Առլեն Շահվերդյան

Home » 2011 » November

Monthly Archives: November 2011

Լեոնիդ Ագուտին. Ինչպես և ինչից սկսվեց ամեն ինչ…

Արդեն 17 տարի է, ինչ երկրպագում եմ Լեոնիդ Ագուտինի երգարվեստը: 1994 թվականին էր, երբ առաջին անգամ լսեցի նրա «Босоногий мальчик» ալբոմը, այդ օրվանից մշտապես սիրով եմ լսում նրա երգերը և հետևում նրա ստեղծագործական գործունեությանը: Ագուտինի երգերը զգալի ազդեցություն են ունեցել իմ վրա, երբ պատանեկան շրջանում ձևովորվում էին իմ աշխարհայացքը, մտահորիզոնը: Կարծում եմ, որ նրա արվեստը նուրբ ու զգայական է, խոսուն ու բարձրարժեք, նրբաճաշակ ու խիստ ինքնատիպ: Կնոջը, կանացի գեղեցկությունը մեծարելու ու կնոջ նկատմամբ սերը գովերգելու նրա ուրույն արվեստը միշտ հոգեհարազատ է եղել ինձ և, համոզված եմ, հոգեհարազատ է բոլոր կնամեծար տղամարդկանց: Ագուտինի, ինչպես նաև Մելաձեի, Սերովի, Դասենի, Ադամոյի, Ազնավուրի, Բրելի երգերը, առանձնանում են հատուկ հուզականությամբ ու կնոջը գովաբանելու առանձնակի անկեղծությամբ: 17 տարին բավական երկար ժամանակ է մշտապես սիրելու ու լսելու նույն արտիստի երգերը: Այսօր` 2011 թվականին, երբ ինքը Ագուտինն էլ արդեն բավական մեծացել է, ունի երկու երեխա, առաջարկում եմ մի պահ հետ վերադառնալ դեպի այն հեռավոր 90-ականները` տեսնելու համար, թե ինչպես և ինչից սկսվեց ամեն ինչ… Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Ագուտինի երգարվեստից հատընտիր տեսահոլովակներ, առանձին տեսանյութեր և հարցազրույցներ, հատվածներ հաղորդումներից, անգամ բացառիկ համերգային կենդանի կատարումներ, որոնք շատ քչերն են տեսել: Եվ այսպես, երիտասարդ Ագուտինից մինչև մերօրյա վաստակավոր արտիստը, որը մեծ ու ուրույն ներդրում ունի ռուսական երաժշտարվեստի զարգացման հարցում և իր հատուկ ձեռագիրն ունի համաշխարհային երաժշտության մեջ: Համոզված եմ, որ սա լավ նվեր կլինի Ագուտինի բոլոր երկրպագուների համար:
© Առլեն Շահվերդյան, 26.11.2011 

_______________________________________________________________________
*
Հեղինակային իրավունքների պաշտպանություն
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է: 
Copyright protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

© Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ / Arlen Shahverdyan. Author’s blog
© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2013 / © All Rights Reserved, 2013

       
    Blog      Facebook    Twitter      YouTube       E-mail          Clip      Subscribe   You+Blog
*
Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Քևին Ռիչարդսոն. Ապրելով առյուծների կողքին…

Կենդանիների վարքաբան Քևին Ռիչարդսոնն այնքան է կապված խոշոր կատվազգիներին, որ կարող է անգամ գիշերն անցկացնել նրանց հետ փաթաթված, առանց հարձակման ենթարկվելու աննշան երկյուղի: Ռիչարդսոնը աշխատում է Յոհաննեսբուրգի մոտ գտնվող վայրի բնության մի արգելոց–այգում: Քևինի համար վտանգ չեն ներկայացնում ո՛չ առյուծները, ո՛չ վագրակատուները, ո՛չ սև ու բծավոր ընձառյուծները, և ո՛չ էլ անգամ անկանխատեսելի բորենիները, որոնք պահվում են այդ այգում:
Քևինի սիրելիներն են առյուծները, և նա յուրաքանչյուր առանձնյակի վերաբերվում է յուրովի, խոսում նրանց հետ, հոգ տանում նրանց նկատմամբ: Առյուծներն էլ ճանաչում են նրան, վստահում, ընդունում` որպես իրենց փրայդի անդամի, վտանգ չեն տեսնում նրա մեջ: Յուրաքանչյուր առյուծ վայելում է Քևինի սերն ու ուշադրությունը, հոգածությունն ու խնամքը: Եվ դա բավական է, որպեսզի այս հզոր ու խիստ վտանգավոր գիշատիչ գազանը մի աննկարագրելի քնքշությամբ, երախտագիտությամբ ու նվիրվածությամբ լցվի մարդու նկատմամբ և այնքան լավ, ապահով ու հանգիստ զգա, որ նույնիսկ թույլ տա իրեն համբուրել:
Հաճելի է տեսնել, թե ինչպես է գիշատիչն այդպես մեղմորեն ընդունում մարդ արարածին:
Մարդու ֆիզիոլոգիայի նախկին ուսանողը, որը ժամանակին աշխատում էր նախա- և հետվիրահատական շրջանի հիվանդների հետ, 10 տարի առաջ սկսեց զբաղվել կենդանիներով: Ճիշտ է, կատվազգիների հետ շփումների սկզբնական շրջանում 4 տարեկան ագրեսիվ արու առյուծի հետ տեղի ունեցած բախումը անմոռանալի դաս եղավ Քևինի համար. կենդանին նրան գետնին էր գամել և սկսել կծել այնքան ժամանակ, մինչև կանգ էր առել` զգալով Քևինի պասիվ արձագանքն իր հարձակումներին:

Այսօր Քևինը իրեն վստահ է զգում հատկապես այն կատվազգիների հետ, որոնց ճանաչում է նրանց ծնված օրվանից: Նա կարող է մտերմանալ մեկ տարեկանից փոքր ցանկացած առյուծի հետ, որը դեռևս բավականին հարմարվող ու ճկուն է` նրան որպես սեփական փրայդի անդամ ընդունելու համար: Քևինը զգում է կենդանու վարքագիծը ու նրա հնարավոր կամ անկանխատեսելի գործողությունները: Չօգտագործելով փայտեր, մտրակներ կամ շղթաներ, ինչը ավելի է մեծացնում սեփական կյանքը վտանգելու ռիսկը, Քևինը փորձում է վստահության դաշտ ձևավորել իր ու կենդանու միջև:
Քևինը լուսանկարներ ունի, որտեղ նա խաղում է առյուծների հետ, նրա մասին կան բազմաթիվ տեսանյութեր: Քևինն իր օրինակով նպաստում է, որ առյուծներն ու մյուս գիշատիչներն ավելի ճանաչելի դառնան մարդկանց, իսկ բազմաթիվ տեսանյութերն էլ կենդանի վկայություն են այն բանի, որ մարդն ու գիշատիչը կարող են մտերիմ լինել և հանգիստ շփվել:
Հավելեմ, որ Քևին Ռիչարդսոնի այլ լուսանկարներ և տեղեկույթ կարող եք գտնել նաև «Ապրելու իրավունք» գրքիս համար հատուկ ստեղծված և այս կայքում ներկայացված նկարազարդ ներդիրում:

© Առլեն Շահվերդյան, «Ապրելու իրավունք» գրքից, 21.11.2011

Գաբրիել Գարսիա Մարկես. Հարյուր տարվա մենություն

Սիրելի այցելուներ, հավատարիմ մնալով իմ ձեռագրին` ես շարունակում եմ Ձեր ուշադրությանը ներկայացնել համաշխարհային գրականության գլուխգործոցները:

Բուհական ուսումնառության տարիներին ես բախտ եմ ունեցել լինելու գրականագետ, գրաքննադատ, չարենցագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր իմ շատ հարգելի պարոն Դավիթ Գասպարյանի ուսանողը: Նա մեր կուրսին մեկ կիսամյակ դասավանդեց համաշխարհային գրականություն: Եվ ահա, մինչև հիմա ես չեմ մոռանում մի խոսք, որը նա հնչեցրեց իր դասախոսություններից մեկի ժամանակ: Թեման էր Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործական գործունեությունը, և նա ասաց. «Եթե ցանկանում եք Ձեզ պատճառել գերագույն հոգևոր բավականություն, ապա անպայման կարդացեք Մարկեսի «Հարյուր տարվա մենյություն» գիրքը: Գասպարյանի այդ խոսքը մխրճվեց իմ մտքում, ես կարդացի գիրքը ու համոզվեցի նրա խոսքերի ճշմարտացիության մեջ: Այս պահին Ձեզ նույնպես առաջարկում եմ կարդալ այս գիրքը (ռուսերեն փայլուն թարգմանությամբ): Հայերեն ֆայլը, ցավոք, չեմ գտել: Սակայն նախքան գրքի ընթերցումը, առաջարկում եմ մի փոքր ծանոթանալ այս ստեղծագործությանը:

Եվ այսպես. Հարյուր տարվա մենություն (իսպաներեն՝ Cien años de soledad), կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի վեպ, լատինաամերիկյան և համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը: Այն իսպաներեն լեզվով գրված ամենակարդացվող և թարգմանվող ստեղծագործություններից մեկն է: Նշվել է որպես իսպաներեն լեզվով գրված նշանակությամբ երկրորդ (Սերվանտեսի «Դոն Կիխոտից» հետո) ստեղծագործությունը իսպաներեն լեզվին նվիրված IV միջազգային կոնգրեսի ժամանակ (անցկացվել է Կոլումբիայի Կարտախենա քաղաքում 2007 թ. մարտին): Առաջին անգամ հրատարակվել է Բուենոս-Այրեսում 1967 թ. հունիսին 8000 տպաքանակով: Ներկա դրությամբ վաճառվել է գրքի ավելի քան 30 միլիոն օրինակ աշխարհի 35 լեզուներով:

Վեպի գործողությունները տեղի են ունենում մտացածին «Մակոնդո» քաղաքում, սակայն մեծապես առնչվում են հեղինակի` Գաբրիել Գարսիա Մարկեսի հայրենի Կոլումբիայում տեղի ունեցող իրադարձություններին:

Մասնագետների կարծիքով, «Հարյուր տարվա մենություն» ստեղծագործությունն էր գլխավոր դրդապաճառը, որ 1982 թվականին Գաբրիել Գարսիա Մարկեսն արժանացավ Նոբելյան մրցանակի: Այդ ժամանակ նրա պարգևատրումը բացատրվեց հետևյալ կերպ. «Վեպերի ու պատմվածքների համար, որոնցում ֆանտազիան ու իրականությունը միախառնվելով` արտացոլում են ամբողջ մայրցամաքի կյանքն ու կոնֆլիկտները»:

Մարկեսի ու նրա ստեղծագործության ազդեցությունն ու ժողովրդականությունը մինչ օրս էլ այնքան մեծ է, որ 2006 թվականին նրա ծննդավայրի` կոլումբիական Արակատակա քաղաքի քաղաքապետ Պեդրո Սանչեսը հանդես եկավ քաղաքի անունը փոխելու և Մակոնդո վերանվանելու նախաձեռնությամբ: Այդ ժամանակ անցկացված հանրաքվեի արդյունքում քաղաքի բնակիչների 90 տոկոսից ավելին նախաձեռնությանը կողմ քվեարկեցին, սակայն անվանափոխությունը տեղի չունեցավ, քանի որ հանրաքվեին մասնակցությունը քիչ էր պահանջվող նվազագույն շեմից: 

Այսքանը գրքի ու գրողի մասին: Այժմ տեղափոխվենք Մարկեսի անեզր աշխարհը: Եվ այսպես` «Հարյուր տարվա մենություն»: Մաղթում եմ հաճելի ընթերցում >>>

© Առլեն Շահվերդյան, 13.11.2011
Գրքի PDF-ի աղբյուրը` http://book2.me/

_______________________________________________________________________
*
Հեղինակային իրավունքների պաշտպանություն
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է: 
Copyright protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

© Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ / Arlen Shahverdyan. Author’s blog
© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2013 / © All Rights Reserved, 2013

       
    Blog      Facebook    Twitter      YouTube       E-mail          Clip      Subscribe   You+Blog
*
Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Թռչկանի ջրվեժի ձայնից էլ բա՛րձր…

Սիրելի՛ բարեկամներ, բազմամյա անտարբերության դրսևորումներից հետո մեր հասարակության մեջ վերջապե՛ս գրանցվում է այն միտումը, որ հասարակությունը և, հատկապես` դրա բնասեր ու բնապահպան հատվածը, անտարբեր չի մնում բնությունը անխնա ու անխոհեմ կերպով շահագործելու, այն ակնհայտորեն վնասելու քայլերին:

Այսօր լրագրողների հետ հանդիպեցին «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության հեղինակներն ու բնապահպանները: Հանդիպումը լուսաբանվեց ԶԼՄ-ների կողմից: Ես այս ընթացքում ուշադիր հետևել եմ բարձրացված հարցի ընթացքին ու բոլոր զարգացումներին և իմ հոգու պարտքը համարեցի առանձին այս հոդվածքով անդրադառնալ Թռչկանի խնդրին և այս խնդրի լուծման հարցում գրանցված ակնհայտ, շոշափելի և ոգևորիչ հաջողություններին:

Նախ ներկայացնեմ մի քանի լրատվական անդրադարձ: «Այս անգամ հանդիպումը, ինչպես բանախոսներն են ասել, առաջին հաղթանակից հետո էր: Նախաձեռնության ակտիվիստներին հաջողվել է դադարեցնել Թռչկանում ՀԷԿ կառուցելու ծրագիրը: Հանրապետության նախագահի հանձնարարականով ջրվեժին հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ է տրվել, ինչը նշանակում է, որ Թռչկանի տարածքում ցանկացած գործունեություն պետք է պայմանավորվի նրա անձնագրով: Խնդիրն այն է, սակայն, որ այս ջրվեժը անձնագիր չունի: Ու հենց դա է պատճառը, որ այսօր հրարավոր չէ հստակ որոշել ինչ կարգավիճակ տալ Թռչկանին` արգելոցի, արգելավայրի, թե ազգային պարկի: Բնապահպանության նախարարությունում խոստացել են առաջիկա մեկ տարում լուծել այդ խնդիրը: Բնապահպաններն ու ակտիվիստները պահանջում են անձնագրավորման աշխատանքներին ներգրավվել նաև իրենց»,-նշվում է «http://www.shanttv.com» կայքում զետեղված տեսանյութում:

««Թռչկանի ջրվեժը կարծես փրկված է, բայց մեր անելիքները դեռ շատ են: Մեր միսիան ավարտված է այնքանով, որ մեր վրանային ավանի երիտասարդ բնակիչները վերադարձել են Երևան, բայց Թռչկանում և, ընդհանրապես, բնապահպանական ոլորտում անելիքները շատ են, և մենք կշարունակենք գործել տասնապատիկ եռանդով», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնող խմբի անդամ Արման Վերմիշյանը», – նշվում է «Թերթ.am» լրատվական գործակալության կայքում զետեղված հոդվածում:

«Համապատասխան կառույցների հետ համակարգելով այս հարցը` մենք կսկսենք այնտեղ անտառվերականգնման աշխատանքներ, որը կնապաստի սողանքների ինչ-որ չափով պահպանությանը և, իհարկե, այնտեղի կենսաբազմազանության պահպանությանը», -հանդիպման ժամանակ ասել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) տնօրեն Կարեն Մանվելյանը»: Այս մասին նշվում է «http://news.armeniatv.com» կայքում զետեղված տեսանյութումWWF հայաստանյան մասնաճյուղի գործունեությանը ծանոթացեք նաև մասնաճյուղի պաշտոնական կայքում: Հավելեմ, որ մասնաճյուղի բնապահպանական շնորհակալ գործունեությանը ես ժամանակին անդրադարձել եմ նաև կովկասյան ընձառյուծի մասին պատմող «Նրանք անհետացման եզրին են…» վերնագրով հրապարակմանս մեջ:   

Ի մի բերելով այս հրապարակումները` ես ուզում եմ անդրադառնալ Թռչկանի հարցի մեկ այլ շատ կարևոր ասպեկտի: Վերջապե՛ս մեր հասարակության մեջ նկատելի են քաղաքացիական գիտակցության հասունացման, զարգացման ու հետզհետե կայացման սաղմեր: Չէ՞ որ եթե Թռչկանի փրկության օրինակը ամրագրվի օրենքով, ջրվեժը ապահովվի անձնագրով, հստակեցվեն նրա պահպանության սահմանները, անվավեր ճանաչվեն շինարարություն սկսելու բոլոր թույլտվությունները, տրվեն հստակ ու կայուն երաշխիքներ, որ այսօրինակ դեպքն այլևս չի կրկնվի, պատժվեն բոլոր նրանք, ովքեր շահադիտական նպատակներով փորձեցին վնասել ջրվեժին, ապա կարելի կլինի արձանագրել, որ Թռչկանի օրինակը նախադեպ է և հետայսու զգաստացնող իրողություն ու հիշեցում բոլորին: Սակայն, ինչպես երևում է վերը թվարկածից, անելիքները դեռ շատ են. ՀԷԿ-ի շինարարական աշխատանքների արդյունքում մեծապես տուժել է Թռչկանի էկոհամակարգը, առաջացել են նաև սողանքավտանգ տարածքներ, որոնք լավ ուսումնասիրության և վերականգնման կարիք ունեն: Ինչևէ մեր հասարակությունը և, հատկապես` նրա երիտասարդ ու բնասեր ակտիվիստները ապահովեցին Թռչկանի ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ: Այս կարևոր հարցադրումը խիստ հոգեհարազատ է նաև ինձ, և մեր մոլորակի կենդանի ու անկենդան բնության, նրա բոլոր արարածների ու տարածքների ապրելու իրավունքի ապահովման, կենսաբազմազանության պահպանության մասին ես մշտապես գրում եմ այս բլոգ-կայքում և անդրադառնում եմ նաև իմ «Ապրելու իրավունք» գրքում:

Ճիշտ է, Թռչկանի հարցում այսօր վերջակետը դեռ դրված չէ: Եվ թեև պայքարը տվեց իր ցանկալի ու աննախադեպ արդյունքները, և ՀԷԿ-ի շինարարությունը դադարեցված է ու ծանր տեխնիկան էլ հեռացված է տարածքից, սակայն ջրվեժը կարող է ցանկացած պահին կրկին խոցելի լինել: Միևնույն ժամանակ վստահ եմ, որ այսուհետև Թռչկանը ու նրա պես բնական հրաշքներն ունեն իրենց արժանի ու հավատարիմ պահապաններին: Եվ ահա ես ի սրտե ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց ուժեղ կամքով ու ֆիզիկական ներկայությամբ տեղում կանխեցին արհավիրքը: Չէ՞ որ ջրվեժի ոչնչացումը, նրա էկոհամակարգի խաթարումը իսկական բնական արհավիրք, աղետ կլինեին: Թռչկանի փրկությունը իսկապես ձեռքբերում է, սակայն չպետք է կանգ առնել: Ես ուրախանում եմ այս էկոլոգիական զարթոնքի, բնապահպանական բումի, հեղափոխական այս հաղթանակի համար, ինչպես իրենք բնապահպաններն ու Թռչկանի փրկության ակտիվիստներն են այսօր որակել: Ողջունում եմ այն հաստատակամությունը, որի շնորհիվ նրանք լսելի դարձրեցին իրենց ձայնը, որն այս անգամ Թռչկանի ջրվեժի գահավիժող ջրի ձայնից էլ բա՛րձր հնչեց: 

Այսօր բնապահպանների շնորհիվ Թռչկանի արտաքին տեսքին բան չի սպառնում, ջրվեժից վերև ջուր վերցնելու հարցը փակված է: Սակայն եթե արտաքնապես փրկված է Թռչկանը և մեր հայրենիքի այդ մի կտոր աշխարհին այլև վտանգ չի սպառնում, ապա ժամանակն է, որ փրկենք նաև շատերիս ներքին աշխարհը, փրկենք շահամոլությունից ու նյութապաշտությունից, հասկանանք, որ միայն փողով, hասույթով, կապիտալով չէ, որ հարուստ են լինում: Բնությունն էլ է հարստություն, անմահ ու անգին «կապիտալ», բոլորիս «կապիտալը»: Ոչ մեկը մահանալուց հետո իր հետ չի տանում իր ունեցվածքը, և եթե նա այս կյանքում բարի համբավ ու լավ անուն չի թողնում, ապա վստահ կարելի է ասել, որ նա այդ կյանքը չի էլ ապրել, ուղղակի դատարկություն է եղել, «пустое место»` անթույլատրելիորեն տեղ զբաղեցնելով այս մոլորակի վրա այն դեպքում, երբ շատերն այդ տեղը շատ ավելի արժանիորեն կարող են զբաղեցնել: Իսկ եթե կյանքդ ապրում ես որպես «пустое место», ապա կյանքիդ օրոք թվացյալ վայելքներդ էլ պարզապես ծիծաղելի են դառնում ու ողորմելի, իսկ ժառանգներդ էլ քեզ հիշում են գլուխները կախ:

Սիրելինե՛րս, ես խանդավառվում եմ, որ մեր հասարակությունը մի տեսակ ակտիվացել է ու բնապահպանական առումով կամաց-կամաց հասունանում է, սկսում է հասկանալ, արժեվորել ու գնահատել իր հայրենի բնությունը: Դրան նպաստում են, իհարկե, սրտացավ մարդկանց, շահագրգիռ կառույցների համախմբումը մեկ նպատակի շուրջ, սոց-ցանցերի գործիքարանի ճիշտ, լավ նպատակի համար ծառայող հստակ ու հասցեական կերպով օգտագործումը: Վերջապե՛ս մեր հասարակությունը տեսավ, որ այո՛, հարկ եղած դեպքում մարդիկ կարող են կանգնել անգամ բուլդոզերների դեմ ու փրկել փխրուն ու չքնաղ մի ջրվեժ` այդպիսով փրկելով բոլորիս, փրկելով նույն այդ բուլդոզերները գործի դրած մարդկանց երեխաների ապագան: 

Բնապահպան, հարգելի տիկին Կարինե Դանիելյանի բնորոշմամբ` վերջին 20 տարիների ընթացքում ակնհայտ է դարձել, որ հայերը չեն սիրում ու չեն կարողանում պաշտպանել բնությունը: Թռչկանի օրինակը ստիպում է հավատալ, որ հայերիս մեջ վերջապես գրանցվում է այդ շարժը, բնությանը խնամքով վերաբերվելու միտումը: Եվ ուրեմն. «Սառույցը շարժվե՜ց, պարոնա՛յք երդվյալ ատենակալնե՛ր», – ինչպես կասեր Օստապ Բենդերը:

Ես շնորհավորում և ողջունում եմ Ձեզ բոլորիդ, սիրելի՛ բնապահպաններ ու Թռչկանի պահպանման ակտիվիստնե՛ր: Ձեզանից ոմանց, մասնավորապես` իմ շատ հարգելի պարոն Կարեն Մանվելյանին պատիվ ունեմ ծանոթ լինելու նաև անձամբ: Սիրելի՛ երիտասարդ բարեկամներ, իմ ու մեր այն համաքաղաքացիներ, որոնք այս օրերին ապրում էին Թռչկանի կողքին` իրենց ձեռքը պահելով Թռչկանի զարկերակին: Ձեզ եմ հղում երախտիքիս այս խոսքը` Ձեր կարևոր ու նվիրյալ գործունեության համար: Շնորհակալությո՛ւն, որ այսօր Թռչկան ջրվեժը շարունակում է ապրել, շնորհակալությո՛ւն նրա ապրելու իրավունքը պաշտպանելու համար:

Հեղինակ`
Առլեն Շահվերդյան
© «Arlenshah.wordpress.com» հեղինակային բլոգ-կայք, 08.11.2011

Թռչկանի ջրվեժի լուսանկարը` Էդգար Մարուքյանի 

Սվետլանա Գրիգորյան. Յուրաքանչյուրիս սրտում

Մեզանից յուրաքանչյուրի սրտում հայ բեմարվեստի մեծ երախտավորներ Սվետլանա Գրիգորյանը և Կարպ Խաչվանքյանը անջնջելի հետք են թողել` պարգևելով լուսավոր, ջինջ ու մարդկային էմոցիաներ, ապրեցնող էմոցիաներ: Մեծանուն ու անսահման սիրված դերասան Կարպ Խաչվանքյանը, ցավոք, արդեն մեզ հետ չէ և մնացել է մեր սրտերում իր արտիստիկ կերպարով ու պայծառ հոգով: Փա՛ռք Աստծո, որ մեզ հետ է այսօր նրա անբաժանելի խաղընկերուհին, ոչ պակաս սիրված Սվետլանա Գրիգորյանը, մարդ ով մեծ ներդրում ունի հայ թատերարվեստի զարգացման գործում, իսկ նրա դերակատարումներն անհնար է դիտել առանց համակրանքի, հիացմունքի, ժպիտի: Այս մարդիկ մեր ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ այս ասպարեզում, մեր բոլորի սիրելիները, մեր ազգի երախտավորները: Այս օրերին նշվում է մեծ դերասանուհու ծննդյան հոբելյանը: Որքան եմ ուրախանում, որ նշվում ու գնահատվում է նրա գործը, ստեղծագործությունը նրա ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ: Որքան եմ ուրախանում, որ մեր ժողովուրդը կամաց-կամաց սովորում է սիրել ու գնահատել իր մեծերին, իր արժանավորներին նրանց կյանքի ու գործունեության օրոք, և մեզանում հետզհետե իր դիրքերը զիջում է «Գնա մեռի, արի սիրեմ» անհեթեթ մոտեցումը: Իր կենդանության օրոք պիտի ըստ արժանվույն գնահատվի յուրաքանչյուր երախտավոր, և ոչ միայն մշակույթի բնագավառում, այլև մյուս բոլոր` տնտեսական, քաղաքական, ռազմական, քաղաքացիական և բազմաթիվ այլ բնագավառներում:
Ծնունդդ շնորհավոր սիրելի Սվետլանա Գրիգորյան: Առողջություն ու երկար տարիների կյանք եմ մաղթում: Պատիվ ունեմ, որ Ձեր ժամանակակիցն եմ: Ձեր բարի ու լուսավոր էությունը, կանացի հմայքը, հնչեղ ու վարակիչ ծիծաղը, անքննելի ներդրումը հայ բեմարվեստում, Ձեր պարզ ու մարդկային կերպարը մշտապես յուրաքանչյուրիս սրտում է ու կլինի այդպես միշտ: Ես իմ հոգու պարտքը համարեցի անպայման անդրադառնալ Ձեզ ու Ձեր հոբելյանին: Համոզված եմ, որ այս շնորհավորանքիս կմիանան բոլորը` սիրո, երախտիքի ու շնորհավորանքի յուրահատուկ սրտի խոսք հղելով Ձեզ: Սիրելի՛ Սվետլանա, թող անսպառ լինի Ձեր էներգիան ու մարդկային կենսախնդությունը: Կենսախնդություն, որով երկար տարիներ համակվել է մի ամբողջ ժողովուրդ:

Հարգանքով`
Առլեն Շահվերդյան
© «Arlenshah.wordpress.com» հեղինակային բլոգ-կայք, 2011 թ. նոյեմբերի 6:

%d bloggers like this: