Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Հայք / Armenia » Սուրբ Զատկի տոնի մասին

Սուրբ Զատկի տոնի մասին

Ստորև, «ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ» հանրագիտարանից (Երևան 2002) ներկայացնում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնին նվիրված բառահոդվածից մի հատված:

ԶԱՏԻԿ, սուրբ Զատիկ, Յարութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, Հայ առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից: Նվիրված է Հիսուս Քրիստոսի Հարությանը: Հին կտակարանի Պասեքի տոնը քրիստոնեության մեջ վերածվել է Քրիստոսի Հարության տոնի, որը հայոց մեջ հաճախ կոչվել է Զատիկ Հարության: Քրիստոսի Հարությունը հիշատակվում է Զատիկ անվամբ: Պասեք բառը, որը V դ. Աստվածաշնչի հայ թարգմանիչները թարգմանել են Զատիկ, ծագում է եբրայերեն բիսախ (բեսախ) բառից, որը նշանակում է անցում, ելք կամ զատում: Զատիկ բառի վերջնական բացատրություն ցայսօր չկա, այն մե’րթ մեկնաբանվում է իբրև բիսախ բառի հայ. թարգմանություն` զատվելու, ազատվելու իմաստով, մե’րթ իբրև դիցաբանական անուն` սերված հին եգիպտ. Սադի, հին հնդկ. Սատի աստծո անունից (Ղ. Ալիշան), երբեմն էլ մեկնաբանվում է երկու նշանակությամբ` և’ որպես զոհ, և’ որպես ուրախության տոն, ազատություն (Հ. Աճառյան): Իր բարձրագույն իմաստով` Հին ուխտի Պասեքը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին, նրա թափած սուրբ քավչարար արյունը և հառնումը մեռելների միջից` հանուն Աստծո ժողովրդի փրկության ու ազատության: Ըստ Հայր Աստծո կամքի և մարգարեությունների` Աստծո Որդին պիտի մարմնանար, չարչարվեր, խաչվեր, թաղվեր և երրորդ օրը հարություն առներ (Սաղմ. 15.9–11, 29.4, 40.11–13, 117.16–17, Օսէէ 6.2–3 ևն), ինչը և կատարվեց:
Հին ուխտում Զատիկ սկզբնավորվում է Մովսեսի և Ահարոնի միջոցով, Աստծո պատգամի համաձայն, Եգիպտոսում, իսրայելացիների ելքից առաջ, հրեից նիսան կամ աբիբ ամսի (մարտ կամ ապրիլ) տասնչորսերորդ օրը, երեկոյան (Ելք 12): Իսրայելացիները, առաջին Զատկից հետո և մինչև Ավետյաց երկրում հաստատվելը, հատուկ ծիսակարգով, ցայսօր կատարում են Զատկի տոնը` իբրև փրկության և ազատագրության տոն: Հին կտակարանի գրքերում բազմիցս հիշատակվում է Զատիկը (դրա հետ առընչված` նաև Զատկի գառը), որը, եկեղեցու մեկնաբանական ընթերցվածի համաձայն, Հիսուս Քրիստոսի նախօրինակն է կամ նրա խորհրդաբանությունը: Ինչպես որ Իսրայելը (Աստծո ժողովուրդը), գերի լինելով Եգիպտոսում (խորհրդաբանորեն` մեղքի ծառայության մեջ), նոխազի արյան (խորհրդաբանորեն` Հիսուսի արյան) միջոցով ճանաչվեց Տիրոջ կողմից, և զատված լինելով, խուսափեց Ոչնչացնողի (Ելք 12.23) հարվածներից ու դուրս եկավ Եգիպտոսից դեպի Ավետյաց երկիր (խորհրդաբանորեն` Աստծո թագավորություն), այդպես էլ Հիսուս Քրիստոսը` «Գառն Աստուծո» (Հովհ. 1.29), հեղեց իր սուրբ արյունը` հանուն մարդկության փրկության և հարություն առավ` զատվեց մեռելներից, մեզ ևս շնորհելով հավիտենական կյանքի ավետիսը` Սուրբ Հոգու միջոցով:
Եկեղեցին Հիսուսի հրաշափառ Հարությունը տոնում է որպես Զատիկ, որովհետև նա է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա` կյանք և հարություն: Պողոս առաքյալը Հիսուսին հենց այդպես էլ կոչում է` Զատիկ, «…քանզի Քրիստոս` մեր զատիկը, մորթվեց…» (Ա Կորնթ. 5.7–8):


Զատկի տոնը քանիցս հիշվում է նաև Նոր կտակարանում: Ընդ որում` այդ տոնին մասնակցել է նաև ինքը` Հիսուսը. առաջին Զատկին, մտնելով Երուսաղեմի տաճարը, վտարել է առևտուր անողներին (Հովհ. 2.13–23): Վերջին Զատիկը Հիսուսը կատարել է իր երկրային ընթացքի վերջին տարին, Զատկի (Բաղարջակերաց) տոնին, հենց Պասեքի երեկոյան (ինչպես զատկական առաջին գառը` Հին ուխտում), մատնությունից և խաչելությունից առաջ (Մատթ. 26.17–30, Մարկ. 14.12–24, Ղուկ. 22.1–21): Առաքյալները Հիսուսին և’ ԶԱՏԻԿ, և’ Զատկի գառ են անվանում` նկատի առնելով նրա փրկարար զոհագործությունը և ս. Հարությունը: «Ես իսկ եմ հարություն և կյանք»՚ իր մասին վկայել է Հիսուսը (Հովհ. 11.25):
Ըստ Նոր կտակարանի (Մատթ. 28, Մարկ. 16, Ղուկ. 24, Հովհ. 20, 21)` խաչյալ և թաղյալ Հիսուսը երրորդ օրը (միաշաբթի կամ կիրակի) առավոտյան հարություն է առել, երևացել Մարիամ Մագդաղենացուն, ապա առաքյալներին` Պետրոսին, Հովհաննեսին և մյուսներին` Երուսաղեմում: Ութ օր հետո դարձյալ հայտնվել է աշակերտներին` Թովմասին հավատքի մեջ հաստատելու համար: Երրորդ ան-
գամ հարուցյալ Հիսուսը աշակերտներին երևացել է Գալիլիայում, ծովեզերքին: Քառասուն օրերի ընթացքում նա հայտնվել է շատերին, այդ թվում նաև Էմմավուսի ճամփորդներին` հավաստելով իր հարությունը մարմնով, ապա Ձիթենյաց լեռան վրայից համբարձվել երկինք:
Զատկի տոնախմբության օրը (Հարության ճշգրիտ թվականը) քննարկման առարկա է դարձել եկեղեցիների միջև: Նիկիայի Ա տիեզերական ժողովը (325) որոշել է Զատկի օրը առանձնացնել հրեական Պասեքից և որպես շարժական տոն, ըստ Ալեքսանդրյան կանոնի, տոնել գարնանային օրահավասարին հաջորդող ա-
ռաջին կիրակի օրը: Հետագայում, երբ տոմարը փոփոխության է ենթարկվել, օրթոդոքս եկեղեցին հավատարիմ է մնացել հուլյան տոմարին, որով Զատիկը կատարում են 13 օրվա տարբերությամբ:
Մինչև Զատիկը լինում է պահք (քառասնօրյա պաս` շաբաթ-կիրակիները հանած), որը սկսվում է Բուն Բարեկենդանին հաջորդող երկուշաբթի օրվանից:
Զատկի նախընթաց երեկոյան եկեղեցում կատարվում է Ճրագալույց: Որպես բեղմնավոր կյանքի, փրկության և ուրախության խորհրդանշան` ներկվում է կարմիր ձու (հավկիթ): Գրիգոր Տաթևացին ձուն համարել է աշխարհի խորհրդանշանը. դրսի կեղևը` երկինքը, թաղանթը` օդը, սպիտակուցը` ջուրը, դեղնուցը` երկիրը: Իսկ կարմիր ներկելը նշանակում է, թե ամբողջ աշխարհը փրկագնվել է Քրիստոսի արյունով: Ենթադրվում է, որ ձվի գործածությունը հրեաներից է փոխանցվել քրիստոնյաներին, որովհետև Պասեքի տոնի սեղանին զատկական գառան մսի հետ դրվել է նաև խաշած ձու: Ըստ ավանդություններից մեկի` Մարիամ Մագդաղենացին մեկնել է Հռոմ` քարոզելու: Ներկայանալով Տիբերիոս կայսրին` նրան նվիրել է կարմիր ձու և ավետել. «Քրիստոս
հարյավ ի մեռելոց»:
Զատկի օրը, վաղ առավոտյան սկսվում է ժամերգությունը, որի ավարտին ընթերցվում են հատվածներ չորս Ավետարաններից, երգվում շարականներ, կատարվում է անդաստան, ապա սկսվում է Պատարագը: Հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» և «Փառք Քրիստոսի ամենազոր հարության» պատասխանները: Զատկի հաջորդ օրը լինում է մեռելոց. Հիսուսի Հարության ավետիսը հայտնըվում է նաև ննջեցյալներին, որոնք ևս պիտի հառնեն Փրկչի Երկրորդ գալստյան ժամանակ: Զատկից մինչև Հոգեգալուստ ընկած ժամանակամիջոցը կոչվում է Հինունք (Հիսունք), այսինքն` հիսուն օր, որոնք բոլորն էլ նվիրված են Քրիստոսի Հարությանը, և այդ ընթացքում պասի օրեր չեն նշանակված: Հինունքի շրջանի բոլոր կիրակիներն էլ տոնական են և ունեն առանձին անուններ:
Տարվա բոլոր կիրակիները ևս Հարության տոներ են, և երբ ուրիշ Տերունի տոն է հանդիպում, Հարությունը չի ջնջվում, այլ խառնվում է մյուս Տերունի տոնի հետ: Մեծ պահքի յոթ կիրակիների մեջ ևս Հարության հիշատակը չի ջնջվում, բայց Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ Հարությանը պատշաճեցված տոները նվազեցվել են:
Ներկայումս Հայ եկեղեցին Զատիկը նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը (35 օրվա շարժականությամբ, մարտի 21-ից հետո` մինչև ապրիլի 26-ը):

Աղբյուրը` 

ԿԱՆԹԵՂ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Սեյրան սարկավագ Ղազարյանի բլոգը

 


4 Comments

  1. T Hollis says:

    I love your photos, but the snakes in your banner – Yikes!
    Hope you are having a wonderful week!
    Thanks for stopping by my Post!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 556,226 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: