Ճռռում ենք, որ ապրենք…

Գիշերը շատ քնքուշ ու անձնական ժամանակ է, երբ հնարավորություն է լինում առանձնանալ աշխարհից, կտրվել առօրյա վազքից, հոգսերից, կտրվել ու խորհել: Ամեն անգամ, երբ անքուն գիշեր է լինում, ես այն բաց չեմ թողնում ու փորձում եմ հնարավորինս շատ բան` շատ մտքեր, զգացողություններ քաղել գիշերվանից: Լինում են գիշերներ, որոնք նոր ու հզոր մտքեր են ծնում, նոր ծրագրերի հիմքեր են դնում: Գիշերն, հիրավի, հրաշալի ժամանակահատված է: Այն կտրում է քեզ աշխարհից, ու դու մնում ես քո զգացողությունների ու խոհերի հետ: Գիշերը խորհրդավոր ժամանակ է, կարծես մտովի վերադառնում ես մանկություն` վերապրելով այն ամենը, ինչն հեռավոր անցյալում է: Կարծես ավելի մոտ ես այդ պահին քո մանկական ամենանվիրական երազներին ու զգացողություններին: Դրանցից շատերը իրականություն են դարձել, մյուսները սպասում են իրենց հերթին: Յաննին մի հրաշալի ստեղծագործություն ունի` «One Man’s Dream» վերնագրով: Ահա այդ երաժշտական ստեղծագործությունը լսելիս ասես իմ հոգում սկսում է տիրել գիշերվա խորհրդավոր խաղաղությունը: Հաճախ է պատահել, որ անքուն գիշերվա ընթացքում վերցրել եմ թուղթ ու գրիչ, կամ նստել եմ համակարգչի դիմաց ու գրել: Հաճախ ստացվում է իսկապես հետաքրքիր, հաճելի ու խիստ անձնական գրվածք, մտքերի անկեղծ շարադրանք, գրական բոհեմներին չհավակնող, սակայն հեղինակի համար ոչ պակաս թանկ արձակ մի ստեղծագործություն: Ահա այդպիսիններից մեկը, որը գրել եմ հերթական անքուն գիշերվա ընթացքում.
«Հետաքրքիր պահ է… հետաքրքիր այն առումով, որ սկսում ես գրել` առանց իմանալու, թե հաջորդ տողն ինչ ես գրելու: Հրաշալի պահ է, քանի որ լիովին ազատ ես: Այո՛, գրելու ժամանակ մարդ լիովին ազատ է միայն այն պահին, երբ չգիտի, թե ինչ է գրելու մյուս տողում, երբ նստում է թղթի դիմաց առանց կանխամտածված մտքերի, մտավոր «մշակումների»: Ու ձեռքդ սահո՜ւմ է… Ճիշտ է, երբեմն դադար ես տալիս ու ականջ դնում ճռիկի ձայնին: Ես, օրինակ, այդ ձայնի համար ուղղակի խենթանում եմ, խելքս գնում է: Դա կարծես գիշերվա ձայնը լինի: Գրում ես, առանց իմանալու, կռահելու հաջորդ տողիդ բովանդակությունը: Գրում ես ու լսում ճռիկին` առանց հասկանալու նրա անդադար ճռռոցի էությունը: Այդժամ ցանկանում ես իմի բերել մտքերդ ու զգացողություններդ: Ճռիկի ձայնն էլ, կարծես, օգնում է մտքերդ հավաքելուն ու մեկտեղելուն: Ահա այդպիսի մոգական ազդեցություն ունի այդ գիշերային «երաժշտությունը», գիշերային այդ «One Man’s Dream»-ը:
2004 թ. օգոստոսի 21-ի, լույս 22-ի գիշերն է, ժամը 4 անց է 15 րոպե: Գրում եմ ժամը, ֆիկսում եմ այն, որպեսզի վերջում տեսնեմ, թե ինչքան դիմացա անքնությանը և ինչքան դիմացավ ճռիկը: Ուզում եմ ճշտել էլի, թե մեզանից ով է ավելի դիմացկուն, ով ավելի շուտ կճռռա: 
Միայնակ մարդը, որը ծանրացել է իր իսկ մտքերի բեռից, կարիք ունի արտահայտվելու: Ո՜չ, ես չեմ պատրաստվում ճռիկի պես բարձր ճռռալ իմ մտքերի մասին: Հակառակը, աշխարհից կտրված պոետի պես անձայն նստել եմ մեր «բալկոնում» ու գրում եմ: Ի՞նչ եմ զգում այս պահին: Դժվար է մեկ բառով ասել, թե ինչպիսի զգացողություններ են պատել ինձ: Ես այնքան նպատակներ ու երազանքներ ունեմ, որ երբեմն մտածում եմ, որ իսկապես մեկ հոգու մեջ դժվար է պահել այդքանը: Աստված, բնությունն ինձ այդպես են ստեղծել, ծնողներս ինձ այդպես են դաստիարակել: Ամեն մարդ բազմաթիվ երազանքներ ունի, որոնց նպատակների իրականացման ճանապարհին տքնում է, ջանում, ձգտում, հաճախ` ճռռում: Շատ նպատակների իրականցումը, ցավոք, կապված է ֆինանսների հետ: Լույսը սենյակի վառել եմ ու արթնացրել եմ սենյակի միջատներին, հատկապես` ճանճերին: Մեկի գլուխն արդեն քոր է գալիս, սակայն ես ներում եմ նրան: Գիշերվա 4 անց 35 րոպեին կարելի է ներել ճանճին, որին իր կամքին հակառակ, հանել են քնից: Ճռիկն էլ իր հերթին է ավելի ու ավելի ուժգին ճռռում: Մի ճռիկ, երկու ճանճ, անվերջ ձգվող մի գիշեր ու մի ողջ աշխարհ:
Հիմա մենակ եմ: Մտածում եմ, սակայն ոչ թե ուղեղս բռնաբարելու նպատակով, այլ հասկանալու համար: Ընդ որում, մտածում եմ բազմաժանր ու բազմաֆրոնտ, համացանցում հավանածս աղջկան գրածս նամակի բովանդակությունից մինչև ծնողներիս ամենօրյա քրտնաջան աշխատանքը` գումար վաստակելու նպատակով, մտածում եմ բոլոր այդ նպատակների իրականացման համար անհրաժեշտ միջոցներից մինչև ձախ ականջիս չորսօրյա ցավի մասին (երևի ջուր է լցվել): Թվում է, թե սովորական մտքեր են, մտահոգություններ, ծրագրեր ու նպատակներ, ամենօրյա անելիքներ, որոնցով լիքն է յուրաքանչյուր մարդու ուղեղը: Այդ մտքերին առանձնապես կարևորություն չես էլ տա, որ ասենք, նստես ու գրես դրանց մասին: Սակայն անքնությունը հաղորդում է առօրեական այդ մտքերին առանձնահատուկ հմայք, և դա է պատճառը, որ մի յուօրինակ գրավչություն ես փորձում գտնել այն մտքերի մեջ, որոնց ուրիշ ժամանակ կվերաբերվեիր շատ սովորական կերպով: Միգուցե անքնության պատճառով մարդ շատ ավելի զգայուն է դառնում: Հասկանում ես, որ արտաքուստ իրարից շատ տարբեր այդ մտքերն իրար սերտորեն կապված են և հաճախ, ցավոք, դրանց միավորում է մեկ ընդհանուր բան` փողը, երբեմն էլ` փողի պակասը: Ա՜խ, այդ փողը: Հայ ժողովրդի մեջ վերջերս մի բան եմ նկատել: Մեզանից շատերը դառնում կամ արդեն դարձել են լրիվ փողապաշտ, նյութապաշտ: Հոգևորը մի կողմ են թողել: Ուշադիր որ լինես, ապա կնկատես, որ հիմա արդեն մաղթանքներում էլ հաճախ կարելի է լսել, օրինակ, «Քեզ ցանկանում եմ լիքը փող», կամ «Թող այնքան փող ունենաս, որ քո նպատակներին հասնես» նախադասությունները: Եվ ահա այդ «այնքան փող ունենաս»-ին հասնելու համար շատերը, ցավոք, ծախում են մարմինը, իսկ ավելի սարսափելին էլ այն է, որ ծախում են նաև հոգին: Ես միշտ ասել եմ, որ եթե փողը դառնում է նպատակ, ապա մարդը կործանվում է: Փողը պետք է լինի միջոց` նպատակին հասնելու համար: Մեզանից շատերի համար փող դիզելը դարձել է կենսակերպ: Փող դիզեն, դիզե՜ն, հավաքե՜ն, ունենա՜ն, շա՜տ ունենան, հետո` ավելի՜ շատ ունենան: Իսկ աղքատներն էլ սկսել են փողի ձգտել ու պաշտել փողը` այն ունենալու ու գոյությունը պահպանելու, ընտանիքին, երեխաներին կերակրելու, ուսման տալու համար: Փողամոլությունը անտանելի է ու շատ վտանգավոր: Զարհուրելին այն է, որ փողամոլությունը հետզհետե ավելի լայն տարածում է գտնում: Վատ կյանքից է, լավ օրից չէ: Այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ շատ-շատերի համար ամեն ինչից վեր, ամեն ինչից կարևոր է փողը: Աշխատասիրությունը, շնորհքը, տաղանդը, կուլտուրան, կրթությունը հետին պլանում են: Դա այդպես չպետք է լինի: Կրթությանը, գիտելիքին հիմա նորից պատշաճ վերաբերմունք կա, սակայն հասարակության մեջ գիտակցությունը պետք է փոխվի: Մատաղ սերնդի շրջանում այսօր «էտալոն» հանդիսացող ապերոյին, ունևորին, շքեղ մեքենա ու բջջային ունեցողին պետք է նորից փոխարինելու գա կիրթ ու բարի, քաղաքավարի ու աշխատասեր մարդու կերպարը, որը փողը վաստակում է իր արդար քրտինքով, որն աննպատակ ու անօգուտ չի վատնում կյանքը, այլ ապրում է ի նպաստ իր երկրի, ժողովրդի, հայրենիքի: Պիտի գա այն ժամանակը, երբ փողը հետին պլան մղվի, խելքը, գիտելիքը, տաղանդը, ունակույթունները, աշխատասիրությունը առաջին պլանում լինեն ու միայն դրանցով մարդը կարողանա իր ճանապարհը հարթել: Շնորհքով,  բարեկիրթ ու աշխատասեր մարդը, տաղանդավոր անձնավորությունը պետք է միշտ իմանա, որ «տաշած քարը գետնին չի մնա»: Այդպիսի մարդը պետք է համոզված լինի, որ իր տաղանդը մի օր երևալու է, աշխատանքում ունեցած իր ջիղն ու եռանդը, ստեղծագործական իր ձիրքը միշտ ու անպայման առանձնացնելու են իրեն անբաններից ու ծույլերից, հանելու են վեր, նա վայելելու է հարգանք ու գնահատանք, ունենալու է հաջողություններ ու ապրելու է արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքով: «Բարեկիրթ», «քաղաքավարի», «բարեշնորհ», «տաղանդավոր» – ին-որ տարօրինակ բառեր եմ չէ՞ ասում: Հիմա կասեք էս դարում ի՞նչ տաղանդ, ի՞նչ շնորհք, ի՞նչ քաղաքավարություն, բարեշնորհություն, եղունգ ունես գլուխդ քորի ու զոռբայությամբ, բիրտ ուժի գործադրմամբ քոնը տար առաջ, սաղի հերն էլ անիծած: Այո, ցավոք, այսօր «Տաշած քարը գետնին չի մնա» ժողովրդական խոսքը հաճախ բախվում է հայկական իրականությանը, երբ տաշած քար չէ, ուզում ես` խաչքար եղիր, մեկ է, եթե ծանոթ կամ փող չունեցար, ապա առաջ չես գնա: Սակայն դա այդպես չէ, չի կարելի տուրք տալ այդ մոտեցմանը ու ընկճվել, հուսահատվել, թե ամեն ինչ կործանված է: Ես խղճում եմ հարուստ, սակայն հոգով` աղքատ մարդկանց: Այ, հիմա լիովին հասկանում եմ Հեմինգուեյին: Փողն է պատճառը, որ շատերը կորցնում կամ կորցրել են արդեն խիղճը, հոգևորը, բարոյականը, բարին, լավը, ճիշտը: Հանուն փողի մարդիկ փոխում են կյանքը, ընտանիքը, հայրենիքը, դեմքը, էությունը, երբեմն անգամ` սեռական կողմնարաշումը: Ո՜ւր ենք գլորվում: Ես զզվում եմ փողից: Երբ տուն եմ գալիս աշխատանքից, առաջին բանը որ անում եմ` դրամապանակս գրպանիցս հանելն ու սեղանին շպրտելն է: Չեմ սիրում, որ դրամապանակը մոտս է մնում: Զզվում եմ փողից հենց թեկուզ նրա համար, որ ժամը 5 անց 10 րոպե է արդեն, իսկ ես անքուն նստել ու մի ամբողջ մենախոսություն նվիրել եմ դրան: Գիտեմ, որ փողով շատ բաների կարելի է հասնել, գիտեմ, որ առանց փողի ապրել չի կարելի, ընդունում եմ, այո, սակայն մի դարձրեք փողը նպատակ, թող այն լինի միայն միջոց նպատակին հասնելու համար: Եվ, որ ամենակարևորն է, լավ նպատակին: Մի թույլ տվեք, որ փողը դժբախտություն բերի ձեզ: Ես էլ եմ վաստակում ու փառք Աստծո կարողանում եմ հոգալ իմ ապրուստը, սակայն երբեք չեմ համարել, որ պետք է ապրել, որպեսզի փող վաստակես: Միշտ համոզված եմ եղել, որ պետք է փող վաստակես, որ ապրես:  
Ճռիկը շարունակում է ճռռալ: Հետաքրքիր է. վաղը եթե ծառաշատ այն կանաչը, որի թավ ծածկույթի մեջ նա հիմա ճռռում է, վաճառեն և տեղը մի խանութ, «բուդկա», սրճարան կամ էլ ռեստորան կառուցեն, ապա նա ինչպե՞ս կճռռա: Հաստատ ոչ այնպես անհոգ, ինչպես այժմ: Սակայն մի՞թե վերջն է, մի՞թե ամեն բան կործանված է, մի՞թե ամեն ինչ կյանքում հետայսու որոշելու է միայն փողը: Ո՛չ, այդպես չի՛ լինի, չի՛ կարելի թույլ տալ, որ լինի այդպես: Ինչո՞ւ: Հենց թեկուզ նրա համար, որ ժամը 5 անց 20 րոպե է դառնում և այդ ամբողջ ընթացքում դրսում, մթության մեջ անվերջ, միալար ու քաղցրալուր ճռռացող ճռիկը չէր ճռռում փողով, հանուն փողի կամ էլ ինչ-որ մեկի պատվերով: Դա կաշառված ճռիկ չէ: Նա ծախված չէ ու ճռռո՛ւմ է, որովհետև ճռռո՛ւմ է: Նա ճռռում է հենց այնպես, ուղղակի կամ էլ բնազդային ինչ-որ բան բավարարելու, ասենք` զույգի ուշադրությունը գրավելու համար: Ավելի ռոմանտիկ ճռիկները ճռռում են գիշերվա խաղաղությունը իրենց անուշ ճռռոցով հարստացնելու նպատակով: Այսօր շատերը կան, որոնք «ճռռում են» ու իրենց ուսերին կրում են կյանքի բեռն ու փիլիսոփայությունը, մտորելու ծանր լուծը: Նրանք էլ մեր կյանքի «ճռիկներն» են: Սակայն որքան հրաշալի է կյանքը, որ դեռ կան այդ մարդիկ, կան այդ «ճռիկները», մարդիկ, որոնք իրենց լուսեղեն էությամբ ու հարուստ բովանդակությամբ լցնում են կյանքը, հարստացնում այն ու արժեվորում: Ու թեև այդպիսի մարդիկ հաճախ իրենք ճռռում են, որ ապրեն, սակայն իրենց այդ ճռռոցով ապրեցնում են շատերին ու լույս փոխանցում նրանց հոգիներին: 
…Իսկ ճռիկը շարունակում է ճռռալ ու ճռռում է աշխարհի ամենամաքուր, անմեղ ու անկաշառ ձայնով»:

Սիրելի բարեկամներ, ես այս ստեղծագործությունը գրել եմ 2004 թվականին: Այն ժամանակ ակտուալ էր խնդիրը, երբ մեր իրականության մեջ օրվա հերոսը հաստավիզ զոռբան էր, որոշիչը` փողը, ժամանակի հրամայականն էլ` ուժը: Բոլոր այս մտահոգությունները ես այն ժամանակ հանձնեցի թղթին, սակայն հրապարակեցի փաստորեն միայն ութ տարի հետո` 2012-ին, երբ ստեղծեցի իմ բլոգը: Անցել է ոչ ավել ոչ պակաս` ութ տարի: Հետևություններն այն մասին, թե իմ այս մտորումներից ութ տարի հետո մեր ներկայիս իրականության մեջ ի՞նչն է փոխվել, թողնում եմ ձեզ: Ցավոք, դեռ շատ բան անփոփոխ է… Կանցնի էլի ժամանակ, միգուցե ևս ութ տարի, միգուցե քիչ կամ ավելի ժամանակ, և կգա այն օրը, երբ ճռիկի ձայնը կխորհրդանշի միայն խաղաղ ու անհոգ գիշերվա հմայքը, ոչ թե նաև հոգսաշատ կյանքի մերօրյա իրականությունը: Այդ օրն անպայման կգա…
© Առլեն Շահվերդյան, 19.03.2012, «Գարնանային ռեքվիեմ» գիրք:

About these ads

About Arlen Shahverdyan

Welcome to "Arlen Shahverdyan: Author's Blog". Here You can find Armenian Writer/Poet, Painter, Blogger Arlen Shahverdyan's Books, Poems, Paintings, Photos, Thoughts, Posts, Articles, etc.: The main content of this Blog is Creative as well as Environmental. Read more on Profile in "Blog's in brief" page.
Gallery | This entry was posted in Գրքերս / My books, Իմ մտքերը / My Thoughts, Իմաստություն / Wisdom and tagged , . Bookmark the permalink.

4 Responses to Ճռռում ենք, որ ապրենք…

  1. Mshtakan @ntercox says:

    Heraxosov grarumner@ kardalu anpopox sovorutyans patcharov en shat angam hianali grarumner kardalis cnvac mtqers korel anveradardz…
    ayd isk patcharov hima hog che, te latinatar em grelu, karevorn artahayteln e ayn, inch zgaci es ays grarum@ kardalis, ayn harazatakan zgacum@, vorov naev inqs em tochorvel, sakayn ayskerp, ayschap hetaqrqir u bardzrakarg dzevakerpum tal chem karoxacel…

    Arlen Shahverdyan, isk duq giteq? vor Ser andzrevi tak joxovacun, ahavasik, inchqan e shoyel mitqn im, hiacrel. u @ndhanrapes tarber harceri shurj dzer mtorumner@, mer’ mahkanacuneris himnarar kensatu mayr bnutyan handep verabermunq@, xorhrdacutyunnern u anhangstutyunner@…

    Irakanum chchanachelov dzez’ tvum eq harazat, exbayrakan maqur u azniv hetq eq toxnum im hogum, hiacnum indz.

    Indz vanum en boloric u kyanqic boxoqox blogerner@, avelin, chem karoxanum nuynisk ogtakar grarum@ kardal, erb gitem, vor verjum nuyn boxoqnern en linelu…
    isk dzer depq@ lriv urish e. Gitakcelov kyanqi ayjmyan “tarorinak” axter@’ Duq nkatum eq, tesnum eq naev gexecukn u barin, ev vor amenakarevorn e’ havatum eq…

    Chgrelov anuns’ xorhrdavorutyan che vor dzgtum em kam “gaxtniutyun” apahovelu. Amenevin, indz chanachoxnern anmijapes im toxerum ktesnen indz…(chgitem duq el kchanacheq?) u da e karevor@.

    Shnorhakalutyun maqur u bnakan, irakan, hogin harstacnox grarumneri hamar, dzer nshac kenarar luysic naev mez bajin hanelu hamar…

    Terevs misht kmnam dzer mshtakan @ntercoxneri sharqum u pativ kunenam vayelelu dzer kirt mtqi angin goharner@…

    • Ես անչափ շնորհակալ եմ այս գեղեցիկ, կիրթ, անկեղծ ու բարեկամական խոսքերի համար: Շատ զգացված եմ: Ցանկացած հեղինակ կարող է իրեն համարել սիրված ու սպասված, պահանջված, հաջողակ ու կայացած, եթե իր ստեղծագործություններն այսպես հուզում են մարդկանց սրտերը: Այնպես որ` ուղղակի պատիվ է ստանալ գնահատականներում լի այսպիսի գեղեցիկ քոմենթ: Սա վկայում է, որ այն ինչ զգում ու արարում եմ` իզուր չէ, հասնում է մարդկանց, առաջացնում հույզեր և հպվում նրանց հոգիներին: Ես անչափ ուրախ եմ, որ իմ գրառումներն այսպիսի թրթիռներ են առաջացրել Ձեր հոգում: Համաձայն եմ Ձեզ հետ, որ հոգնեցուցիչ է անվերջ բողոքելը, չէ՞ որ կյանքը հիասքանչ ու գունեղ է, հարկավոր է ոչ թե սոսկ նայել, այլ տեսնել գեղեցիկը, կյանքի ու աշխարհի, բնության ու մարդկանց հմայքը:
      Եվս մեկ անգամ խորին շնորհակալություն Ձեզ, որ Դուք այդքան նրբորեն ընկալում եք աշխարհն ու կյանքը: Կարծում եմ, որ լավ կլիներ, որպեսզի բոլորը, և հատկապես` մյուս մշտական ընթերցողներս, տեսնեին, թե ով է այս գեղեցիկ և ուրույն մեկնաբանության հեղինակը:
      Հարգանքով`
      Առլեն

  2. Siranush says:

    …Թող Քո բարիությունը, լավատեսությունը, հավատը փոխի աշխարհը: Թող երբեք աշխարհը չփոխի Քեզ: Մնա միշտ սիրված ու սպասված:

    • Չես պատկերացնում որքան հաճելի ու շոյիչ է աշխատանքային ծանր օրվանից հետո գալ տուն, բացել սեփական ձեռքերով ստեծած «սիրելի աշխարհը» ի դեմս կայքիս և տեսնել այնտեղ այսպիսի ոգևորիչ ու անուշ խոսքեր իմ հասցեին ու այն ամենի հասցեին ինչ անում եմ այստեղ: Այնքան շնորհակալ եմ քեզ: Շնորհակալ եմ, որ ափսոս՝ հեռվում, սակայն՝ անսահման լուսավոր մի էակ կա, որ այսքան անկեղծ խոսքեր է հղել: Շնորհակալ եմ Քեզ, շատ հաճելի էր կարդալ…

      Առլեն

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s