Առլեն Շահվերդյան

Home » 2012 » January

Monthly Archives: January 2012

Ձեռքը` այգու «զարկերակին»…

Սիրելի բարեկամներ, գաղտնիք չէ, որ լինելով անչափ բնասեր մարդ, ես հաճախ եմ անդրադառնում իմ բլոգում բնության և բնապահպանության թեմաներին: Ավելին, բլոգս, իր թեմատիկ ընդրկումով, ոչ միայն հեղինակային-ստեղծագործական է, այլև որդեգրել է բնապահպանական խնդիրների արծարծման իր հստակ և անխախտ ձեռագիր:

Բլոգիս մշտական այցելուները և իմ ստեղծագործությունների հավատարիմ ընթերցողները գիտեն, որ մշտապես անդրադառնում են հատկապես վայրի բնության թեմաներին: Սական այս պահին ուզում եմ առաջարկել Ձեզ մտովի մի պահ տեղափոխվել ոչ թե անծայրածիր սավաննա կամ խիտ ջունգլի, այլ Երևանի կենդանաբանական այգի, որի նորամուծություններից մեկի մասին էլ ուզում եմ խոսել:

Նախ ասեմ, որ մեր կենդանաբանական այգու մեծ սիրահար եմ և դեռ փոքր տարիքից մշտապես այցելում եմ, ուսումնասիրում, իսկ տարիներ առաջ նույնիսկ պահ եղավ, երբ հնարավոր էր, որ անգամ աշխատեի այնտեղ` որպես «юнат» («юный натуралист»): Այ, այդպես սիրում էի ու սիրում եմ մեր այգին, և սիրտս ցավում է նրա համար:

Բլոգիս մշտական այցելուները գիտեն, որ ես պարբերաբար անդրադառնում եմ մեր կենդանաբանական այգուն: Բավական է սեղմել «Երևանի կենդանաբանական այգի» բանալի բառը` իմ բլոգում: Ավելին, այս հոդվածի վերջում ներկայացրել եմ այգու կենդանիների լուսանկարների` իմ կողմից արված մի մեծ շարք: Լուսանկարներն արել եմ 2008, 2009 և 2010 թվականներին:

Բացի այդ, բլոգիս «Ամենաընթերցվողը» (Most read / Самое читаемое) էջում մանրամասն տեղեկույթ կա այգու մշտական բնակիչներից մեկի` աֆրիկյան առյուծի մասին: Ինչպես գիտեք էջը նվիրված է «Ապրելու իրավունք» գրքիս, որում զգալի անդրադարձ կա առյուծների կյանքին կենդանաբանական այգիներում` ընդհանրապես և Երևանի կենդանաբանական այգում` մասնավորապես: Դե իսկ մեր սիրելի այգու բնակիչներից մեկի` Մարկ անունով աֆրիկյան առյուծի դիտարժան հեղինակային լուսանկարները վաղուց զարդարում են իմ բլոգը և «Ապրելու իրավունք» գիրքս: Տես Մարկի լուսանկարները: 

Դա է պատճառը, որ տեսնելով Երևանի կենդանաբանական այգում` ներկայումս ընթացող բարեփոխումները և նկատելով այգու պաշտոնակայքում մի ուշագրավ տեղեկույթ, ցանկացա առանձին հոդվածով անպայման խոսել այդ մասին: 

Այս հոդվածը գրում եմ իմ կողմից, իմ սեփական նախաձեռնությամբ, ոչ մեկ այն ինձ ոչ հուշել է, ոչ դիմել է, ոչ էլ խնդրել անելու: Ավելին, իմ բլոգում բնապահպանական որևէ կառույցի անդրադառնալը մշտապես իմ սեփական, անկեղծ նախաձեռնությունն է` ելնելով նրանից, որ ինքս անսահման սիրում եմ բնությունը: Կարելի է ասել, որ այս հոդվածը արտահայտությունն է այն մեծ սիրո ու հարգանքի, որ տածում եմ մեր կենդանաբանական այգու նկատմամբ արդեն շատ երկար տարիներ:

Եվ այսպես, օրեր առաջ ես այգու պաշտոնակայքում նկատեցի ինձ համար ուրախալի ու ոգևորիչ մի հաղորդագրություն: Բանն այն է, որ այս տարվա ամռանը Երևանի կենդանաբանական այգում աֆրիկյան առյուծի (Panthera leo) 3 ձագեր էին լույս աշխարհ եկել` 2 էգ (Մարթա և Այրին) և մեկ որձ: Լևռ անունով արու կորյունը, այսուհետև ոչ սովորական խնամակալ ունի: Վերջինիս անունով այգու հաշվին 1.000.000 ՀՀ դրամ է փոխանցվել: Կարդա այս մասին մանրամասն: 

Ուրախալի է, որ այսօր Երևանի կենդանաբանական այգին, ի թիվս բազմաթիվ առաջադիմական քայլերի, իրականացնում է նաև այս հետաքրքիր, ուշադրության արժանի և, ըստ իս, խիստ օգտակար ու կարևոր ծրագիր: Կարծում եմ, որ այն ոչ միայն նորարարական է, այլև ունի բնապահպանական ընդգծված առաքելություն: 

Գաղտնիք չէ, որ ներկայումս Երևանի կենդանաբանական այգում բնակվող կենդանիները չունեն բարվոք կենսապայմաններ: Ամեն անգամ այցելելով այգի նկատում ենք, որ վայրի բնաշխարհի ներկայացուցիչները ապրում են, մեղմ ասած, ոչ այնքան լավ պայմաններում: Ողջունելի է, որ այգու ներկայիս ղեկավարությունը, հստակ գիտակցելով, որ այս իրավիճակը պետք է փոխել հնարավորինս արագ, սկսեց ձեռնարկել կոնկրետ քայլեր: Որոնցից մեկն էլ կենդանիների խնամակալության մշակույթի ներբերումն է մեր իրականություն: Սա լուրջ և արդյունավետ ազդակ կարող է հանդիսանալ շատ մարդկանց համար, որպեսզի նրանց սրտերում զգալի հոգածություն արթնանա կենդանական աշխարհի նկատմամբ: Ըստ էության, այսուհետև բոլոր նրանք, ովքեր ուզում են իրենց ներդրումն ունենալ կենդանիների բարեկեցության և Երևանի կենդանաբանական այգու վերափոխման գործում, կարող են դառնալ կենդանիներից որևէ մեկի խնամակալը: Խնամակալությունն իրականացվում է մեկ տարի ժամկետով: Յուրաքանչյուր խնամակալ ստանում է խնամակալի անհատական անվանաքարտ, որը նրան ոչ միայն հատուկ միջոցառումներին մասնակցելու հնարավորություն է տալիս, այլև կիրառվում է որպես անցաթուղթ, երբ խնամակալը այցելում է կենդանուն: Կենդանաբանական այգու ցանկացած կենդանու հնարավոր է խնամակալել: Կենդանիների խնամակալությունը Երևանի կենդանաբանական այգու կենդանիներին աջակցելու յուրահատուկ ձև է: Կարդա այս մասին մանրամասն: 

Իմ համոզմամբ` խիստ գովելի այս միջոցառումը հատկապես կարևոր է կրտսեր սերնդի դաստիարակության, բնապահպանական կրթության առումով: էլ ո՞վ, եթե ոչ հենց Երևանի կենդանաբանական այգին, որպես հասարակության մեջ բնության նկատմամբ սեր և հոգածություն սերմանելուն ուղղված առաջատար կառույցներից մեկը, պետք է կյանքի կոչեր այս օգտավետ նորարարությունը: Էլ ո՞վ, եթե ոչ Երևանի կենդանաբանական այգու նորարարական, թարմ ու առաջադեմ մոտեցումները պետք է հասարակությանը առավել շոշափելի դարձնեին բնության պահպանության անհրաժեշտության խնդիրը:

Այս կառույցը մշտապես եղել է վայրի բնության յուրահատուկ մի օազիս մեր քաղաքում: Այսօր այն, արժանիորեն ժառանգելով տարիների փորձն ու պատմությունը, փորձում է բնության նկատմամբ վերաբուրմունքի ձևավորմանն ուղղված այնպիսի քայլեր անել, որոնք նախկինում չեն եղել: Քայլեր, որոնք հասարակ մարդկանց մի փոքր ավելի կմոտեցնեն բնությանը, կստիպեն անել հետևություններ, ավելի գորովալից վերաբերվել հայրենի բնությանը, հայրենի ֆլորային և ֆաունային:

Իմ տպավորությամբ` Երևանի կենդանաբանական այգին այսօր իր տրամաչափով սոսկ այգի չէ, այլ կերպափոխվում է` վերածվելով գիտահետազոտական-բնապահպանական կենտրոնի, համագործակցելով աշխարհի առաջատար բնապահպանների ու կենդանաբանական այգիների ու մասնագիտական կառույցների, դրանց` բարձր հեղինակություն և որակավորում ունեցող առանձին մասնագետների հետ: 

Ես սրտանց ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր ջանք չեն խնայում, որպեսզի այգին բարեփոխվի, զարգանա, ընթանա առաջ` հասարակությանը ներկայանալով նոր, ավելի բարվոք վիճակում, կազմակերպված ու կոկիկ տեսքով: Սրտանց ողջունում եմ այգու ներկայիս տնօրինությանը` ի դեմս պարոն Ռուբեն Խաչատրյանի: Անձամբ ճանաչում և հարգում եմ նաև այգու մի քանի վաստակաշատ, փորձառու և իրենց գործին նվիրված աշխատակիցների:  

Երևանի կենդանաբանական այգու զարգացման ու նորացման ճանապարհին դեռ շատ անելիքներ կան, և միայն խիստ հետևողական ու նվիրյալ աշխատանքով է հնարավոր հասնել բոլոր բարի նպատակների իրականացմանը: 

Հուսով եմ, որ այգու կողմից այսօրինակ շնորհակալ ձեռնարկումներն ու միջոցառումները ոչ միայն շարունակական են լինելու, այլև նպաստելու են մեզանում բնապահպանական գիտելիքների զարգացմանն ու ամրապնդմանը, հայ հասարակության մեջ բնության նկատմամբ հոգատար, հարգալից և գրագետ վերաբերմունքի ձևավորմանը, վերաբերմունք, որը, ցավոք, այնքան պակասում է մեզանում:

Հուսով եմ նաև, որ այս հոդվածը իր համեստ նպաստը կունենա Երևանի կենդանաբանական այգու ներկայիս գործունեության լուսաբանման հարցում: Լիահույս եմ, որ մեր բոլորի սիրելի այգին մշտապես մեծ պատասխանատվությամբ ու ինքն իր հանդեպ` խիստ պահանջկոտությամբ կշարունակի իր գործունեությունը, չի շեղվի իր որդեգրած ճանապարհից և կզարգանա ու կնորանա բոլորիս աչքի առջև, բոլորիս ուշադրության ու հոգածության ներքո, ի վերջո` բոլորիս համար: Հասարակությունը նույնպես պետք է լինի հոգատար, պահանջող ու հետևողական, փորձի հնարավորինս աջակցել այգուն` յուրաքանչյուրն իր ունեցած լծակնելով ու հնարավորություններով, որպեսզի կարճ ժամանակում մեր սիրելի այգին, վայրի բնության մեր այս գողտրիկ անկյունը դառնա բոլորիս հպարտությունը և պետության բնապահպանական այցեքարտը` տարածաշրջանում:

Անսպառ եռանդ և հաջողություն եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր ամենօրյա ու պարտաճանաչ աշխատանքով իրենց ներբերումն են ունենում այգու զարգացման ու բարեփոխման գործում:

Երևանի կենդանաբանական այգին մեր հասարակության և, հատկապես` դրա բնասեր հատվածի ոչ միայն սիրելի վայրն է, այլև մեր քաղաքում վայրի բնության գիտակրթական օջախներից մեկը` որպես կենդանի, շնչող մի օրգանիզմ: Այդ օրգանիզմի զարկերակի անխախտ աշխատանքը մեր բոլորի պատվի գործն է: Եվ ուրեմն, պարուրենք մեր սիրելի այգին հոգատարությամբ և ուշադրությամբ ու դնենք մեր հոգատար ձեռքը այգու «զարկերակին»` մշտապես զգալով նրա կյանքի ռիթմը:
© Առլեն Շահվերդյան, 18.01.2012

 

Կարդացեք նաև` ««Այգին` այցելուների աչքերով». Երևանի կենդանաբանական այգու վերաբերմունքը իմ հոդվածի նկատմամբ»:

Մահաթմա Գանդի. Ազգի մեծությունը և բարոյական առաջընթացը կարելի է չափել նրանով, թե ինչպես է այդ ազգը վերաբերվում կենդանիներին

Սիրելի բարեկամներ, Մահաթմա Գանդիի հայտնի խոսքերից մեկը դուրս չի գալիս մտքիցս: Այն կարելի է համարել, որպես ցանկացած ազգի, ժողովրդի, պետության որակական ու բարոյական բնութագրիչ և ուղենիշային սկզբունք` բնության նկատմամբ ունեցած վերաբերմունքի առումով: Ես ցանկացա անպայման փոխանցել այդ խոսքերը Ձեզ: Մահաթմա Գանդին ասում է. «Ազգի մեծությունը և բարոյական առաջընթացը կարելի է չափել նրանով, թե ինչպես է այդ ազգը վերաբերվում կենդանիներին» (Величие и моральный прогресс нации можно измерить тем, как эта нация относится к животным / The greatness of a nation and its moral progress can be judged by the way its animals are treated): Ահա, այսպիսի խորքային է հնդիկ առաջնորդի և, առհասարակ, հնդիկ ժողովրդի ընկալումը բնության, մարդ-բնություն փոխհարաբերությունների նկատմամբ: Իսկապես, շատ բան կարելի է որոշել` ելնելով նրանից, թե ինչպես է տվյալ ազգը վարվում բնության հետ: Հնդիկները, ընդհանրապես, առանձնանում են բնության, մասնավորապես` կենդանիների նկատմամբ իրենց հոգատարությամբ ու մեծարանքով: Նրանց, ովքեր չգիտեն, թե ով է Մահաթմա Գանդին, ասեմ, որ Մոհանդաս Կարամչանդ Գանդի (գուջարատի՝ મોહનદાસ કરમચંદ ગાંધી) (հոկտեմբերի 2, 1869 –հունվարի 30, 1948) Հնդկաստանի և Հնդկական անկախության շարժման քաղաքական և հոգևոր առաջնորդ էր: Նա նախաձեռնողն էր Սատյագրահայի – դիմադրություն բռնակալության դեմ քաղաքացիական անհնազանդության, խստորեն առանց բռնությամբ (ահիմսա)—որով Հնդկաստանը շահել է իր անկախությունը և մեծապես ազդել է աբողջ աշխարհում նմանատիպ շարժումների տարածման վրա` քաղաքացիական իրավունքների և ազատության համար: Նա ճանչվել է աշխարհում իբրև Մահաթմա Գանդի ([սանսկրիտ]՝ महात्मा կամ “Մեծն Հոգի”) և Հնդկաստանում իբրև Բապու (գուջարատի՝ બાપુ կամ “Հայր”): Նա ճանաչվել և հարգվել է Հնդկաստանում, իբրև Հնդկաստանի հայրը:

Գանդիի տարեդարձը` հոկտեմբերի 2-ը Հնդկաստանում նշվում է իբրև Գանդի Ջայանտի ազգային տոն, իսկ աշխարհում` Ոչ-Բռնության Միջազգային Օր:

Հիրավի իմաստուն խոսքեր են, իսկապես` ժողովրդի մեծության մասին կարելի է դատել կենդանիների նկատմամբ ունեցած նրա վերաբերմունքից: Որքան տեղին են ու արդիական, մանավանդ մեր երկրում, որտեղ կենդանիների ու, առհասարակ, բնության նկատմամբ կա մի տեսակ արհամարհական, օտարական վերաբերմունք: Այնպիսի տպավորություն է, կարծես մեր բնությունը մերը չէ կամ մեզ պետք չէ: Սա խոսում է հասարակության արժեհամակարգի ու գիտակցության մակարդակի ներկայիս վիճակի մասին: Բնության հանդեպ այս անթույլատրելի վերաբերմունքը, այս անտարբերությունը կամ միտումնավոր վնաս հասցնելը անպայման բերելու է անդառնալի հետևանքների: Անհրաժեշտ է ոչ թե վաղը կամ մյուս օրը, այլ հենց հիմա, հենց այս պահից սկսած մտատել բնության պահպանության մասին ու փոխվել, դադարել բնությունը դիտել որպես անշունչ, ոչ պետքական մի հասկացություն կամ էլ կարծել, թե բնությունը մի բան է, որին պետք է տիրանալ, բաժանել, դարձնել եկամտի, հասույթի աղբյուր: Հիվանդ են այն մարդիկ ովքեր կարծում են, թե բնությունը միայն իրենցն է, իրենց մենաշնորհը: Բնությունը բոլորինն է, ավելին` ինքը բնությունն է ստեղծել բոլորիս, նա բոլորիս տունն է ու կացարանը: Եվ այդ ընդհանուր տան մեջ հավասրա իրավունք ունեն ապրելու և՛ մարդիկ, և՛ կենդանիներն ու բույսերը:

Ահա այսպես, մեծն մտածողի, մեծն գաղափարակրի` Մահաթմա Գանդիի այս թևավոր խոսքերով ոգևորված էլ ես որոշեցի անպայման գրել այս հոդվածը: Բնությունը պետք է սիրել և ոչ թե սոսկ խոսքերով կամ էլ թղթի վրա, այլ սիրել գործով, պահպանել այն, քարոզել բնության պահպանություն, որպեսզի մեր չկշռադատված ու անմիտ քայլերի պատճառով մի օր չհայտվենք ամայի, անկենդան, մեռյալ մի տափաստանում: Իսկապես, յուրաքանչյուր ժողովրդի մասին շատ բան կարելի է հետևություն անել` տեսնելով թե ինչպիսի վերաբերմունք ունի նա կենդանիների նկատմամբ` սկսած անտուն, փողոցային շնիկներից մինչև վայի բնության բնակիչները: Հայաստանի բնությունը բացառիկ գեղեցկություն ունի, հարուստ է ու բազմազան, սակայն ՎՏԱՆԳՎԱԾ Է, քանի որ, ցավոք, մեր շատ հայրենակիցներ չունեն բնության նկատմամբ հարգանք ու սեր, պատշաճ վերաբերմունք ու գորովանք: Չե՞ք կարծում, որ ժամանակն է փոխվելու, ժամանակն է անելու անհրաժեշտ ու ճիշտ հետևությունները, որպեսզի արժանապատվորեն, առանց ամաչելու նայեք Ձեր զավակների աչքերին, նրանց, ովքեր պիտի ժառանգեն մեզանից հայրենի բնությունը: Սիրե՛նք կենդանիներին և դրանով ցույց տանք մեր գորովանքն ու հոգատարությունը նրանց նկատմամբ, մեկս մյուսի նկատմամբ, սիրենք կենդանիներին, հոգ տանենք նրանց ու դրանով ցույց տանք մեր մեծությունը, մեր խելքը, մեր մարդկայությունը, մոլորակի վրա ՄԱՐԴ կոչումը կրելու մեր իրավունքը ու պատգամը:
© Առլեն Շահվերդյան, 22.01.2012

Իմ արև…

Սիրելի բարեկամներ, համաշխարհաին օպերային արվեստում կա մի նեապոլիտանյան երգ, որը գերում է իր առաջին իսկ հնչյուններից: Համոզված եմ, որ այս երգը լսել են բոլորը: Այն կատարում են տարբեր երգիչներ, հատկապես` օպերային: «O Sole Mio» («Իմ արև») երգը գրվել է 1898 թվականին: Խոսքերի հեղինակն է գրող Ջիովանի Կապուրոն, իսկ երաժշտությունը հեղինակել է նեապոլիտանցի հայտնի երգիչ ու երգահան Էդուարդո դի Կապուան: Հենց նրա հոգեցունց ու թովիչ երաժշտությունն էլ այսպիսի կենդանություն, այսպիսի ռոմանտիկա է հաղորդել այս երգին: Երգը շատ սիրված է ու տարածված: Ասեմ ավելին. այն լայն տարածում ուներ անգամ խորհրդային շրջանում. շատերն են հիշում, որ «Դե, սպասի՛ր» սիրված մուլտֆիլմում նապաստակը (Կլարա Ռումյանովայի ձայնով) նույնպես երգում է այս երգը` գայլի վախից 😀 😀  Ասեմ, որ թեև այս երգը երգել ու երգում են աշխարհի տարբեր լեզուներով, սակայն ընդունված է, որ այն հիմնականում կատարվում է հենց բնօրինակով, մայր լեզվով` իտալերենի նեապոլիտանյան բարբառով: Ի դեպ, նույն այդ բարբառով «O Sole Mio» ոչ թե նշանակում է «Օ՜, իմ արև», այլ ուղղակի` «Իմ արև», քանի որ «օ՜»-ն համապատասխանում է իտալերենի «il» կամ անգլերենի «the» որոշիչ հոդին:
Այս երգը սիրո մասին է: Երգում, մասնավորապես, ասվում է. «Որքան գեղեցիկ է առավոտը, երբ ծագում է արևը: Սակայն կա մեկ այլ արև, ավելի գեղեցիկ: Դա իմ արևն է` քո դեմքին» (կարդացեք երգի խոսքերը բնօրինակով ու ռուսերեն թարգմանությամբ): Գեղեցիկ համեմատություններով ու նույնքան գեղեցիկ արտահայտություններով հարուստ այս երգի խոսքերը լսելիս, ասես, տեղափոխվում ես 19-րդ դարի վերջերի Իտալիան, նեղլիկ փողոցները, որտեղ օդում թարմ հացի հոտն է, պարաններին կախված է լվացքը, նազելի օրիորդները շտապում են դասի, իսկ պատանիները հետևում են նրանց ու հիանում նրանց նազանքով, փողոցներում աղմուկ է, աժեոտաժ, հաճելի եռուզեռ, իսկ բակերում էլ աշխուժորեն խաղում են երեխաները: Շատ գեղեցիկ թեմա կա այս երգում: Կարծում եմ, որ սիրո մասին ամենաքնքուշ, ամենամեղեդային, ամենաանձնական երգերից մեկն է: Ես այս երգը շատ եմ սիրում, հաճախ էլ երգում եմ օպերային ձայնով 🙂 ասեմ` վատ չի ստացվում մոտս 🙂 Սակայն այն, իհարկե, շա՜տ ավելի լավ է ստացվում համաշխարհային տենորներից մեկի` Լուչիանո Պավարոտտիի մոտ: Իմ ամենասիրած օպերային երգիչը այս երգն այնպիսի լիարժեք կերպով է փոխանցում ունկնդրին, որ ակամա տեղափոխում է քեզ «Իմ արև» երգի աշխարհը: Սակայն, հետաքրքիր ձևով որոշեցի ձեր ուշադրությանը ներկայացնել երգը: Բանն այն է, որ 1994 թվականին Իտալիայում մեծ շուքով նշվեց մեծն տենորի 59-ամյակը: Մեծ ու տոնական այդ համերգին մասնակցում էին նրա ընկերները: Համերգն այդպես էլ խորագրված էր` «Պավարոտտին ու նրա ընկերները»: Եվ ահա, «O Sole Mio» երգը տենորի հետ կատարում է ոչ պակաս հայտնի ու սիրված երգիչ և երգահան Բրայան Ադամսը: Այնպես որ` վայելեք այս կատարումը: Այս հոդվածս նվիրում եմ բոլոր սիրող սրտերին և հավերժ ու ապրեցնող այն զգացմունքին, որ կոչվում է ՍԵՐ:

© Առլեն Շահվերդյան, 16.01.2012

P.S. Վերջում, որպես հաճելի հետգրություն, ուզում եմ Ձեզ ներկայացնել հատված «Մեծ սիրո սերենադը» ֆիլմից, որտեղ ֆիլմի հերոս Տոնի Կոստան (որին մարմնավորում է Մարիո Լանցան) հրաշալի կերպով կատարում է «O Sole Mio» երգը.

Քո շնորհիվ երկինքը ինձ այդքա՜ն մոտ է… / Thanks to you the sky is so much close to me…

Քո շնորհիվ երկինքը ինձ այդքա՜ն մոտ է…

Ամեն անգամ, երբ ձեռքերս վեր եմ պարզում ու գրկում եմ լուրթ երկնքի անհո՜ւն ծովը,
Երբ կարոտի իմ երազում ինձ շոյում է ծիրանենու անո՜ւշ հովը,
Երբ սավանից ճերմակաթույր, կարծես, զվարթ դեմքով նայում ու ժպտում են ծաղիկները գարնանայի՜ն,
Երբ կարկաչուն գետը վարար իր ջրերով արագահոս ամեն գնով փորձում է միշտ ինձ հմայի՜,

Ես այդ պահին քեզ եմ հիշում և քո մեղմի՜կ համբույրները` որպես երկնի անհուն ծովի թարմաբույր բրիզ,
Ձյունաճերմակ դե՜մքդ եմ հիշում և հիշում եմ նո՜ւրբ վարսերիդ շողքը դեմքիս
Ու ծիծա՜ղդ, որ զվարթ է ժպիտի պես գարնանայի՜ն ծաղիկների,
Իսկ հմա՜յքդ` կարկաչո՜ւն գետ, որ փորձում է ամեն գնով ինձ հմայի:

Եվ ահա ես, որպես անուշ քո հմայքով անդարձ գերված մի սիրահար,
Ճերմակաթո՜ւյր ձյան սավանից գարնանային ծաղիկ հանկա՛րծ գտնողի պես,
Կյա՜նքն եմ տոնում և հրճվո՜ւմ եմ, ինչպես գարնան արագահոս գե՛տը վարար,
Լուրթ երկնքի անհուն ծովի մեջ թաթախված թարմ բրիզի պես:

Շնորհակալ եմ, որ իմ կյանքում այլևս կաս, քո կենարար գոյությամբ է սկսվում օրը,
Քո շնորհիվ է գիշերը զով, անկրկնելի` անուշաբո՜ւյր առավոտը,
Գետերը զի՛լ կարկաչում են ու երազում ինձ շոյում է ծիրանենու անո՜ւշ հովը,
Շնորհակալ եմ, որ քո շնորհիվ երկինքը ինձ այդքա՜ն մոտ է…

Հեղինակ` Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 02.01.2012, կեսգիշեր անց:

Հարգելի Ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

Dear Reader, this Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without the reference (link) to its Author and to this Page.

Poem by Arlen Shahverdyan. © All Rights Reserved, 2012

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
%d bloggers like this: