Ի պատիվ ազնիվ գրողների
Բոցկլտացո՜ղ կրակի մեջ, որպես գազա՛ն եռաժանիք,
Հառնեց իմ դեմ բարին պղծող միջակությո՛ւնն անտաղանդ,
Ու, փսխելով իր երախից տաղա՜նդ, արժե՜ք ու արժանի՜ք,
Հեգնախառը նայեց փայլող իր հայացքով մոլեռա՛նդ:
Չէ՛ր հանդուրժում, որ իրենից տաղանդավոր մտքեր կան,
Որ բազմաթիվ բանաստեղծներ արարում են յուրորե՜ն,
Նա էությամբ գրագո՛ղ էր, խո՛րթ էր ազնիվը ներկա,
Սպիտակ թուղթը փչացնում էր իր խազումով անօրե՛ն:
Փորձեց բացել երախը մեծ, կուլ տալ մի՛տքը գրական,
Խժռել ամե՛ն տեսակ բարին՝ ազնի՜վ հոգով արարված,
Ճղճի՛մ էին ձիրքը նրա և գիրն՝ առօրեակա՛ն,
Չա՛ր ու նե՛նգ էր նպատակը՝ ծաղրել շնո՜րհը գերազանց:
Բայց չարակա՛մ իր մտքերում, հաշվարկներում նենգամի՛տ,
Չէ՛ր կռահել, որ գրողին իր արմատներըն են հիմք,
Որ մերօրյա պոետները ավագներից լուսամի՜տ
Սովորում են ու զորանո՛ւմ՝ արարելով ասելի՜ք:
Եվ կանգնեցի՛ն միասնաբա՛ր, համախմբվա՛ծ ուժերով՝
Երիտասարդ գրողներով՝ հարվա՛ծ տվին տականքին,
Տաղանդ հեգնող չար նախանձին գցին անդո՛ւնդը սևխոր,
Որ չխախտի՛ գրողների ազնի՜վ թռիչքը մտքի:
Հաղթանակի վեհացումո՜վ, մաքո՜ւր սրտով պոետի,
Երիտասարդ տաղանդները արարեցին լո՛ւյս-բարի՜ն,
Որ մեր կյանքը նրանք փոխեն յո՛ւր տաղանդով անհատի,
Անմնացո՜րդ սիրով զարդեն հարընթա՛ցը աշխարհի՜:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 05.03.2018
Այս բանաստեղծությունը հրապարակում եմ ի նշանավորումն հայ մեծանուն գրողների և սիրով նվիրում եմ ավագ, միջին և, հատկապես, երիտասարդ սերնդի բոլոր ժամանակակից գրողներին՝ սրտանց մաղթելով ստեղծագործական անսպառ ներշնչանք և բեղուն գրիչ:
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Սիրելի Ընթերցողներ, ուրախությամբ ուզում եմ փաստել, որ հայ գրականությունն այսօր կենդանանում է, երևան են գալիս նոր ու տաղանդավոր անուններ, տաղանդավոր ավագ սերնդի կողքին ստեղծագործում են երիտասարդ, արդեն՝ սիրված հեղինակները, գրական օգտավետ վիրտուալ խմբերից ու հարթակներից անցում է կատարվում դեպի իրական գրական միջավայր և գործակցություն, դեպի գրական միջոցառումներ, դեպի օգտակար գնահատումներով ու քննարկումներով լի գրական խմբեր: Իրական կյանքում և սոցիալական ցանցերի, մասնավորապես՝ Ֆեյսբուքի օնլայն իրականության մեջ ձևավորվել է ստեղծագործողների մի զգալի հանրույթ, որում կան և՛ իրենց ուրույն ձեռագիրն ու ասելիքը ունեցողներ, և՛ նրանք, ովքեր դեռ հղկում ու կատարելագործում են իրենց ստեղծագործությունները՝ գրականության ասպարեզում արարելը շարունակելու հաստատակամությամբ: Բոլոր այդ հեղինակները հրապարակում են իրենց ստեղծագործությունները տարբեր կայքերում, գրական խմբերում, հրատարակում գրքեր ու ժողովածուներ: Ի վերջո, ստեղծագործողը նա չէ, ով կարող է ստեղծագործել, այլ նա, ով չի կարող չստեղծագործել: Եվ հենց այս սկզբունքով էլ՝ երիտասարդ ստեղծագործողներից շատերը կանգ չեն առնում ձեռք բերվածի վրա, այլ քայլ առ քայլ, գործ գործի հետևից ավելի են թրծվում, զարգանում, հարստացնում իրենց գիտելիքները գրական ազգային հարուստ ավանդույթներով և զինվում նորարարական մոտեցումներով ու ժամանակի գործիքակազմով՝ հնարավորություն ունենալով իրենց ասելիքը հղելու ամբողջ աշխարհին: Նրանց հայացքն ուղղված է ինչպես անցյալի մեր մեծերի գրական հարուստ ժառանգությանն, այնպես էլ ապագային՝ սեփական տաղանդի արգասիքով փորձելով հարստացնել այն:
Այս ամենից բացի, ներկայումս մի շարք նվիրյալներ իրենց անխոնջ, համեստ ու ազնիվ ջանքերով նպաստում են գրական ավանդույթների պահպանմանն ու արդի գրականության զարգացմանը՝ այս հանրույթի ներկայացուցիչներից շատերին տալով սեփական ստեղծագործությունները հանրահռչակելու երբեմն՝ միակ և բացառիկ հնարավորությունը: Բացի այդ, ակտիվորեն գործում են խմբագրությունների ու հրատարակչությունների զգալի մասը: Իհարկե, անելիք դեռ շատ կան, սակայն նվիրյալ մարդկանց կողմից գործադրվող մեծ ջանքերը հույս են ներշնչում, որ հայ գրականությունն իրոք նոր շունչ է առնում և, ամուր կանգնած լինելով իր ավանդույթների վրա, զարգանում է նոր ասելիքով:
Այս համատեքստում ուրախ եմ փաստելու, որ գրականության զարգացման և կազմակերպման գործում իր համեստ նպաստն է բերում նաև իմ հիմնած «Արվեստասեր» ստեղծագործական կայքը, որը մշտապես ձգտում է սատարել երիտասարդ հեղինակներին ու անշահախնդրորեն օգնել իրենց աշխատանքների հանրահռչակման հարցում: «Արվեստասեր» հարթակը արտահայտման, սեփական ասելիքը հանրությանը հասանելի դարձնելու անվճար հնարավորություն է ընձեռել երեք տասնյակից ավելի ստեղծագործողների համար և շարանակում է մեծանալ, ընդլայնվել՝ ընդգրկելով նոր անուններ:
Շնորհակալ եմ հեղինակներին՝ «Արվեստասերի» նկատմամբ բարձր վստահության համար: Հրապարակվող յուրաքանչյուր ստեղծագործության նկատմամբ «Արվեստասերի» սրտացավ վերաբերմունքը ոգևորում է մեր տաղանդավոր հեղինակներին:
Շնորհակալ եմ նաև այն բոլոր նվիրյալներին, որոնք իրենց մեծ ու փոքր հետևողական ջանքերով նպաստում են հայ գրականության զարգացմանը: Գրականության կազմակերպման գործընթացը դժվար ու հետաքրքիր է: Ես դրանում համոզվել եմ իմ հեղինակած՝ «Հանուն Բնության» գրական-բնապահպանական մրցույթը կազմակերպելիս: Այո, գրականության կազմակերպման ևւ զարգացման գործընթացը դժվարին է, սակայն՝ շնորհակալ: Եվ ուրեմն երիցս ողջունելի են բոլոր այն նվիրյալ մարդկանց շնորհակալ ջանքերը, ովքեր հավատում են, որ հայ գրական միտքն ու տաղանդը ապրում են ոգեղեն զարթոնք, ովքեր ամեն օր նպաստում են գրականության զարգացմանը: Շնորհակալություն Ձեզ:
Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ սրտանց հաջողություն և նորանոր ներշնչանքներ մաղթել բոլոր ստեղծագործողներին:
Հարգանքով՝
Առլեն Շահվերդյան
Գրող, «Արվեստասեր» ստեղծագործական կայքի հեղինակ և խմբագիր
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway