Առլեն Շահվերդյան

Home » 2012 » February

Monthly Archives: February 2012

Փրկեց քառասուն մարդու և սպանվեց քառասունմեկերորդի ձեռքով

Այս պատմությունը ես կարդացել եմ ռուս անվանի գրող և մեծ բնասեր Յուրի Դմիտրիևի «Մարդը և կենդանիները» գրքում, որը մինչև այսօր իմ սեղանի գրքերից մեկն է: Գրքի ռուսերեն բնօրինակը լույս է տեսել քառասուն տարի առաջ` 1973 թվականին: Գիրքը հայերեն թարգմանվել և հրատարակվել է 1981-ին: Բացի այն, որ այս գրքի հայերեն տարբերակը իմ հասակակիցն է, այն նաև իմ բնապահպանական հետաքրքրությունների շրջանակում մշտապես առկա անբաժան ընկերներիցս է, քանի որ բովանդակային զարմանալի ընդգրկունությամբ մինչև այսօր մնում է արդիական, հետաքրքիր, նոր: Իմ անձնական գրադարանի այս ամենասիրելի գրքերիցս մեկում ներառված վիթխարի տեղեկույթը վերաբերվում է ոչ միայն կենդանիներին, այլև մարդ-բնություն փխրուն հարաբերությանը, կապին, ինչը և գրքի հարցադրման առանցքում է: Պատմությունը, որը կներկայացնեմ Ձեզ հիմա, այս գրքի բազմաթիվ հետաքրքիր ու հուզիչ պատմություններից մեկն է: Հավելեմ, որ այսօր շատ ավելի բան է հայտնի այս պատմության մասին, քան Դմիտրևի ժամանակներում: Այդ պատճառով, նախքան այս պատմությունը Ձեզ ներկայացնելը, ես բավական երկար ուսումնասիրեցի պատմության վերաբերյալ բազմաթիվ այլ աղբյուրներ ևս` տեքստում անհրաժեշտ ճշգրտումներ և հավելումներ անելու, ինչպես նաև անհրաժեշտ լուսանկարները գտնելու համար: Այնպես որ` այս հոդվածը, հիմքում ունենալով Յու. Դմիտրիևի գիրքը, իմ սեփական հետազոտությունն է, որն արել եմ ոչ միայն մեծ հետաքրքրությամբ ու հաճույքով, այլև պահանջկոտությամբ և պատասխանատու կերպով, որպեսզի ընթերցողին ներկայացնեմ միայն ճշգրտված տվյալներ: 

Հայտնի է, որ աշխարհի շատ քաղաքներում կան հուշարձաններ, որոնք կանգնեցվել են այս կամ այն հերոս կենդանու պատվին: Այդ հուշարձանները խորհրդանշում են տվյալ կենդանու որևէ սխրանքը, պատմական իրադարձությունների (հիմնականում` համաշխարհային պատերազմների) թոհուբոհի մեջ նրա ունեցած դերակատարությունը: Կան նաև հավաքական կերպարներ խորհրդանշող հուշարձաններ, կան անգամ այդպիսի հուշարձաններով լի կենդանիների հատուկ գերեզմաններ:

Հերոս կենդանիների շարքում են շները, որոնք պատերազմում թե խաղաղ պայմաններում հաճախ են ցուցաբերել հերոսություն, արիություն: Նրանց արժանիորեն մեծարել են և անմահացրել` որպես օրինակ սերունդների համար: 

Շան պատվին կանգնեցված ամենահայտնի հուշարձաններից մեկը գտնվում է Փարիզում, Շների գերեզմանոցում: Այն կառուցվել է շուրջ երկու դար առաջ: Քարե պատվանդանին մի հսկա շուն է և հավատով լի հայացքով նրան հպված մի երեխա: Պատվանդանին կա ֆրանսերեն հետևյալ մակագրությունը. «Բարրին, որ փրկեց քառասուն մարդու և սպանվեց քառասունմեկերորդի ձեռքով» (Il sauva la vie à 40 personnes. Il fut tué par le 41ème):

Բարրիի հուշարձանը` Փարիզում

Հուշարձանի պատմությունն այսպիսին է: Ալպերում կա մի լեռնանցք, որ կոչվում է Մեծ են-Բերնար: Մի ժամանակ այստեղով ճանապարհ էր անցնում, որը Իտալիան կապում էր Կենտրոնական Եվրոպայի երկրների հետ: Ճանապարհը դժվարին էր ոչ միայն այն պատճառով, որ ձգվում էր երկուսուկես կիլոմետր բարձրության վրա, այլև նրանով, որ այս կողմերում եղանակը փոփոխական է. հանկարծակի սկսվում է քամի, բուք. ճամփորդները հաճախ կորցնում են ճանապարհը, մոլորվում ու կործանվում: 10-րդ դարում լեռնանցքում հիմնադրվեց Սեն-Բերնարի (Սուրբ Բերնարի) վանքը: Ցանկանալով որքան հնարավոր է մեծ թվով մարդկանց ենթարկել իրեն, եկեղեցին օգտագործեց նաև այս վայրը, որպեսզի ընդարձակի իր ազդեցության սահմանները: Վանականները գիտեին բոլոր նրանց, ովքեր անցնում էին լեռնանցքով. վանքի հյուրանոցում ապաստան էին տալիս նրանց, օգնում դժբախտության մեջ ընկածին:

Սենբերնարներ` Ալպերում

13-րդ դարում վանականները ձեռք բերեցին ուժեղ ու խելացի շներ, որոք սենբերնար անունն ստացան: Այդ շները չէին վախենում սառնամանիքից ու քամուց, նրանց համար սարսափելի չէր ձյան հաստ շերտը: Թավամազ այս հսկա շները հիրավի ցրտադիմացկուն էին ու ամրակազմ: Շնորհիվ իրենց գերզարգացած զգայարանների ու դիմացկունության, նրանք կարողանում էին երկար ժամանակով շրջել ձյունածածկ տարածքում և փնտրել ձյան տակ մնացածներին, ճանապարհը կորցրած կամ լեռների ծերպերն ընկած անցորդներին: Այս շները իսկական գտածոներ էին վանականների համար: Երկար տարիների ընթացքում սենբերնարները փրկեցին հազարավոր մարդկանց: Սենբերնարների մեջ կային իրենց չեմպիոնները, իրենց հռչակավորները: Ամենահայտնի փրկարարների մեջ կար մի շուն` Առյուծ անունով: Նա փրկել էր 35 մարդու: Առյուծային ուժով օժտված այս հսկան մեծ համբավ էր վայելում լեռներում:

Սակայն ավելի հայտնի էր Բարրին (1800-1814 թթ.), նույն այն շունը, որը փրկել էր քառասուն մարդու և սպանվել քառասունմեկերորդի ձեռքով:

Ասում են, թե դա եղել է ահա թե ինչպես: 1814 թվականն էր, ցրտաշունչ մի ձմեռ: Մի անգամ շատ ուժեղ բուք սկսվեց: Փորձանքի մեջ ընկած մարդկանց օգնելու ելած շները մեկը մյուսի հետևից ուժասպառ վերադանում էին վանք: Եվ միայն Բարրին էր ձնամրրիկի միջով առաջ գնում: Ըստ երևույթին բնազդը նրան հուշում էր, թե ինչ-որ մեկը օգնության կարիք ունի: Եվ այն չխաբեց Բարրին: Ի վերջո նա հայտնաբերեց ձյան մեջ կորած մի մարդու: Ձյունը փորելով ու նրան դուրս հանելով, շունը սկսեց քաշքշել սառած մարդուն, լիզեր նրա դեմքը: Եվ ահա մարդը ուշքի եկավ: Սակայն բացելով աչքերը ու կողքին տեսնելով շան մռութը, մարդը կարծեց, թե իր առջև գայլ է: Հանելով ատրճանակը (մեկ այլ վարկածի համաձայն` դանակը) մարդը սպանեց Բարրիին: Դա էլ հենց Բարրիի փրկած քառասունմեկերորդ մարդն էր… Բարրիի դիակը հանդիսավորությամբ տեղափոխեցին Փարիզ և ամենայն մեծարանքով թաղեցին շների հատուկ գերեզմանոցում:

Կան վկայություններ, որ այդ զինվորը եղել է շվեյցարացի: Այդ ժամանակ վանքի շրջակայքում լուրեր էին տարածվել, թե լեռներում մարդ է մահացել: 48 ժամ որոնելով նրան` Բարրին վերջապես գտել էր զորքից անհետացած ու լեռներում կորած զինվորին, որը երկարափող հրացանի սվինով խոցել էր շանը ու մահացու վիրավորել: 

Սակայն ճշմարտության համար պետք է նշել, որ այս վարկածը ավելի շատ լեգենդ է, քան իրականություն: Կա ևս մի հետաքրքիր և ավելի արժանահավատ վարկած, համաձայն որի Բարրին իրոք փրկել է քառասուն մեկ մարդու: Քառասունմեկերորդը մի երեխա է եղել: Ոչ ոք չգիտեր, որ երեխան փորձանքի մեջ է ընկել: Հայտնի չէ, թե ինչպես է նա հայտնվել լեռնանցքում` բնակավայրերից այդքան հեռու: Եվ միայն ծեր Բարրին էր զգում, որ ինքը պետք է շտապի` փրկելու երեխային: Նա ժամանակին հասավ. երեխան չնայած կորցրել էր գիտակցությունը, բայց ողջ էր: Բարրին պառկեց նրա կողքին` աշխատելով տաքացնել նրան. երկար ու համառորեն լիզում էր դեմքը: Տղան ուշքի եկավ: Նա այնքան թույլ էր, որ չէր կարողանում ոտքի կանգնել և միայն կարողացավ գրկել շան պարանոցը: Այդ ժամանակ Բարրին սկսեց դանդաղ ու զգուշորեն քարշ տալ նրան: Ծեր Բարրիի վիճակը շատ ծանր էր: Տղան ասես հասկացավ դա ու բարձրացավ շան մեջքին: Այսպես էլ շունը նրան հասցրեց մարդկանց մոտ: Իսկ Բարրին, քսան տարի ծառայելով մարդկանց, մեռավ սեփական մահով` կյանքի վերջին տարիները անցկացնելով Շվեյցարիայի Բեռն քաղաքում:

Այս վարկածի վառ ապացույցն է հանդիսանում նաև այն, որ մահից հետո Բարրիի մարմինը տեղափոխվել է Բեռնի բնության պատմության թանգարան: Այնտեղ պատրաստել են շան խրտվիլակը: Բարրիի մորթին պահպանեցին տակսիդերմիայի շնորհիվ: 1923 թվականին փոխեցին շան գանգը` դարձնելով այն ժամանակակից սենբերնարների գանգին համապատասխան:

Բարրիի խրտվիլակը` Բեռնի բնության պատմության թանգարանում

Հավելեմ, որ Բարրի անունով այս բարի շան պատմությունը բազմիցս հիշատակվում է եվրոպական գեղարվեստական գրականության, փաստավավերագրության մեջ և կինեմատոգրաֆիայում: Ասեմ նաև, որ 19-րդ դարից ի վեր Սեն-Բերնարի վանքի շներից մեկին ավանդաբար անվանակոչում են Բարրի, իսկ 2004 թվականից առ այսօր գործում է Բարրիի անվան հիմնադրամը, որը ստեղծվել է վանքին կից գործող շնաբուծարանում սենբերնար ցեղատեսակի շների բուծման ծախսերը հոգալու նպատակով:

Ահա և մի հերոս շան պատմություն, որը փառքով ապրել է` դժվարամատչելի ու ձյունածածկ լեռներում երկար տարիներ փրկելով մարդկանց: Ճշմարտության համար, սակայն, պետք է նշեմ, որ կան մարդիկ, որոնք, այնուամենայնիվ, հակված են հավատալու, որ Բարրիի հուշարձանի պատվանդանին գրված մակագրությունն է ճիշտը, և որ շունը իսկապես դժբախտ վախճան է ունեցել, երբ զինվորականը թյուրիմացաբար սպանել է նրան: Կան և այնպիսիք, ովքեր ավելի հակված են հավատալու նրան, թե իրականում երկու դեպքերն էլ եղել են, և դրանք կազմում են Բարրիի փառավոր կենսագրության էջերը: Թե որ վարկածն է առավել համապատասխանում իրականությանը` թողնում եմ Ձեզ: Երկու հարյուր տարվա վաղեմության այս դեպքերն այսօր մեզ հազիվ թե օգնեն լիարժեքորեն իմանալու, թե ի վերջո ո՞ր վարկածն է լիովին համապատասխանում իրականությանը և որը` ոչ: Սակայն մեծ հաշվով մի՞թե հարցը դա է, մի՞թե դա է կարևորը: Կարևորն այն է, որ Բարրին, և ոչ միայն նա, փրկել է մարդկանց, ծառայել նրանց մեծ նվիրումով ու հավատարմորեն, և մարդիկ, ի նշան երախտագիտության, նրան հուշարձան են կանգնեցրել:

Բարրիի հուշարձանը հուշարձան է իրենց պարտքին և մարդուն հավատարիմ բոլոր շներին (լինեն դրանք ցեղական թե փողոցային): Կարելի է անվերջ պատմել հազարավոր շների մասին, որոնք անձնուրացաբար ծառայել են մարդուն` իրենց կարևոր ներբերումն ունենալով հենց նույն` մարդու պատմության մեջ և նպաստելով մարդ-բնություն անխախտ հարաբերության հարատևմանը և հարստացմանը: Մենք պարտավոր ենք պահպանել բնությունը և նրա բոլոր բնակիչներին, որպեսզի չխաթարվի այդ փխրուն հարաբերության ներդաշնակությունը:
Այսքանը, սիրելի ընթերցող: Հուսով եմ` այս պատմությունը հետաքրքիր էր և օգտակար:
© Առլեն Շահվերդյան, 24.02.2012

Advertisements

Ձեր կյանքի 4 րոպեները

Իմ սիրելի ու մշտական ընթերցողներ: Նախ ուզում եմ նշել, որ Ձեր թիվը գնալով ավելանում է, այսինքն ավելի ու ավելի շատ մարդիկ են այցելում այս բլոգը և դառնում դրա մշտական ընթերցողները: Ուրախալի է, որ բլոգս կարդում են ոչ թե միայն ծանոթներս` ընկերներ, բարեկամ-խնամիներ :D, այլ անհամեմատ մեծ թիվ են կազմում մարդիկ, ում չեմ ճանաչել ու ճանաչում: Ուրախ եմ, որ նրանց մեջ կան մարդիկ, ում հետ ծանոթացել եմ բլոգիս շնորհիվ և բարեկամաբար շփվում եմ բլոգի շրջանակներում և նաև կյանքում: Որքան ավելանում է բլոգիս ընթերցողների թիվը, այնքան ավելի ու ավելի եմ պարտավորվում գրել ու ներկայանալ այնպես, որ մարդիկ շարունակեն հաճույքով կարդալ իմ գրառումները, մտքերը, կարդալ ու ծանոթանալ այն ամենին, ինչ ներկայացնում եմ: Սակայն մեծ թվով ընթերցողներ ունենալը չի նշանակում, որ բոլորին մի աչքով եմ նայում: Հակառակը, ինձ ինչպես միշտ թանկ է իմ յուրաքանչյուր ընթերցողը, նրանցից ամեն մեկն ինձ համար կարևոր է, կարևոր է նրա կարծիքն ու գնահատանքը: Ես շնորհակալ եմ Ձեզ բոլորիդ` ուշադրության և Ձեր ժամանակի համար, որը տրամադրում եք իմ բլոգի նյութերին ծանոթանալիու նպատակով: Կյանքը թանկ է, ժամանակը չի սպասում, և եթե Դուք առօրեական անդադար «վազքի» մեջ, այս արագընթաց ու հոգսառատ կյանքի հարահոս ընթացքում ժամանակ եք հատկացնում և ընթերցում իմ գրածները, ապա դա ոչ միայն պատիվ է բերում ինձ, այլև պարտավորեցնում է արդարացնելու Ձեր ծախսած ժամանակը, որպեսզի Ձեզ համար դա դառնա ոչ թե ժամանակի զուր վատնում, այլ օգտակար, հետաքրքիր ու յուրահատուկ ժամանց, որը վերածվում է մշտական ու մնայուն բարեկամության և անխախտ կապի` հեղինակի, գրողի և նրա հավատարիմ ընթերցողների միջև: Բացի այդ, դա պարտավորեցնում է արդարացնել Ձեր սպասելիքները: Շատերն են բլոգումս իրենց «քոմենթներում», կամ էլ. փոստի նամակներում մաղթում, որ միշտ պահպանեմ յուրօրինակությունը, և բլոգս միշտ աչքի ընկնի իր առանձնահատկությամբ: Նրանք նաև նշում են, որ բլոգիս միջոցով նորովի են բացահայտել ինձ: Հավատացնում եմ, որ այդպիսի շոյիչ ու պարտավորեցնող խոսքերից հետո ցանկացած ստեղծագործող մարդ ձգտում է առավելագույն ջանք գործադրել` իր ընթերցողներին, իր կայքի այցելուներին մշտապես ներկայանալու նորովի, հետաքրքիր, ձգտում է բարեխղճորեն ու նվիրումով անել այն, ինչ սիրում է, որպեսզի շարունակի լինել սպասված ու գնահատված: Ես միշտ նշել եմ, որ հեղինակը պետք է սիրի ու գնահատի իր ընթերցողին, իր աշխատանքները գնահատողին, քանի որ միայն այդպես է ձևավորվում շատ թանկարժեք ու մնայուն այն կապը, այն սիմբիոզը, այն անկեղծ ու ազնիվ դաշտը, որը հեղինակին ոգևորում է գրավելու նոր բարձունքներ, իսկ նրա ընթերցողին` անկեղծ սիրով ու հիացմունքով հետևելու իր սիրելի հեղինակի գործունեությանը: Չգնահատված ընթերցողը, երկրպագուն կարճ ժամանակում կորցնում է հավատը իր սիրելի հեղինակի նկատմամբ, իսկ չգնահատված հեղինակը, եթե առավել ևս նա արժանի է գնահատանքի, ստեղծագործում է, ճիշտ է, նույն նվիրումով, սակայն` պակաս խանդավառությամբ, պակաս ոգևորությամբ, մի տեսակ` խամրած, անփայլ, այլևս չշողշողալով: Եթե ընթերցողին հաջողվում է ըստ արժանվույն գնահատել հեղինակին, ապա դա խոսում է ընթերցողի ոչ միայն նվիրումի, այլև նրա ինտելեկտուալ զարգացվածության և հարուստ հուզաշխարհի մասին: Նույն և հեղինակի դեպքում` եթե նրան հաղոջվում է գտնելու իր ընթերցողի սրտի բանալին, ներթափանցելու նրա հոգու խորքը և հուզելու նրան անկեղծորեն, ապա դա խոսում է հեղինակի խորը աշխարհընկալման ու տաղանդի մասին: Երկու դեպքում էլ շահում են երկուստեք, և իշխում է բարին, սերը, անկեղծը: Այնպես որ, խիստ կարևոր է հեղինակ-ընթերցող այդ անխախտ կապը: Խորին շնորհակալություն եմ հայտնում ևս մեկ անգամ Ձեզ: Ես գնահատում եմ Ձեր բոլորի անկեղծ վերաբերմունքը, ոգևորիչ ու ջերմ խոսքերը, Ձեր դիտողություններն ու առաջարկները: Միայն այդպես է հնարավոր վստահորեն ասել, որ ես ունեմ ընթերցող, միայն այդպես հեղինակը կարող է իրեն վստահորեն իրավունք վերապահել ասելու, որ իր ստեղծագործություններն իրոք կարդում են: Ստեղծագործող մարդը, միևնույն է, ստեղծագործելու է, քանի որ դա իր ներաշխարհի, իր հոգու գեղարվեստական արտահայտումներն են, որոնք պարտադիր են և չեն ճանաչում որևէ պայմանականություն, կախված չեն որևէ հանգամանքից: Սակայն երիցս երջանիկ է ստեղծագործող մարդը, եթե զգում է, որ այն ամենը, ինչը ինքն անում է, նկատվում ու գնահատվում է նաև ուրիշների կողմից:
Այս գրառումը նորմալ տեմպով կարդալու դեպքում տևում է մոտ 4 րոպե: Շնորհակալություն Ձեր կյանքի այդ 4 րոպեների համար, որ նվիրեցիք ինձ ու այս գրառումը կարդալուն: Դա ինձ համար և պատիվ է և պարտավորություն:
© Առլեն Շահվերդյան, 09.02.2012, «Գարնանային ռեքվիեմ» գիրք:

%d bloggers like this: