Սիրելի բարեկամներ, մարտի 21-ի մասին հոդվածը գրելու բազմաթիվ շարժառիթներ կային: Նախ, հին տոնացույցով գարունը գալիս է հենց մարտի 21-ին և ազդարարում նոր տարվա, կյանքի նոր շրջանի սկիզբը: Օրը առանձնահատուկ է նաև աշխարհում: Եվ ահա, ի նշանավորումն այս գեղեցիկ գարնանային օրվա` ես ցանկացա հատուկ կերպով անդրադառնալ դրան և ներկայացնել հետաքրքրական փաստեր ու տվյալներ` կապված այս արժանահիշատակ ու բացառիկ տոնի հետ: Ուսումնասիրել, մեկտեղել ու համադրել եմ մի շարք աղբյուրներ, որպեսզի ճշգրիտ կերպով ներկայացնեմ, թե աշխարհի տարբեր մշակույթներում այս օրը տոնական ինչ նշանակություն ունի: Ավելին. օրն իր հատուկ տեղն ունի նաև միջազգային տոնացույցում: Մարտի 21-ը պակաս կարևոր նշանակություն չի ունեցել նաև հայերիս համար, քանի որ նշվել է որպես Նոր տարվա տոն: Բացի այդ, մարտի 21-ը նաև հայկական հեթանոսական դիցարանի ամենավառ աստվածություններից մեկի` Վահագնի ծննդյան օրն է: Այս ամենի մասին ստորև ներկայացված է ավելի մանրամասն: Հուսով եմ, որ նյութը հետաքրքիր կլինի ձեզ համար և օգտակար:
Գարնան, կյանքի վերածննդի այս գեղեցիկ տոնին այսպես անդրադառնալու շարժառիթներից մեկն էլ այն է, որ անձամբ ինձ համար այս օրն ունի շատ նվիրական նշանակություն. մարտի 21-ը իմ ծննդյան օրն է:
© Առլեն Շահվերդյան, 21.03.2012
***
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐՀԱՎԱՍԱՐԻ ՕՐ (Vernal Equinox)
Ըստ Հայկական աստղագիտական ընկերության` մարտի 20-ին, Գրինվիչի ժամանակով 05:14, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցավ հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբն է: Այդ պահին Արեգակը գտնվում էր Երկրի հասարակածի հարթության մեջ, և քանի որ Արեգակը կետ չէ, այլ նրա սկավառակը չափեր ունի, ապա նրա անցումը հասարակածով տևում է մոտ 33 ժամ: Այդ օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օր, այսինքն գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Նշենք, որ խոսքն Արեգակի` հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է, իսկ իրականում օրվա լուսավոր մասն ավելի երկար է, քանի որ գումարվում են նաև առավոտյան և երեկոյան մթնշաղի ժամերը: Ընդհանրապես տարվա եղանակների պատճառը Երկրի հասարակածի հարթության թեքվածությունն է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23.4 աստիճան): Նախկինում գարնանային գիշերահավասարը մարտի 22-ին էր, այնուհետև` 21-ին և այժմ` 20-ին:
Տարբեր տարիներին գարնանային գիշերահավասարը լինում է հիմնականում երկու օրերի` մարտի 20-ին կամ 21-ին: 2003, 2007 և 2011 թվականներին այն մարտի 21-ին էր, իսկ ահա 2012-ին օրը փոփոխվել է` մարտի 20 (Ավելին. մինչև 2017 թվականը գարնանային գիշերահավասարը լինելու է հենց մարտի 20-ին): Օրերի փոփոխության պատճառը Երկրի պրեցեսիան է. նրա պտտման առանցքը ժամանակի ընթացքում տեղաշարժվում է և մոտ 26000 տարում մեկ լրիվ պտույտ է կատարում: Այստեղից, մոտ 70 տարին մեկ այդ կետը տեղաշարժվում է մեկ օրով դեպի առաջ: Աստղագետները գարնանային գիշերահավասարի կետի հետ են կապում երկնային հասարակածային կոորդինատների հաշվանքի համակարգը. այդ կետից է սկսվում կոորդինատներից մեկի` ուղղակի ծագման, հաշվարկը: Գարնանային գիշերահավասարի օրը որոշ իսլամական երկրներում (մասնավորապես` Իրանում) համարվում է նոր տարվա սկիզբը (Նովրուզ): Հիշեցնենք, որ մեր մոտ ամենասիրված եկեղեցական շարժական տոներից մեկի` Զատիկի, օրվա հաշվարկն էլ կապված է գարնանային գիշերահավասարի օրվա հետ: Այսպես, ամեն տարի Զատիկի օրը գարնանային գիշերահավասարից հետո առաջին լիալուսնից հետո եկող առաջին կիրակին է, և այս տարի կնշվի ապրիլի 8-ին:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՐ ԵՎ ՏՈՆԵՐ ՄԱՐՏԻ 21-ԻՆ
Պոեզիայի համաշխարհային օր ![]()
1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՈ-ի 30-րդ գխավոր համագումարում որոշվեց մարտի 21-ը նշել որպես Պոեզիայի համաշխարհային օր: Կարդա ավելին…
Ռասայական խտրականության դեմ պայքարի միջազգային օր
![]()
Օրը նշվում է 1966 թվականի հոկտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 21-րդ համագումարի կայացրած որոշմամբ: Կարդա ավելին…
Տիկնիկախաղացի միազգային օր ![]()
Օրը միջազգայնորեն նշելու գաղափարը տիկնիկային թատրոնի հանրահայտ պարսիկ գործիչ Ջիվադ Զոլֆագարիհոյինն է: Կարդա ավելին…
Նովրուզի միջազգային օր ![]()
Նշվում է 2010 թվականից, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ, մարտի 21-ը նշվում է նաև որպես միջազգային տոն` Նովրուզի օր: Կարդա ավելին…
Գարնանային նոր տարվա տոն: Նշվում է գարնանային գիշերհավասարի օրը: Ունի ավելի քան 3000 տարվա պատմություն, ծագում է դեռ զրադաշտական կրոնի ժամանակներից` սաղմնավորվելով Խորասանում (պատմական վայր` Իրանի հյուսիս-արևմուտքում): Կարդա ավելին…
Մոր օր
![]()
Մերձավոր Արևելքի մի շարք արաբական երկրներ (Եգիպտոս, Լիվան, Հորդանան, Սիրիա, Բահրեյն) մարտի 21-ը նշում են որպես Մոր օր` ի նշանավորումն աշխարհի մայրերի մեծարման: Կարդա ավելին…
Երիտասարդության օր Թունիսում ![]()
Թունիսում այս տոնը նշվում է մեծ շուքով: Այն հատկապես նրանց տոնն է, ովքեր պետք է կառուցեն իրենց երկրի ապագան: Կարդա ավելին…
Իտալիայում այս տոնը նշվում է վաղուց ի վեր: Այն խորհրդանշում է մարդու` բնության հետ միասնությունը: Կարդա ավելին…
***
ՄԱՐՏԻ 21-ը ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑՈՒՄ
Մեզ` հայերիս համար մարտի 21-ն ունեցել և առ այսօր ունի առանձնահատուկ նշանակություն: Նախ սկսեմ նրանից, որ մարտի 21-ը հայերիս համար ժամանակին նշվել է որպես նոր տարվա տոն: Տարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի (մարտի 21-ին, օգոստոսի 11-ին և հունվարի 1-ին), որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր կամ Կաղանդ: Դեռ վաղնջական ժամանակներում հայերը (և ոչ միայն) նոր տարին նշում էին գարնանային գիշերահավասարի օրը` մարտի 21-ին: Բնապաշտական ժամանակներում այս տոնը ընկալվում էր ոչ միայն որպես Նոր տարի, այլև բնության զարթոնքի խորհրդանիշ: Այդ օրը բոլոր գավառներում տոնախմբություն էր, բոլոր տաճարներում տոնական ծիսակատարություններ էին, բոլորը աստվածներին զոհեր էին մատուցում` ակնկալելով լավ ու բերքառատ տարի:
***
ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ
Վահագնը Հայոց դիցարանի երրորդ աստվածությունն է. կազմված է Վահ-«աստված» և ագն-«հուր» բառերից և նշանակում է կրակի աստված: Վահագնը հանդես է գալիս Վիշապաքաղ մակդիրով, քանի որ հաղթել է դրանց և հայոց ռազմի, զորության աստվածն է՝ Արամազդի որդին: Հայտնի է Տրդատ 1-ին արքայի հրովարտակը՝ հայ ռազմիկներին. «Քաջութիւն հասցե ձեզ ի քաջեն Վահանգնե. ամենայն Հայոց աշխարհիս»:
Վահագնին նվիրված գլխավոր մեհյանը գտնվում էր Տարոնի Աշտիշատ ավանում, Քարքե լեռան լանջում, Ոսկեմայր Անահիտի և Աստղիկ դիցուհու մեհյանների կողքին: Մեհյաններ են եղել նաև Վարագա լեռան մոտ, Ահևական գյուղում, Բարձր Հայքի Դերջան գավառում և այլն: Վահագնին նվիրված տաճարներում ծառայել են Վահունիք տոհմի քրմերը: Հայկյան տոմարի յուրաքանչյուր ամսվա 27-րդ օրը կոչվում է Վահագնի անունով:
Պատմահայր Խորենացին մեզ ժառանգություն է թողել Վահագնի ծննդյան մասին մի հրաշագեղ բանաստեղծություն:
Երկներ երկին, երկներ երկիր,
Երկներ և ծովն ծիրանի,
Երկն ի ծովուն ուներ
Եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր.
Եւ ի բոցոյն վազէր
Խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ուներ,
Ապա թե բոց ուներ մորուս
Եւ աչկունքն էին արեգակունք:
Վահագնի ծնունդը նշվում է մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարին:
Ի դեպ, մարտի 21-ին Արորդիների Ուխտը, արիադավան իր անխախտ ավանդության համաձայն, Գառնի Մայր Տաճարում ծիսականորեն տոնում է Հայոց Ամանորը` խորհրդանիշը Հայոց Հաղթության ու Զորության աստված Վահագնի տիեզերական ծնունդի:
Մարտի 21-ին հտուկ տեղ է հատկացվում նաև հորոսկոպներում: Բավական է նշել, որ Դրուիդների հորոսկոպում, որտեղ կենդանակերպի նշանների փոխարեն ծառեր են, կաղնի ծառին հատկացված է միայն մեկ օր և այդ օրը գարնանային գիշերահավասարն է` մարտի 21-ը:
Հատուկ ուզում եմ նշել, որ մարտի 21-ը Անտառների պաշտպանության միջազգային օրն է:
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
- http://www.un.am/am/UN_Observances
- http://www.calend.ru/holidays/3-21/
- http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=1396
- http://www.zham.am/index.php?lid=am&pageName=lrahos&id=500989555
- http://ankakh.com/2010/12/81885/
- http://www.tert.am/am/news/2012/03/15/holidays/
- http://arordiukht.do.am/news/vahagni_cnund/2012-03-13-17
- http://www.hayary.org/index.php?option=com_content&task=view&id=414&Itemid=56
- http://eco.ria.ru/documents/20110321/354516271.html
- http://ru.wikipedia.org/wiki/Равноденствие
- http://www.calend.ru/holidays/0/0/1176/
- http://antarner.net/2011/03/21/մարտի-21-անտառների-պաշտպանության-միջազ/









Hargeli Arlen i srte shnorhavorum em Dzer cnndyan taredardzy ev maghtum ansahman ser ,uj u erand noranor hajoghutyunneri hasnelu hamar,lvaguyn maghtanqners Dzez…
Շատ շնորհակալ եմ Անուշ ջան շնորհավորանքի համար: Ես էլ Ձեզ ու Ձեր ընտանիքին եմ մաղթում ամենալավն ու բարին:
Առլեն, Պարբերաբար այցելում եմ Ձեր բլոգ-կայք, ընթերցում, սովորում, և ահա այսօր պիտի շնորհավորեմ Ձեր ծննդյան օրվա առթիվ, հուսամ` շատ չեմ ուշացել:
Մաղթում եմ Ձեզ շաունակական հաջողություններ, Երջանիկ ստեղծագործական ու անձնական կյանք:
Իսկ մեզ` ընթերցողներիս մնում է միայն սպասել նորանոր օգտակար ու որակյալ գրառումների:
Շնորհակալություն այսչափ բովանդակալից գրառումների համար)))
Շատ շնորհակալ եմ Հասմիկ ջան նման ջերմ խոսքերի համար: Ես նույնպես հետաքրքրությամբ պարբերաբար այցելում էի քո նախկին բլոգը, և հիմա էլ նույն հետաքրքրությամբ սպասում եմ նորին:
Pingback: Բարի գալուստ, գարուն / Welcome, Spring! | Arlen Shahverdyan. Author's Blog
Pingback: Ծաղկած ծառերի ճյուղերի արանքից / Through the Branches of Flowering Trees | Arlen Shahverdyan. Author's Blog