Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Վայրի բնություն / Wildlife » Վայրի բնություն. Ընձառյուծ

Վայրի բնություն. Ընձառյուծ

«Ճանապարհին պատահաբար նկատեցինք մի շքեղ արու ընձառյուծի, որ հանգստանում էր հաստաբուն ծառի ճյուղին: Մեր ուղեկցորդը` Սիդնեյը կանգնեցրեց մեքենան. ընձառյուծների նկատմամբ նա մի առանձնակի սեր ուներ ու ուզում էր, որ հիանանք նրանցով: Մեզ համար շատ անսպասելի` Սիդնեյը թույլ տվեց, որ դուրս գանք մեքենայից ու մի քիչ մոտենանք ծառին, որպեսզի ավելի մոտիկից նայենք ընձառյուծին: Սիդնեյը գիտեր, թե մինչև ուր կարող էինք քայլելով մոտենալ: Այնպես որ, մեզ վտանգ չէր սպառնում: Վտանգ ու անհանգստություն չէր սպառնում նաև ընձառյուծին. մենք ապահով հեռավորության վրա էինք, ու նա շարունակում էր հանգիստ նստած մնալ ճյուղին: Երբ իջանք ու մի քանի քայլ արեցինք դեպի վայրի գազանը, ես մի հետաքրքիր զգացողություն ունեցա: Բացի հիացմունքից ու ոգևորությունից, ես զգացի նաև, թե ինչքան փոքր ենք մենք կուսական բնության գրկում: Մենք կանգնել ու նայում էինք ընձառյուծին… Այդ պահին ես մտածում էի, թե ինչ հրաշալի է բնությունը, երբ նրան ձեռք չեն տալիս ու չեն վնասում, մենք էլ մեկն ենք բնության մյուս բոլոր արարածներից: Հետո՞ ինչ, որ բանականություն ունենք, չէ՞ որ շարունակում ենք ապրել էլի նույն մոլորակի վրա, որի վրա նրանք էլ են ապրում` ընձառյուծն էլ, առյուծն էլ, մողեսն էլ, օձն էլ, ծառերն էլ, բոլորը: Եվ այդ պահին զգում ես, թե ինչքան մեծ են նրանք, ավելի երկար պատմություն ունեն, գոյություն են ունեցել մարդուց շատ առաջ ու եկել-հասել են մեր օրերը: ՈՒ հիմա մենք իջել էինք մեքենայից ու հիացած հայացքով դիտում էինք այդ տեսարանը, կուսական բնության այդ անկյունը, որտեղ հաստաբուն ծառն արդեն քանի հարյուրամյակ կանգուն էր, և ընձառյուծը հանգստանում էր անխռով ու անվրդով: Հրաշալի, անկրկնելի պահ էր, որը հավերժ մնաց իմ հոգում որպես բնության հետ ներդաշնակության, նրա պարգևած խաղաղության ու երջանկության վկայություն»:

Սիրելի՛ ընթերցողներ, սա մեջբերում էր «Ապրելու իրավունք» վերնագրով իմ գրքից: Առաջին անգամ է, որ ես որևէ ուղիղ մեջբերում եմ անում իմ այս գրքից: Նպատակը մեկն է` գրքի այս փոքրիկ հատվածով պատկերավոր կերպով մի պահ տեղափոխել Ձեզ դեպի կուսական բնության գիրկը, որպեսզի հանդիպեք վայրի բնության և, մասնավորապես` Կատվազգիների ընտանիքի մի շատ առանձնահատուկ ներկայացուցիչներից մեկին` ընձառյուծին (լատիներեն գիտական անվանումը` Panthera pardus): «Ապրելու իրավունք» գրքում ես բազմաթիվ անգամներ անդրադարձել եմ այս խիստ հետաքրքիր գազանին, և ահա այս պահին առաջարկում եմ Ձեզ ավելի մոտիկից ծանոթանալ նրան նաև իմ բլոգ-կայքում: Ընձառյուծի մասին առանձին և ընդարձակ այս գրառումն ունի ճանաչողական ու բնապահպանական նպատակ, որպեսզի ճանաչենք բնության ևս մեկ ներկայացուցչի, ճանաչենք, սիրենք, հարգենք ու պահպանենք: Առավել ևս, որ ընձառյուծը խորթ չէ մեր հայրենի բնությանը, քանի որ, բարեբախտաբար, մեզ մոտ ընձառյուծներ դեռ հանդիպում են: Սակայն այս մասին մի փոքր հետո, իսկ հիմա նախ խոշոր պլանով «դիտենք» այս կենդանու դիմապատկերը:

Կատվազգիների ընտանիքի ոչ մի խոշոր կատու չունի ընձառյուծի ճարպկությունը, քանի որ այս կենդանին ծառ մագլցելու հմուտ ու անգերազանցելի վարպետ է: Ավելին. նա ի զորու է իրենից երկու անգամ ծանր ավարը վարպետորեն բարձրացնել ծառը և այնտեղ հանգիստ ճաշակել այն: Սակայն սրանք միակ առանձնահատկությունները չեն, որոնցով աչքի է ընկնում այս բարեկազմ գազանը: Նա անչափ գեղեցիկ է իր յուրահատուկ մորթով և, բացի այդ, շատ ունիվերսալ, արագ հարմարվող կատու է, քանի որ բոլոր խոշոր կատուներից միայն ընձառյուծն ունի աշխարհագրական մեծ տարածվածություն, նա ամենատարածված վայրի կատվազգին է: Ըստ էության` ընձառյուծի արեալը ընդգրկում է միանգամից երեք մայրցամաք` Արևելյան Եվրոպա (այստեղ պայմանականորեն պետք է հասկանալ ավելի կոնկրետ` Թուրքիան, Հարավային Կովկասը), Առաջավոր, Արևելյան և Հարավ-արևելյան Ասիա և Աֆրիկա: Ավելի մանրամասն եթե նշեմ, ապա մինչև վերջերս ընձառյուծը բնակվում էր արևելյան և կենտրոնական Աֆրիկայում, որոշ խմբեր կային մերձ-սահարյան Աֆրիկայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում (հատկապես` Ճավա, Սումատրա կղզիներում), Արաբական թերակղզում, Ռուսաստանում (ավելի ստույգ` Կովկասի հյուսիսում), Կորեայում, Չինաստանում, Կովկասում, Թուրքմենստանում, Իրանում, Հարավային Կովկասում, Հնդկաչին թերակղզում, Ցեյլոն կամ Շրի Լանկա կղզիներում: Այսօր այս արեալը շատ ավելի է կրճատվել, սեղմվել են դրա սահմանները, և շատ երկրներում ընձառյուծը, ցավոք, այլևս չի հանդիպում կամ հանդիպում է խիստ փոքր, ես կասեի` խորհրդանշական թվաքանակով: Ընձառյուծները վաղուց անհետացել են նաև մայրցամաքային Եվրոպայում (Սա այն դեպքում, երբ Չորրորդական ժամանակաշրջանում ընձառյուծները տարածված էին ողջ Եվրոպայով մեկ` Ֆրանսիայի, Իտալիայի, Անգլիայի, Գերմանիայի, Բելգիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Հունգարիայի, Ռումինիայի տարածքում), սակայն եթե Եվրոպան, որպես աշխարհամաս, ընկալենք ոչ թե իր բուն մայրցամաքային տարածքով, այլ ավելի ընդլայնված սահմաններով (ներառյալ` Կովկասը և Թուրքիան), ապա պետք է նշել, որ այո` ընձառյուծը այսօր էլ Եվրոպայի ամենախոշոր կատվազգին է և ամենախոշոր գիշատիչ կաթնասուններից մեկը` գորշ արջի, գայլի հետ միասին:

Ընձառյուծի մարմինը համաչափ է, գեղակազմ, երկարությունը՝ 107–160 (երբեմն՝ 180) սմ, պոչինը՝ 75–110 սմ, կենդանի զանգվածը՝ 32–42 կգ, երբեմն` մինչև 60 կգ: Էգերն ավելի փոքր են: Մարմինը ձգված է, մկանոտ, ոտքերը համեմատաբար կարճ են, ամուր, թաթերը՝ լայն ու սուր ճանկերով են: Ականջները կարճ են ու կլորավուն:

Ընձառյուծի մորթին շատ գեղեցիկ է: Մեջքը դեղին է կամ դեղնակարմրավուն (երբեմն` շիկակարմրավուն)՝ մոխրագույն երանգով, համաչափ ցրված վարդանախշաձև սև բծերով, պտերով: Կան նաև լրիվ սև մորթով հովազներ, որոնք հանդիպում են հիմնականում Հարավ-արևելյան Ասիայում, նրանց կոչում են նաև սև հովազ կամ պանտերա (այս մասին ավելի մանրամասն` հետագայում):  

Ընձառյուծն ապրում է անտառներում, սարերում: Սնվում է եղջերուներով, այծյամներով, վայրի խոզերով, նապաստակներով, մկնանման կրծողներով, թռչուններով, նաև ձկներով ու լեշերով: Մարդակեր ընձառյուծները հազվադեպ են: Այս ուժեղ և ճարպիկ կենդանին որսի վրա հարձակվում է գաղտագողի` դարանակալելով: Ունի սուր տեսողություն, լավ լսողություն, թույլ հոտառություն: Որջը սարքում է քարանձավներում, ժայռաճեղքերում, հաստաբուն ծառերի փչակներում, երբեմն՝ մացառախոզերի հին բներում:

Ընձառյուծն ունենում է 1–4 (երբեմն՝ 6) ձագ, որոնք կաթով կերակրվում են 3 (երբեմն՝ 6–8) ամիս: Ձագերը 5 ամսականում կարող են որսալ մանր կենդանիներ, 1–1,5 տարեկանում՝ ապրել ինքնուրույն: Անազատ պայմաններում հովազն ապրում է մինչև 20-21 տարի:

Ընձառյուծը` որպես տեսակ, ունի բազմաթիվ, ավելի ստույգ` 27 ենթատեսակներ, որոնք իրարից տարբերվում են աշխարհագրական տարածվածությամբ, մորթու գույնով ու մորթու վրա բծերի դասավորությամբ և դրանց ձևով: Ընձառյուծների ենթատեսակներից առավել հայտնի են աֆրիկյան, պարսկական, առաջավորասիական, հեռավորարևելյան (ամուրյան), հնդկական, հյուսիս-չինական ընձառյուծները: Ընձառյուծների աշխարհագրական տարածվածության մասին առավել մանրամասն` կարդա այստեղ:    

Հայերենում ընձառյուծին անվանում են նաև հովազ, ինձ, հովազառյուծ: Հայաստանում, մարդիկ և ընձառյուծները ապրում են կողք-կողքի դեռ վաղ Հոլոցենից: 20-րդ դարի կեսերին ընձառյուծները տարածված էին ողջ երկրի տարածքով: Տարածքի կրճատումը, որսը իջեցրել են ընձառյուծների թվաքանակը, և այսօր ունենք տխուր պատկեր: Ճիշտ է` Հայաստանի Հանրապետության տարածք ընձառյուծն անցնում Թուրքիայից և Իրանից, սակայն խիստ փոքր թվաքանակով: Ներկայումս ընձառյուծը տարածված է Խոսրովի արգելոցում, որ գտնվում է Երևանից հարավ-արևելք, Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմուտքում, որտեղ 2000 թ. հոկտեմբերից մինչև 2002 թ. հուլիսը 10 ընձառյուծ է նկատվել: Ընձառյուծները տարածված են նաև Մեղրիի լեռնաշղթայի մոտակայքում, Հայաստանի ծայր հարավում, որտեղ սակայն 2006 թ. օգոստոսից մինչև 2007 թ. ապրիլը միայն մեկ ընձառյուծ է նկատվել: «Ապրելու իրավունք» ես նշել եմ, որ ներկայումս Հայաստանում որսագողերի կողմից տարեկան ոչնչացվում է 1–2 ընձառյուծ (հովազ): Սա այն դեպքում, երբ երկրում այսօր մնացել է ընդամենը 5–7 առանձնյակ, և պահպանվող տարածքներից դուրս շարունակվում է դրանց որսը: Կովկասյան ընձառյուծը մեր բնաշխարհի հազվագյուտ գանձերից մեկն է: Ընդհանրապես, Հայաստանը Կովկասյան տարածաշրջանում առաջատար տեղ է զբաղեցնում կենսաբազմազանության առումով: Հայաստանում կենսաբազմազանության կորստի հիմնական պատճառներն են ինչպես որսագողությունը, այնպես էլ անտառների հատումը, բնական ռեսուրսների և ընդերքի գերշահագործումը, ենթակառուցվածքների զարգացումը, գյուղատնտեսական անկայուն գործունեությունը: Բացի այդ, արգելոցային գոտիները երբեմն գտնվում են օտարման վտանգի տակ:

Ընձառյուծը մեր հայրենի բնության ներկայացուցիչներից մեկն է, և մենք պարտավոր ենք պահպանել այս հազվագյուտ կենդանատեսակը: Այո, այսօր ընձառյուծը գրանցված է Բնության պահպանության միջազգային միության և ՀՀ Կարմիր գրքերում, սակայն կենդանու` պահպանության գրքում գրանցված լինելն ու իրական կյանքում նրա պահպանության առկա վիճակը լրիվ տարբեր են: Մե՛կ անզգույշ կամ չկշռադատված քայլ, և մենք կարող ենք հավետ զրկվել այս բացառիկ գիշատչին մեր բնաշխարհում ունենալու բախտավորությունից: Լավ է, որ բնապահպան պետական կառույցները և ոչ պետական կազմակերպությունները մեծ տեղ են հատկացնում կովկասյան ընձառյուծի պահպանության խնդրին: Այս առումով ուզում եմ հատկապես ընդգծել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) զգալի ու կարևոր դերակատարումը և շարունակական ջանքերը այս հարցում: Այս մասին կարդա ավելի մանրամասն…

Սիրելի՛ բարեկամներ, ընձառյուծը այսօր, ցավոք, հազվագյուտ կենդանի է: Այս խորհրդավոր, գեղեցիկ ու յուրահատուկ գազանն ունի մեր հոգածության կարիքը: Թե նա, թե մյուս բոլոր կենդանիները մարդկության ագահության ու անխոհեմության պատճառով այսօր վտանգված են, գտնվում են խիստ խոցելի վիճակում, և ո՞վ, եթե ոչ հենց մարդը պետք է գործադրի բոլոր ջանքերը` նրանց պահպանելու համար: 

Այսքանը: Ես փորձեցի հնարավորինս մանրամասն, մասնագիտական առումով` ճշգրիտ, միևնույն ժամանակ` ընթերցողի համար մատչելի լեզվով և ոչ շատ բարդ մասնագիտական մատուցմամբ ներկայացնել ընձառյուծին, որը իմ և, համոզված եմ, շատերի սիրելի կենդանիներից մեկն է: Հուսով եմ, որ այս հոդվածից հետո Դուք մի փոքր ավելի շատ բան իմացաք ընձառյուծների մասին և հուսով եմ նաև, որ հոդվածը հետաքրքիր էր ու օգտակար: Ասեմ, որ այս թեման շատ ավելի հարազատ է հայ ընթերցողին, քանի որ ընձառյուծը նաև մեր բնաշխարհի ներկայացուցիչն է, մեր հայրենի բնաշխարհի գանձերից մեկը: Մյուս կողմից, պետք է գիտակցել, որ Երկիր մոլորակի բոլոր կենդանիներն էլ կենդանի գանձեր են` լինեն նրանք հայրենի բնության ներկայացուցիչներ, թե` ոչ:

Վերջում առաջարկում եմ նաև դիտել ընձառյուծների լուսանկարների մի գեղեցիկ, հատընտիր շարք, որը հատուկ հավաքել ու մշակել եմ` այս կենդանու հետ ծանոթացումն առավել պատկերավոր դարձնելու նպատակով:
© Առլեն Շահվերդյան, 05.02.2012

Տեղեկույթը` ըստ «The IUCN Red List of Threatened Species»,
Հայկական հանրագիտականի, Վիքիպեդիայի և այլ աղբյուրների,
Տեղեկույթի մասնագիտական հավելումները և լրախմբագրումը` Առլեն Շահվերդյանի
Լուսանկարների աղբյուրը – The source of the Photos – http://www.artfile.ru/
Կարդացեք նաև` «Նրանք անհետացման եզրին են…»


5 Comments

  1. Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն!

  2. Anna F. says:

    Ինչպես միշտ շատ հետաքրքիր ու տարբեր գրառում էր Առլեն, իսկ նկարները պարզապես հրաշալի են🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա / Political Science Association of Armenia

«OnlineRadio.am» կայք / “OnlineRadio.am” website

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Արմեն Մխեյանի բլոգը / Armen Mkheyan’s blog

«Առողջ սիրտ» կայքը / The website “Healthy Heart”

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 555,777 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2016

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: