնամու նենգադավ քամուց ընկավ Դավիթը, ընկավ նրա տերևը, ընկավ Հայոց հողին՝ իր ուրույն, անկրկնելի, գեղեցիկ գույնը բերելով նրան, իր աշնանային գույնով պատելով Հայոց սուրբ հողը:
Ու խաղաղվե՜ց տերևը Դավիթի՝ պառկելով Մայր հողին: Հանդա՜րտ իջավ պարտադրված տերևաթափի ժամանակ, բայց իջավ հաղթանակա՛ծ, քանի որ Դավիթի պաշտպանած Մռավ լեռան ամենաբարձր դիրքը, իր գործած սխրանքի շնորհիվ, մնաց մեր հսկողության տակ:
Դավիթ անունով Հայոց աշնան տերևն իջավ, կամա՜ց պառկեց ու լցրեց իր գույնով և ոգով մեր հողը, այն հողը, որում դեռ բազո՜ւմ ծառեր են ծլելու ու բարձրանալու՝ տալով հազարավոր մատղաշ տերևներ, որպեսզի Հայոց կյանքը շարունակվի՛, Հայոց հողը բե՛րք տա, Հայոց ծառերը ծաղկե՛ն ու վե՛ր խոյանան:
Դավիթ էր մեր տղայի անունը, Դավիթ Ուզունյան, անուն, որ հավերժ կմնա մեր մյուս հերոսների հետ միասին, կմնա մեր սրտերում: Մի փխրո՜ւն և, միևնույն ժամանակ, ամո՛ւր ու ուժե՛ղ տերև, որ կռիվ տվեց քամու դեմ, հաղթե՛ց քամուն, հանդարտեցրե՛ց նրա ընթացքն ու հերոսաբար ընկավ հանո՛ւն խաղաղության:
Դավիթի պես գունեղ ու ոսկեզօծ հազարավոր Տղերք պաշտպանեցին Մեր Հայրենիքը՝ մեզ նորից պարտադրված պատերազմում, պաշտպանեցին քաջաբա՛ր, հերոսաբա՛ր, անձնվիաբա՛ր, նրանցից ամե՛ն մեկը մի տերև էր մեր Մայր ծառից, նրանցից ամե՛ն մեկը մի մռո՜ւնչ էր՝ մեր հոգուց, նրանցից ամե՛ն մեկը մի տերևի պատմություն էր, որն ավարտվեց 2020-ին, սակայն հնչելու է մի՛շտ:
Փա՛ռք ու պատի՛վ մեր Տղաներին, նրանք իրենց կյանքը չխնայեցին հանո՛ւն խաղաղության և ազատության, հանո՛ւն մեր պատվի ու արժանապատվության:
Փա՛ռք բոլոր նրանց, ովքեր ընկան հերոսաբար, փա՛ռք բոլոր նրանց, ովքեր կռվում ողջ մնացին ու վերադաձան հերոսացա՛ծ, վերադարձան ու պատմեցին իրե՛նց ու մարտի դաշտում ընկած իրենց ծառայակից, զինակից Ընկերների հերոսակա՛ն սխրանքների մասին: Փա՛ռք Հայոց բանակին, Սպաներին ու Զինվորներին, որ Հայրենիք պաշտպանելուն են կոչված և նվիրաբար իրականացնում են այդ սուրբ առաքելությունը:
… Մշուշը ցրվե՜ց, երկնքից, ասես, մի մե՜ղմ ձայն հնչեց, ասես մեկը կանչում էր. «Դավի՜թ…»: Եվ մի պահ, կարծես, հայկական էպոսի մի շունչ լիներ, Դավթի հերոսական ոգու մի կանչ: Դավիթ Ուզունյանն ու մեր մյուս բոլոր էպոսածին Դավիթները կռեցին մի նո՛ր էջ մեզ համար, Հայրենիքի համար արժանապատիվ պայքարելու ու զոհվելու հպարտություն բերող մի նո՛ր էջ: Այո՛, Հայը հերթական անգամ ցույց տվեց, որ թե հա՛րկ լինի՝ կյա՛նքն էլ կտա հանուն Հայրենիքի: Եվ մենք պիտի ապրե՛նք ու արարե՛նք, որ իրենց կյանքը Հայրենիքին տված Տղերքի համար ապրելո՛վ հաղթենք, ապրելո՛վ արարենք, ապրելո՛վ կռենք այն նո՛ր հաղթանակները, որ գալո՛ւ են, անպայմանորեն գալո՛ւ են, օրհնվելո՛ւ են, լինելո՛ւ են ու հաստա՛տ են լինելու:
Ննջիր խաղաղության, սիրելի՛ Դավիթ, Դու մեզ հետ ես, և ամե՛ն անգամ ժպտալու ես մեզ քո մեղմի՜կ ու խոսո՜ւն ժպիտով: Դու մեզ հետ ես ու միշտ կլինես մեզ հետ, քանի որ Հայրենի՛ք ես կրում քո մեջ, Հա՛յն ու Հայո՛ցն ես կրում մեր մեջ: Հայրենիքն էլ Քեզ է այսուհետև կրում իր մեջ, Քեզ ու մեր բոլոր զավակներին, որոնք ննջում են իր գրկում և որոնք հպարտ ու խրոխտ քայլում են Մայր հողի վրա, պատերազմ տեսած ու պատերազմ հաղթածի հոգեբանությամբ: Կեցցե՛ այն ապագան, որ Դու՝ Դավիթ, ու Ընկերներդ կռեցիք, կեցցե՛ Հայոց ապագան:
***
Դու քո տերևով մի Ծառ փրկեցիր
Դանդաղ ու ցավոտ տերևաթափից,
Ննջիր խաղաղի ու անդորրի մեջ
Մայր հողը լցրած քո ոգով անբիծ:
Եվ սերունդները ներկա ու բոլոր
Թող հավերժ պահեն անունը քո վեհ,
Մայր Հայրենիքի քաջարի զինվոր
Դավիթ Ուզունյան, հերոս անվեհեր:
Առլեն Շահվերդյան
29.11.2020
Խոնարհումս և երախտագիտությունս՝ Դավիթ Ուզունյանի Ծնողներին:
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway