«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոն. Երբ բնություն սիրելը տոն է / Международный экологический фестиваль «Дитя Солнца». Когда любовь к природе – праздник / “Sunchild” International Enviromental Festival. Love to Nature as a Feast

Յուրաքանչյուր տոն յուրովի հիշարժան ու կարևոր է: Եվ խոսքը սոսկ օրացույցային տոների մասին չէ: Կարևորն այն է, որ մարդու ներսում միշտ տոն լինի և նա մշտապես գտնվի իր ներքին աշխարհի հետ ներդաշնակության և խաղաղության մեջ: Իր նվիրական ցանկությունների ու նպատակների իրականացման, սեփական «ես»-ի հետ խաղաղության մեջ լինելու դեպքում է մարդն ապրում երջանիկ և շրջակա միջավայրի հետ ներդաշնակության մեջ: Սակայն պետք է նշել, որ շրջակա միջավայրի հետ ներդաշնակ գոյակցությունը լիարժեք է միայն այն դեպքում, երբ մարդը չի հեռանում բնությունից, մոտ է գտնվում բնությանը: Այս կարևոր և կենսական նշանակություն ունեցող հանգամանքը մենք որքան էլ անտեսենք կամ թերագնահատենք, սակայն բացառել չենք կարող, քանի որ մարդը և բնությունը անքաքտելիորեն կապված են: Նույնիսկ եթե մարդը, ապրելով իր ժամանակակից երկաթբետոնե աշխարհում, հաճախ մոռանում է իր արմատների մասին, ապա միևնույն է գալիս է ժամանակ, երբ նա հայացքն ուղղում է իր բնօրրանին` բնությանը: Միայն բնության հետ ներդաշնակության մեջ ապրող մարդն է, որ լիարժեք է և խաղաղ ինքն իր ու շրջապատող աշխարհի հետ: Միայն բնությունը սիրող ու գնահատող, պահպանող ու ճանաչող մարդն է, որ տեր է մոլորակի ճակատագրին: Մյուսները` բնությանը քամահրանքով ու արհամարհանքով վերաբերվողները, ապրում են ներքին խռովքի մեջ, նրանց հոգին խաղաղ չէ, ինչից էլ սկիզբ են առնում անբավարարության զգացումը, ագրեսիան, չարությունը շրջապատող մարդկանց հանդեպ: Բնության հետ ներդաշնակության մեջ գտնվելու համար անհրաժեշտ է նախ ճանաչել այն (կարդալ, սովորել բնության մասին, գիտելիքներ ամբարել, տեսնել բնությունը, այո-այո` ոչ թե միայն նայել բնությանը, այլ նաև տեսնել այն, հասկանալ ու զգալ նրան, այսինքն` զգալ ինքդ քեզ): Բնությունը ճանաչելու առումով շատ կարևոր են բնաճանաչողական այցերը դեպի բնության գիրկը: Ներդաշնակ ապրելու հաջորդ գրավականը բնության դերի ու մեր կյանքում դրա տեղի ճիշտ գնահատումն է, բնությանը` ոչ թե որպես ինչ-որ վերացական կատեգորիայի վերաբերվելը, այլ գիտակցելը, որ հենց բնության շնորհիվ ու բնության մեջ ենք ապրում, ոչ թե բնությունն է տեղ զբաղեցնում մեր կյանքում, այլ մենք ենք տեղ զբաղեցնում բնության մեջ: Չի կարելի բնությանը վերևից նայել: Պետք է գիտակցել, որ բնության մի փոքրիկ, կրկնում եմ` ՓՈՔՐԻԿ մասնիկն ենք, ընդամենը մի գույնը` բնության բազմերանգ ու բազմագույն հսկա աշխարհում: Շատ կարևոր է, որ այդ գույնն իր ուրույն տեղը զբաղեցնի բնության գունեղ ներկապնակում, ոչ թե խաթարի նրա պատկերը: Շատերն են բնությունը թերագահատում, մինչդեռ, միևնույն է, շարունակում են անզոր մնալ նրա վիթխարի ուժի ու իմաստնության, կենսունակության ու հարատևության առջև: Հաջորդ` խիստ կարևոր, գրավականը բնությունը պահպանելու անհրաժեշտության գիտակցումն է: Բնության հետ ներդաշնակ ապրելու ամենակարևոր գրավականը, սակայն, բնությունը անկեղծորեն ու անմնացորդ սիրելն է: Կենդանական ու բուսական աշխարհը սիրող մարդը բարի է և ունակ սիրելու նաև ուրիշ մարդու, ամբողջ մոլորակը, տիեզերքը: Այդպիսի մարդը ապրում է ներշնչանքով, նա զգայական էակ է, արարող ու ստեղծագործող, ընկալունակ ու զարգացած: Այո, բնությունը նախ պետք է անսահման սիրել, որպեսզի լինի այն ճանաչելու, գնահատելու և պահպանելու անկեղծ շարժառիթ ու մղում: Բնությանը անկեղծ նվիրումով սիրելու դեպքում է միայն, որ այն փոխադարձում է իր սերն ու գորովանքը:

