Առլեն Շահվերդյան

Home » 2012 » April

Monthly Archives: April 2012

Բլոգս արդեն ՄԵԿ տարեկան է

Սիրելի՛ բարեկամներ, մեծ սիրով և ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ ապրիլի 13-ից իմ բլոգ-կայքը դարձել է ՄԵ՛Կ տարեկան: Հուսով եմ, որ սա հաճելի անակնկալ է Ձեզանից շատերի համար 🙂 Հատկանշական է, որ այս ապրիլի կեսին իմ կյանքում տեղի ունեցան կարևոր իրադարձություններ, որոնք զարդարեցին, հարստացրին գարնանային այս գեղեցիկ ու ծաղկուն ամիսը: Բլոգիս 1-ամյա տարեդարձն ինձ համար նույնպիսի ու նույնչափ կարևոր իրադարձություն է` որպես վերջին տարվա ընթացքում իմ գործունեության արդյունք և հետագա տարիների հաջող ստեղծագործական գործունեության գրավական: Սիրելինե՛րս, ուղիղ մեկ տարի իմ բլոգը Ձեզ հետ է: Դրա ստեղծման նախապատրաստական աշխատանքները երկարատև էին ու քրտնաջան: Անքուն ու մտորումներով լի գիշերներ, գործադրված ջանքեր, ցանկալի արդյունքի հույս, ձեռք բերված զգալի փորձ… Այսօր բլոգս մի հեղինակային տիրույթ է, որտեղ գրի եմ առնում իմ մտքերը, ներկայացնում ստեղծագործական աշխատանքներս: Ժամանակին ես բավական հեռու էի բլոգինգից, իսկ այսօր նույնիսկ պատիվ եմ ունենում պարբերաբար ներկայացնելու Ձեզ նաև այլ բլոգներ, որոնք ինքս եմ պատրաստում:
Ընթերցողներիս հետ շփվելու այս ուրույն և ինձ համար` շատ թանկ ու կարևոր էլեկտրոնային տիրույթը հնարավորություն տվեց հանրությանը, Ձեզանից յուրաքանչյուրին ներկայանալու և ներկայացնելու իմ ասելիքը, գործունեությունը: Ես երջանիկ եմ, որ այս մեկ տարվա ընթացքում ձեռք եմ բերել բազմաթիվ հավատարիմ ընթերցողների, անկեղծ ու բարեսիրտ բարեկամների, մարդիկ, որոնց համար իմ բլոգը դարձել է իրենց ամենօրյա ընկերն ու ուղեկիցը: Ամեն առիթի դեպքում ես նշում եմ բլոգումս, որ ինձ համար թանկ է իմ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ընթերցողը, բլոգիս ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ այցելուն: Խորին շնորհակալությունս եմ հայտնում Ձեր մշտական ուշադրության, բարեկամական ջերմության համար: Անցնելով 1-ամյա հետաքրքիր ճանապարհ և ձեռք բերելով բազմաթիվ բարեկամների, համախոհների ու հետևորդների` մշտապես ձգտել ու ձգտելու եմ վարել բլոգս նույն անկեղծությամբ ու ազնիվ սրտով, որպեսզի արդարացնեմ Ձեր ակնկալիքները, որպեսզի չփոշմանեք Ձեր ծախսած թանկարժեք ժամանակի համար: Սիրելիներս, մեկ տարվա ընթացքում Ձեզանից մշտապես ստացել եմ անկեղծ գնահատանքով, համակրանքով լի խոսքեր, անգամ` հուզումնառատ արձագանքներ իմ ստեղծագործությունների, այս կամ այն գրառման հասցեին: Եթե բլոգս կարողանում է ոչ միայն հաճելի ու հետաքրքիր ժամանց ապահովել, այլև հուզել մարդկանց սրտերը, ապա դա, թերևս, ամենամեծ գնահատականն է այն ամենի, ինչ անում եմ: Այցելուի, ընթերցողի, երկրպագուի փշաքաղումից, հուզումից թանկ բան չկա: Դա նշանակում է, որ ուրեմն այս բլոգը ստեղծելն ու վարելը իզուր չէր: Դա նաև նշանակում է, որ ես շարունակելու եմ նույն ոգևորությամբ, նույն եռանդով, էներգիայով ու հաստատակամությամբ ստեղծագործել, հետևողական ու պատասխանատու կերպով վարել բլոգս` սիրելով, հարգելով ու գնահատելով իմ յուրաքանչյուր ընթերցողին: Մեկ տարին կարճ ժամանակ է, սակայն լավ առիթ` հետահայաց կերպով գնահատելով անցած ճանապարհը և նախանշելու ապագա անելիքները: Դեռ շատ անելիքներ ու ծրագրեր ունեմ, նոր անակնկալներ ու նոր ստեղծագործություններ: Հուսով եմ, որ դրանց իրականացումը կարժանանա Ձեր նույն անկեղծ ու բարի գնահատանքին, ինչպես եղել է այս մեկ տարվա ընթացքում: Կաշխատեմ այսուհետև ևս բլոգս վարել այնպես, որպեսզի այն միշտ լինի սպասված, հետաքրքիր ու սիրելի Ձեզ համար: Ճիշտ է` բլոգս կատարյալ չէ, սակայն հուսով եմ, որ այն արդեն ունի իր ուրույն դիմագիծն ու արժանապատիվ հետագիծը, ինչը իմ` որպես հեղինակի ու գրողի, հպարտությունն է ու ձեռքբերումը: Սակայն ամենամեծ ու ամենակարևոր ձեռքբերումն ինձ համար դա Դուք եք, Դուք բոլորդ` որպես իմ բլոգի ԲԱՐԵԿԱՄՆԵՐ: 
Թերևս այսքանը 🙂 Շատ չեմ ուզում ծավալվել, ի վերջո հոբելյարը ես եմ 🙂 ու չեմ ուզում երկար-բարակ կենացներ ասել 😀 Մեկ անգամ էլ անչափ շնորհակալ եմ Ձեզ, բոլորիդ շատ սիրում եմ ու հարգում: Բլոգիս ծննդյան տոնի առթիվ շատ կուզենայի Ձեզանից լսել Ձեր կարծիքներն ու առաջարկությունները, Ձեր դիտողություններն ու գնահատականը, մի խոսքով` իմանալ, թե ինչ է բլոգս Ձեզ համար…
© Առլեն Շահվերդյան, 17.04.2012

Թեմայի շրջանակներում կարդացեք նաև`

Հայկական սեքսի առանձնահատկությունները կամ ձայներ` սեքսի ժամանակ

Լավա, որ հայերի մեծ մասը սեքսի ժամանակ առանձնապես շատ ձայն չեն հանում ու չեն աղմկում: Շատերը համարում են անգամ, որ ոնց կլինի, բա մարդ սեքսի ժամանակ ձայն կհանի, ամոթա 😀 Բնականաբար դա անգրագիտություն է: Բայց ես առաջարկում եմ հարցը ուրիշ կողմից նայել 😀 Գիտե՞ք ինչի է լավ, որ սեքսի ժամանակ շատ չեն խոսում: Լավ է այն առումով, որ եթե մի քիչ շատ խոսեն ապա էդ պահին էլ կսկսեն բողոքել, բողոքել իշխանություններից, սեքսը կթողնեն ու կսկսեն. «Երգիրդ երգիր չի» 😀 ու նման բաներ:

😀

© Առլեն Շահվերդյան, 19.10.2012

Հայկական պոռնո

Սոցիալական ցանցերում ու, մասնավորապես` «Twitter»-ում ստուգել եմ հայ ժողովրդի սեքսուալ նախատրամադրվածության մակարդակը 🙂 Աննախադեպ է ուղղակի, սա ֆենոմենալ երևույթ է 😀 Ասեմ. օրինակ, եթե Թվիթերում գրում ես, ասենք, «Իմ նոր գիրքը» կամ «Փրկենք շրջակա միջավայրը», ապա այդ նամակին արձագանքում ու նյութը մտնում դիտում են հիմնականում քո մշտական ընթերցողները, որոնք հետևում են գրառումներիդ: Բայց բավական է ուղղակի գրել, ասենք, «Սեքսուալ նկարներ» կամ «Սեքսոտ աղջիկներ» կամ էլ, չգիտեմ, ասենք` «Հայկական պոռնո» և այդ ժամանաաաաաաաաա՜կ 😀 էնքան այցելություն է լինում: Անգամ նշանակություն չունի այն հանգամանքը, որ տվյալ գրառումը ոչ մի սեքսուալ-էրոտիկ-պոռնոգրաֆիկ բովանդակություն չունի, բացարձակ ոչ մի կապ չունի պոռնոգրաֆիայի հետ, այլ ընդամենը հումորային գրառում է, երգիծանք ինչ-որ բանի շուրջ: Մեկ է` մտնում են, մտնում ու մտնում, ավելին` նյութը ծանոթներին են «share» անում անգամ այն դեռ չբացած ու չկարդացած, թե նյութն իրականում ինչի մասին է: Այպիսի երևույթ, թերևս, միայն մեզանում կարելի է նկատել: Մի անգամ եթերով, հայկական թոքշոուներից մեկի ժամանակ սեքսապատոլո Վրեժ Շահրամանյանից լսեցի, որ հայերի կողմից «Google»-ում ամենաշատը «search» արվող բառը «պոռնո»-ն է, որը նաև անգլերեն տառերով են գրում` «porno»: Ընդ որում նշվեց, որ բառը սխալ են գրում, քանի որ հայտնի է, որ անգլերեն այդ բառը գրվում է «porn», որը մեր ժողովրդախոսակցական լեզվում վերածվել է «porno»-ի 🙂 Դե, մեր պարագայում Համացանցի որոնողական տիրույթներում ակտուալ է նաև «հայկական պոռնո» արտահայտության որոնումը: Իսկապես զարմանալի երևույթ է: Համացանցի ընձեռած անսահման հնարավորությունների ու ինֆորմացիայի անեզր աշխարհի մեջ, փաստորեն, ամենաշատը հետաքրքրում է դա՞: Սոցիալական ցանցերում իմ փոքրիկ ու համեստ ուսումնասիրությունը, ըստ էության, ևս մեկ անգամ հաստատեց այդ տխուր իրողությունը:
© Առլեն Շահվերդյան, 20.09.2012

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

«Ապրելու իրավունք» գրքիս շնորհանդեսը` «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության բնապահպանական կոնֆերանսի շրջանակներում

Սիրելի՛ բարեկամներ, 2012 թ. ապրիլի 10-ին իմ կյանքում տեղի ունեցավ կարևոր և արժանահիշատակ իրադարձություն. Երևանի «Կոնգրես» հյուրանոցի Հանդիսությունների դահլիճում «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված բնապահպանական կոնֆերանսի ժամանակ կայացավ «Ապրելու իրավունք» գրքիս շնորհանդեսը: Ավելին. կոնֆերանսի առաջին ելույթն իմն էր` որպես գրքի հեղինակի: Ես պատիվ և հնարավորություն ունեցա նման լսարանի առջև հանդես գալու որպես գրող և հանրությանը հրապարակավ ու պաշտոնապես ներկայացնելու իմ մենագրական գիրքը:

Շնորհակալ եմ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին, որ իմ գրքի շնորհանդեսը որոշեց ընդգրկել այդ միջոցառման շրջանակներում: Այս պահին առաջարկում եմ Ձեզ դիտելու իմ ելույթն ամբողջությամբ`

Ելույթին հաջորդեց նաև մասնակիցներին գրքիս նվիրատվության հաճելի ու գեղեցիկ արարողությունը: Ես սիրով մակագրեցի ու նվիրեցի գիրքս բազմաթիվ ընթերցողների: Շատ ոգևորված եմ, որ բոլորը` ոչ միայն ոլորտի մասնագետները, այլև տարբեր բնագավառների մարդիկ, մեծ հետաքրքրությամբ ու հաճույքով էին ծանոթանում գրքիս` արված աշխատանքի հասցեին հայտնելով իրենց գովեստի ու գոհունակության խոսքերը: Ջերմորեն ողջունվեց նաև շնորհանդեսին հնչած ելույթս: Շատերն ինձ արդեն ճանաչում էին և անկեղծորեն ուրախ էին հենց հեղինակից ստանալու գիրքը, որին արդեն ծանոթ էին իմ բլոգից:

Սիրելի՛ բարեկամներ, մեծ ոգևորումով ու հաճույքով կիսվում եմ Ձեզ հետ իմ այս ուրախությամբ և շատ շնորհակալ եմ բոլորիդ` գրքիս շնորհանդեսի առնչությամբ Ձեզանից ստացվող բարի արձագանքների և անկեղծ ուրախության համար: Շարունակ ստանում եմ ջերմ շնորհավորանքներ և գոհունակության խոսքեր, ինչը վկայում է, որ ինձ համար սրտանց ուրախանում եք և որ այս աշխատանքը իզուր չի արվել: Դա անչափ ոգևորում է ինձ և պատիվ բերում:

Շնորհանդեսի պահին:

Եվս մեկ ուրախալի հանգամանքի մասին: Դուք գիտեք, որ ես իմ բլոգում տեղադրում եմ տպագրված գրքերիս էլեկտրոնային տարբերակները, որպեսզի գրքերս իսկապես հասանելի լինեն մարդկանց ու մարդիկ ընթերցեն: Եվ ահա, ես պատրաստում եմ «Ապրելու իրավունք» գրքի էլեկտրոնային տարբերակը, որը նույնպես կտեղադրվի իմ բլոգ-կայքում, և նրանք, ովքեր ցանկանում են ծանոթանալ գրքին ու ընթերցել այն` կկարողանան անել դա հենց իմ բլոգում:

Ուզում եմ ավելի մանրամասն կերպով անդրադառնալ բնապահպանական այս կոնֆերանսին: Այն նախագահում էր Գագիկ Սուխուդյանը («Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն), բացման խոսքով հանդես եկավ Ապրես Զոհրաբյանը («Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն): Ուզում եմ նշել, որ կոնֆերանսն իր բնույթով օգտակար և ներկայումս խիստ մտահոգող բնապահպանական խնդիրներին իրապես բաց ճակատով, պարզ ու համարձակորեն անդրադարձող մասնագիտական մի ժողովում էր: Քննարկում, որի բոլոր կողմերը կիսում էին «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության և բոլոր բնասերներ մարդկանց մտահոգություններն այն մասին, թե ինչպես են վերջին տարիներին Հայաստանում աննախադեպ չափերի հասել բնության ավերումը և բնական ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը: Բացվում են նոր հանքավայրեր, չեն դադարում «օրինական» և ապօրինի անտառահատումները, հողերի աղտոտումը հասնում է աղետալի չափերի, ջրային ավազանը «հարստանում է» տարբեր աղտոտիչներով և այլն: Եթե այսպես շարունակվի, ապա հետևանքներն իրոք աղետալի և անդառնալի կլինեն: Բնապահպանության որոշ հարցերում` արդեն այդպիսին են: Կարծում եմ, որ մենք պետք է հստակ գիտակցենք, որ այս բնությունը ՄԵՐ բնությունն է, օտարինը չէ և չի՛ կարելի օտարաբար, մի տեսակ` արհամարհանքով ու չարակամորեն վնասել այն, փչացնել, չարաշահել: Մեզանում բնապահպանական խնդիրները շատ-շատ են, և ես ուրախ եմ, որ այս կոնֆերանսը ևս մեկ լավ առիթ էր բնապահպաններին` կիսելու իրենց մտահգությունները, փորձելու մեկտեղել ջանքերը, համախմբվելու և գործնականում իրագործելու բոլոր բարի նպատակները` ի շահ մեր հայրենի բնության պահպանման ու հարատևման, ի շահ մեր պետության անխախտ, կայուն զարգացման: Ուրախալի է, որ կոնֆերանսը ուղղակի հերթական հավաք չէր, և բացի նրանից, որ նպատակ էր հետապնդում ևս մեկ անգամ հանրությանը ներկայացնելու ՀՀ բնապահպանական ամենահրատապ խնդիրները, այն նաև առաջարկում էր իրավիճակից դուրս գալու իրատեսական լուծումներ: Ի դեպ, որպես իրավիճակից դուրս գալու տարբերակ, «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջարկվում էր նաև դիտարկել բնապահպանության ոլորտում հանրային տեսչության/մոնիտորինգային մարմնի ձևավորման և հատուկ բնապահպանական հիմնադրամի ստեղծման հարցերը, որոնք կարող են արդյունավետ, համակարգող ու համադասող գործիքներ դառնալ ներկայիս բնապահպանական հիմնախնդիրների լուծման, բնապահպանական կառույցների միջև արդյունավետ փոխգործակցության և մեր երկրի զարգացման համար:

Բնապահպանական կոնֆերանսի ժամանակ

Կոնֆերանսին իրենց զեկուցումներով հանդես եկան բնապահպանական բնագավառի հայտնի ու կարկառուն ներկայացուցիչներ, անվանի բնապահպաններ: Զեկուցումների համար ընտրվել էին ներկայիս ամենահրատապ և ճգնաժամային իրավիճակում գտնվող ոլորտները` հանքարդյունաբերություն, քաղաքաշինություն, անտառներ, ջրերի աղտոտում, կենսաբազմազանություն. հատուկ պահպանվող տարածքներ: Հակոբ Սանասարյանը («Հայաստանի կանաչների միություն») իր ելույթում անդրադարձավ հանքարդյունաբերության ներկա վիճակին ու հանքարդյունաբերական թափոնների ահագնացող չափերին: Երևանի քաղաքաշինական ռիսկերի մասին հանգամանալից կերպով խոսեց Կարինե Դանիելյանը («Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»)` իր հետաքրքիր և շատ արժեքավոր զեկուցման մեջ մանրամասն կերպով ներկայացնելով այս իմաստով Երևանում առկա խիստ տխուր պատկերը և հնարավոր աղետալի զարգացումները:

«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի ելույթը: Ձախից` աջ. Ապրես Զոհրաբյան, Գագիկ Սուխուդյան:

Հանքարդյունաբերության էկոլոգիական ռիսկերի մասին իրենց կենտրոնի հետազոտությունները ներկայացրեց Արմեն Սաղաթելյանը («Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն»): Հետաքրքիր ելույթով հանդես եկավ Քնարիկ Հովհաննիսյանը և իր` որպես փորձագետի, ուշագրավ մեկնաբանությունները տվեց ՀՀ ջրային ռեսուրսների  աղտոտվածության վիճակի վերաբերյալ: ՀՀ անտառների ներկա վիճակին էր անդրադառնում Անի Հայկունու զեկուցումը («Հայաստան-ծառատունկ» ծրագիր):

Լուսանկարում (աջից` ձախ)` Կարեն Մանվելյան, Գագիկ Սուխուդյան:

Իր ընդգրկուն և կարևոր զեկուցումով հանդես եկավ Կարեն Մանվելյանը («Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ»), որը պատիվ ունեմ առաջարկելու Ձեզ դիտել այժմ ամբողջությամբ`

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մանվելյանի «Կենսաբազմազանություն. բնության հատուկ պահպանվող տարածքներ» խորագրով ելույթը:

Կոնֆերանսն ամփոփեց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արման Վերմիշյանը:
Սիրելի բարեկամներ, ինչպես տեսնում եք` կոնֆերանսի բովանդակային ընդգրկումն ու շրջանակը, թեմաների ընտրությունը, հրավիրված մասնագետների կազմն ու նրանց զեկուցումների կարևորությունը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու, թե որքան անհրաժեշտ, արդյունավետ ու կարևոր էր այս հանդիպումը:

Վերջում հատուկ ուզում եմ նշել, որ հոդվածում օգտագործված լուսանկարները և տեսագրությունները օգտագործման բացառիկ իրավունքով ինձ տրամադրվել են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) կողմից: Լուսանկարների և տեսագրության հեղինակային իրավունքները պատկանում են WWF Armenia-ին: Բոլոր իրավունքները պաշտպանված են (Copyright, 2012): Խորին շնորհակալություն եմ հայտնում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանին, մասնաճյուղի Համագործակցության զարգացման բաժնի ղեկավար Արթուր Խոյեցյանին և WWF Armenia-ի ամբողջ անձնակազմին:

Այսքանը: Շնորհակալ եմ Ձեր ուշադրության համար: Ակնկալում եմ Ձեր կարծիքներն ու արձագանքը:
© Առլեն Շահվերդյան, 10.04.2012, 12.04.2012

Կարդացեք նաև`
1. «Ամենաընթերցվողը»
2. ««Ապրելու իրավունք» գիրքն արդեն հասանելի է բոլորին»

ՀԱՏՈՒԿ ՀԱՎԵԼՈՒՄ. Հարգելի՛ բարեկամներ, վերջում կցանկանայի նշել, որ կոնֆերանսը, ինչպես նաև «Ապրելու իրավունք» գիրքս, առանձին հրապարակումներով լուսաբանվել և լուսաբանվում է էլեկտրոնային մամուլով և հեռուստատեսությամբ: Առաջարկում եմ ծանոթանալ դրանցից մի քանիսին`

  1. «ԱՐ» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական ծրագրի այսօր պատրաստած տեսանյութը կոնֆերանսի վերաբերյալ, որում նշվում է նաև իմ գրքի մասին:
  2. «www.panarmenian.net» լրատվական գործակալության ֆոտոռեպորտաժը կոնֆերանսի վերաբերյալ և ապրիլի 10-ի ֆոտոռեպորտաժների շարքը, այդ թվում` կոնֆերանսը:
  3. «Իննսունական թվականներից Հայաստանում փողը հայտարարվեց Աստված. Ապրես Զոհրաբյան» հոդվածը` «www.tert.am» լրատվական գործակալության կայքում:
  4. «Իննսունական թվականներից Հայաստանում փողը հայտարարվեց Աստված. Ապրես Զոհրաբյան» հոդվածը` «www.armtown.com» կայքում:
  5. «Բնապահպանները մեկ րոպե լռությամբ հարգեցին Թեղուտի «սպանդը»» հոդվածը` «www.1in.am» լրատվական գործակալության կայքում:
  6. «Ա. Զոհրաբյան. Հայաստանում փողը հայտարարվեց Աստված» հոդվածը` «www.armlur.am» կայքում:
  7. «Մարդիկ» կայքում ««Ապրելու իրավունք». գիրք առյուծների մասին» հոդվածը:
  8. «Մեկ րոպե լռությամբ հարգեցին Թեղուտի «սպանդը»» հոդվածը` «www.top-news.am» լրատվական կայքում:
  9. ««Ապրելու իրավունք». լույս է տեսել առյուծների մասին գիրք» հոդվածը` «www.tert.am» լրատվական գործակալության կայքում:
  10. «Բնապահպանական կոնֆերանսի ժամանակը բավարար չէր հիմնախնդիրները թվարկելու համար» հոդվածը` «Econews.am» տեղեկատվական բնապահպանական կայքում:
  11. «Լույս է տեսել Առլեն Շահվերդյանի «Ապրելու իրավունք» գիրքը» հոդվածը` «Նոյյան տապան» լրատվական գործակալության կայքում:
  12. «Ապրելու իրավունք» հոդվածը` «HayNews.am» լրատվական գործակալության կայքում:
  13. «Ապրելու իրավունք» հոդվածը` «NewsRoom.am» լրատվական կայքում:
  14. ««Ապրելու իրավունք». լույս է տեսել առյուծների մասին գիրք» հոդվածը` «www.Armtown.com» լրատվական գործակալության կայքում:
  15. ««Ապրելու իրավունք». լույս է տեսել առյուծների մասին գիրք» հոդվածը` «www.Hamaynk.com» իրանահայ լրատվական ցանցում:
  16. «Ապրելու իրավունք» հոդվածը` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի բլոգում:

Երբ բանաստեղծությունը ծնվում է գիշերը…

Գիշերն եմ գրում

Գերազանցապես գիշերն եմ գրում,
Երբ խորհրդավոր խավարն է բուրում,
Երբ անկողնուս է լուսինը նայում
ՈՒ իր հայացքով կույսի հմայում,
Երբ քայլում եմ ես աշխարհե աշխարհ
ՈՒ մեծ աստղերը թվում են նշխարհ,
Երբ ժամանակը կանգնում է մի պահ
Ո՛չ կողմ ես, ո՛չ դեմ, միայն` ձեռնպահ:
Աշխարհը պտույտն է գործում հերթական
Իսկ դու անկողնում, մթին մոգական,
Բառեր ես գտնում խավարի միջից
Չգիտես` ինչպես, չգիտես` ինչից
Եվ նաև ինչու…

Գերազանցապես գիշերն եմ շնչում,
Երբ խորհրդավոր խավարն է բուրում
Լուսինն է ժպտում չգիտես` ինչու
ՈՒ իր հայացքով կույսի հմայում:

Հեղինակ` Առլեն Շահվերդյան, 2001 թ. հունիսի 26

Հարգելի ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

Dear Reader, this Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without the reference (link) to its Author and to this Page.

Poem by Arlen Shahverdyan. © All Rights Reserved, 2012

Աղոթք. «Քրիստոս հարյավ ի մեռելոց». «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»

Աղոթք

Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո
Եվ Լույսի` չարիքի հետքերը սրբող
Եվ մաքրագործող անբասիր Ոգու
Որ բուժում է ու վերքերն ամոքում,
Որ ներշնչում է Հույս, Հավատ ու Սեր
Եվ մութ հոգու մեջ վառում է լույսեր:
Աղոթում եմ քեզ, Հա՛յր մեր երկնային
Այս նվիրական, անձնական պահին,
Երբ հաղորդակից դարձրել ես հոգուս
Քո հավերժական Լույսին դրախտային:
Երբ խոսքերս իրենք ծնվում են հիմա`
Սեր խոստովանելով լուսե Բարձրյալին,
Երբ պարզորոշ են դառնում, ակամա,
Անբացատրելին ու անիմանալին:
Տե՛ր` իմ ոգեղեն խանդավառության
Տե՛ր` իմ հավատքի` զորեղ, անկոտրում
Պարգևիր մեզ Սեր` պտուղ Էության
Պահպանիր խնդրում եմ Սերը մեր սրտում:
Թող որ Փրկչի քո անբասիր Լույսով
Միշտ անէանան շողքերը չարի
Թող որ կենսատու, անսահման Հույսով
Մեր գոյությունը Բարին արարի:
Քո մաքրագործող Հավատքով լուսե
Ներդաշնակ ապրենք Մայր Բնության հետ
Եվ կարողանանք տեսնել ու լսել`
Արժեվորելով Ճշմարիտն հավետ:
Եվ խնդրում եմ քեզ պահպանիր Կյանքը
Իմաստավորիր Գոյը երկրային,
Որ վայելելով կյանքի հմայքը
Միշտ արժանանանք Լույսին երկնային:

Բանաստեղծության հեղինակ` Առլեն Շահվերդյան, 11.02.2002-06.04.2012

Հարգելի ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

Dear Reader, this Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without the reference (link) to its Author and to this Page.

The Author of the Poem: Arlen Shahverdyan. © All Rights Reserved, 2012 

Այս բանաստեղծությունը գրել եմ ի փառավորումն և ի նշանավորումն քրիստոնեության մեծագույն և նշանակալի տոնի, այն է` Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի: Սրտանց շնորհավորում եմ բոլորիս` «Քրիստոս հարյավ ի մեռելոց». «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: Աստված բոլորիս Փրկիչ և Պահապան:

Սիրելի՛ բարեկամներ, սիրով ուզում եմ տեղեկացնել, որ այս բանաստեղծությունն ունի հետաքրքիր նախապատմություն: Բանն այն է, որ բանաստեղծության առաջին երկու տողերը գրել եմ ուղիղ 10 տարի առաջ` 2002 թվականի փետրվարին: 10 երկար տարիներ ես այդ երկտողը պահել եմ փոքրիկ թղթի վրա և, իհարկե, իմ սրտում ու մտքում: Պահելով ձեռագիրը և պարբերաբար մտքում վերադառնալով այդ երկտողին` ես կարծես իմ մեջ թանձրացնում ու վերարժեվորում էի այն, ինչ պիտի գրեի հետագայում: Փաստորեն 2002-ին դեռ ժամանակը չէր, որպեսզի ծնվեր այս բանաստեղծությունը և պետք էր ապրել 10 տարի, ավելի հասունանալ, ավելի փորձառու, ավելի իմաստավորված ու խորաթափանց նայել աշխարհին: Այդ երկտողը, կարծես, անընդհատ եփվում էր իմ մտքում: Եվ ահա 2012-ի ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ծնվեց այս բանաստեղծությունը վերջապես գրելու և այն Զատկի տոնին նվիրելու մտահղացումն ու ներքին ցանկությունը: Բանաստեղծությունը գրեցի ապրիլի 6-ի ուշ երեկոյան, մեկ շնչով: Հուսով եմ, որ այսքան տարի հետո այն ստացվեց, ստացվեց ուղեղումս ու սրտումս եփվելուց ու հասունանալուց հետո: Այն իմ` որպես Հայ Առաքելական Եկեղեցուն դավանող քրիստոնյա հայի անկեղծ արտահայտությունն է առ Հավատք, առ Աստված և նվիրումն է առ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի: Հուսով եմ, որ բանաստեղծությունս կարժանանա Ձեր նույնչափ անկեղծ գնահատանքին:
© Առլեն Շահվերդյան, 07.04.2012 

P.S. Սուրբ Տիրամոր և մանուկ Քրիստոսի պատկերը` Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում: Լուսանկարի հեղինակ` Առլեն Շահվերդյան, 2011 թ. սեպտեմբեր: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Photo by Arlen Shahverdyan. © All Rights Reserved, 2011

Սուրբ Զատկի տոնի մասին

Ստորև, «ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ» հանրագիտարանից (Երևան 2002) ներկայացնում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնին նվիրված բառահոդվածից մի հատված:

ԶԱՏԻԿ, սուրբ Զատիկ, Յարութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, Հայ առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից: Նվիրված է Հիսուս Քրիստոսի Հարությանը: Հին կտակարանի Պասեքի տոնը քրիստոնեության մեջ վերածվել է Քրիստոսի Հարության տոնի, որը հայոց մեջ հաճախ կոչվել է Զատիկ Հարության: Քրիստոսի Հարությունը հիշատակվում է Զատիկ անվամբ: Պասեք բառը, որը V դ. Աստվածաշնչի հայ թարգմանիչները թարգմանել են Զատիկ, ծագում է եբրայերեն բիսախ (բեսախ) բառից, որը նշանակում է անցում, ելք կամ զատում: Զատիկ բառի վերջնական բացատրություն ցայսօր չկա, այն մե’րթ մեկնաբանվում է իբրև բիսախ բառի հայ. թարգմանություն` զատվելու, ազատվելու իմաստով, մե’րթ իբրև դիցաբանական անուն` սերված հին եգիպտ. Սադի, հին հնդկ. Սատի աստծո անունից (Ղ. Ալիշան), երբեմն էլ մեկնաբանվում է երկու նշանակությամբ` և’ որպես զոհ, և’ որպես ուրախության տոն, ազատություն (Հ. Աճառյան): Իր բարձրագույն իմաստով` Հին ուխտի Պասեքը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին, նրա թափած սուրբ քավչարար արյունը և հառնումը մեռելների միջից` հանուն Աստծո ժողովրդի փրկության ու ազատության: Ըստ Հայր Աստծո կամքի և մարգարեությունների` Աստծո Որդին պիտի մարմնանար, չարչարվեր, խաչվեր, թաղվեր և երրորդ օրը հարություն առներ (Սաղմ. 15.9–11, 29.4, 40.11–13, 117.16–17, Օսէէ 6.2–3 ևն), ինչը և կատարվեց:
Հին ուխտում Զատիկ սկզբնավորվում է Մովսեսի և Ահարոնի միջոցով, Աստծո պատգամի համաձայն, Եգիպտոսում, իսրայելացիների ելքից առաջ, հրեից նիսան կամ աբիբ ամսի (մարտ կամ ապրիլ) տասնչորսերորդ օրը, երեկոյան (Ելք 12): Իսրայելացիները, առաջին Զատկից հետո և մինչև Ավետյաց երկրում հաստատվելը, հատուկ ծիսակարգով, ցայսօր կատարում են Զատկի տոնը` իբրև փրկության և ազատագրության տոն: Հին կտակարանի գրքերում բազմիցս հիշատակվում է Զատիկը (դրա հետ առընչված` նաև Զատկի գառը), որը, եկեղեցու մեկնաբանական ընթերցվածի համաձայն, Հիսուս Քրիստոսի նախօրինակն է կամ նրա խորհրդաբանությունը: Ինչպես որ Իսրայելը (Աստծո ժողովուրդը), գերի լինելով Եգիպտոսում (խորհրդաբանորեն` մեղքի ծառայության մեջ), նոխազի արյան (խորհրդաբանորեն` Հիսուսի արյան) միջոցով ճանաչվեց Տիրոջ կողմից, և զատված լինելով, խուսափեց Ոչնչացնողի (Ելք 12.23) հարվածներից ու դուրս եկավ Եգիպտոսից դեպի Ավետյաց երկիր (խորհրդաբանորեն` Աստծո թագավորություն), այդպես էլ Հիսուս Քրիստոսը` «Գառն Աստուծո» (Հովհ. 1.29), հեղեց իր սուրբ արյունը` հանուն մարդկության փրկության և հարություն առավ` զատվեց մեռելներից, մեզ ևս շնորհելով հավիտենական կյանքի ավետիսը` Սուրբ Հոգու միջոցով:
Եկեղեցին Հիսուսի հրաշափառ Հարությունը տոնում է որպես Զատիկ, որովհետև նա է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա` կյանք և հարություն: Պողոս առաքյալը Հիսուսին հենց այդպես էլ կոչում է` Զատիկ, «…քանզի Քրիստոս` մեր զատիկը, մորթվեց…» (Ա Կորնթ. 5.7–8):


Զատկի տոնը քանիցս հիշվում է նաև Նոր կտակարանում: Ընդ որում` այդ տոնին մասնակցել է նաև ինքը` Հիսուսը. առաջին Զատկին, մտնելով Երուսաղեմի տաճարը, վտարել է առևտուր անողներին (Հովհ. 2.13–23): Վերջին Զատիկը Հիսուսը կատարել է իր երկրային ընթացքի վերջին տարին, Զատկի (Բաղարջակերաց) տոնին, հենց Պասեքի երեկոյան (ինչպես զատկական առաջին գառը` Հին ուխտում), մատնությունից և խաչելությունից առաջ (Մատթ. 26.17–30, Մարկ. 14.12–24, Ղուկ. 22.1–21): Առաքյալները Հիսուսին և’ ԶԱՏԻԿ, և’ Զատկի գառ են անվանում` նկատի առնելով նրա փրկարար զոհագործությունը և ս. Հարությունը: «Ես իսկ եմ հարություն և կյանք»՚ իր մասին վկայել է Հիսուսը (Հովհ. 11.25):
Ըստ Նոր կտակարանի (Մատթ. 28, Մարկ. 16, Ղուկ. 24, Հովհ. 20, 21)` խաչյալ և թաղյալ Հիսուսը երրորդ օրը (միաշաբթի կամ կիրակի) առավոտյան հարություն է առել, երևացել Մարիամ Մագդաղենացուն, ապա առաքյալներին` Պետրոսին, Հովհաննեսին և մյուսներին` Երուսաղեմում: Ութ օր հետո դարձյալ հայտնվել է աշակերտներին` Թովմասին հավատքի մեջ հաստատելու համար: Երրորդ ան-
գամ հարուցյալ Հիսուսը աշակերտներին երևացել է Գալիլիայում, ծովեզերքին: Քառասուն օրերի ընթացքում նա հայտնվել է շատերին, այդ թվում նաև Էմմավուսի ճամփորդներին` հավաստելով իր հարությունը մարմնով, ապա Ձիթենյաց լեռան վրայից համբարձվել երկինք:
Զատկի տոնախմբության օրը (Հարության ճշգրիտ թվականը) քննարկման առարկա է դարձել եկեղեցիների միջև: Նիկիայի Ա տիեզերական ժողովը (325) որոշել է Զատկի օրը առանձնացնել հրեական Պասեքից և որպես շարժական տոն, ըստ Ալեքսանդրյան կանոնի, տոնել գարնանային օրահավասարին հաջորդող ա-
ռաջին կիրակի օրը: Հետագայում, երբ տոմարը փոփոխության է ենթարկվել, օրթոդոքս եկեղեցին հավատարիմ է մնացել հուլյան տոմարին, որով Զատիկը կատարում են 13 օրվա տարբերությամբ:
Մինչև Զատիկը լինում է պահք (քառասնօրյա պաս` շաբաթ-կիրակիները հանած), որը սկսվում է Բուն Բարեկենդանին հաջորդող երկուշաբթի օրվանից:
Զատկի նախընթաց երեկոյան եկեղեցում կատարվում է Ճրագալույց: Որպես բեղմնավոր կյանքի, փրկության և ուրախության խորհրդանշան` ներկվում է կարմիր ձու (հավկիթ): Գրիգոր Տաթևացին ձուն համարել է աշխարհի խորհրդանշանը. դրսի կեղևը` երկինքը, թաղանթը` օդը, սպիտակուցը` ջուրը, դեղնուցը` երկիրը: Իսկ կարմիր ներկելը նշանակում է, թե ամբողջ աշխարհը փրկագնվել է Քրիստոսի արյունով: Ենթադրվում է, որ ձվի գործածությունը հրեաներից է փոխանցվել քրիստոնյաներին, որովհետև Պասեքի տոնի սեղանին զատկական գառան մսի հետ դրվել է նաև խաշած ձու: Ըստ ավանդություններից մեկի` Մարիամ Մագդաղենացին մեկնել է Հռոմ` քարոզելու: Ներկայանալով Տիբերիոս կայսրին` նրան նվիրել է կարմիր ձու և ավետել. «Քրիստոս
հարյավ ի մեռելոց»:
Զատկի օրը, վաղ առավոտյան սկսվում է ժամերգությունը, որի ավարտին ընթերցվում են հատվածներ չորս Ավետարաններից, երգվում շարականներ, կատարվում է անդաստան, ապա սկսվում է Պատարագը: Հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» և «Փառք Քրիստոսի ամենազոր հարության» պատասխանները: Զատկի հաջորդ օրը լինում է մեռելոց. Հիսուսի Հարության ավետիսը հայտնըվում է նաև ննջեցյալներին, որոնք ևս պիտի հառնեն Փրկչի Երկրորդ գալստյան ժամանակ: Զատկից մինչև Հոգեգալուստ ընկած ժամանակամիջոցը կոչվում է Հինունք (Հիսունք), այսինքն` հիսուն օր, որոնք բոլորն էլ նվիրված են Քրիստոսի Հարությանը, և այդ ընթացքում պասի օրեր չեն նշանակված: Հինունքի շրջանի բոլոր կիրակիներն էլ տոնական են և ունեն առանձին անուններ:
Տարվա բոլոր կիրակիները ևս Հարության տոներ են, և երբ ուրիշ Տերունի տոն է հանդիպում, Հարությունը չի ջնջվում, այլ խառնվում է մյուս Տերունի տոնի հետ: Մեծ պահքի յոթ կիրակիների մեջ ևս Հարության հիշատակը չի ջնջվում, բայց Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ Հարությանը պատշաճեցված տոները նվազեցվել են:
Ներկայումս Հայ եկեղեցին Զատիկը նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը (35 օրվա շարժականությամբ, մարտի 21-ից հետո` մինչև ապրիլի 26-ը):

Աղբյուրը` 

ԿԱՆԹԵՂ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Սեյրան սարկավագ Ղազարյանի բլոգը

 

%d bloggers like this: