Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Բնապահպանական (Էկոլոգիական) / Environmental (Ecological) » Փրկեց քառասուն մարդու և սպանվեց քառասունմեկերորդի ձեռքով

Փրկեց քառասուն մարդու և սպանվեց քառասունմեկերորդի ձեռքով

Այս պատմությունը ես կարդացել եմ ռուս անվանի գրող և մեծ բնասեր Յուրի Դմիտրիևի «Մարդը և կենդանիները» գրքում, որը մինչև այսօր իմ սեղանի գրքերից մեկն է: Գրքի ռուսերեն բնօրինակը լույս է տեսել քառասուն տարի առաջ` 1973 թվականին: Գիրքը հայերեն թարգմանվել և հրատարակվել է 1981-ին: Բացի այն, որ այս գրքի հայերեն տարբերակը իմ հասակակիցն է, այն նաև իմ բնապահպանական հետաքրքրությունների շրջանակում մշտապես առկա անբաժան ընկերներիցս է, քանի որ բովանդակային զարմանալի ընդգրկունությամբ մինչև այսօր մնում է արդիական, հետաքրքիր, նոր: Իմ անձնական գրադարանի այս ամենասիրելի գրքերիցս մեկում ներառված վիթխարի տեղեկույթը վերաբերվում է ոչ միայն կենդանիներին, այլև մարդ-բնություն փխրուն հարաբերությանը, կապին, ինչը և գրքի հարցադրման առանցքում է: Պատմությունը, որը կներկայացնեմ Ձեզ հիմա, այս գրքի բազմաթիվ հետաքրքիր ու հուզիչ պատմություններից մեկն է: Հավելեմ, որ այսօր շատ ավելի բան է հայտնի այս պատմության մասին, քան Դմիտրևի ժամանակներում: Այդ պատճառով, նախքան այս պատմությունը Ձեզ ներկայացնելը, ես բավական երկար ուսումնասիրեցի պատմության վերաբերյալ բազմաթիվ այլ աղբյուրներ ևս` տեքստում անհրաժեշտ ճշգրտումներ և հավելումներ անելու, ինչպես նաև անհրաժեշտ լուսանկարները գտնելու համար: Այնպես որ` այս հոդվածը, հիմքում ունենալով Յու. Դմիտրիևի գիրքը, իմ սեփական հետազոտությունն է, որն արել եմ ոչ միայն մեծ հետաքրքրությամբ ու հաճույքով, այլև պահանջկոտությամբ և պատասխանատու կերպով, որպեսզի ընթերցողին ներկայացնեմ միայն ճշգրտված տվյալներ: 

Հայտնի է, որ աշխարհի շատ քաղաքներում կան հուշարձաններ, որոնք կանգնեցվել են այս կամ այն հերոս կենդանու պատվին: Այդ հուշարձանները խորհրդանշում են տվյալ կենդանու որևէ սխրանքը, պատմական իրադարձությունների (հիմնականում` համաշխարհային պատերազմների) թոհուբոհի մեջ նրա ունեցած դերակատարությունը: Կան նաև հավաքական կերպարներ խորհրդանշող հուշարձաններ, կան անգամ այդպիսի հուշարձաններով լի կենդանիների հատուկ գերեզմաններ:

Հերոս կենդանիների շարքում են շները, որոնք պատերազմում թե խաղաղ պայմաններում հաճախ են ցուցաբերել հերոսություն, արիություն: Նրանց արժանիորեն մեծարել են և անմահացրել` որպես օրինակ սերունդների համար: 

Շան պատվին կանգնեցված ամենահայտնի հուշարձաններից մեկը գտնվում է Փարիզում, Շների գերեզմանոցում: Այն կառուցվել է շուրջ երկու դար առաջ: Քարե պատվանդանին մի հսկա շուն է և հավատով լի հայացքով նրան հպված մի երեխա: Պատվանդանին կա ֆրանսերեն հետևյալ մակագրությունը. «Բարրին, որ փրկեց քառասուն մարդու և սպանվեց քառասունմեկերորդի ձեռքով» (Il sauva la vie à 40 personnes. Il fut tué par le 41ème):

Բարրիի հուշարձանը` Փարիզում

Հուշարձանի պատմությունն այսպիսին է: Ալպերում կա մի լեռնանցք, որ կոչվում է Մեծ են-Բերնար: Մի ժամանակ այստեղով ճանապարհ էր անցնում, որը Իտալիան կապում էր Կենտրոնական Եվրոպայի երկրների հետ: Ճանապարհը դժվարին էր ոչ միայն այն պատճառով, որ ձգվում էր երկուսուկես կիլոմետր բարձրության վրա, այլև նրանով, որ այս կողմերում եղանակը փոփոխական է. հանկարծակի սկսվում է քամի, բուք. ճամփորդները հաճախ կորցնում են ճանապարհը, մոլորվում ու կործանվում: 10-րդ դարում լեռնանցքում հիմնադրվեց Սեն-Բերնարի (Սուրբ Բերնարի) վանքը: Ցանկանալով որքան հնարավոր է մեծ թվով մարդկանց ենթարկել իրեն, եկեղեցին օգտագործեց նաև այս վայրը, որպեսզի ընդարձակի իր ազդեցության սահմանները: Վանականները գիտեին բոլոր նրանց, ովքեր անցնում էին լեռնանցքով. վանքի հյուրանոցում ապաստան էին տալիս նրանց, օգնում դժբախտության մեջ ընկածին:

Սենբերնարներ` Ալպերում

13-րդ դարում վանականները ձեռք բերեցին ուժեղ ու խելացի շներ, որոք սենբերնար անունն ստացան: Այդ շները չէին վախենում սառնամանիքից ու քամուց, նրանց համար սարսափելի չէր ձյան հաստ շերտը: Թավամազ այս հսկա շները հիրավի ցրտադիմացկուն էին ու ամրակազմ: Շնորհիվ իրենց գերզարգացած զգայարանների ու դիմացկունության, նրանք կարողանում էին երկար ժամանակով շրջել ձյունածածկ տարածքում և փնտրել ձյան տակ մնացածներին, ճանապարհը կորցրած կամ լեռների ծերպերն ընկած անցորդներին: Այս շները իսկական գտածոներ էին վանականների համար: Երկար տարիների ընթացքում սենբերնարները փրկեցին հազարավոր մարդկանց: Սենբերնարների մեջ կային իրենց չեմպիոնները, իրենց հռչակավորները: Ամենահայտնի փրկարարների մեջ կար մի շուն` Առյուծ անունով: Նա փրկել էր 35 մարդու: Առյուծային ուժով օժտված այս հսկան մեծ համբավ էր վայելում լեռներում:

Սակայն ավելի հայտնի էր Բարրին (1800-1814 թթ.), նույն այն շունը, որը փրկել էր քառասուն մարդու և սպանվել քառասունմեկերորդի ձեռքով:

Ասում են, թե դա եղել է ահա թե ինչպես: 1814 թվականն էր, ցրտաշունչ մի ձմեռ: Մի անգամ շատ ուժեղ բուք սկսվեց: Փորձանքի մեջ ընկած մարդկանց օգնելու ելած շները մեկը մյուսի հետևից ուժասպառ վերադանում էին վանք: Եվ միայն Բարրին էր ձնամրրիկի միջով առաջ գնում: Ըստ երևույթին բնազդը նրան հուշում էր, թե ինչ-որ մեկը օգնության կարիք ունի: Եվ այն չխաբեց Բարրին: Ի վերջո նա հայտնաբերեց ձյան մեջ կորած մի մարդու: Ձյունը փորելով ու նրան դուրս հանելով, շունը սկսեց քաշքշել սառած մարդուն, լիզեր նրա դեմքը: Եվ ահա մարդը ուշքի եկավ: Սակայն բացելով աչքերը ու կողքին տեսնելով շան մռութը, մարդը կարծեց, թե իր առջև գայլ է: Հանելով ատրճանակը (մեկ այլ վարկածի համաձայն` դանակը) մարդը սպանեց Բարրիին: Դա էլ հենց Բարրիի փրկած քառասունմեկերորդ մարդն էր… Բարրիի դիակը հանդիսավորությամբ տեղափոխեցին Փարիզ և ամենայն մեծարանքով թաղեցին շների հատուկ գերեզմանոցում:

Կան վկայություններ, որ այդ զինվորը եղել է շվեյցարացի: Այդ ժամանակ վանքի շրջակայքում լուրեր էին տարածվել, թե լեռներում մարդ է մահացել: 48 ժամ որոնելով նրան` Բարրին վերջապես գտել էր զորքից անհետացած ու լեռներում կորած զինվորին, որը երկարափող հրացանի սվինով խոցել էր շանը ու մահացու վիրավորել: 

Սակայն ճշմարտության համար պետք է նշել, որ այս վարկածը ավելի շատ լեգենդ է, քան իրականություն: Կա ևս մի հետաքրքիր և ավելի արժանահավատ վարկած, համաձայն որի Բարրին իրոք փրկել է քառասուն մեկ մարդու: Քառասունմեկերորդը մի երեխա է եղել: Ոչ ոք չգիտեր, որ երեխան փորձանքի մեջ է ընկել: Հայտնի չէ, թե ինչպես է նա հայտնվել լեռնանցքում` բնակավայրերից այդքան հեռու: Եվ միայն ծեր Բարրին էր զգում, որ ինքը պետք է շտապի` փրկելու երեխային: Նա ժամանակին հասավ. երեխան չնայած կորցրել էր գիտակցությունը, բայց ողջ էր: Բարրին պառկեց նրա կողքին` աշխատելով տաքացնել նրան. երկար ու համառորեն լիզում էր դեմքը: Տղան ուշքի եկավ: Նա այնքան թույլ էր, որ չէր կարողանում ոտքի կանգնել և միայն կարողացավ գրկել շան պարանոցը: Այդ ժամանակ Բարրին սկսեց դանդաղ ու զգուշորեն քարշ տալ նրան: Ծեր Բարրիի վիճակը շատ ծանր էր: Տղան ասես հասկացավ դա ու բարձրացավ շան մեջքին: Այսպես էլ շունը նրան հասցրեց մարդկանց մոտ: Իսկ Բարրին, քսան տարի ծառայելով մարդկանց, մեռավ սեփական մահով` կյանքի վերջին տարիները անցկացնելով Շվեյցարիայի Բեռն քաղաքում:

Այս վարկածի վառ ապացույցն է հանդիսանում նաև այն, որ մահից հետո Բարրիի մարմինը տեղափոխվել է Բեռնի բնության պատմության թանգարան: Այնտեղ պատրաստել են շան խրտվիլակը: Բարրիի մորթին պահպանեցին տակսիդերմիայի շնորհիվ: 1923 թվականին փոխեցին շան գանգը` դարձնելով այն ժամանակակից սենբերնարների գանգին համապատասխան:

Բարրիի խրտվիլակը` Բեռնի բնության պատմության թանգարանում

Հավելեմ, որ Բարրի անունով այս բարի շան պատմությունը բազմիցս հիշատակվում է եվրոպական գեղարվեստական գրականության, փաստավավերագրության մեջ և կինեմատոգրաֆիայում: Ասեմ նաև, որ 19-րդ դարից ի վեր Սեն-Բերնարի վանքի շներից մեկին ավանդաբար անվանակոչում են Բարրի, իսկ 2004 թվականից առ այսօր գործում է Բարրիի անվան հիմնադրամը, որը ստեղծվել է վանքին կից գործող շնաբուծարանում սենբերնար ցեղատեսակի շների բուծման ծախսերը հոգալու նպատակով:

Ահա և մի հերոս շան պատմություն, որը փառքով ապրել է` դժվարամատչելի ու ձյունածածկ լեռներում երկար տարիներ փրկելով մարդկանց: Ճշմարտության համար, սակայն, պետք է նշեմ, որ կան մարդիկ, որոնք, այնուամենայնիվ, հակված են հավատալու, որ Բարրիի հուշարձանի պատվանդանին գրված մակագրությունն է ճիշտը, և որ շունը իսկապես դժբախտ վախճան է ունեցել, երբ զինվորականը թյուրիմացաբար սպանել է նրան: Կան և այնպիսիք, ովքեր ավելի հակված են հավատալու նրան, թե իրականում երկու դեպքերն էլ եղել են, և դրանք կազմում են Բարրիի փառավոր կենսագրության էջերը: Թե որ վարկածն է առավել համապատասխանում իրականությանը` թողնում եմ Ձեզ: Երկու հարյուր տարվա վաղեմության այս դեպքերն այսօր մեզ հազիվ թե օգնեն լիարժեքորեն իմանալու, թե ի վերջո ո՞ր վարկածն է լիովին համապատասխանում իրականությանը և որը` ոչ: Սակայն մեծ հաշվով մի՞թե հարցը դա է, մի՞թե դա է կարևորը: Կարևորն այն է, որ Բարրին, և ոչ միայն նա, փրկել է մարդկանց, ծառայել նրանց մեծ նվիրումով ու հավատարմորեն, և մարդիկ, ի նշան երախտագիտության, նրան հուշարձան են կանգնեցրել:

Բարրիի հուշարձանը հուշարձան է իրենց պարտքին և մարդուն հավատարիմ բոլոր շներին (լինեն դրանք ցեղական թե փողոցային): Կարելի է անվերջ պատմել հազարավոր շների մասին, որոնք անձնուրացաբար ծառայել են մարդուն` իրենց կարևոր ներբերումն ունենալով հենց նույն` մարդու պատմության մեջ և նպաստելով մարդ-բնություն անխախտ հարաբերության հարատևմանը և հարստացմանը: Մենք պարտավոր ենք պահպանել բնությունը և նրա բոլոր բնակիչներին, որպեսզի չխաթարվի այդ փխրուն հարաբերության ներդաշնակությունը:
Այսքանը, սիրելի ընթերցող: Հուսով եմ` այս պատմությունը հետաքրքիր էր և օգտակար:
© Առլեն Շահվերդյան, 24.02.2012


18 Comments

  1. miksentius says:

    Անչափ հետաքրքիր պատմություն ու շատ օգտակար տեղեկություն: Գիրքն անպայման կընթերցեմ, եւս մեկ անգամ ես համոզվեցի ինքս իմ մեջ, որ մարդը ամենափոքրոգի ու եսասեր արարածն է… Ու թող չպարծենանք մեր բանականություն ունենալու փաստով, հենց այդ բանականությունն է մեզ հեռացրել բնությունից, դաժանացրել ու փչացրել մեզ… Մեկ է մենք հլա դեռ շների նման չենք կարող լինել ու դա անչափ ցավալի է…
    Շնորհակալ եմ Առլեն ջան, որ անդրադառնում ես այսպիսի թեմաներին… Շներն իսկապես հրաշք են, ես նրանց շատ եմ սիրում…

    • Միքայել ջան ես էլ քեզ եմ շնորհակալ քո ուշադրության և ջերմ արձագանքի համար: Անկեղծորեն հուսով եմ, որ այս հուզիչ պատմությունը ընթերցողները կկարդան հետաքրքրությամբ` այն գնահատելով օգտակար, բնաճանաչողական: Եվ շների և շատ այլ կենդանիների դերը մեծ է մեր կյանքում, նրանք զգալի դերակատարություն են ունեցել մեր պատմության մեջ: Միայն Առաջին աշխարհամարտին մի քանի միլիոն ձի է սպանվել: Այս բոլոր փաստերը ստիպում են մեզ հետևություններ անելու, որ բնությունը անխնա կերպով օգտագործելուց և չարաշահելուց առաջ պետք է մի պահ կանգ առնենք և հասկանանք, թե ինչպես ենք հետո նայելու մեր երեխաներին երեսին` ազնիվ ու արժանապատիվ հայացքո՞վ, թե՞ ամոթով: Պետք է պահպանենք բնությունը` ինքներս մեր ներքինի հետ էլ հաշտ ու ներդաշնակ ապրելու համար:
      Առլեն

      • miksentius says:

        Շատ տխուր ստատիստիկ տվյալներ, իրոք մենք անխնա օգտագործում ենք բացառապես ամեն ինչ՝ առանց մի պահ վարանելու, առանց մի պահ հետադարձ հայացք գցելու… Հիմա ժամանակն է, որ մտածենք ու հետ բերենք այն, ինչ մինչեւ հիմա անողոքաբար, սեփական շահերից ելնելով ոչնչացրել է մեր տեսակը՝ մարդը, որին համոզված եմ բնությունն այդ իրավունքը չի տվել: Հանուն մեր երեխաների մենք պետք է պահպանենք այն, ինչ մնացել է…

      • Միքայել ջան ես ողջունում եմ քո սերը և հոգածությունը բնության նկատմամբ, քո ջանքերն ու սրտացավությունը բնության պահպանության հարցում: Այո, պարտավոր ենք պահպանել բնությունը, չէ՞ որ յուրաքանչյուր կենդանի արարած իրավունք ունի ապրելու այս մոլորակի վրա: Շատ շուտով ես պատիվ կունենամ իմ բլոգի «Ամենաընթերցվողը» էջում ներկայացնել իմ նոր գիրքը, որ վեր է հանում հենց այդ հարցադրումը` բոլոր կենդանիների ու մարդու ապրելու հավասար իրավունքի մասին: Գիրքը այդպես էլ վերնագրված է` «Ապրելու իրավունք» և առյուծ կենդանատեսակի մասին է: Ինչ վերաբերվում է այս հոդվածին, ապա այն իսկապես խրատական է, չէ՞ որ հաճախ կենդանիները ցուցաբերում են նվիրվածության, արիության այնպիսի վառ դրսևորումներ, որոնք խորթ է շատ մարդկանց:

      • miksentius says:

        Առլեն ջա՛ն, սիրով կսպասեմ քո նոր գրքին

      • Շատ շնորհակալ եմ եղբա՛յր: Գիրքն այժմ տպարանում է և հաշված օրերի ընթացքում լույս կտեսնի: Գրքի մասին լիարժեքորեն ներկայացված է լինելու «Ամենաընթերցվողը» էջում, բայց ասեմ, որ նույն այդ էջում լինելու են նաև գրքից դուրս բազմաթիվ հետաքրքիր, նույնիսկ` անսպասելի նյութեր:

  2. BlogNews says:

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    • miksentius says:

      Շատ հաճելի ու լավ գործ եք անում սիրելի BlogNews-ի ժողովուրդ, բայց ամեն հոդվածի տակ ձեր տեղադրած մեկնաբանության մեջ տեղադրելով ձեր կայքի հղումը՝ դուք արհեստականորեն բարձրացնում եք ձեր կայքի փեյջ ռանքը: Դա շատ պարզ SEO հնարք է… Կներեք իհարկե, բայց չէի կարող չգրել…

      • BlogNews.am says:

        Շնորհակալ եմ մեկնաբանության և ջերմ խոսքերի համար:
        Հոդվածների տակ մեկնաբանություն թողնելը մի նպատակ ունի հեղինակին և ընթերցողներին տեղեկացնելու, որ հոդվածը մեր հավանությանն է արժանացել և տեղադրվել է մեզ մոտ: Սա զուտ ինֆորմատիվ նպատակ ունի: Իսկ ակտիվ լինկը դնում նեք մեր կայք հեշտ մուտք գործելու համար: Ընդամենը: Դեմ չեմ, որ սա կարող է նաև բարձրացնել մեր փեյջ ռանքը: Իսկ ինչո՞ւ ոչ:

      • miksentius says:

        Ազնիվ խաղալու կանոնները կայանում են նրանում, որ ակտիվ լինքերը պետք ա ուրիշների կողմից դրվեն, որ ռոբոտներն էլ բարձրացնեն, այդ ժամանակ ես հպարտորեն կնշեմ, որ ձեր կայքը լավ վարկանիշ ունի, իսկ տեղեկացնելու համար գոյություն ունի էլ. փոստ, որի միջոցով կտեղեկանա հեղինակը եւ ինքը ցանկության դեպքում կտեղեկացնի նաեւ իր ընթերցողին…
        Իհարկե դուք դեմ չեք, քանի որ դա ձեր կայքն է, հենց այդ է որ ոչ, կայքի ռանքը պետք ա ընթերցողներն ու պգտվողները տան, այլ ոչ թե դուք….
        Մեկնաբանութունների մեջ մեկ օգտատիրոջ կողմից մի քանի անգամ հղում տեղադրելը կարող է նաեւ որպես սփամ ձեւավորվել… մեկը ինձ մոտ այդպիսի տպավորություն է թողնում:

        Հ.Գ 1. Մի հղեք ինքներդ ձեզ,
        Հ.Գ.2. Նման տեղեկությունը միայն հեղինակին է վերաբերվում, իրազեկեք այլ ճանապարհներով, մենք մտնում ենք նյութը քննարկելու, այլ ոչ թե 3-րդ դեմքի տեղեկատվություն ստանալու համար:
        Հ.Գ.3. Դադարեք սփամել, շուտով ռոբոտը կնկատի այն…

    • Ես շատ շնորհակալ եմ BlogNews.am-ին այս հոդվածիս նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Ես այն հոդվածը գրել եմ սիրով ու հաճույքով, ուրախ եմ, որ այն գնահատվում է:

  3. Arsine says:

    Linelov tvyal cexatesaki mec sirahar ev hatkapes vorpes kendanaser mianalov xosqerit` koch em anum mardkanc pahpanel bnutyan koxmic mez trvats yuraqanchyur araratsi hrashq goyutyun@. Irenq mez petq en, vorpeszi aveli bariananq u lcvenq hogatarutyamb.
    Voxjunum em hertakan karevor hodvatsd.

    • Ապրես, մերսի շատ: Ինձ հատկապես հուզեց ու դուր եկավ քո այն միտքը, որ կենդանիները մեզ պետք են նաև նրա համար, որ մենք ավելի բարիանանք ու լցվենք հոգատարությամբ: «Ավելի բարիանանք», – ոսկե խոսքեր են: Իսկապես բարիության պակաս ունենք, բոլորը իրար նկատմամբ մի տեսակ չարությամբ են լցված: Ապրե՛ս:

  4. Arsine says:

    qez nuynpes shnorhakal em ardiakan ev anhrajest temanneri barzracman hamar

  5. Jasmine says:

    Այսքան մեծ պատասխանատվությամբ ու խնամքով պատրաստված հոդված: Նորեն հիացած եմ ))) Ահավասիկ որակի հավաստիք են նմանատիպ գրառումները. մտածում եմ` ինչքան շատ ենք հաճախ ուղեղներս լցնում սխալներով, այստեղից-այնտեղից, առանց ճշգրտված աղբյուրների հրամցվող նյութեր… Մշտապես հիացել եմ մարդկային խելքի առջև, երբ այն համեմված է եղել բարությամբ ու իմաստությամբ… Ուրախ եմ անչափ, որ կան Ձեզ նման հայեր Առլեն…ու որ ես, թեկուզ վիրտուալ, սակայն ճանաչում եմ նրանց…

    • Փոխադարձ Հասմիկ ջան, շատ շնորհակալ եմ ու զգացված քո խոսքերից:
      Ես էլ սրտանց ողջունում եմ Քո գործունեությունը և համարում եմ քեզ բարեկիրթ, առաքինի անձնավորություն:
      Հարգանքով`
      Առլեն

  6. Սիրելի ընթերցողներ, ես շատ շնորհակալ եմ Ձեզ բոլորիդ այս հուզիչ պատմության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության, ուշադրության և ջերմ վերաբերմունքի համար: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մեկնաբանություններ են թողնում հոդվածի տակ նաև «BlogNews.am» կայքի էջում, որտեղ այն նույնպես տեղադրված է: Դիտեք այստեղ: Հատուկ շնորհակալություն բոլորին` հոդվածը սոցիալական ցանցերում տարածելու, ընկերների շրջանակում կիսվելու համար: Կցանկանայի հաճույքով հավելել, որ երեկվանից հետո «BlogNews.am» կայքում այս նյութն արդեն դիտվել է ավելի քան 300 անգամ!! Շնորհակալություն «BlogNews.am»-ին և շնորհակալություն Ձեզ: Ես գնահատում եմ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ընթերցողի գնահատականը, վերաբերմունքը, կարծիքը, ուշադրությունը և ջերմությունը: Ուրախ և հպարտ եմ, որ շատերի համար սիրելի ու սպասված հեղինակ եմ:
    Հարգանքով`
    Առլեն

  7. […] Շների թեմայով` «Փրկեց քառասուն մարդու և սպանվեց քառասունմեկերորդի ձե… […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 556,385 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: