Ստեղծագործական մտորումներ ծնվում են տարբեր ժամանակ և տարբեր հանգամանքներում: Հաճախ է պատահում, որ ձեռքս վերցնում եմ գրիչն ու սկսում գրել` թղթին հանձնելու համար այս կամ այն տպավորությունը: Հետո այդ ամենը շարում եմ համակարգչով ու ավելի հարստացնում, զարգացնում տեքստը: Հաճախ էլ հենց միանգամից համակարգչով եմ գրում, բացում եմ էլեկտրոնային սպիտակ էջը և սկսում գրել: Մի քանի վայրկյան հետո արդեն սպիտակ էջին «դրոշմվում են» սև-սև նիշերըը: Դրանք տառերն են, որ այդ պահին մեկիկ-մեկիկ ու շատ արագ հավաքվում և բառերի, արտահայտությունների, նախադասությունների ու պարբերությունների տեսքով փոխանցում են այն ամենը, ինչը մինչև այդ գլխումս էր, եռում էր, բովվում, մշակվում` սպասելով ելքին: Մտավոր աշխատանքի թղթին հանձնելու պրոցեսը մի առանձնակի հաճույք է: Դու ակնառու կերպով տեսնում ես այն մտքերը, որոնք քիչ առաջ միայն քո գլխում էին: Սակայն գրել միայն աշխատասեղանի դիմաց նստած` հետաքրքիր չէ: Դա հիմնական ձևն է, իհարկե, սակայն կան զգացողություններ, որոնք պետք է անմիջապես գրանցել, ապրել ու հենց այդ պահին էլ անմահացնել առաջին տպավորությունը: Օրինակ` գտնվում ես մի արտասովոր կամ շատ գեղեցիկ վայրում, կամ էլ այնպիսի իրադրության մեջ, որ նախընտրելի է այդ պահին գրանցել տեսածդ: Չէ՞ որ մի բան է տեղում նայել ու անմիջապես թղթին հանձնել տպավորություններդ և մեկ այլ բան է վերադառնալ տուն, գործի դնել պատկերավոր մտածողությունդ ու թղթին հանձնել արդեն հիշողությունը, թեկուզ ոչ այնքան վաղուցվա: Անկեղծ ասած` ես սիրում եմ աշխատել երկու ձևով էլ, քանի որ ստեղծագործող մարդու համար լինի տեղում նկարագրություն, թե հետահայաց շարադրանք` միևնույն է հաճելի պրոցես է: Պատահում է նաև այնպես, որ կարող է նստեմ ու մտքով տեղափոխվեմ հեռուներ: Այդպիսի մի գիրք ունեմ, որը ճանապարհորդություն է դեպի Աֆրիկա: Սակայն երբեմն բաց չեմ թողնում նաև այն առիթը, երբ հնարավոր է տեղում նկարագրել, տեղում անմահացնել այն մտքերը, որոնք գալիս են տպավորությունից, ծնվում են տեսածից: Այդպիսի մտքերը, կարելի է ասել, «առաջին ձեռքից» են, և այդպիսի մտքերից ծնվում են, ահա, այսպիսի պատմվածքներ:
2009 թվականի հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը, իսկ ավելի ստույգ` արդեն շատ վաղ առավոտյան ես գտնվում էի Վիեննայից Մյունխեն թռչող ինքնաթիռի մեջ: Ուղևորներից շատերը քնած էին, սակայն ես քնել չկարողացա, անկեղծ ասած` չէի էլ ուզում: Նստել էի իմ սիրած տեղում` պատուհանի կողքին ու դիտում էի երկինքը, երկիրը, քաղաքների, գյուղերի ու մշակովի հողերի` ամպերի ու մշուշի միջից հազիվ նշմարելի ուրվագծերը: Ես նայում էի հորիզոնին: Կապույտ երկինքը հորիզոնից դեպի վեր ավելի ու ավելի էր մգանում: Նայում էի ներքև ու մտածում, թե ինչքա՜ն կյանք կա այնտեղ` ներքևում: Մտածում էի. «Ես հիմա գտնվում եմ այսպիսի բարձրության վրա, ինձ հետ են մի քանի տասնյակ մարդ, մինչդեռ այնտեղ` երկրի վրա ինչպե՜ս է եռում կյանքը: Հիմա, կտրված լինելով երկրից, ես էլի մտածում եմ երկրային եռուզեռի մասին»:
Իսկ հորիզոնը պարուրված էր ամպերով: Այն այնքան դյութիչ ու կախարդող էր, որ անհնար էր աչք կտրել նրանից: Ես մի պահ պատկերացրեցի, որ ինքնաթիռում ուրիշ ոչ մեկ չկա, միայն ես եմ: Այդ ժամանակ այնպիսի զգացողություն է լինում, ասես ինքնաթիռի թևերը քո թևերն են, կտրվել ես երկրից, պոկվել նրանից, պոկվել հողից, մոլորակից և գտնվում ես վերևում, մի ուրիշ հարթության և մի ուրիշ իրականության մեջ: Ներքևում ամպերը գնալով թանձրանում են, և դու ավելի ես հեռանում մայր հողից: Դու քեզ զգում ես սավառնող արծվի պես: Այդ պահին մի անդիմադրելի ցանկություն առաջացավ մեջս նկարագրելու այդ ամենը: Ուղևորությունների ժամանակ իմ ձեռքի ուղեբեռում, ավելի ճիշտ իմ պորտֆելում ես միշտ զինված եմ լինում գրենական բոլոր պարագաներով, որպեսզի գրելու առումով ինձ ազատ ու ապահովված զգամ ցանկացած վայրում: Եվ եթե մի արժանի, ուշագրավ բան եմ նկատում, որի մասին արժե տեղում գրել, ապա պահը բաց չեմ թողնում` գոնե ապագա մեծ տեքստի ինչ-որ գրառումներ, նշումներ անելու համար: Այդ նշումները, այդ առանցքային կամ բանալի բառերը, ապագա նյութի իմաստը փոխանցող մի քանի կարևոր, հուշող նախադասությունները հետո դառնում են տեքստի հիմքը: Եվ բացի այդ, կարծում եմ ու համոզված եմ, որ ցանկացած գրող պետք է միշտ ձեռքի տակ ունենա թուղթ և գրիչ. մտքերը երբեմն գալիս են ոչ հարմար, ոչ աշխատանքային պահին և անհրաժեշտ է անպայման ֆիկսել դրանք: Ես, իհարկե, կարող եմ մտապահել ամենը ու հետո հանձնել թղթին: Սակայն հավաստիացնում եմ, որ մի առանձնակի հաճույք է տեղում գրելը, գրառումներ անելը: Դա նույնն է, ինչ ասենք նկարիչը հասնի բնության գիրկը և փոխանակ իր մոլբերտը բաց անելու ու տեղում իր տեսածն ու զգացածը կտավին հանձնելու, վերադառնա տուն և նկարի ընդամենը հիշելով: Ցանկացած նկարչի հարցրեք ու կասի, թե որքան ներշնչանք, որքան զգայականություն է պարունակում իր մեջ բնապատկերը տեղում նկարելը: Նույն և գրելն է:
Եվ ահա, ինքնաթիռում պորտֆելիցս հանեցի թուղթ և գրիչ ու սկսեցի գրել` նայելով պատուհանից: Հիշեցնեմ, որ մյուս ուղևորները քնած էին, ինքնաթիռում կատարյալ լռություն էր, և միայն լսելի էր շարժիչները ձայնը: Ես նայում էի երկնքին, զմայլվում այդ անձեռակերտ գեղեցկությամբ ու շարունակում գրել: «Ամպերը հանդարտ շարվում են, երկինքը կարծես արթնանում է ու արթացնում երկրին: Ներքևում հետզհետե կյանքը մտնում է իր սովորական, առօրեական հուն: Իսկ այստեղ` վերևում ժամանակն ասես կանգ է առել մի պահ, և մի քանի տասնյակ մարդու համար երկին ու երկինքը այժմ ասես սինթեզվել են»: Շարունակում էի գրել ու նայել պատուհանից. «Երկինքը աստիճանաբար գունափոխվում է, երկնագույնն ավելի է մգանում, հորիզոնին նկատելի է բաց մանուշակագույնի երանգ, որը զարդարում է ամպերի գագաթները: Երկինքն ասես թաթախվել է ամպերի մեջ: Կատարյալ ազատություն է, ասես չկա ոչ մի փականք, ժամանակն ու տարածությունը պայմանավորող ոչ մի հանգամանք: Երկնքի կապույտ ու մանուշակագույն երանգները իրար են հաջորդում` ասես շոյելով իրար: Երկնքի այս անուշ ու նրբին ներկապնակն այնքան հուզիչ ու տպավորիչ է, որ ասես անսահման մեղեդային մի ստեղծագործություն լինի, երկնային մի սիմֆոնիա»: Շարունակելով զմայլվել երկնքի գեղեցկությամբ` ես հանկարծ լսեցի իմ հետևում ուղևորներից մեկի խռռոցը: Մի արաբ ուղևոր էր, քնել էր: Չէ՛, ահաբեկիչ չէր իհարկե
վրան էլ ռումբ չուներ, ի վերջո հո բոլոր արաբները չէ, որ ահաբեկիչ են
Բացի այդ, կարծում եմ, որ ոչ մի ահաբեկիչ իր չար մտադրությունը թողած խռռացնելով չէր քնի ինքնաթիռում
Իսկ սա քնել էր, էն էլ ոնց էր քնել: Ես շարունակեցի գրել. «Արաբ ուղևորի խռռոցից ասես շարժվում են ամպերը
սակայն միևնույն է երկինքն այնքան խաղաղ է ու գեղեցիկ, որ շատ ափսոս, որ այս ուղևորը և մյուսները չեն տեսնում այս գեղեցկությունը»: Այդ ժամանակ, երբ ես կլանված և բոլորի համար աննկատ շարունակում էի ստեղծագործել, հանկարծ նկատեցի, որ ինքնաթիռի ուղեկցորդուհիներից, չնայած այս բառը չեմ սիրում, ինքնաթիռի ստյուարդեսաներից մեկը, մի քնքուշ ու գեղանի օրիորդ, նստել էր միջանցքի վերջում: Նրա հայացքի մեջ այնքան քնքշություն կար, որ ակամայից գրավեց իմ ուշադրությունը: Այդ գեղեցիկ օրիորդը հիացական ու զմայլված հայացքով ուշադիր զննում էր ինձ ու հետևում, թե ինչ եմ անում: Նրա դեմքին ասես գրած էր. «Ինչ հետաքրքիր է, ռոմանտիկ, բոլորը քնած են, իսկ այս երիտասարդը թաքուն ինչ-որ բան է գրում` նայելով ինքնաթիռի պատուհանից»: Ստյուարդեսան ժպտաց ինձ, ես էլ իրեն ու մենք ասես հայացքով խոսեցինք, ինքն էլ հասկացավ, թե ինչ եմ անում: Պահը քնքուշ ու հուզիչ էր էր, այնքան մեղմ ու միջանձնային, որ այդ նուրբ ու ներդաշնակ վիճակը չէր խափանում անգամ արաբ ուղևորի չդադարող խռռոցը
Ստյուարդեսան ևս մեկ անգամ ժպտաց, հետո վեր կացավ ու նստեց ինձ համար ոչ տեսանելի անկյունում: Ես մտածեցի, որ նա գործ ունի անելու: Բնականաբար գործ կար, քանի որ պետք է արդեն պատրաստվեինք վայրէջքի: Ես մի քիչ էլ գրեցի, հետո փակեցի ու հավաքեցի թղթերս, բլոկնոտս և դրեցի պորտֆելիս մեջ: Երբ իջնում էինք մի անմոռանալի բան տեղի ունեցավ: Ուղևորները սովորականի պես շարքով մոտենում էին ինքնաթիռի դռանը, իսկ երկու ստյուարդեսաները (որոնք մեզ հետ էին ամբողջ թռիչքի ժամանակ և որոնցից մեկն էլ այն սիրալիր ու ինձ ուշադիր հետևող օրիորդն էր) ժպտում էին ուղևորներին և, ինչպես ընդունված է, «Բարի գալուստ» էին մաղթում տվյալ քաղաք, այս դեպքում` Մյունխեն: Երբ ես էլ մոտեցա իրենց այդ աղջիկը, որի հետ արդեն հասցրել էի հայացքով մտերմանալ, ինձ մի թուղթ տվեց, ծալած փոքրիկ թուղթ: Իջնում էին արագ, և ես հասցրեցի միայն անգլերենով շնորհակալություն հայտնել: Զրուցել չստացվեց բնականաբար, քանի որ ժամանակ չկար: Այնպես որ դեմքս միայն հասցրեց արտահայտել հաճելի զարմանք: Երբ իջա ինքնաթիռից ու նստեցինք ավտոբուս, ես արագ բաց արեցի թուղթը և ինչ տեսնեմ. թղթին գրիչով մի գծապատկեր նկար էր. ինքանթիռի նստարանների շարք, քնած ուղևորներ և ես, որ նայելով պատուհանին` գրում եմ: Փաստորեն այդ նկարը նկարել էր այն աղջիկը, այն քնքուշ ստյուարդեսան: Հավանաբար այնքան էր տպավորված եղել իմ երկնքին նայելով ու գրելով, որ որոշել էր նկարել այդ տեսարանը: Հավանաբար ամբողջ թռիչքի ժամանակ այդ աղջկա համար հաճելի էր եղել տեսնել օտարազգի մեկին, որը հափշտակված նայում էի երկնքին, նայում է ինքնաթիռի փոքրիկ պատուհանից: Նա էլ, երևի, որոշել էր մի հաճելի բան անել ինձ համար, հաճելի մի անակնկալ մատուցել ինձ: Փաստորեն ահա թե ինչով էր նա զբաղված եղել, երբ տեղափոխվել էր ինձ համար ոչ տեսանելի անկյունը: Ես այնքան ինձ լավ զգացի, որ այդ գեղանի, նուրբ օրիորդի մեջ այդքան զգայունակություն, այդքան տաղանդ կար, այնքան ուրախացա, որ ստյուարդեսան ուներ այդպիսի խորը աշխարհ և նկարելու մեծ ձիրք: Նկարը շատ լավն էր, այնքան լավը, որ ակամայից ուզում էի հետ գնալ դեպի ինքնաթիռ ու գտնել այդ հաճելի օրիորդին: Փաստորեն ինքնաթիռում ես գրում էի, իսկ ինքը` նկարում, գրում էի երկնքի մասին, ինքը նկարում էր ինձ: Երկնքի գեղեցկության ամեն մի մանրուքը հանկարծ բաց չթողնելու ձգտումով մտքերիս մեջ խորասուզված լինելու պատճառով ես, փաստորեն, չէի իմանում, որ այդ պահը ներշնչանքի աղբյուր էր դարձել երիտասարդ օրիորդի համար: Երևի առաջին անգամ էր նկատել, որ լուսաբացին, երբ ուղևորները քնած են, իսկ մեկն էլ լավ խռռացնում է
կա մի երիտասարդ, որը աչք չի փակել, որպեսզի բաց չթողնի երկնքի այդ գեղեցկությամբ հիանալու և դա թղթին հանձնելու հնարավորությունը: Հաճելի էր, ինչ խոսք, նման անակնկալ «նվեր», նման հիշատակ ստանալ այդ անծանոթուհուց: Հաճելի էր գիտակցել, որ ինքնաթիռում ես միակ ստեղծագործողը չէի, և որ աշխարհը գեղեցիկ է, պետք է միայն ձգտել գեղագիտորեն ընկալել կյանքի ամբողջ գեղեցկությունը և նույնքան գեղագիտորեն էլ արտացոլել զգացածը: Երկուսիս համար էլ անչափ հիշարժան ու անմոռանալի դարձավ այդ մի լուսաբացը` ինքնաթիռի պատուհանից: Ինձ շատ լավ զգացի, որ աշխարհում կան այդ ստյուարդեսայի պես մարդիկ, նրանք, ում համար կյանքը միայն ամենօրյա աշխատանքը չէ` ինքնաթիռը, ուղևորները, խռռացնող արաբներն
ու ճամպրուկները, թռիչքներն ու վայրէջքները, այլ «կյանքը» նաև փոքրիկ թուղթն է, որի վրա գրիչով կարելի է նկարել և մտովի թռչել շատ ավելի հեռու ու բարձր, քան նույն այդ ինքնաթիռը կարող է տանել:
© Առլեն Շահվերդյան, «Լուսաբացը` ինքնաթիռի պատուհանից» պատմվածք, «Գարնանային ռեքվիեմ» գիրք, 26-27.01.2012
Դիտումներ / Views
- 255,155
Մեկնաբանություններ / Comments
Արխիվ / Archives








