Առլեն Շահվերդյան

Home » 2011

Yearly Archives: 2011

Թռչկանի ջրվեժի ձայնից էլ բա՛րձր…

Սիրելի՛ բարեկամներ, բազմամյա անտարբերության դրսևորումներից հետո մեր հասարակության մեջ վերջապե՛ս գրանցվում է այն միտումը, որ հասարակությունը և, հատկապես` դրա բնասեր ու բնապահպան հատվածը, անտարբեր չի մնում բնությունը անխնա ու անխոհեմ կերպով շահագործելու, այն ակնհայտորեն վնասելու քայլերին:

Այսօր լրագրողների հետ հանդիպեցին «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության հեղինակներն ու բնապահպանները: Հանդիպումը լուսաբանվեց ԶԼՄ-ների կողմից: Ես այս ընթացքում ուշադիր հետևել եմ բարձրացված հարցի ընթացքին ու բոլոր զարգացումներին և իմ հոգու պարտքը համարեցի առանձին այս հոդվածքով անդրադառնալ Թռչկանի խնդրին և այս խնդրի լուծման հարցում գրանցված ակնհայտ, շոշափելի և ոգևորիչ հաջողություններին:

Նախ ներկայացնեմ մի քանի լրատվական անդրադարձ: «Այս անգամ հանդիպումը, ինչպես բանախոսներն են ասել, առաջին հաղթանակից հետո էր: Նախաձեռնության ակտիվիստներին հաջողվել է դադարեցնել Թռչկանում ՀԷԿ կառուցելու ծրագիրը: Հանրապետության նախագահի հանձնարարականով ջրվեժին հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ է տրվել, ինչը նշանակում է, որ Թռչկանի տարածքում ցանկացած գործունեություն պետք է պայմանավորվի նրա անձնագրով: Խնդիրն այն է, սակայն, որ այս ջրվեժը անձնագիր չունի: Ու հենց դա է պատճառը, որ այսօր հրարավոր չէ հստակ որոշել ինչ կարգավիճակ տալ Թռչկանին` արգելոցի, արգելավայրի, թե ազգային պարկի: Բնապահպանության նախարարությունում խոստացել են առաջիկա մեկ տարում լուծել այդ խնդիրը: Բնապահպաններն ու ակտիվիստները պահանջում են անձնագրավորման աշխատանքներին ներգրավվել նաև իրենց»,-նշվում է «http://www.shanttv.com» կայքում զետեղված տեսանյութում:

««Թռչկանի ջրվեժը կարծես փրկված է, բայց մեր անելիքները դեռ շատ են: Մեր միսիան ավարտված է այնքանով, որ մեր վրանային ավանի երիտասարդ բնակիչները վերադարձել են Երևան, բայց Թռչկանում և, ընդհանրապես, բնապահպանական ոլորտում անելիքները շատ են, և մենք կշարունակենք գործել տասնապատիկ եռանդով», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնող խմբի անդամ Արման Վերմիշյանը», – նշվում է «Թերթ.am» լրատվական գործակալության կայքում զետեղված հոդվածում:

«Համապատասխան կառույցների հետ համակարգելով այս հարցը` մենք կսկսենք այնտեղ անտառվերականգնման աշխատանքներ, որը կնապաստի սողանքների ինչ-որ չափով պահպանությանը և, իհարկե, այնտեղի կենսաբազմազանության պահպանությանը», -հանդիպման ժամանակ ասել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) տնօրեն Կարեն Մանվելյանը»: Այս մասին նշվում է «http://news.armeniatv.com» կայքում զետեղված տեսանյութումWWF հայաստանյան մասնաճյուղի գործունեությանը ծանոթացեք նաև մասնաճյուղի պաշտոնական կայքում: Հավելեմ, որ մասնաճյուղի բնապահպանական շնորհակալ գործունեությանը ես ժամանակին անդրադարձել եմ նաև կովկասյան ընձառյուծի մասին պատմող «Նրանք անհետացման եզրին են…» վերնագրով հրապարակմանս մեջ:   

Ի մի բերելով այս հրապարակումները` ես ուզում եմ անդրադառնալ Թռչկանի հարցի մեկ այլ շատ կարևոր ասպեկտի: Վերջապե՛ս մեր հասարակության մեջ նկատելի են քաղաքացիական գիտակցության հասունացման, զարգացման ու հետզհետե կայացման սաղմեր: Չէ՞ որ եթե Թռչկանի փրկության օրինակը ամրագրվի օրենքով, ջրվեժը ապահովվի անձնագրով, հստակեցվեն նրա պահպանության սահմանները, անվավեր ճանաչվեն շինարարություն սկսելու բոլոր թույլտվությունները, տրվեն հստակ ու կայուն երաշխիքներ, որ այսօրինակ դեպքն այլևս չի կրկնվի, պատժվեն բոլոր նրանք, ովքեր շահադիտական նպատակներով փորձեցին վնասել ջրվեժին, ապա կարելի կլինի արձանագրել, որ Թռչկանի օրինակը նախադեպ է և հետայսու զգաստացնող իրողություն ու հիշեցում բոլորին: Սակայն, ինչպես երևում է վերը թվարկածից, անելիքները դեռ շատ են. ՀԷԿ-ի շինարարական աշխատանքների արդյունքում մեծապես տուժել է Թռչկանի էկոհամակարգը, առաջացել են նաև սողանքավտանգ տարածքներ, որոնք լավ ուսումնասիրության և վերականգնման կարիք ունեն: Ինչևէ մեր հասարակությունը և, հատկապես` նրա երիտասարդ ու բնասեր ակտիվիստները ապահովեցին Թռչկանի ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ: Այս կարևոր հարցադրումը խիստ հոգեհարազատ է նաև ինձ, և մեր մոլորակի կենդանի ու անկենդան բնության, նրա բոլոր արարածների ու տարածքների ապրելու իրավունքի ապահովման, կենսաբազմազանության պահպանության մասին ես մշտապես գրում եմ այս բլոգ-կայքում և անդրադառնում եմ նաև իմ «Ապրելու իրավունք» գրքում:

Ճիշտ է, Թռչկանի հարցում այսօր վերջակետը դեռ դրված չէ: Եվ թեև պայքարը տվեց իր ցանկալի ու աննախադեպ արդյունքները, և ՀԷԿ-ի շինարարությունը դադարեցված է ու ծանր տեխնիկան էլ հեռացված է տարածքից, սակայն ջրվեժը կարող է ցանկացած պահին կրկին խոցելի լինել: Միևնույն ժամանակ վստահ եմ, որ այսուհետև Թռչկանը ու նրա պես բնական հրաշքներն ունեն իրենց արժանի ու հավատարիմ պահապաններին: Եվ ահա ես ի սրտե ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց ուժեղ կամքով ու ֆիզիկական ներկայությամբ տեղում կանխեցին արհավիրքը: Չէ՞ որ ջրվեժի ոչնչացումը, նրա էկոհամակարգի խաթարումը իսկական բնական արհավիրք, աղետ կլինեին: Թռչկանի փրկությունը իսկապես ձեռքբերում է, սակայն չպետք է կանգ առնել: Ես ուրախանում եմ այս էկոլոգիական զարթոնքի, բնապահպանական բումի, հեղափոխական այս հաղթանակի համար, ինչպես իրենք բնապահպաններն ու Թռչկանի փրկության ակտիվիստներն են այսօր որակել: Ողջունում եմ այն հաստատակամությունը, որի շնորհիվ նրանք լսելի դարձրեցին իրենց ձայնը, որն այս անգամ Թռչկանի ջրվեժի գահավիժող ջրի ձայնից էլ բա՛րձր հնչեց: 

Այսօր բնապահպանների շնորհիվ Թռչկանի արտաքին տեսքին բան չի սպառնում, ջրվեժից վերև ջուր վերցնելու հարցը փակված է: Սակայն եթե արտաքնապես փրկված է Թռչկանը և մեր հայրենիքի այդ մի կտոր աշխարհին այլև վտանգ չի սպառնում, ապա ժամանակն է, որ փրկենք նաև շատերիս ներքին աշխարհը, փրկենք շահամոլությունից ու նյութապաշտությունից, հասկանանք, որ միայն փողով, hասույթով, կապիտալով չէ, որ հարուստ են լինում: Բնությունն էլ է հարստություն, անմահ ու անգին «կապիտալ», բոլորիս «կապիտալը»: Ոչ մեկը մահանալուց հետո իր հետ չի տանում իր ունեցվածքը, և եթե նա այս կյանքում բարի համբավ ու լավ անուն չի թողնում, ապա վստահ կարելի է ասել, որ նա այդ կյանքը չի էլ ապրել, ուղղակի դատարկություն է եղել, «пустое место»` անթույլատրելիորեն տեղ զբաղեցնելով այս մոլորակի վրա այն դեպքում, երբ շատերն այդ տեղը շատ ավելի արժանիորեն կարող են զբաղեցնել: Իսկ եթե կյանքդ ապրում ես որպես «пустое место», ապա կյանքիդ օրոք թվացյալ վայելքներդ էլ պարզապես ծիծաղելի են դառնում ու ողորմելի, իսկ ժառանգներդ էլ քեզ հիշում են գլուխները կախ:

Սիրելինե՛րս, ես խանդավառվում եմ, որ մեր հասարակությունը մի տեսակ ակտիվացել է ու բնապահպանական առումով կամաց-կամաց հասունանում է, սկսում է հասկանալ, արժեվորել ու գնահատել իր հայրենի բնությունը: Դրան նպաստում են, իհարկե, սրտացավ մարդկանց, շահագրգիռ կառույցների համախմբումը մեկ նպատակի շուրջ, սոց-ցանցերի գործիքարանի ճիշտ, լավ նպատակի համար ծառայող հստակ ու հասցեական կերպով օգտագործումը: Վերջապե՛ս մեր հասարակությունը տեսավ, որ այո՛, հարկ եղած դեպքում մարդիկ կարող են կանգնել անգամ բուլդոզերների դեմ ու փրկել փխրուն ու չքնաղ մի ջրվեժ` այդպիսով փրկելով բոլորիս, փրկելով նույն այդ բուլդոզերները գործի դրած մարդկանց երեխաների ապագան: 

Բնապահպան, հարգելի տիկին Կարինե Դանիելյանի բնորոշմամբ` վերջին 20 տարիների ընթացքում ակնհայտ է դարձել, որ հայերը չեն սիրում ու չեն կարողանում պաշտպանել բնությունը: Թռչկանի օրինակը ստիպում է հավատալ, որ հայերիս մեջ վերջապես գրանցվում է այդ շարժը, բնությանը խնամքով վերաբերվելու միտումը: Եվ ուրեմն. «Սառույցը շարժվե՜ց, պարոնա՛յք երդվյալ ատենակալնե՛ր», – ինչպես կասեր Օստապ Բենդերը:

Ես շնորհավորում և ողջունում եմ Ձեզ բոլորիդ, սիրելի՛ բնապահպաններ ու Թռչկանի պահպանման ակտիվիստնե՛ր: Ձեզանից ոմանց, մասնավորապես` իմ շատ հարգելի պարոն Կարեն Մանվելյանին պատիվ ունեմ ծանոթ լինելու նաև անձամբ: Սիրելի՛ երիտասարդ բարեկամներ, իմ ու մեր այն համաքաղաքացիներ, որոնք այս օրերին ապրում էին Թռչկանի կողքին` իրենց ձեռքը պահելով Թռչկանի զարկերակին: Ձեզ եմ հղում երախտիքիս այս խոսքը` Ձեր կարևոր ու նվիրյալ գործունեության համար: Շնորհակալությո՛ւն, որ այսօր Թռչկան ջրվեժը շարունակում է ապրել, շնորհակալությո՛ւն նրա ապրելու իրավունքը պաշտպանելու համար:

Հեղինակ`
Առլեն Շահվերդյան
© «Arlenshah.wordpress.com» հեղինակային բլոգ-կայք, 08.11.2011

Թռչկանի ջրվեժի լուսանկարը` Էդգար Մարուքյանի 

Սվետլանա Գրիգորյան. Յուրաքանչյուրիս սրտում

Մեզանից յուրաքանչյուրի սրտում հայ բեմարվեստի մեծ երախտավորներ Սվետլանա Գրիգորյանը և Կարպ Խաչվանքյանը անջնջելի հետք են թողել` պարգևելով լուսավոր, ջինջ ու մարդկային էմոցիաներ, ապրեցնող էմոցիաներ: Մեծանուն ու անսահման սիրված դերասան Կարպ Խաչվանքյանը, ցավոք, արդեն մեզ հետ չէ և մնացել է մեր սրտերում իր արտիստիկ կերպարով ու պայծառ հոգով: Փա՛ռք Աստծո, որ մեզ հետ է այսօր նրա անբաժանելի խաղընկերուհին, ոչ պակաս սիրված Սվետլանա Գրիգորյանը, մարդ ով մեծ ներդրում ունի հայ թատերարվեստի զարգացման գործում, իսկ նրա դերակատարումներն անհնար է դիտել առանց համակրանքի, հիացմունքի, ժպիտի: Այս մարդիկ մեր ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ այս ասպարեզում, մեր բոլորի սիրելիները, մեր ազգի երախտավորները: Այս օրերին նշվում է մեծ դերասանուհու ծննդյան հոբելյանը: Որքան եմ ուրախանում, որ նշվում ու գնահատվում է նրա գործը, ստեղծագործությունը նրա ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ: Որքան եմ ուրախանում, որ մեր ժողովուրդը կամաց-կամաց սովորում է սիրել ու գնահատել իր մեծերին, իր արժանավորներին նրանց կյանքի ու գործունեության օրոք, և մեզանում հետզհետե իր դիրքերը զիջում է «Գնա մեռի, արի սիրեմ» անհեթեթ մոտեցումը: Իր կենդանության օրոք պիտի ըստ արժանվույն գնահատվի յուրաքանչյուր երախտավոր, և ոչ միայն մշակույթի բնագավառում, այլև մյուս բոլոր` տնտեսական, քաղաքական, ռազմական, քաղաքացիական և բազմաթիվ այլ բնագավառներում:
Ծնունդդ շնորհավոր սիրելի Սվետլանա Գրիգորյան: Առողջություն ու երկար տարիների կյանք եմ մաղթում: Պատիվ ունեմ, որ Ձեր ժամանակակիցն եմ: Ձեր բարի ու լուսավոր էությունը, կանացի հմայքը, հնչեղ ու վարակիչ ծիծաղը, անքննելի ներդրումը հայ բեմարվեստում, Ձեր պարզ ու մարդկային կերպարը մշտապես յուրաքանչյուրիս սրտում է ու կլինի այդպես միշտ: Ես իմ հոգու պարտքը համարեցի անպայման անդրադառնալ Ձեզ ու Ձեր հոբելյանին: Համոզված եմ, որ այս շնորհավորանքիս կմիանան բոլորը` սիրո, երախտիքի ու շնորհավորանքի յուրահատուկ սրտի խոսք հղելով Ձեզ: Սիրելի՛ Սվետլանա, թող անսպառ լինի Ձեր էներգիան ու մարդկային կենսախնդությունը: Կենսախնդություն, որով երկար տարիներ համակվել է մի ամբողջ ժողովուրդ:

Հարգանքով`
Առլեն Շահվերդյան
© «Arlenshah.wordpress.com» հեղինակային բլոգ-կայք, 2011 թ. նոյեմբերի 6:

Մի հատ մո՜ւկ…

Մի հատ մո՜ւկ մի օր մի տան խոհանոցի պատի անցքից նկատում է, որ գետնին պանրի կտոր է ընկած: Մուկը մտածում է. Էս ի՜նչ լավ է, ի՜նչ լավ տուն եմ ընկել, գնամ պանիրը ուտեմ…»: Սակայն հենց նա գլուխը հանում է պատի անցքից, խոհանոցում լսվում է. «Մյաաաո՜ւ…»: Մուկը նեղվում է. «Էէէէէէ՜հ, էս տանը կատու կա…»: Նա վախից դուրս չի գալիս անցքից: Հաջորդ օրը մուկը դարձյալ փորձում է իր բախտը, բայց հեեեե՜նց գլուխը մի փոքր հանում է անցքից դուրս` էլի լսվում է. «Մյաաաո՜ւ…»: Մուկը շատ է նեղվում, մի կողմից վախն է կատվի հանդեպ, մյուս կողմից ախորժելի ու անուշաբույր պանրի կտորը` խոհանոցի հատակին: Եվ այդպես մի ամբողջ շաբաթ. հենց մուկը գլուխը միիիի՜ քիչ դուրս է հանում` լսվում է «Մյաաաո՜ւ», և մկնիկը ստիպված վախից ներս է գնում: Նա արդեն սկսում է անիծել այն օրը, որ մտավ այդ խոհանոցը: Եվ ահա մի օր, երբ մկնիկը հերթական անգամ փորձում է առաջանալ ու հասնել պանրին, նա հանկարծ լսում է այսպիսի ձայն. «Հա՜ֆ, հաֆ, հա՜ֆ…»: Մուկն անչափ ուրախանում է: «Ի՜նչ լավ է, եթե շունն էստեղ է, ապա կատուն հաստատ փախել է, գնամ ու վերցնեմ պանիրը», – մտածում է նա: Առանց վարանելու արագ դուրս է գալիս թաքստոցից ու նետվում է դեպի պանիրը: Մեկ էլ հանկարծ դարան մտած կատուն սեղանի վրայից ցատկում է ու միանգամից բռնում խեղճ մկնիկին: Մուկը խառնվում է իրար, շփոթվում, թե այս ինչպե՞ս եղավ, ո՞նց, կատուն որտեղի՞ց հայտնվեց: Ու կատուն խորամանկ ժպտակով պատասխանում է. «Ապե՜ր, միշտ էլ լավա երկրորդ լեզու իմանալը…»: 🙂
© Առլեն Շահվերդյան, 23.08.2011

SEO Certified !!

Սիրելի այցելուներ, պատիվ ունեմ ուրախությամբ Ձեզ հայտնելու ևս մեկ կարևոր ձեռքբերման մասին: Իմ հեղինակային բլոգ-կայքը ստացավ e-armenians.com-ի SEO-հավաստագիրը!!: Կայքս համապատասխանում է SEO CertifiedTM որակի չափորոշիչներին: SEO CertifiedTM ծառայությունը կայքի տնօրեններին ու վեբվարպետներին հնարավորություն է տալիս տեղեկանալ եւ այցելուներին տեղեկացնել իրենց կայքերի SEO-կարգավիճակի մասին: e-armenians.com-ի կողմից բոլորին չէ, որ միանգամից տրվում է այս հավաստագիրը, և ես շատ ուրախ եմ, որ իմ կայքը ենթարկվել է մանրամասն մասնագիտական զննման և, որպես արդյունք` եզրակացությունը մեկն է. կայքը համապատասխանում է հավաստագրի ստացման պահանջներին: Իմ կայքի հավաստագիրը այսուհետև կարող եք կարդալ կայքիս աջ սյունյակի «Որակի հավաստագիր» պատկերանշանը սեղմելով: Ես շատ շնորհակալ եմ e-armenians.com կայքին և նրա ղեկավարությանը` նման բարձր գնահատականի համար, անպայման հաշվի կառնեմ բոլոր դիտարկումները և մշտապես կձգտեմ, որպեսզի կայքս համապատասխանի այն չափորոշիչներին, որոնց շնորհիվ միանգամից ստացել եմ այսպիսի դրական գնահատական:
Նշեմ երեք հատկանշական դիտարկում կայքիս վերաբերյալ: e-armenians.com-ի մասնագիտական բարձրորակ փորձաքննությունից հետո ստացել եմ գրավոր N 22 եզրակացությունը, որում մանրամասն կերպով, ըստ չափորոշիչների, գնահատված է կայքս: Եվ ահա այդ եզրակացության մեջ «Կայքի բովանդակության օգտակարության և ինֆորմատիվության ստուգում» չափորոշիչը լրացված է հետևյալ կերպ. «Բովանդակությունը օրիգինալ է, հեղինակային: Նկարները և մյուս մեդիա-ներդիրներն ուղղորդող են և բարձրորակ»: Եվս երկու արժեքավոր փաստ. եզրակացության մեջ կա առանձին դիտարկում, մեջբերում եմ. «Կայքի ձևավորումը հաճելի է և ընթերցելուն տրամադրող» և էլի մի գնահատական` «Կայքի նավիգացիոն կառուցվածքը բավարար հստակ և հասկանալի է:

Եվ այսպես, մեկ անգամ էլ ուզում եմ նշել, որ ուրախ եմ այս գնահատականին արժանանալու համար և կշարունակեմ ջանադրաբար աշխատել ու անել ամեն ինչ, որպեսզի հետայսու ևս իմ այցելուները հաճույքով և հետաքրքրությամբ օգտվեն կայքիցս:
Առլեն, 30.07.2011 

© Arlen Shahverdyan. The photos of the book “Right to Live”, 2012

© Լուսանկարները պաշտպանված են հեղիանակային իրավունքով, 2012:
© The Photos are Copyright Protected, 2012.
© Фотографии защищены авторским правом, 2012.

© Arlen Shahverdyan. “Right to Live” book, 2011. Photos of Lion Mark

Հարգելի բարեկամներ, պատիվ ունեմ Ձեր ուշադրությանը ներկայացնելու «Ապրելու իրավունք» գրքիս հետ սերտորեն կապված կայքիս այս բացառիկ նկարազարդ էջը: 2011 թվականի մարտին ես և իմ լավ բարեկամ` լուսանկարիչ Արտակ Ներսիսյանը այցելեցինք Երևանի կենդանաբանական այգի` առյուծի լուսանկարների շարք անելու նպատակով: Այգու նախկին տնօրեն Սահակ Աբովյանի հատուկ թույլտվությամբ և Գիշատիչների բաժնի աշխատակից Արման Պետրոսյանի մեծ աջակցությամբ ու հսկողությամբ իրականացրեցինք այս բացառիկ լուսանկարումը` հատուկ գրքիս ներդիրի համար: Ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում նրանց բոլորին և հրավիրում եմ Ձեզ դիտելու այս գեղեցիկ ու եզակի լուսանկարները: Դրանց մասին մակագրությունը երեք լեզվով է (հայերեն, ռուսերեն և անգլերեն): 

***
Մարկ անունով փառահեղ այս աֆրիկյան առյուծը ծնվել է 2001 թվականին Երևանի կենդանաբանական այգում: 2001 թվականին, երբ մեր սիրելի այգին նշում էր իր 60-ամյակը, աֆրիկյան առյուծների զույգը լույս աշխարհ բերեց միանգամից 5 կորյունի, ինչը բացառիկ դեպք է աշխարհի կենդանաբանական այգիների մասշտաբով և հպարտություն ներշնչող հանգամանք` մեզ համար: Մարկը այդ ձագերից մեկն է: Այսօր նա արդեն 10 տարեկան է: Ի դեպ, 2011 թվականի մարտ ամսի տվյալներով` այգում բնակվում է 7 առյուծ:

Этот африканский величественный лев по имени Марк родился в 2001 г. в Ереванском зоопарке. В 2001 г., когда наш любимый зоосад отмечал свое 60-летие, пара африканских львов родила на свет сразу 5 львят, что является исключительным случаем в масштабе зоопарков мира и гордостью для нас. Марк – один из этих детенышей. Сегодня ему уже 10 лет. Кстати, по данным месяца марта 2011 г. в зоосаду проживает 7 львов.

This majestic African lion named Mark was born at the Yerevan Zoo in 2001. A pair of African lions gave birth to five lion cubs at once in 2001 when our favourite Zoo celebrated its 60th anniversary. It is an exceptional case on the world’s zoos scale and a pride for us. Mark is one of those lion cubs. It is already 10 years old today. By the way, according to the data on March, 2011, seven lions live in the Zoo.

***

© Առլեն Շահվերդյան, 19.12.2011
Լուսանկարներն արված են «Ապրելու իրավունք» գրքի համար և պաշտպանված են հեղինակային իրավունքով:
Լուսանկարները` Արտակ Ներսիսյանի, 2011 թ.:

© Арлен Шахвердян, 19.12.2011
Фотографии сделаны для книги “Право на жизнь” и защищены авторским правом.
Фотографии Артака Нерсисяна, 2011 г.

© Arlen Shahverdyan, 19.12.2011
The photos are taken for book “Right to Live” and are Copyright protected.
Photos by Artak Nersisyan, 2011.

%d bloggers like this: