Ես ուզում եմ սավառնել քո սիրուց,
Բացել իմ թևերը և թռչել հեռու
Կարծես մի «կում» թարմ օդ էր ինձ վաղուց
Այդքան անհրաժեշտ` համար ապրելու:
Կարծես չէր ստացվում լիաթոք շնչել
Վայելել կյանքը` հմայքով ուրույն,
Կարծես մինչև քեզ հետաքրքիր չէր
Եվ անկարևոր էր ամեն բան թվում:
Ուզում եմ վրձնել կտավին սպիտակ
Քո սիրուց ծնված ներշնչանքը իմ,
Ուզում եմ ծովի ընդերքը անտակ
Ձեռքով շոշափել երջանկությունից:
Ուզում եմ ահեղ մռնչալ հիմա
Եվ ազդարարել իմ սիրո մասին
Եվ որքան ուժեղ, այնքան էլ քնքուշ`
Առյուծի սիրով գգվել քո ուսին:
Քո սիրուց ծառ եմ` ծաղկել եմ, բերքել,
Անէացել է իմ մենությունը,
Ուզում եմ սիրով անվերջ գովերգել,
Անչափ կանացի գեղեցկությունդ:
Որքան գեղեցիկ է քո սիրուց քնքուշ
Հպարտ կեցվածքով անվերջ վեհանալ,
Ապրել, արարել` գրգիռով անուշ
Եվ այս երջանիկ վիճակում մնալ:
Հեղինակ` Առլեն Շահվերդյան, 29.01.2012, ուշ երեկոյան:
© Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2012:
Poem by Arlen Shahverdyan. © All Rights Reserved, 2012










