Կեղտոտ կրիմինալից մինչև մաքուր ձյուն

Սիրելի բարեկամներ, իմ նոր` «Ձեր կյանքի 4 րոպեները» վերնագրով գրառումից հետո ես որոշել էի մի քանի օր նոր նյութ չգրել: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ այսօր առավոտյան ինձ ստիպեց անպայման գրի առնել մտքերս ու կիսվել Ձեզ հետ:
Գնում էի աշխատանքի: Ժամը 8-ն անց կես կլիներ արդեն: Առատ ձյուն էր տեղում: Ասեմ, որ հիմա ժամը 10-ն անց 25 է, և ձյունը նույն ուժգնությամբ առատորեն դեռ տեղում է: Առավոտյան սովորականի պես դուրս էի եկել ու շտապում էի կանգառ: Շուրջս բազմաթիվ մարդիկ էին, որոնք նույնպես շտապում էին աշխատանքի, երեխաներ, որոնք գնում էին դպրոց, մեքենաներ, որոնք փորձում էին առաջ շարժվել ձյունածածկ փողոցում:
Եվ ահա, երբ մեր շենքի բակից ես դուրս եկա փողոց իմ դիմացը քայլելով գնում էին երեք-չորս դպրոցական աղջիկներ: Երևի մի 12-14 տարեկան կլինեին: Մեջքներին իրենց պայուսակներն էին, տաք-տաք հագնված շտապում էին դպրոց և ճանապարհին էլ զրուցում: Ձյունն այնքան շատ էր, որ դժվարեցնում էր արագ քայլելը, այնպես որ մինչև ես անցա այդ երեխաների կողքով, ականջս ընկավ այն, թե ինչ էին նրանք բարձր-բարձր խոսում: Երեխաներից մեկը, մի շատ ժիր ու կայտառ դեմքով աղջիկ, ընկերուհիներին պատմում էր հետևյալը.

-Բա իմացել ե՞ք ներքևի կանգառում «ավարիայա» եղել: Մի քանի մեքենա խփել են իրար:

Երախաներից մեկը հարցրեց, թե ի՞նչ մեքենաներ, և այդ աղջիկը պատասխանեց.

-Մեկը «Ժիգուլի տաքսի էր», մյուսը լավ մեքենա:

«Լավ մեքենա», – լսեցի ես, «Ժիգուլի տաքսի» և «լավ մեքենա»: Այդ պահին մտածեցի, – Է՜յ գիտի ժամանակներ, անցան Ձեր ժամանակները Ժիգուլիներ: Այսօր խորհրդային ժամանակների այդ մեքենան երեխայի մոտ ասոցիացվում է չես հասկանում, թե ինչի հետ ու նա հստակ տարբերակում է` «Ժիգուլի» և «լավ մեքենա»: Պարզ է, որ այդ փոքրիկ երեխան «լավ մեքենա» խոսքի տակ հաստատ նկատի ուներ մի որևէ արտասահմանյան մակնիշի մեքենա: Իսկապես փոխվել են ժամանակները:
Նստեցի մեքենա, որ հասնեմ գործի: Վարորդը սկսեց խոսել տեղացող ձյան պատճառող ստեղծված անհարմարություններից, խոսում էր այն մասին, որ «սաղ քշեր ձունա եկել, աղ չեն ցանում, նոր-նոր էսօր առավոտ ցանեցին, էրեգ քշեր էնքան սառած էր, որ աղ ցանող մեքենաները չէին կարողանում աշխատել», հետո պատմեց, որ. ««կալոսները» չեն փոխում, կապռոն են դնում, ձմեռային «պակռիշկա» չեն դնում  ու «պռոպկա» սարքում»: Հետո պատմեց, թե ինչպես մի «Երազ» մակնիշի մեքենա վաղ առավոտյան սղացել ու խփել է «ստոլբին» ու «գառմոշկա» դարձել: Խեղճ Երազ: Մի խոսքով ամբողջ ճանապարհին նա խոսեց միայն խնդիրների մասին, չմոռացավ նաև պատմել իր նոր «բանտաժների» ու մեկ էլ այն մասին, թե ինչպես է ինքը աշխատել «Ռուսաստան տեղ» (դա իր խոսքերն են :) ինձ թվում է արդեն երկու Ռուսաստան կա, մեկը Ռուսաստան, մյուսն էլ ինչ-որ տեղ է, որտեղ Ռուսաստանն է): Ահա այս մտքերով ես հասա աշխատանքի: Ամբողջ ճանապարհին մտքիցս դուրս չէր գալիս երեխաների առավոտվա զրույցը: Ձյունը շարունակում էր առատորեն տեղալ (հիմա էլ է դեռ նույն առատությամբ գալիս): Ընդհանրապես հրաշք է, որ այսքան տարիների ընդմիջումից հետո մի կարգին ձմեռ է անում: Գալով աշխատանքի ես առավոտյան երեխաների այդ զրույցի մասին պատմեցի գործընկերներիցս մեկին: Պատմեցի, թե ինչպես այդ երեխայի համար մեքենաները բաժանվում են այսօր երկու խմբի` «լավ» և «Ժիգուլի» :) Զրույցի ընթացքում գործընկերս մի միտք ասաց. «Ինչ հետաքրքիր է` երեխաները այս առատ ձյունը թողած զրուցում են ավտոպատահարից»: Եվ ես, խորապես շնորհակալ լինելով նրան այդ մտքի համար, ուզում եմ շարունակեմ այն ու զարգացնեմ: Ինչու, որովհետև ես այդ նախադասությունից տխրեցի: Տեսեք, դրսում առատ ձյուն է, հեքիաթային ձմեռ, իսկ մեր երեխաները իրար հետ խոսում են պատահարներից: Փոխանակ ուրախանան տեղացող ձյունով, փոխանակ խոսեն գեղեցիկ բաներից` խոսում են այն ամենից, ինչ տեսնում են ամեն օր եթերում` վթարներ, զոհեր: Ես վաղուց չեմ նկատել, որ երեխաները առաջվա ուրախությամբ ու աշխուժությամբ դրսում խաղան, երբ ձյուն է գալիս, ձնագնդիկ գրեթե չեն խաղում: Գործընկերս ճիշտ նշեց, որ ձնեմարդ գրեթե չի նկատում բակերում, և երեխաներն էլ, երևի, ամեն մեկը մի համակարգչի դիմած նստած հափշտակված ինչ-որ խաղ են խաղում, կռիվ-կռիվ և այլն: Ասեմ, որ մեծահասակներն էլ ընենց ոչինչ` ոչ մի ռոմանտիկա չկա, մենակ խոսում են դժվարություններից, վատ ճանապարհներից, վթարներից, գների բարձրացումից և այլն: Եվ ես իսկապես տխրեցի: Ինքներդ մտածեք` մեր կյանքը, ցավոք, այսօր այնքան հեքիաթազուրկ է, այնքան հոգսառատ, որ մեր շուրջը այսպիսի հրաշք, առատ, գեղեցիկ ձյուն է տեղում և գրեթե ՈՉ ՄԵԿ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՉԻ ԽՈՍՈՒՄ, ՈՉ ՄԵԿ ԴԱ ՉԻ ՆԿԱՏՈՒՄ: Ափսոս: Որքան են փոխվել ժամանակները: Հիշում եմ, որ նույն այդ «Ժիգուլիների տարիներին» :) կամ ինչո՞ւ այդքան վաղ, մինչև բոլորովին վերջերս էլ երեխաները բակ էին վազում, երբ ձյուն էր տեղում, խաղում էին, հրճվում, ձնագնդիկահարվում :) ձնեմարդուկներ սարքում, զվարթ խաղեր խաղում, մեծահասակները սահնակներով ման էին տալիս իրենց բալիկներին, անգամ իրենք էին պահի տակ ձնագնդիկ խաղում: Ո՞ւր են այդ ժամանակները: Ֆորշի հայտնի երգում, հին օրերը հիշելով, ափսոսանքով երգվում է. «Ո՞ւր են մեր բակի բիձեքը…»: Մի՞թե կյանքն այսօր այնքան գորշ ու հոգսառատ է, որ կորցրել ենք գեղեցիկը ընկալելու, առաձ ձյունը նկատելու կարողությունը, այն էլ այսօր, որ ձյունից գրեթե զուրկ այսքան տարիներից հետո վերջապես այսպիսի ձյուն է գալիս: Հենց հիմա նայեք տեսեք, թե ինչ գեղեցիկ ձյուն է: Այնքան ենք հեռացել բնությունից, որ ձյունը «դիտում ենք» միայն պատուհանից և դիտում տխուր:

Հասկանում եմ` լավ օրից չէ, կյանքն այսօր այնքան հոգսառատ է, որ արդեն չենք էլ նկատում բնության գեղեցկությունը: Ինչպես «Չի կարող պատահել» սիրված ֆիլմում Գեորգի Վիցինի «Պապաշա» հերոսն է ափսոսանքով ասում. «Կոպիտ դար է, կոպիտ բարքեր, ռոմանտիզմ չկա…»: Հասկանում եմ, որ այո, այսօր ռոմանտիզմի պակաս կա մեզանում, սակայն երիցս ցավալի է, որ այդ ռոմանտիզմի, գեղեցիկի ընկալման պակասն այդքան նկատելի է մեր երեխաների մեջ, այն է` մեր վաղվա օրվա, մեր ապագայի մեջ: Երեխաներն այսօր այնքան զրկված են կյանքի հեքիաթից, որ ուշքն ու միտքները մեծահասակների աշխարհի իրադարձություններն են` մեքենաներ ու բջջայիններ, պատահարներ ու սպանություններ, սերիալներ ու կեղտոտ կրիմինալ, սա սրան սպանեց, նա նրան բռնաբարեց, սա սրանից «քցեց», նա նրան խաբեց և այլն:
Իսկ ձյունն այնքան գեղեցիկ է: Մի տեսեք, թե ինչ մաքուր ու թավ սավանով է այն ծածկել շուրջբոլորը: Ծառերի ու, հատկապես` եղևնիների ճյուղերը ճկվել են ձյան ծանրության տակ: Փաթիլները մեկը մյուսի հետևից իրենց հետքն են թողնում ձյան սավանին ու ևս մի միլիմետրով ավելացնում այդ փափուկ ու գեղեցիկ գորգը: Շուրջը մաքուր օդ է ու սառը, թարմ եղանակ: Մի տեսակ անուշ բույր է երկնքում` առատ տեղացող ձյան բույրն է դա: Փաթիլները շարունակում են իջնել և ասես երգում են, պատմում են մի կախարդական հեքիաթ` մեր աչքերում դառնալով լուսավոր երազ: Այս ձյունը նվեր եղավ մեզ: Այսքան երկար տարիների դադարից հետո վերջապես նորից իսկական ձմեռ է: Նրանք, ովքեր ծնվել են այսօր հիմա հաստատ հիացած դիտում են առատ տեղացող ձյունն ու մտածում, որ բնությունը մի հաճելի անակնկալ, մի գեղեցիկ նվեր մատուցեց իրենց` ծննդյան տոնի առթիվ: Ես սիրով սրտանց շնորհավորում եմ բոլոր նրանց, ում ծննդյան տոնն է այսօր և շնորհավորում եմ մեզ բոլորիս` իսկական ձմռան այս գեղեցիկ գալստի առթիվ, շնորհավորում եմ, որ վերջապես ձմեռ է, իսկական ու փարթամ ձյուն է տեղում: Հոգ չէ, որ ճանապարհները փակ են, դրանք ուշ թե շուտ կբացվեն, զգույշ պիտի լինենք, որ մեր հոգու ճանապարհները հանկարծ չփակվեն: Հարկավոր է նկատել մեր շուրջը տիրող այս գեղեցկությունը և մեր երեխաներին էլ անպայման փոխանցել, սովորեցնել, ձևավորել նրանց մեջ գեղեցիկը ընկալելու, աշխարհը ավելի զգայական կերպով ընկակելու, ավելի գեղեցիկ տեսնելու կարողությունը, ձգտումը, այլապես մեր կյանքը կլինի միայն հոգսերի, դժգոհությունների, վթարների, պատահարների ու սերիալների մի ամբողջություն, տխուր ամբողջություն: Այնպես որ պետք չէ տխրել` նայելով ձյանը, այն այնքա՜ն գեղեցիկ է, պետք է հիանալ նրանով, գնահատել բնության այս հրաշքը, նկատել ու գնահատել կյանքի ամեն մի գեղեցիկ դրվագը, երևույթը: Հիմա կասեք այս տղան անվերադարձ ու անդառնալի ռոմանտիկ է: Բայց հաստատ գիտեմ, որ Դուք էլ, Ձեր տան կամ աշխատավայրի պատուհանից նայելով հիմա ձյանը, հոգու խորքում մանկան հափշտակությամբ հիանում եք ձյան աչք շոյող սպիտակ գորգով, դանդաղ ու մեղմորեն ցած իջնող անուշ փաթիլներով և հաստատ այս պահին մտածում եք ոչ թե «բանտաժների» կամ «փողոցները աղ ցանված լինելու մասին», այլ այն մասին, թե որքան գեղեցիկ է ձմեռը, որքան մաքուր ու դյութիչ է ձմռան հեքիաթը, որքան գեղեցիկ է բնությունը, կյանքը և հաստատ որքան լուսավոր ու ձյան պես մաքուր է լինելու մեր ապագան:
© Առլեն Շահվերդյան, 10.02.2012, (ավարտեցի` ժամը 11.30): «Գարնանային ռեքվիեմ» գիրք: 

Անիմացիաների աղբյուրները` http://www.tochkagif.ru/ և http://fotki.yandex.ru/

About these ads

About Arlen Shahverdyan

Welcome to "Arlen Shahverdyan: Author's Blog". Here You can find Armenian Writer/Poet, Painter, Blogger Arlen Shahverdyan's Books, Poems, Paintings, Photos, Thoughts, Posts, Articles, etc.: The main content of this Blog is Creative as well as Environmental. Read more on Profile in "Blog's in brief" page.
Gallery | This entry was posted in Գրքերս / My books, Իմ մտքերը / My Thoughts and tagged . Bookmark the permalink.

11 Responses to Կեղտոտ կրիմինալից մինչև մաքուր ձյուն

  1. Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    • Շատ շնորհակալ եմ: Ես այդ մասին սիրով նշում եմ իմ բլոգի «Իմ մասին` այլ կայքերում» էջում:
      Հարգանքով`
      Առլեն

  2. Arsine says:

    Uxxaki xosqer chunem,shnorhakal em qez,vor misht xraxusum es depi drakan qaylerin u linel miayn mardkayin ev mot bnutyan@

    • Դա շատ կարևոր է, ճիշտ ես ասում` մոտ լինել բնությանը: Շատ ճիշտ ձևակերպեցիր այդ խնդիրը: Այո, այսօր ցավոք մենք ոչ թե բնությանը մոտ չենք, այլ ցավոք շատ ենք հեռացել: Բայց գիտես ես միշտ լիահույս եմ, որ մի օր կգա այն ժամանակը, երբ մարդը նորից դեմքով կշրջվի դեպի բնությունը, հոգ կտանի նրա նկատմամբ ու կսիրի, ինչպես նաև կհիանա բնության գեղեցկությամբ, ինչպես որ ձյունն է գեղեցիկ: Մերսի քոմենթիդ համար:

  3. Arsine says:

    Liovin hamamit em…Qez mersi,vor espisi hajeli u karevor temanner es shoshspum

  4. hima zham@ 04-50 e zham@ 02in srti nopa uneca, 4 virahatutyun em tarel, kins mi 5 dexoryakov nopan hanec, bayc cavers 4ein toxel, nayev tarapum em anqnutyunov, caveri me4 miacreci hamakargi4@ u kardaci ays grarum@, huzveci, cavers ambox4ovin toxec qo lavatesutyan hamar shnorhakal em cnoxnerid, vor du kas im qaxakum, 4 tor unem, pokr tors 10 amsekan e es im hvand srtov, toris hanel em bak , zarmacac nayumer patilnerin, cnagndik saekeci dreci cerki me4, urax hayacqov ayd hrashali exanakin drsum qnec: ASTVAC QEZ PAHAPAN

    • Հարգելի պարոն Կիրակոսյան,
      Շատ զգացված և հուզված եմ Ձեր այս տողերից: Ինձ համար պատիվ է ստանալ այսպիսի արձագանք իմ գրառման հասցեին: Ձեզ առողջություն եմ մաղթում, Ձեր ընտանիքին մաղթում եմ ամենալավն ու բարին, երջանկություն, խաղաղություն ու ընտանեկան բարօրություն:
      Ստանալով Ձեր մեկնաբանությունը ևս մեկ անգամ համոզվեցի, որ արժե ապրել ու ստեղծագործել այսպիսի տողեր ստանալու համար:

      Լավագույն մաղթանքներով,
      Առլեն

  5. Jasmine says:

    Մոտ բնությանը, մոտ կյանքին, բնական, ԻՍԿԱԿԱՆ… Ահա թե ինչու ենք այդչափ շատ սիրում էքսկուրսիաները դեպի անտառ կամ բնության գիրկ:
    Իմ աշխատանքի վայրի մշտական թեմաներից մեկն էլ նույնն է` “ուր են երեխաները այս չքնաղ եղանակին?, ինչու չեն խաղում?” Թող ներեն ինձ իմ հասակակից աշխատակից ընկերները, բայց պիտի բացեմ մեր “գաղտնինքն” այստեղ :) Նման եղանակներին անհամբերությամբ սպասում ենք, թե երբ են աշակերտները տուն գնալու, որ դուրս գանք դպրոցից` մաքրաճերմակ ձյան շունչն զգալու…
    Շնորհակալություն հարգելի Առլեն` միտքս “աշխատացնելու” և բնությունն ավելի մոտ զգալու համար: )))

    • Ես ուրախ եմ, որ իմ բլոգը դարձավ այդ յուրահատուկ գաղտնիքի գաղտնազերծման տեղ :) Իսկ եթե լուրջ, ապա ողջունում եմ այն, որ գործընկերներով սիրում եք ձյան շունչն ո խորհուրդը: Բնությանը պետք է մոտ լինել, մոտ զգալ, մինչդեռ մենք շատ ենք հեռացել մայր բնությունից:
      Ես էլ Ձեզ եմ շնորհակալ հարգելի Հասմիկ` Ձեր այս գեղեցիկ քոմենթների համար: Ամենալավն ու բարին եմ մաղթում Ձեզ: Թող ձմռան այս գեղեցիկ տրամադրությունը ոգևորի Ձեզ` գրելու նոր ու հետաքրքիր գրառումներ Ձեր բլոգում:
      Առլեն

  6. Գայանե says:

    Ահա, հոդվածի նյութը այսպիսին պետք է լինի, յուրաքանչյուր բառ թափանցում ու տպավորվում է ընթերցողի հոգում: Նույնիսկ ամռան ճնշող տապին զգում ես հոդվածում նկարագված ձմռան հմայքը:
    Շատ արդիական խնդիր եք շոշափել: Գնալով ավելի տեսանելի է դառնում մարդ-բնություն տարանջատումը, կարծես ինչ որ անտեսանելի ձեռք ժամանակի ընթացքում քայքայիչ աշխատանք է իրականացնում ու խարխլում այդ կապը: Կարծում եմ գերարագ զարգացող և ինֆորմացված հասարակության գլոբալացումը հետին պլան է մղում բնական և օրինչափ երևույթները, որոնք շատ դեպքերում դուրս են նետվում հասարակության կյանքից և յուրաքանչյու ոք ինֆորմացիոն վազքի և ծանրաբեռնվածության մեջ ձգտում է իր ներդրումն ունենալ, իր տեղը գտնել: Պարզապես երբեմն պետք է հիշել, որ բնությունն է իր բոլոր տարերքներով և հմայքներով մարդկային հոգու վերածննդի աղբյուրը : Շնորհակալություն հոդվածի և Ձեր գործունեության համար, կանաչ մոլորակը պետք է հպարտանա, որ ունի ևս մեկ խոսնակ:

    • Հարգելի Գայանե,
      Նախ թույլ նշել, որ շատ տպավորված եմ Ձեր այս գեղեցիկ ու խորիմաստ մեկնաբանությամբ: Համոզված եմ, որ ցանկացած ստեղծագործող մարդ կարող է իրեն երջանիկ համարել` ստանալով այսօրինակ բովանդակությամբ ու անկեղծությամբ տողեր: Այո, ցավալի է, սակայն մեր օրերում կապը բնության հետ գնալով թուլանում է: Ուրախալի է, որ ի դեմս Ձեզ դեռ կան մարդիկ, ովքեր գնահատում են բնության նկատմամբ սեր ու հոգածություն սերմանելուն ուղղված ցանկացած անկեղծ ջանք, ցանկացած համեստ քայլ, ինչպիսին նաև իմ այս հոդվածն է:
      Ես էլ Ձեզ եմ իմ շնորհակալությունը հայտնում: Ինձ համար պատիվ է մոլորակի խոսնակի Ձեր բնորոշումը: Իմ բոլոր ջանքերը ես ուղղել և ուղղելու եմ ի նպաստ մեր հասարակության մեջ բնապահպանական մշակույթի ու գիտակցության ձևավորման: Ձեր այս բարի ու արժեքավոր արձագանքը վկայում է, որ ջանքերն իզուր չեն, վկայում է, որ այս հարցում շատ մարդիկ համակարծիք են, սրտացավ, կիսում են մտահոգությունն ու սիրում են բնությունը:

      Շնորհակալություն:
      Հարգանքով` Առլեն

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s