Լուսաբացը` ինքնաթիռի պատուհանից…

Ստեղծագործական մտորումներ ծնվում են տարբեր ժամանակ և տարբեր հանգամանքներում: Հաճախ է պատահում, որ ձեռքս վերցնում եմ գրիչն ու սկսում գրել` թղթին հանձնելու համար այս կամ այն տպավորությունը: Հետո այդ ամենը շարում եմ համակարգչով ու ավելի հարստացնում, զարգացնում տեքստը: Հաճախ էլ հենց միանգամից համակարգչով եմ գրում, բացում եմ էլեկտրոնային սպիտակ էջը և սկսում գրել: Մի քանի վայրկյան հետո արդեն սպիտակ էջին «դրոշմվում են» սև-սև նիշերըը: Դրանք տառերն են, որ այդ պահին մեկիկ-մեկիկ ու շատ արագ հավաքվում և բառերի, արտահայտությունների, նախադասությունների ու պարբերությունների տեսքով փոխանցում են այն ամենը, ինչը մինչև այդ գլխումս էր, եռում էր, բովվում, մշակվում` սպասելով ելքին: Մտավոր աշխատանքի թղթին հանձնելու պրոցեսը մի առանձնակի հաճույք է: Դու ակնառու կերպով տեսնում ես այն մտքերը, որոնք քիչ առաջ միայն քո գլխում էին: Սակայն գրել միայն աշխատասեղանի դիմաց նստած` հետաքրքիր չէ: Դա հիմնական ձևն է, իհարկե, սակայն կան զգացողություններ, որոնք պետք է անմիջապես գրանցել, ապրել ու հենց այդ պահին էլ անմահացնել առաջին տպավորությունը: Օրինակ` գտնվում ես մի արտասովոր կամ շատ գեղեցիկ վայրում, կամ էլ այնպիսի իրադրության մեջ, որ նախընտրելի է այդ պահին գրանցել տեսածդ: Չէ՞ որ մի բան է տեղում նայել ու անմիջապես թղթին հանձնել տպավորություններդ և մեկ այլ բան է վերադառնալ տուն, գործի դնել պատկերավոր մտածողությունդ ու թղթին հանձնել արդեն հիշողությունը, թեկուզ ոչ այնքան վաղուցվա: Անկեղծ ասած` ես սիրում եմ աշխատել երկու ձևով էլ, քանի որ ստեղծագործող մարդու համար լինի տեղում նկարագրություն, թե հետահայաց շարադրանք` միևնույն է հաճելի պրոցես է: Պատահում է նաև այնպես, որ կարող է նստեմ ու մտքով տեղափոխվեմ հեռուներ: Այդպիսի մի գիրք ունեմ, որը ճանապարհորդություն է դեպի Աֆրիկա: Սակայն երբեմն բաց չեմ թողնում նաև այն առիթը, երբ հնարավոր է տեղում նկարագրել, տեղում անմահացնել այն մտքերը, որոնք գալիս են տպավորությունից, ծնվում են տեսածից: Այդպիսի մտքերը, կարելի է ասել, «առաջին ձեռքից» են, և այդպիսի մտքերից ծնվում են, ահա, այսպիսի պատմվածքներ:
2009 թվականի հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը, իսկ ավելի ստույգ` արդեն շատ վաղ առավոտյան ես գտնվում էի Վիեննայից Մյունխեն թռչող ինքնաթիռի մեջ: Ուղևորներից շատերը քնած էին, սակայն ես քնել չկարողացա, անկեղծ ասած` չէի էլ ուզում: Նստել էի իմ սիրած տեղում` պատուհանի կողքին ու դիտում էի երկինքը, երկիրը, քաղաքների, գյուղերի ու մշակովի հողերի` ամպերի ու մշուշի միջից հազիվ նշմարելի ուրվագծերը: Ես նայում էի հորիզոնին: Կապույտ երկինքը հորիզոնից դեպի վեր ավելի ու ավելի էր մգանում: Նայում էի ներքև ու մտածում, թե ինչքա՜ն կյանք կա այնտեղ` ներքևում: Մտածում էի. «Ես հիմա գտնվում եմ այսպիսի բարձրության վրա, ինձ հետ են մի քանի տասնյակ մարդ, մինչդեռ այնտեղ` երկրի վրա ինչպե՜ս է եռում կյանքը: Հիմա, կտրված լինելով երկրից, ես էլի մտածում եմ երկրային եռուզեռի մասին»:
Իսկ հորիզոնը պարուրված էր ամպերով: Այն այնքան դյութիչ ու կախարդող էր, որ անհնար էր աչք կտրել նրանից: Ես մի պահ պատկերացրեցի, որ ինքնաթիռում ուրիշ ոչ մեկ չկա, միայն ես եմ: Այդ ժամանակ այնպիսի զգացողություն է լինում, ասես ինքնաթիռի թևերը քո թևերն են, կտրվել ես երկրից, պոկվել նրանից, պոկվել հողից, մոլորակից և գտնվում ես վերևում, մի ուրիշ հարթության և մի ուրիշ իրականության մեջ: Ներքևում ամպերը գնալով թանձրանում են, և դու ավելի ես հեռանում մայր հողից: Դու քեզ զգում ես սավառնող արծվի պես: Այդ պահին մի անդիմադրելի ցանկություն առաջացավ մեջս նկարագրելու այդ ամենը: Ուղևորությունների ժամանակ իմ ձեռքի ուղեբեռում, ավելի ճիշտ իմ պորտֆելում ես միշտ զինված եմ լինում գրենական բոլոր պարագաներով, որպեսզի գրելու առումով ինձ ազատ ու ապահովված զգամ ցանկացած վայրում: Եվ եթե մի արժանի, ուշագրավ բան եմ նկատում, որի մասին արժե տեղում գրել, ապա պահը բաց չեմ թողնում` գոնե ապագա մեծ տեքստի ինչ-որ գրառումներ, նշումներ անելու համար: Այդ նշումները, այդ առանցքային կամ բանալի բառերը, ապագա նյութի իմաստը փոխանցող մի քանի կարևոր, հուշող նախադասությունները հետո դառնում են տեքստի հիմքը: Եվ բացի այդ, կարծում եմ ու համոզված եմ, որ ցանկացած գրող պետք է միշտ ձեռքի տակ ունենա թուղթ և գրիչ. մտքերը երբեմն գալիս են ոչ հարմար, ոչ աշխատանքային պահին և անհրաժեշտ է անպայման ֆիկսել դրանք: Ես, իհարկե, կարող եմ մտապահել ամենը ու հետո հանձնել թղթին: Սակայն հավաստիացնում եմ, որ մի առանձնակի հաճույք է տեղում գրելը, գրառումներ անելը: Դա նույնն է, ինչ ասենք նկարիչը հասնի բնության գիրկը և փոխանակ իր մոլբերտը բաց անելու ու տեղում իր տեսածն ու զգացածը կտավին հանձնելու, վերադառնա տուն և նկարի ընդամենը հիշելով: Ցանկացած նկարչի հարցրեք ու կասի, թե որքան ներշնչանք, որքան զգայականություն է պարունակում իր մեջ բնապատկերը տեղում նկարելը: Նույն և գրելն է:
Եվ ահա, ինքնաթիռում պորտֆելիցս հանեցի թուղթ և գրիչ ու սկսեցի գրել` նայելով պատուհանից: Հիշեցնեմ, որ մյուս ուղևորները քնած էին, ինքնաթիռում կատարյալ լռություն էր, և միայն լսելի էր շարժիչները ձայնը: Ես նայում էի երկնքին, զմայլվում այդ անձեռակերտ գեղեցկությամբ ու շարունակում գրել: «Ամպերը հանդարտ շարվում են, երկինքը կարծես արթնանում է ու արթացնում երկրին: Ներքևում հետզհետե կյանքը մտնում է իր սովորական, առօրեական հուն: Իսկ այստեղ` վերևում ժամանակն ասես կանգ է առել մի պահ, և մի քանի տասնյակ մարդու համար երկին ու երկինքը այժմ ասես սինթեզվել են»: Շարունակում էի գրել ու նայել պատուհանից. «Երկինքը աստիճանաբար գունափոխվում է, երկնագույնն ավելի է մգանում, հորիզոնին նկատելի է բաց մանուշակագույնի երանգ, որը զարդարում է ամպերի գագաթները: Երկինքն ասես թաթախվել է ամպերի մեջ: Կատարյալ ազատություն է, ասես չկա ոչ մի փականք, ժամանակն ու տարածությունը պայմանավորող ոչ մի հանգամանք: Երկնքի կապույտ ու մանուշակագույն երանգները իրար են հաջորդում` ասես շոյելով իրար: Երկնքի այս անուշ ու նրբին ներկապնակն այնքան հուզիչ ու տպավորիչ է, որ ասես անսահման մեղեդային մի ստեղծագործություն լինի, երկնային մի սիմֆոնիա»: Շարունակելով զմայլվել երկնքի գեղեցկությամբ` ես հանկարծ լսեցի իմ հետևում ուղևորներից մեկի խռռոցը: Մի արաբ ուղևոր էր, քնել էր: Չէ՛, ահաբեկիչ չէր իհարկե :) վրան էլ ռումբ չուներ, ի վերջո հո բոլոր արաբները չէ, որ ահաբեկիչ են :) Բացի այդ, կարծում եմ, որ ոչ մի ահաբեկիչ իր չար մտադրությունը թողած խռռացնելով չէր քնի ինքնաթիռում :) Իսկ սա քնել էր, էն էլ ոնց էր քնել: Ես շարունակեցի գրել. «Արաբ ուղևորի խռռոցից ասես շարժվում են ամպերը :) սակայն միևնույն է երկինքն այնքան խաղաղ է ու գեղեցիկ, որ շատ ափսոս, որ այս ուղևորը և մյուսները չեն տեսնում այս գեղեցկությունը»: Այդ ժամանակ, երբ ես կլանված և բոլորի համար աննկատ շարունակում էի ստեղծագործել, հանկարծ նկատեցի, որ ինքնաթիռի ուղեկցորդուհիներից, չնայած այս բառը չեմ սիրում, ինքնաթիռի ստյուարդեսաներից մեկը, մի քնքուշ ու գեղանի օրիորդ, նստել էր միջանցքի վերջում: Նրա հայացքի մեջ այնքան քնքշություն կար, որ ակամայից գրավեց իմ ուշադրությունը: Այդ գեղեցիկ օրիորդը հիացական ու զմայլված հայացքով ուշադիր զննում էր ինձ ու հետևում, թե ինչ եմ անում: Նրա դեմքին ասես գրած էր. «Ինչ հետաքրքիր է, ռոմանտիկ, բոլորը քնած են, իսկ այս երիտասարդը թաքուն ինչ-որ բան է գրում` նայելով ինքնաթիռի պատուհանից»: Ստյուարդեսան ժպտաց ինձ, ես էլ իրեն ու մենք ասես հայացքով խոսեցինք, ինքն էլ հասկացավ, թե ինչ եմ անում: Պահը քնքուշ ու հուզիչ էր էր, այնքան մեղմ ու միջանձնային, որ այդ նուրբ ու ներդաշնակ վիճակը չէր խափանում անգամ արաբ ուղևորի չդադարող խռռոցը :D Ստյուարդեսան ևս մեկ անգամ ժպտաց, հետո վեր կացավ ու նստեց ինձ համար ոչ տեսանելի անկյունում: Ես մտածեցի, որ նա գործ ունի անելու: Բնականաբար գործ կար, քանի որ պետք է արդեն պատրաստվեինք վայրէջքի: Ես մի քիչ էլ գրեցի, հետո փակեցի ու հավաքեցի թղթերս, բլոկնոտս և դրեցի պորտֆելիս մեջ: Երբ իջնում էինք մի անմոռանալի բան տեղի ունեցավ: Ուղևորները սովորականի պես շարքով մոտենում էին ինքնաթիռի դռանը, իսկ երկու ստյուարդեսաները (որոնք մեզ հետ էին ամբողջ թռիչքի ժամանակ և որոնցից մեկն էլ այն սիրալիր ու ինձ ուշադիր հետևող օրիորդն էր) ժպտում էին ուղևորներին և, ինչպես ընդունված է, «Բարի գալուստ» էին մաղթում տվյալ քաղաք, այս դեպքում` Մյունխեն: Երբ ես էլ մոտեցա իրենց այդ աղջիկը, որի հետ արդեն հասցրել էի հայացքով մտերմանալ, ինձ մի թուղթ տվեց, ծալած փոքրիկ թուղթ: Իջնում էին արագ, և ես հասցրեցի միայն անգլերենով շնորհակալություն հայտնել: Զրուցել չստացվեց բնականաբար, քանի որ ժամանակ չկար: Այնպես որ դեմքս միայն հասցրեց արտահայտել հաճելի զարմանք: Երբ իջա ինքնաթիռից ու նստեցինք ավտոբուս, ես արագ բաց արեցի թուղթը և ինչ տեսնեմ. թղթին գրիչով մի գծապատկեր նկար էր. ինքանթիռի նստարանների շարք, քնած ուղևորներ և ես, որ նայելով պատուհանին` գրում եմ: Փաստորեն այդ նկարը նկարել էր այն աղջիկը, այն քնքուշ ստյուարդեսան: Հավանաբար այնքան էր տպավորված եղել իմ երկնքին նայելով ու գրելով, որ որոշել էր նկարել այդ տեսարանը: Հավանաբար ամբողջ թռիչքի ժամանակ այդ աղջկա համար հաճելի էր եղել տեսնել օտարազգի մեկին, որը հափշտակված նայում էի երկնքին, նայում է ինքնաթիռի փոքրիկ պատուհանից: Նա էլ, երևի, որոշել էր մի հաճելի բան անել ինձ համար, հաճելի մի անակնկալ մատուցել ինձ: Փաստորեն ահա թե ինչով էր նա զբաղված եղել, երբ տեղափոխվել էր ինձ համար ոչ տեսանելի անկյունը: Ես այնքան ինձ լավ զգացի, որ այդ գեղանի, նուրբ օրիորդի մեջ այդքան զգայունակություն, այդքան տաղանդ կար, այնքան ուրախացա, որ ստյուարդեսան ուներ այդպիսի խորը աշխարհ և նկարելու մեծ ձիրք: Նկարը շատ լավն էր, այնքան լավը, որ ակամայից ուզում էի հետ գնալ դեպի ինքնաթիռ ու գտնել այդ հաճելի օրիորդին: Փաստորեն ինքնաթիռում ես գրում էի, իսկ ինքը` նկարում, գրում էի երկնքի մասին, ինքը նկարում էր ինձ: Երկնքի գեղեցկության ամեն մի մանրուքը հանկարծ բաց չթողնելու ձգտումով մտքերիս մեջ խորասուզված լինելու պատճառով ես, փաստորեն, չէի իմանում, որ այդ պահը ներշնչանքի աղբյուր էր դարձել երիտասարդ օրիորդի համար: Երևի առաջին անգամ էր նկատել, որ լուսաբացին, երբ ուղևորները քնած են, իսկ մեկն էլ լավ խռռացնում է :D կա մի երիտասարդ, որը աչք չի փակել, որպեսզի բաց չթողնի երկնքի այդ գեղեցկությամբ հիանալու և դա թղթին հանձնելու հնարավորությունը: Հաճելի էր, ինչ խոսք, նման անակնկալ «նվեր», նման հիշատակ ստանալ այդ անծանոթուհուց: Հաճելի էր գիտակցել, որ ինքնաթիռում ես միակ ստեղծագործողը չէի, և որ աշխարհը գեղեցիկ է, պետք է միայն ձգտել գեղագիտորեն ընկալել կյանքի ամբողջ գեղեցկությունը և նույնքան գեղագիտորեն էլ արտացոլել զգացածը: Երկուսիս համար էլ անչափ հիշարժան ու անմոռանալի դարձավ այդ մի լուսաբացը` ինքնաթիռի պատուհանից: Ինձ շատ լավ զգացի, որ աշխարհում կան այդ ստյուարդեսայի պես մարդիկ, նրանք, ում համար կյանքը միայն ամենօրյա աշխատանքը չէ` ինքնաթիռը, ուղևորները, խռռացնող արաբներն :) ու ճամպրուկները, թռիչքներն ու վայրէջքները, այլ «կյանքը» նաև փոքրիկ թուղթն է, որի վրա գրիչով կարելի է նկարել և մտովի թռչել շատ ավելի հեռու ու բարձր, քան նույն այդ ինքնաթիռը կարող է տանել:
© Առլեն Շահվերդյան, «Լուսաբացը` ինքնաթիռի պատուհանից» պատմվածք, «Գարնանային ռեքվիեմ» գիրք, 26-27.01.2012

About these ads

About Arlen Shahverdyan

Welcome to "Arlen Shahverdyan: Author's Blog". Here You can find Armenian Writer/Poet, Painter, Blogger Arlen Shahverdyan's Books, Poems, Paintings, Photos, Thoughts, Posts, Articles, etc.: The main content of this Blog is Creative as well as Environmental. Read more on Profile in "Blog's in brief" page.
Gallery | This entry was posted in Գրքերս / My books, Իմ մտքերը / My Thoughts and tagged . Bookmark the permalink.

5 Responses to Լուսաբացը` ինքնաթիռի պատուհանից…

  1. LUSINE says:

    Խոսք չունեմ, ապշած եմ………..մտքիդ թռիչքը և լեզվիդ հմտությունը թույլ տվեցին սավառնել երկնքում, տեսնել ամպերը, ծանոթանալ օդանավի միջի աղջկան և բարեհաջող վայրէջք կատարել: Կարծես ինձ նվիրեցին նկար: Հաճելի հուզվեցի, այլ բառերն ավելորդ են:)))))))))))))

    • Ես էլ անչափ զգացված եմ գնահատանքի քո այս գեղեցիկ ու ջերմ խոսքերի համար: Շնորհակալություն Լուսինե ջան քո մշտական ուշադրության համար: Ուրախ եմ, որ հուզումի ու ոգևության այսպիսի ակնթարթներ է պարգևել քեզ այս գրառումը: Հուսով եմ այն բոլորին դուր կգա: Եթե այս ստեղծագործությունը մարդու մեջ այսպիսի հույզեր է արթնանցում, եթե այն ստիպում է մտովի սավառնել երկնքում, ապա դա վկայում է, որ ստեղծագործությունը հասել է իր նպատակին, իր ընթերցողին: Դա նաև վկայում է, որ իզուր չեմ ես այդ առավոտ ինքնաթիռում գրել ու նկարագրել երկինքը: Լուսաբացը ախր անսահման սիրում եմ: Հա, ի դեպ, Լուսինե ջան, փաստորեն ես, ինչպես դու նշել ես` ոչ միայն սավառնեցի երկնքում, տեսա ամպերը, ծանթացա օդանավի աղջկա հետ և բարեհաջող վայրէջք կատարեցի, այլև հասցրեցի լսել արաբի խռռոցը :)))))) Մերսի մի անգամ էլ: Քո այս անկեղծ ու ջերմ քոմենթը ինձ էլ ոգևորեց և շատ ուրախացրեց:
      Առլեն:

  2. Jasmine says:

    Հարգելի Arlen Shahverdyan, հրաշալի բացահայտում էր ինձ համար Ձեր բլոգը : Անկեղծ ասած` հիացած եմ:
    “Այս բլոգում Դուք ամենից շատ գնահատում եք`” հարցման մեջ դժվարանում էի կոնկրետ պատասխան նշել, փորձեցի նշել բոլորը միասին, ափսոս հնարավոր չէր… :)))

  3. Siranush says:

    Ժպիտ… հիացմունք… հուզմունք… միախառնվել էին պատմվածքը ընթերցելիս :)
    Դու ստեղծագործությունների ԳԵՐԱԶԱՆՑ կառուցող-ճարտարապետ ես: Խոսքեր չեմ գտնում գնահատանքս արտահայտելու…

    • Շատ զգացված եմ Սիրանույշ ջան քո այսքան բարձր գնահատանքի համար: Հեղինակի համար չկա ավելի մեծ ուրախություն, քան այն, երբ իր ստեղծագործությունը արժանանում է այսպիսի անկեղծ գնահատանքի: Ես այն քիչ երջանիկ հեղինակներից եմ, որ պատիվ ունեմ ունենալու քո նման ուշադիր, խելացի ու կիրթ ընթերցող:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s