Ցավոք, վերջին տարիներին, հատկապես` մեր նորանկախ պետության գոյության ընթացքում, սոցիալ-տնտեսական, բարոյա-հոգեբանական վիճակից, օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներից ելնելով մեր հասարակության մեջ կտրուկ ընկել էր բնաճանաչողության մակարդակը, նվազել էր բնությունը սիրելու և պահպանելու անկեղծ մղումը, հազվադեպ էին դարձել բնապահպանական ազնիվ, անշահախնդիր ձեռնարկումները: Եթե այդպես շարունակվեր, ապա ևս մի քանի տարի, և մենք կունենայինք անտարբեր, իներտ ու բնությունից խիստ հեռու մի հասարակություն, որը կապրեր անառողջ մթնոլորտում: Այդպիսի հասարակությունը երկար գոյատևել չէր կարող. անհնար է միշտ լինել բնությունը սպառողի դերում: Սակայն ժամանակները փոխվում են, կյանքը զարգանում է, առաջ ընթանում: Ու թեև մեր հասարակությունը ևս թևակոխեց համակարգիչների, բարձր տեխնոլոգիաների, համացանցի դարաշրջանը, սակայն, ինչպես աշխարհի բոլոր հասարակությունները, այն նույնպես զգաց բնությունից անջատ լինելու անթույլատրելիությունը, մի բան, որը խաթարում է երկրի ու ժողովրդի առողջ ու կայուն զարգացումը, վնատգում է մեր գոյությունը և սպառնում մեր անվտանգությանը:

Եվ ահա, ուրախալի է, որ վերջին տարիներին նկատվում է դրական շարժ, սառույցը այլևս շարժվեց: Հասարակությունը դարձյալ դեմքով շրջվեց դեպի բնությունը, սկսեց ցավել նրա հոգսերի համար, որոնք հենց իր հոգսերն են, սկսեց գիտակցել բնության և դրա պահպանության կարևորությունը, պայքարել բնության պահպանության համար` հետևողականորեն պաշտպանելով իր իրավունքները, սկսեց բարձրաձայնել բնապահպանական խնդիրները, տեր կանգնել հայրենի բնության ճակատագրին:

Ինձ համար ամենաուրախալի հանգամանքներից մեկն այն է, որ բնաճանաչողության գործընթացի մեջ ակտիվորեն ներգրավվեցին և շարունակում են ներգրավվել երեխաները` մատաղ սերունդը: Մեր բալիկները սկսեցին ավելի շատ ու հաճախ ձգտել ճանաչել բնությունը, չվնասել ու պահպանել այն, լավ սովորել, որպեսզի ավելի շատ բան իմանան բնության մասին:

Երեխաներին հաղորդակից դարձնելով բնությանը` մենք ապահովում են մարդ-բնություն փխրուն հարաբերության ապագան: Մի հարաբերություն, որի մասին բազմիցս առիթ եմ ունեցել խոսելու իմ բլոգ-կայքում:

Եվ ահա, մարդ-բնություն և, մասնավորապես` երեխա-բնություն հարաբերության ձևավորման ու ամրապնդման առումով մեր իրականության մեջ իր ուրույն ու կարևոր նշանակությունն ունի մի փառատոն, որը հենց կոչված է երեխաներին, երիտասարդներին ավելի մոտեցնելու բնությանը: Հենց այս փառատոնի շնորհիվ է, որ մեր իրականության մեջ բնաճանաչողության գործընթացը թևակոխեց որակապես նոր մի մակարդակ: Խոսքը «Արևորդի» փառատոնի մասին է:

Իմ հեղինակային բլոգում այս փառատոնին հատուկ կերպով անդրադառնալու շարժառիթներն ինձ համար մի քանիսն էին: Նախ փառատոնը կապված է բնության և բնապահպանության հետ, ինչը իմ բլոգի հիմնական առանցքներից մեկն է: Երկրորդ. փառատոնը մեծ մասամբ առնչվում է երեխաների հետ, իսկ ես մի քանի մանկական գիրք ունեմ գրած ու սիրում եմ ստեղծագործել նաև մանուկների համար, ավելին` իմ առաջին երկու գրքերը մանկական հեքիաթներ են: Երրորդ. ես սիրում, հարգում ու մեծապես գնահատում եմ այս փառատոնի կազմակերպիչների` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) մեծածավալ ու օգտավետ գործունեությունը մեր երկրում, այդ թվում` հետևողական բարեփոխումները, որոնք արվում են Երևանի կենդանաբանական այգում, ինչպես նաև հիմնադրամի կողմից իրականացվող բազմաթիվ այլ ծրագրերը, որոնք ողջունելի են, գնահատելի և օրինակելի: «Ձեռքը` այգու «զարկերակին»» ընդարձակ հոդվածիս մեջ ես պատիվ ունեցել եմ անդրադառնալու այս հիմնադրամի օգտակար ներբերմանը` բնության նկատմամբ սիրո և հոգածության ձևավորման գործում: Կցանկանայի նշել, որ բնության նկատմամբ վերաբերմունքը ոչ թե գործողությունների պարզունակ համախումբ է և հաջոդրականություն, այլ հարուստ, յուրօրինակ ու զարգացած, քաղաքակիրթ ապրելակերպի մշակույթ: Այո՛, բնության նկատմամբ վերաբերմունքը մի ամբողջ մշակույթ է, որը պետք է ոչ միայն ձևավորվի մեզանում, այլև ամրապնդվի ու զարգանա: Վաղուց պիտի ձևավորվեր, մենք այս իմաստով որոշ չափով հետ ենք առաջադեմ քաղաքակրթությունից, սակայն ճիշտ ուղղու վրա ենք, քանի որ հասկացել ենք, որ այս գործընթացը պետք է սաղմնավորվի դեռ մանուկ տարիքում, ամրապնդվի երեխաների մեջ, որպեսզի նրանք մեծանան ու դառնան բնությունը սիրող, գահատող ու պահպանող մեծահասակներ: Այս իմաստով «Արևորդի» փառատոնը հենց այդ նպատակին է մղված, հենց այդ գործառույթն է իրականանցում և իրականանցնում հաղոջությամբ:

Ահա այս բոլորը շարժառիթ հանդիսացան, որպեսզի պատիվ ունենամ իմ բազմաթիվ ընթերցողներին հատուկ հոդվածով ներկայացնել այս փառատոնը, ներկայացնել սրտանց և իմ սեփական նախաձեռնությամբ: Անկեղծորեն հուսով եմ, որ այս հոդվածն իր համեստ ու օգտակար ներբերումը կունենա փառատոնի հսկայական նշանակության լուսաբանման հարցում: Այո` հսկայական նշանակության, քանի որ պետք է հասկանանք, թե ինչպիսի հսկայական նշանակություն ունի մատաղ սերնդի դաստիարակությունը. ինչպիսի որակներ սերմանենք երեխաների մեջ, այնպիսի հասարակություն, այնպիսի երկիր էլ կունենանք ապագայում: Պետք է գիտակցեք, որ բարի ու մարդկային, բնասեր ու հոգատար, կամեցող ու պատասխանատու, խելացի ու զարգացած սերունդ ունենալու համար պետք է բնասիրությունն արմատավորենք դեռ փոքր հասակից, բնաճանաչողության նկատմամբ հետաքրքրությունը ձևավորվենք դեռ փոքրուց: Հակառակ պարագայում կունենանք անհոգի, անտարբեր ու մռայլ հասարակություն: «Արևորդի» փառատոնի գունեղ հրավառությունը փաստելու է գալիս հակառակը, որ մենք ունենք լավ ու լուսավոր մատաղ սերունդ և մեր ապագան էլ նույնքան լուսավոր է լինելու:

Իմ կարծիքով` բնությունը տոն է, սեր, կյանք, իսկ կյանքը խաթարելու իրավունք չունենք, հակառակը. պետք է նոր լիցքերով, նոր էներգիայով ու դրայվով, մեծ նվիրումով ու եռանդուն ջանքերով ապահովենք բնության, հետևաբար նաև` մեր կյանքի խաղաղությունն ու անվտանգությունը: Բնության մեջ բազում կյանքեր կան, որոնցից շատերը մենք անգամ չենք էլ իմանում: Միայն ճանաչելով բնությունը, «հպվելով» նրան մենք կարող ենք հաղորդակից դառնալ կյանքի ամբողջ գեղեցկությանը և հարստությանը: Սակայն միայն ասել, որ բնությունը տոն է` քիչ է: Պետք է գործել, պետք է կազմակերպել, իրականություն դարձնել այդ տոնը, ինչը և անում է «Արևորդի» փառատոնը:

Մի փոքր ավելի մանրամասն ներկայացնեմ այս փառատոնը: 2007 թվականին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնանդրամը կազմակերպեց «Արևորդի» 1-ին միջազգային բնապահպանական փառատոնը: Դրանից հետո այս եզակի միջոցառումն անցկացվում է Երևանում երկու տարին մեկ: Ավելին. սա միակ բնապահպանական փառատոնն է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Հարավային Կովկասում: 2011 թվականի հոկտեմբեր 14-ից 18-ն անցկացվեց «Արևորդի» 3-րդ միջազգային բնապահպանական փառատոնը:

Ինչպես արդեն նշեցի` փառատոնի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել բնության և բնապահպանական խնդիրներ վրա, ինչպես նաև բարձրացնել այս խնդիրների մասին իրազեկության մակարդակը Հայաստանի հասարակության, մասնավորապես` երեխաների և երիտասարդների շրջանում: 2011-ի հոկտեմբերին ավելի քան 5000 մարդ, այդ թվում նաև շատ երեխաներ և երիտասարդներ մասնակցեցին «Արևորդի» 3-րդ միջազգային բնապահպանական փառատոնի ընթացքում ներկայացված ֆիլմերի ցուցադրությանը, դասախասություններին և այլ միջոցառումներին: Փառատոնը լուսաբանվում էր ոչ միայն հայաստանյան հիմնական լրատվամիջոցների կողմից, այլև մեծ հետաքրքրություն էր առաջացրել տարածաշրջանի, մասնավորապես` վրաստանյան լրատվամիջոցների շրջանակում:

«Արևորդի» 3-րդ միջազգային բնապահպանական փառատոնը մեկնարկեց կենդանիների մեծ դիմակահանդես-շքերթով: Կենդանիների հագուստներով և դիմակներով շուրջ 500 երիտասարդներ բոլորին խրախուսում էին մասնակցելու «Արևորդի» 3-րդ միջազգային բնապահպանական փառատոնի միջոցառումներին: Կազմակերպիչները նպատակ ունեին որքան հնարավոր է շատ երեխաների և երիտասարդների ընդգրկել բնության պահպանման քարոզչական և պրակտիկ գործունեությանը: Կենդանիների դիմակահանդեսը գունագեղ և թատերական տեսարան է, որը նաև կրթական լուրջ հիմքեր ունի: Միջոցառումը նպատակ ունի բարձրացնելու իրազեկությունը կենդանիների պաշտպանության և իրավունքների մասին և հիշեցնելու հասարակությանը բոլոր կենդանի էակների նկատմամբ մարդու պատասխանատվության մասին: Կենդանիներ կերպարավորող հագուստները պատրաստված էին տարբեր տեսակի թափոններից, որպեսզի խթանեն վերամշակումը և բոլորին մեկ անգամ ևս ներկայացնեն Հայաստանի եզակի բնությունը:

Ինչպես 2009 թվականին, «Արևորդի» փառատոնի մասնակից գերմանական «Confusao» խմբի բրազիլական կրքոտ սամբայի կատարումները բարձրացրին կենդանիների դիմակահանդես-շքերթի մասնակիցների տրամադրությունը: Առավել տպավորիչ էր, երբ «Confusao»-ի անդամները սկսեցին իմպրովիզներ անել հայկական երաժշտական խմբերի և ավանդական թմբկահարների խմբի հետ: Հանկարծակի ծնված բացառիկ ինքնաբուխ հնչյունները կոչված էին ցույց տալու, որ երաժշտությունը, ինչպես բնությունը, սահմաններ չի ճանաչում:

Փառատոնի շրջանակներում, «FPWC»-ի «Արևորդի» Էկոակումբների երիտասարդ ներկայացուցիչները ստեղծել են կարճ վավերագրական ֆիլմեր իրենց տեղական համայնքի բնության և բնապահպանական խնդիրների վերաբերյալ: Լավագույն 6 ֆիլմերը ողջ տարվա ընթացքում ներկայացվել են աշխարհի տարբեր փառատոններին, ինչպես նաև ցուցադրվել հոկտեմբերին կայացած «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի մանկապատանեկան ֆիլմերի մրցութային ծրագրի շրջանակում: Այսպիսով, ֆիլմերը ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ աշխարհի հազարավոր դիտողների ուշադրությանը ներկայացրին Հայաստանի բնությունը, ինչպես նաև երկրի հրատապ բնապահպանական խնդիրները:

«Արևորդի» փառատոնը ապահովում է բնության տոնը մեզանում: Սա շատ կարևոր մի առաքելություն է, որը ստանձնել է այս փառատոնը: Սա բազմաթիվ բաղադրիչներից ու ծրագրերից կազմված մի հսկայական միջոցառում է, որը կազմակերպելու և իրականացնելու համար պահանջվում են վիթխարի ջանքեր ու մեծ նվիրում: Միայն այդպիսի նվիրումով գործին տրվելու դեպքում հնարավոր է ապահովել բնության տոնը: Այս գործընթացը դժվարին է, քանի որ փառատոնը գործ ունի երեխաների հետ, իսկ նրանք շատ զգայուն են, նրբազգաց և ուշադիր, ամենափոքր կեղծիքը կամ արհեստականությունը երեխային կարող է հիասթափեցնել, հեռացնել բնությունից: Եթե երեխան չնկատի փառատոնի անկեղծ մղումը, ապա ինքը չի տրվի բնությունը ճանաչելու գործին նույնպիսի անկեղծ մղումով: Այս իմաստով «Արևորդի» փառատոնը երիցս բացառիկ է, քանի որ երեխաները, երիտասարդները այս փառատոնին մասնակցում են ոչ միայն սրտանց, այլև վստահ, որ փառատոնի նպատակը անկեղծ է, իսկ գործադրվող ջանքերը` անձնվիրաբար: Եվ այդպես էլ կա, սա մի փառատոն է, որի հիմաքում բնության նկատմամբ անհուն սերն ու ու անհանգստությունը, հոգատարությունն ու մտահոգությունը` սեփական երկրի ճակատագրով, երկրի ապագայով: Ես հպարտ և ուրախ եմ, որ մեր հասարակությունն այսօր այնպիսի մակարդակի վրա է, որ գիտակցում է բնաճանաչողությանն ու բնապահպանությանն ուղղված միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը: Ուրախ եմ, որ մեր հասարակության մեջ բնապահպանական մղումները անկեղծ են, ձեռնարկվող քայլերը` հետևողական: Այս առումով մեծ հաճույքով ողջունում եմ «Արևորդի» փառատոնի բոլոր կազմակերպիչներին ու պատասխանատուներին, քանի որ նրանց շնորհակալ գործը իր արդյունքը տալիս է ոչ միայն այսօր, այլև տալու է վաղը: Չէ՞ որ արևամանուկ մեր բալիկները մեծանալու են և բնությանը վերաբերվելու են այն նույն գորովանքով ու հոգատարությամբ, ինչպես որ հիմա` փառատոնին մասնակցելիս: Եվ ուրեմն «Արևորդի» փառատնոը հիրավի բնության տոն է, որը պետք է ապրի մեզանից յուրաքանչյուրի հոգում: Ես ապրում եմ բնության այդ տոնով, այն իմ մեջ է միշտ, դա կյանքի տոնն է, սիրո ու բարության տոնը: Համոզված եմ, որ այդ տոնը ապրում է Ձեզանից շատերի սրտում, իսկ շատերն էլ այս պահին, հենց այս պահին համակվեցին այդ տոնի տրամադրությամբ:

Ես սրտանց մաղթում եմ, որ «Արևորդի» փառատոնը հարատև լինի և դառնա մեր բալիկներին, մեր երիտասարդ սերնդին` բնության հետ կապող կարևոր և անխախտ օղակը: Այս փառատոնը մեծ «հաղորդագրություն» ունի նաև մեծահասակներին և նպաստում է մեր հասարակության մեջ բարության մթնոլորտի ձևավորմանը, բնության նկատմամբ հոգածության ամրապնդմանը: Սա շատ կարևոր է, քանի որ միայն այսպես է հնարավոր ապահովել մեզանում բնության նկատմամբ վերաբերմունքի մշակույթի զարգացումը: Այս երևույթը երբեք խորթ չի եղել հայ ժողովրդի համար, քանի որ բնության նկատմամբ պատշաճ վերաբերմունքի առումով մենք ունենք բազմադարյա հարուստ ավանդույթներ: Եվ այսպիսի փառատոնը կարևոր ազդակ է` վերագտնելու մեր արժեքները, վերագնահատելու մեր ունեցածը, վերականգնելու մեր ավանդույթները, վերամիավորվելու մեկ ընդհանուր` բնապահպանական գաղափարի շուրջ:

Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին և հիմնադրամի ամբողջ անձնակազմին` «Արևորդի» փառատոնի կազմակերպման, այդ գունեղ տոնը մեր իրականության մեջ այլևս ավանդույթ դարձնելու համար: Խորին շնորհակալություն եմ հայտնում նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակից Թերեզա Դավթյանին` «Արևորդի» փառատոնի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկույթի և լուսանկարների տրամադրման համար: Հավելեմ, որ փառատոնի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ «www.FPWC.org» և «www.Sunchild.org» պաշտոնական կայքերից, ինչը և խորհուրդ եմ տալիս իմ բոլոր ընթերցողներին: Կարդացեք, ծանոթացեք այն բոլոր ձեռնարկումներին, որոնք արվում են ի նպաստ բնության պահպանմանը:

Սիրելի՛ ընթերցողներ, ոգևորելով և անկեղծորեն գնահատելով «Արևորդի» փառատոնի կազմակերպիչների գործը` ուզում եմ նշել, որ այդ ոգևորությունը պետք է փոխանցվի յուրաքանչյուրիս. մեզանից ամեն մեկը պետք է գիտակցի, որ իր կարևոր` մեծ կամ փոքր լուման պիտի ունենա բնության ճանաչողության մակարդակի բարձրացման և բնապահպանության հարցում:

Հուսով եմ, որ հոդվածումս բարձրացրած այս հարցադրումը վարակիչ ազդակ կլինի բոլորին` սիրելու ու պահպանելու բնությունը, որպեսզի մենք և մեր երեխաները ապրենք անվնաս, խաղաղ և գեղեցիկ մոլորակի վրա, ապրենք արժանապատիվ ու երջանիկ կյանքով: Ես հավատում եմ բնության կենսական ուժին և վերարտադրությանը, ես հավատում եմ մեր բոլորի վաղվա ապագային, որը պետք է դարձնենք այնպես շողշողուն, ինչպես մանուկների աչքերն են շողշողում արևի շոյիչ լույսի ներքո:
© Առլեն Շահվերդյան, 22-26.02.2012

Дорогие друзья, в этой статье я рассказываю об одном из фестивалей нашего времени, который уникален в своем виде на территории всего Южного Кавказа. Международный экологический фестиваль «Дитя Солнца» (“Ареворди”) проводится каждый второй год в Армении и является единственным экологическим фестивалем на территории всего Южного Кавказа. Международный эко-фестиваль «Дитя Солнца» каждый раз открывает красочный и веселый карнавал. Сотни молодых людей в разноцветных костюмах и масках разных животных участвуют в карнавале, приглашая прохожих присоединиться к их призывам к охране природы. Организатор фестиваля - Фонд охраны дикой природы и культурных ценностей (FPWC) Армении.
© Арлен Шахвердян, 14.03.2012 

Dear Friends, this article is about one of the unique festivals on the South Caucasus – “Sunchild” International Enviromental Festival, organized by the Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets (FPWC). The aim of the festival is to protect the Nature and to inspire children to take care of it. Read more about this interesting and colourful festival on the official website of the Sunchild International Enviromental Festival.
© Arlen Shahverdyan, 14.03.2012

About these ads

About Arlen Shahverdyan

Welcome to "Arlen Shahverdyan: Author's Blog". Here You can find Armenian Writer/Poet, Painter, Blogger Arlen Shahverdyan's Books, Poems, Paintings, Photos, Thoughts, Posts, Articles, etc.: The main content of this Blog is Creative as well as Environmental. Read more on Profile in "Blog's in brief" page.
Gallery | This entry was posted in Մշակույթներ / Cultures, Վայրի բնություն / Wildlife, Այլ կայքեր / Other websites, Բնապահպանական (Էկոլոգիական) / Environmental (Ecological), Իմ մտքերը / My Thoughts and tagged , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s