Այս պահին

Մոլորակի բնակչության թիվն անցել է վեց միլիարդից: Քանի՜-քանի՜ մարդ է հենց հիմա ծնվում: Հենց նոր դադարեց բաբախել ինչ-որ մեկի սիրտը կամ ծնվեց նոր սիրտ: Մի պահ երբ մտածում ես այս ամենի մասին, ապա զգում ես քեզ ժամանակի ու տարածության խաչմերուկում: Մոտդ ուժեղանում է ժամանակի զգացողությունն այն աստիճան, որ ասես նոր բնակլիմայական պայմաններին ադապտացված կենդանի լինես: Ա՛յ, հենց հիմա, հենց այս վայրկյանին պատկերացրեք որ դուք զգում եք աշխարհի բոլոր մարդկանց զարկերակները: Ա՛յ, հենց այս պահին երեխա ծնվեց, մարդ մահացավ… Հենց այս պահին, երբ մոլորակի մյուս կողմում գիշեր է, մյուսում` ցերեկ, քանի՜-քանի՜ զույգեր հենց հիմա անկողնում ուժգին կրքով սիրում ու վայելում են միմյանց, իսկ քանի՜-քանի՜սն էլ հենց այս պահին անկողնում ձևացնում են, թե սեռական հաճույք ապրեցին: Հե՛նց հիմա պայթյուն տեղի ունեցավ, հե՛նց հիմա քաղաքի բանուկ թաղամասերից մեկում մի քանի տասնյակ մարդ զոհ գնաց ահաբեկչությանը, զոհ գնաց հենց այնպես, ապրեցի՜ն, ապրեցի՜ն տարիներ շարունակ ու աննպատակ զոհվեցին: Հենց այս վայրկյանին, այս պահին հուզվում են, լացում, ծիծաղում, ժպտում, խոսում, լռում, սեքսով զբաղվում, խուսափում սեքսից, հաճույքից գալարվում ու տնքում անկողնում, խոստովանում, խաբում, խփում, բռնաբարում, բռնաբարվում, ծեծում, ծեծվում, պայթեցնում, բուժում, փրկում, կործանում: Այս ամենը` հե՛նց այս պահին, աշխարհի տարբեր անկյուններում: Պատկերցրեցի՞ք: Մի պահ ասես ձեռքդ մոլորակի, կյանքի զարկերակին լինի: Երբ մտածում ես, որ հենց հիմա մի նորածին ճչաց ու ազդարարեց իր լույս աշխարհ գալու մասին, իսկ մեկ ուրիշն էլ փակեց աչքերն ու այլևս գոյություն չունի, ապա զգում ես, թե որքան մեծ է մոլորակն ու որքան կյանք կա նրա մեջ, որքան եռուն է այդ կյանքը, որքան անվերահսկելի: Հենց հիմա աշխարհի մի անկյունում մի գիտնական հավանաբար հայտնագործեց մարդկությունը տասնյակ տարիներ առաջ տանող մի գյուտ, իսկ մեկ ուրիշը իր ռումբի պայթյունով ավերեց ու ոչնչացրեց հազարավոր տարիներ անց մեր օրերը հասած համաշխարհային մշակութային ժառանգության մի որևէ նմուշ, օրինակ, ասենք մի գեղեցիկ կոթող: Մարդիկ տարբեր են, իրադրություններն ու հանգամանքները` նույնպես: Փորձենք իսկապես մտովի շրջել աշխարհում: Ա՛յ, հենց հիմա մեկը համբուրեց իր սիրելիին ու շշնջաց նրան սիրո խոսքեր, մյուսը վիճում է խանութում` մանրադրամը չվերադարձնելու համար, երրորդը հենց այս պահին փորձում է իր հայացքով դյութել սրճարանում դիմացը նստած մեկին, չորրորդը գոռում է իր բանվորների վրա, հինգերորդը հենց նոր կորցրեց կուսությունը, վեցերորդին բժիշկը հենց նոր ասաց, որ նա անբուժելի հիվանդ է, իսկ յոթերորդի ցավեցող ատամը վերջապես հանեցին: Հենց հիմա մեկը հազաց, մյուսը փռշտաց, երրորդը նոր-նոր հարբուխով է հիվանդանում, իսկ չորրորդն ընդհանրապես թոքաբորբ է: Ամեն վայրկյանը մենք ապրում ենք և այդ վայրկյանը ապրում են բոլորը, ապրում են մարդիկ, ապրում են կենդանիները, բույսերը, լեռներն ու ծովերը, երկինքն ու ամպերը: Այս վայկյանին վագրը գետնին տապալեց մի մեծ եղջերուի, խոտը ծակեց գետինը, ծլեց ու վեր ձգվեց, իսկ անձրևաջուրը հեղեղեց գետը` այն իր հունից հանելով: Ամեն վայրկյանը անկրկնելի է, պետք է ապրել այդ վայրկյանը:
Հիշում եմ, 2007 թ. ապրիլի 25-ին «Ազատություն» ռադիոկայանի կայքում կարդացի այս լուրը. «Աստղագետները պատմության մեջ առաջին անգամ հայտնաբերել են մի մոլորակ, որը հար եւ նման է Երկրին: CNN-ի վկայությամբ` մոլորակը կարող է բնակելի լինել, այն կարող է ունենալ նույն ջերմաստիճանը, չի բացառվում հեղուկ ջրի առկայությունը: 581 C կոչվող մոլորակը գտնվում է Երկրից 120 տրիլիոն մղոն հեռավորության վրա: «Սա էական քայլ է տիեզերքում կյանքի հայտնաբերման ճանապարհին»,- ասել է Ժնեւի համալսարանի աստղագետ Միշել Մեյորը, որը եվրոպացի 10 այլ գիտնականների հետ համատեղ հայտնաբերել է մոլորակը»: Սա էլ դարձյալ թեմայի շուրջ` մեկ ուրիշ աղբյուրից. «Առաջին անգամ Արեգակնային համակարգի սահմաններից դուրս հայտնաբերվել է մոլորակ, որը պոտենցիալ կերպով պիտանի Է կյանքի համար: Այս հայտնագործությունը կատարել են մի խումբ եվրոպացի աստղագետներ Լա Սիլիեում (Չիլիական Անդեր) գտնվող Հարավային եվրոպական աստղադիտարանի գործիքների միջոցով: Իրենց աշխատանքի արդյունքների մասին հաշվետվությունը գիտնականները հրապարակման համար ուղարկել են «Աստղագիտություն եւ աստղաֆիզիկա» միջազգային շաբաթահանդեսին: Ինչպես հաղորդել են հայտնագործության հեղինակները` Ժնեւի (Շվեյցարիա) աստղադիտարանից Ստեֆան Ուդրիի գլխավորությամբ, իրենց հայտնաբերած մոլորակն ստացել Է “581 c” պայմանական նշանը: Այն պտտվում է «Կշեռք» համաստեղության «Գլիզ 581» աստղի շուրջը: Երկրագնդից այն բաժանում Է մոտավորապես 20,5 լուսային տարի կամ 193 տրիլիոն կիլոմետր: «Գլիզ 581»-ը կարմիր թզուկ է»: Երբ կարդացի այս լուրը, մտածեցի, թե ինչքան առաջ է ընթացել մարդկությունը. այն արդեն Մոլորակի նման կյանքի համար պիտանի երկնային մարմիններ է գտնում այդքան հեռավորության վրա: Մտածեցի, որ ճիշտ եմ կանխազգում. մի օր մարդկությունը բախվելու է այն իրողությանը, որ հայտնաբերելու է անգամ այնպիսի երևույթներ, որոնք շրջադարձային կերպով կփոխեն իր կյանքը: Ի՞նչ է կյանքը, ինչպե՞ս է ծագել այն, զարգացել: Մարդկությունը կբացահայտի մինչ օրս իր համար լիովին չբացահայտված շատ բաներ ու կապշի: Կարդալով այդ լուրը ես մտածեցի նաև, որ ինչքան մեծ է աշխարհը. ես այդ պահին կարդում էի նոր հայտնագործության մասին, իսկ աշխարհի մեկ ուրիշ անկյունում, օրինակ` Մոնղոլիայում, լեռնաբնակ գյուղացիները քշում են իրենց յակերին ու իմաստուն հայացքներով նայում լեռներին: Մոնղոլիա. երկիր, ուր ձմեռն է իշխում տարվա գրեթե ամբողջ ընթացքում, ուր մարդն ու ձին միասին կենաց ու մահու կռիվ են տալիս բնության դեմ, ուր երկսապատ ուղտերը կեր են հայթայթում ձյան սավանի տակ, ուր բրդոտ յակերը շրջում են լեռներում և ուր թավամազ ձյունահովազը ժայռերում դարանում է իր զոհին: Այսպիսին է Մոնղոլիան` իր բնաշխարհով, իր կլիմայով, իր մարդկանցով, իր կյանքով: Մոնղոլիայից մտովի տեղափոխվել ցանկացա մեկ ուրիշ տեղ, կարևոր չէր, թե ուր, կարևորը, որ իմ մտավոր շրջայցը ներառեր աշխարհի ամբողջ ներկապնակը: Եվ դարձյալ, թե՛ այդ պահին, թե՛ հիմա էլ սկսեցի մտածել այն մասին, որ հենց այս պահին, հենց այս վայրկյանին, օրինակ, որևէ դարբնոցում դարբինը ծեծում է իր շիկացած երկաթը, Էկվադորում բանաներոն (բանան հավաքողը) ադամաթզի պլանտացիայում իր ուսին տանում է քիչ առաջ կտրած բանաններով լի վիթխարի ողկույզը: Այս պահին ձկնորսը շարունակում է պայքարել ծովի ալիքների դեմ, կռվել ու հերթական անգամ զգալ իր անզորությունը անեզր ծովի դիմաց: Ծովի յուրաքանչյուր ալիք բազմակետեր է թողնում: Լուսինը տեսնելով դա, շարունակում է ժպտալ, նա ծիծաղում է մարդու անզորության վրա: Գիշերը լուսինը շարունակում է լուսավորել ծով դուրս եկած յուրաքանչյուր նավաստու, ձկնորսի ճանապարհը, իսկ ալեկոծությունների ժամանակ թաքնվում է ամպերի հետևում` ցույց տալու համար, որ բեմադրության այդ մասում նա դերակատարում չունի: Այս պահին իսպանական մի որևէ ռեստորանում զբոսաշրջիկների մի մեծ խումբ հմայված լսում է ֆլամենկո ու դիտում կրքոտ պասադոբլ, որը իսպանացիներից բացի աշխարհում ոչ մի ուրիշ ազգ այդպես ճիշտ, այդպես անկաշկանդ ու կրքոտ, այդպես բնական ու այդպես ժառանգաբար հղկված չի պարում: Իսպանական պարերը լավագույնս զգալու ու պարելու համար պիտի միայն իսպանացի լինես: Ամեն ազգ ունի իր ազգայինը: Ոչ մի իսպանացի չի կարող քոչարի պարել այնպես, այնպիսի թափով, այնպիսի կրակով, այնպիսի ոգով, ինչպիսին հայը: Հենց այս պահին զբոսաշրջիկները շարունակում են կլանված լսել իսպանական երաժշտությունը: Իսպանական կրքոտ խառնվածքը լավագույնս արտացոլվում է ազգային, անդալուզյան հոգեթով երաժշտության, այն է` մոլեկիրք ֆլամենկոյի հնչյուններում: Ֆլամենկոյի սիրահույզ հնչյունները գերում են բոլորին, դրանք թեթև են, ինչպես գարնան զեփյուռը, նուրբ, ինչպես մանրակաթիլ թավ անձրևի կաթիլները: Ֆլամենկոն հետքեր է թողնում ունկնդրողի հոգեպատերին, ինչպես անձրևն է «արահետներ» գծում փոշեպատ ապակիների վրա: Լսելով ֆլամենկո, թվում է, թե անցնում ես երկնքի ափերով, իսկ անձրևն իր թանձր վարագույրներով շղարշում է քեզ շրջապատող իրականությունը և յուրօրինակ պատնեշ հանդիսանում քո ու այդ իրականության միջև: Հենց այս պահին բեդուինները կրակ են անում ու նայում անեզր հորիզոնին: Քոչվոր արաբների կամ ինչպես նրանց անվանում են` բեդուինների համար, Քուվեյթի անապատները դարեր շարունակ բնակության վայր և կենսակերպ են հանդիսացել: Առաջին հայացքից անապատի դժվարին պայմաններում ապրելը գրեթե անհնարին է թվում: Արևը, որ շիկացնում է ոսկե ավազը, և քամին լուրջ խոչընդոտ են այդ վայրերում ապաստանած ցանկացած շնչավոր էակի համար: Սակայն ոչ բեդուինների: Նրանք, մարտահրավեր նետելով բնությանը, արդեն քանի դար է, որ ապրում են անապատում: Բեդուինների համար անապատում ապրելու ու բնական դժվարությունները հաղթահարելու ողջ պոեզիան կայանում է նրանում, որ մարդն իր աշխատասիրության և համառության շնորհիվ կարող է ճանապարհ հարթել անգամ լույսի ոսկեղեն շողերով պարուրված անապատում: Հենց այս պահին Վենետիկի ծովաթաթախ նեղլիկ փողոցներից մեկում, գոնդոլայի մեջ, երկու հոգի անուշ համբուրվում են: Նրանց համար այս վայրկյանին միայն իրենց սերն էր, Վենետիկը և ծովի ալիքների վրա օրորվող մակույկը:
Մի օր անցնում էի փողոցով, ամբողջ մայթով մեկ փողոցի փոշու, կեղտի ու մեքենաների ծխի մեջ վաճառում էին կարկանդակներ ու խաչապուրիներ, լահմաջո ու ղարսի խորոված: «Տուբորկուլյոզի բուն», – մտածեցի ես: Մարդիկ անցնելիս թքում էին գետնին, մեքենաները ծուխ էի արտազատում ու այդ ամենի մեջ` վաճառում էին այդ բոլոր ուտելիքները: Սակայն մի՞թե փողոցային առևտուրն ու սննդի հակահիգիենիկ վաճառքը դրսում բնորոշ է միայն մեր քաղաքին: Իհարկե` չէ: ՈՒ մտածեցի. «Չէ՞ որ հենց այս պահին Թեհրանում, օրինակ, մի խումբ անցորդներ, փողոցում անլվա ձեռքերով ուտում են ոչխարի խաշած փորից պատրաստված սիրաբի: Կամ այնտեղ, օրինակ, հեռավոր Կատմանդուի փողոցներից մեկում անլվա առևտրականը հենց այս պահին գետնին դրված պարկից հանում է չորացրած բլիթը, անլվա բթամատով անցք է անում դրա մեջ, բլիթը լցոնում է խիստ կասկածելի սոուսով, այդ ամենը թրջում խիստ կասկածելի մսաջրի մեջ, որը եփվում է սանիտարահիգիենիկ առումով անթույլատրելի մի սևացած կաթսայի մեջ, և պատրաստելով ֆանի պուրի հրամցնում է այն համտեսել ցանկացող տեղացիներին կամ զբոսաշրջիկներին»: Էլ չեմ խոսում Հնդկաստանի, Չինաստանի մասին: Այնպես որ` ուտել ու թունավորվել կարելի է ոչ միայն մեզ մոտ: Անցա այդ մայթով: Վրայիցս այնպիսի մի հոտ էր գալիս, որ թվում էր, թե ես հերթական կարկանդակն եմ, որին վառել են արդեն նստվածք տված ձիթայուղի կաթսայի մեջ: Այո, այս պահին, աշխարհի մի անկյունում կաթսայի մեջ եռում են կարկանդակները, մյուս անկյունում գաղտագողի բեռնաթափում են փղոսկրով լի բեռնատարը, երրորդ անկյունում մեկը եթերում ուրախ ասում է, թե մեքենա է շահել լոտոյի տոմս գնելով, մեկ ուրիշ անկյունում բռնցքամարտիկը հենց նոր նոկաուտ ստացավ, հաշվում են` վեր չի կենում, լրիվ ուրիշ մի վայրում մի խումբ զարմացած զբոսաշրջիկներ բերանները բաց նայում են գետնի տակից դուրս ժայթքող գեյզերի շիթին, մի ուրիշ անկյունում էլ գեղասահորդը մի այնպիսի հիասքանչ ու հաջող պտույտներով ցատկ կատարեց, որ ամբողջ դահլիճը ցնծաց և թնդաց օվացիայի մեջ: Տարբեր է աշխարհը, ամեն վայրկյանում, ամեն պահին տեղի է ունենում մի բան: Հենց հիմա դու կարդում ես, իսկ ինչ-որ մեկը ավարտեց ու փակեց իր կարդացած գիրքը, մյուսը ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել այն մտքին, որ պիտի գիրք կարդա, իսկ մեկ ուրիշն էլ ուղղակի զզվում է նրանցից, որոնք գիրք են կարդում: Հենց այս պահին մեկը կենաց խմեց ու մաղթեց երջանիկ ընտանիք նորապսակներին, մեկ վայրկյան անց, մեկ ուրիշ տեղ վերջին հրաժեշտը տվեցին իրենց սիրելի հարազատին ու հանձնեցին նրան հողին: Հենց այս պահին երիտասարդները տժժում են բացօթյա ռոք համերգի ժամանակ և դրայվ ստանում դրանից, իսկ մեկ ուրիշ տեղ օպերատորը ժամերով համբերատար սպասում է այն պահին, թե երբ դեպի իր բույնը կվերադառնա սև կեռնեխ հազվագյուտ թռչնակը: Հենց այս պահին արևմուտքից ժամանած մի զբոսաշրջիկ զմայլված նայում է նինջայի զենք ու զրահին, «գիդն» էլ թանգարանում պատմում է, որ նինջայի սև հագուստը նրան անտեսանելի էր դարձնում գիշերվա խավարում, և կարծես սև հովազի նման, նինջան ահ ու սարսափ էր սփռում մահատեսիլ գիշերում: Սա` նուրբ ու խորհրդավոր Ճապոնիայում, իսկ մեկ ուրիշ անկյունում` Ավստրալիայում աբորիգենի ծագում ունեցող մի տեղաբնակ փորում է հողն ու դրանից հյութեղ արմատ հանում, իմաստուն հայացքով նայում հորիզոնին, իսկ իր ժառանգին էլ պատմում, թե որքան զորեղ ու թունավոր օձ է ահազդու թայպանը` Ավստրալիայի տափաստանների սարսափը: Այս պահին մեկը գլխապտույտ արագությամբ դահուկներով հաշված րոպեների ընթացքում իջնում է սարի ձյունածածկ լանջից, այն պահին, երբ մեկ ուրիշն էլ համառորեն մաքառելով արդեն քանի ժամ է բարձրանում է սարն ի վեր` հասնելով համար դրա գագաթին: 
Մենք բոլորս ապրում ենք այս մոլորակի վրա, ապրում հենց այս պահին, ապրել ենք առաջ ու ապրելու ենք հետո: Մոլորակը մերն է, բոլորինը, մեր բոլորի ընդհանուր տունն է: Ապրենք սիրով, խաղաղության և ներդաշնակույան մեջ ու մեծ հոգատարություն ցուցաբերենք մեր մոլորակի նկատմամբ, մեկս մյուսի նկատմամբ: Սիրենք մարդկանց, սիրենք մարդկությունը, սիրենք ու գնահատենք ամեն մի վայրկյանը, ամեն մի պահը, ամեն մի «հենց այս պահին»-ը: Երբ կուշտ ենք` երբեք չմոռանանք, որ կան քաղցած մարդիկ, մարդիկ ովքեր օգնության կարիք ունեն: Չէ՞ որ հենց այս պահին, երբ կարդում ես այս տողերը, Աֆրիկայի աղքատ երկրներից մեկի հեռավոր ու աղքատ գյուղերից մեկում տասնյակ տեղաբնակներ քաղցած են, լղարել են, տկար են: Վրաններից մեկում լղարած մայրը գրկել է իր լղարած բալիկին ու փորձում է օրորելով քնեցնել: Մի խումբ տկլոր, քաղցած երեխաներ, որոնք հիվանդ են, վազում են բակում, մեծերից շատերը հիվանդ են: Հենց հիմա մեր քաղաքում մեկը աղբանոցում է կամ փորում է շենքին կից աղբարկղը, որպեսզի այնտեղից ուտելու բան գտնի, կամ մի օգտակար բան` ասենք շիշ կամ մետաղ, որպեսզի հանձնի այն ու մի երկու կոպեկ փող առնի: Հենց հիմա, հենց այս պահին մեկը շենքի աղբանոցում է, շների հետ միասին իրեն ուտելու բան է որոնում: Երբեմն մարդկանց ճակատագիրն այնպես է դասավորվում, որ նրանք իրենց կյանքը ավարտում են աղբանոցում: Նրանք քնում են շենքերի շքամուտքերում, նկուղներում: Դուք գիտե՞ք նրանց մասին: Գիտեք, որ կան մարդիկ, ովքեր իրենց բալիկի կամ բալիկների հետ նկուղում են քնում, առնետը գալիս ու գիշերը կրծում է բալիկի մատները: Դուք գիտե՞ք, որ այն հացը, որը դուք ուտելու պիտանի չեք համարում, մեկ ուրիշի համար կարող է ճոխություն լինել: Այնպես որ` ամեն անգամ, երբ մտածեք պահի մասին, մի մոռացեք, թե այդ պահին ինչեր են կատարվում աշխարհում, ինչեր կարող էին տեղի ունենալ, եթե շատ բաներ ճիշտ լինեին: Մտածեք ու փորձեք գնահատել պահը, հենց այդ պահը, որը ձերն է: Ես էլ այս պահին ձերն եմ, նստած գրում եմ, հենց այս պահին գրում եմ այս տողերը, որոնք անպայման գտնելու են իրենց ընթերցողին, գտնելու են քեզ, գիտեմ, որ այն հարազատանալու է քո հոգուն: Համենայն դեպս` ես հույս ունեմ, որ այդպես է լինելու, իսկ դրա համար հենց այս պահին ես երազում եմ ու երազելով հասնում հեռավոր Մոնղոլիա, մակույկով նավարկում Վենետիկի փողոցներում, հետևում համբուրվող զույգերին, տեսնում, թե ինչպես է խոտի ծիլը ծակում գետինը, լսում գետնին տապալվող եղջերվի ձայնը, կարծես շոշափում նինջայի սև, մետաքսե հագուստի փափկությունը, նայում, թե ինչպես է զմայլված զբոսաշրջիկը ուտում ֆանի պուրի, հասնում բեդուիններին, հետները կրակ անում, նայում անապատին, զեփյուռի միջոցով զգում ավազի ջերմությունը դեմքիս, հիացած հետևում նոր մոլորակի հայտնաբերմանը, լիաթոք ուրախանում ինչ-որ հարսանիքում, կենաց խմում, տեղափոխվում Իսպանիա ու լսում ֆլամենկո, իջնում ծովի հատակը ու նայում, թե ինչպես են մարգարիտ գտնում, բարձրանում լեռներն ի վեր ու տեսնում ալպինիստների տքնաջան ուղևորությունը դեպի վեր, և այդ ամենից հետո գալիս ու հասնում եմ քեզ, հենց քեզ` իմ ընթերցողին, հասնում հենց այս պահին: 2008 թվականի մայիսի 18-ի ուշ երեկո է, ժամը 23-ին պակաս, նստած եմ աթոռիս, համակարգչիս դիմաց ու գիտեմ, որ դու, որ հենց հիմա, հենց այս պահին միգուցե ծիծաղում ես, կամ տխրում, կենաց ես խմում կամ հաց ուտում, բանան հավաքում կամ լուսանկարչական ապարատով անմահացնում թանգարանում տեսածը, մանր տալիս աղքատին կամ հացի կտոր փշրում ու լցնում պատուհանի գոգին` ճնճղուկների համար, աշխատանքից հոգնած տուն ես եկել, կամ միգուցե այս պահին խաղում ես քո բալիկների հետ, սիրով ես զբաղվում, հաճույքից հենց այս պահին միգուցե չես կշտանում սիրելիիդ մարմինը համբուրելով կամ էլ դեռ սպասում ես քո կյանքի կեսին: Դու, որ այս պահին միգուցե ճաշակեցիր քո առաջին համբույրը, կամ ծննդաբերեցիր, հագնվեցիր կամ հանվեցիր, դու, որ միգուցե հիմա հեռուստացույց ես դիտում ու լսում մեկին, ով ուրախ ասում է, որ լոտոյի տոմսով շահել է մեքենա, դու, որ հիմա միգուցե որևէ մեկին նամակ ես գրում, կամ ստացել ես նամակ, քննություն ես պարապում կամ արդեն հանձնել ես այն, հայտ ես ներկայացրել երգի ինչ-որ մրցույթին մասնակցելու համար կամ հիասթափված տուն ես վերադառնում, քանի որ ասել են, որ չես անցել, դու, որ միգուցե այս պահին զանգում ես ու հեռախոսով համբուրում նրան, ում սիրահարվել ես, կամ էլ կոպտում ես մեկին, ով քեզ հանգիստ չի տալիս իր զգացմունքներով, դու, որ միգուցե այս պահին երազում ես բարձունքների մասին ու փորձում իրականացնել քո երազները, մի օր անպայման կկարդաս այս տողերը: Կկարդաս և կընկղմվես իմ աշխարհը, այնտեղ, ուր բարձր լեռները բարձրացող յակերն ու թավամազ ձյունահովազներն են, փողոցում փքաբլիթ վաճառողներն ու բանան հավաքողներն են, մակույկում համբուրվողներն ու հեռուստացույց դիտողներն են, լոտոյով շահողներն ու լոտոյի մեքենան գնողներն են, գետինը ծակող խոտի ծիլերն ու առաջին համբույրից արբածներն են, իսպանական երաժշտության երկրպագուներն ու բեդուիններն են, Ժնևի աստղադիտարանի գիտնականներն ու իրանական մանրանկարչությամբ գերվողներն են, հզոր առյուծն ու կաղնին են, գեյզերն ու լուսանկարչական ապարատն են, ծովի հատակից մարգարիտ գտնողներն են, սիրային նամակ գրողներն են, սերենադ երգողները, մեր քաղաքի չքնաղ աղջիկները, նրանց թեթև սլացքը, աղբանոցից հաց հանողներն ու «Համմեր» քշողներն են: Հենց այս պահին ես եղա այսքան տեղերում ու եկա դեպի քեզ, հենց քեզ` տողերիս միջոցով հետդ շփվելու, զրուցելու ակնկալիքով, ինչպես նաև քեզ այս պահին դեպի աշխարհի տարբեր անկյունները տեղափոխելու նպատակով, որպեսզի մի փոքր ավելի շատ ճանաչես այն, աշխարհին նայես տարբեր դիտանկյուններից, ոչ միայն նայես, այլև կարողանաս տեսնել շատ բաներ: Հուսով եմ, որ տողերս կհուզեն քեզ, կշոյեն հոգիդ, և դու վերստին կլսես քո երաժշտությունը, կփայփայես քո երազանքը, կապրես քո զգացմունքը, կվերապրես քո հիշողությունը, կգնահատես կյանքի քո պահը, այս պահը…
© Առլեն Շահվերդյան, 17.02.2012,
Հատված` «Գարնանային ռեքվիեմ» գրքից, 2008 թ. մայիս:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

About these ads

About Arlen Shahverdyan

Welcome to "Arlen Shahverdyan: Author's Blog". Here You can find Armenian Writer/Poet, Painter, Blogger Arlen Shahverdyan's Books, Poems, Paintings, Photos, Thoughts, Posts, Articles, etc.: The main content of this Blog is Creative as well as Environmental. Read more on Profile in "Blog's in brief" page.
Gallery | This entry was posted in Գրքերս / My books, Իմ մտքերը / My Thoughts and tagged . Bookmark the permalink.

11 Responses to Այս պահին

  1. Anush says:

    Henc ays pahin es Dzez shnorhakalutyun em haytnum ev Dzer goyutyan hamar, vorpes lav hay mard, ev Dzer kayq eji hamar, vory im mshtakan ughekicn e ev anbajan ynkery, vorn im koghqin e im amen mi lav u vat pahin, shnorhakal em henc ays pahi hamar evs, evs mi haceli pah…

    • Հարգելի Անուշ, ես շատ շնորհակալ եմ Ձեր վերաբերմունքի համար և գնահատում եմ Ձեր ուշադրությունը: Ուրախ եմ, որ կայքս այդպիսի դեր ունի Ձեզ համար: Ուրախ եմ նաև, որ իմ ընթերցողները գրեթե միշտ նման վերաբերմունք են արտահայտում կայքիս հասցեին, ինչը վկայում է, որ մարդկանց դուր է գալիս այն, ինչ անում եմ այստեղ: Դա, իհարկե, նաև խիստ պարտավորեցնող հանգամանք է` աշխատելու և ստեղծագործելու ավելի մեծ եռանդով ու նվիրումով:
      Լավն ու բարին Ձեզ:

      Հարգանքով`
      Առլեն

  2. BlogNews says:

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    • Հարգելի «Բլոգ Նյուզ», հարգելի Արամ, ես շատ շնորհակալ եմ «BlogNews»-ի վերաբերմունքի և ուշադրության համար: Ձեր կայքը շնորհակալ և ուշագրավ գործունեություն է ծավալել, և ես այդ մասին պատրաստվում եմ ներկայացնել առանձին հոդված, որը շուտով կլինի իմ բլոգում:
      Հարգանքով`
      Առլեն

  3. Jasmine says:

    Հենց հիմա ուզում եմ ունենալ “Գարնանային ռեքվիեմ”-ն իմ ձեռքի տակ, և իրականանալի ցանկություն է: Չեք դադարում հիացնել…

  4. Edita says:

    mi shnchov kardaci))))) cheq dadarum indz zarmacnel :D

    • Շատ շնորհակալ եմ Էդիտա ջան, ուրախ եմ ստանալ քո այս ջերմ մեկնաբանությունը: Ես էլ հաճույքով ծանոթացա քո բլոգին: Հիմա այնտեղ մեկնաբանություն կթողնեմ` «Կենդանիների մասին» գեղեցիկ գրառմանդ տակ:

  5. Edita says:

    շնորհակալ եմ Առլեն ջան))))

  6. Շատ գեղեցիկ էր… Ամենահետաքրքիրն այն էր, որ մի փոքրիկ գրառման մեջ կար բոլոր տեսակի էմոցիաները… Ձեզ հաջողվեց ուղարկել այնտեղ, որտեղ դուք էիք ))).
    Ինձ շատ դուր եկավ) շնորհակալ եմ…

    • Շատ շնորհակալ եմ Աստղիկ ջան այս բարի և ոգևորիչ խոսքերի համար:
      Ես շատ գնահատում եմ քո մշտական ու բարեկամական ուշադրությունը ինչպես այստեղ՝ իմ բլոգում, այնպես էլ Ֆեյսբուքյան էջում: Ուրախ եմ, որ կա քո նման բարեշնորհ երիտասարդ աղջիկ, որին առիթ ունեցա ճանաչելու գրքիս շնորհանդեսին: Շնորհակալ եմ ուշադրությանդ ու անկեղծ ընկերությանդ համար: Շարունակիր հետևել բլոգիս:

      Հարգանքով ու ջերմությամբ՝
      Առլեն

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s