Ի՞նչ է բլոգը

Սիրելի բարեկամներ, այս հոդվածը նվիրված է նրան, թե ինչ բլոգը: Ասեմ ինչու առաջացավ այսպիսի հոդվածի անհրաժեշտություն: Նախ համացանցում բլոգի մասին տեղեկույթը հիմնականում օտարալեզու է: Բացի այդ, շատերը չեն տարբերակում բլոգը էլեկտրոնային այլ կայքերից: Ոմանց մոտ անգամ որոշակի թյուր ընկալում կամ ոչ լիարժեք պատկերացում կա բլոգների ու բլոգերների գործունեության վերաբերյալ: Պատճառները լիովին հասկանալի են: Ճիշտ է` դրանք երբեմն սուբյեկտիվ են, սակայն հիմնականում` օբյեկտիվ: Ի վերջո բլոգը նոր երևույթ է, և բնական է, որ համեմատաբար ավագ սերունդն այդքան էլ տեղեկացված չէ էլեկտրոնային այս տիրույթների նորամուծությունների, առանձնահատկությունների, վերջին զարգացումների մասին. այսօր բլոգը հիմնականում երիտասարդ սերնդի կողմից օգտագործվող գործիքարանի անքակտելի մասն է: Ելնելով սրանից` շատ բնական է, որ շատերը չգիտեն, թե ինչ է բլոգը կամ բավարար պատկերացում չունեն դրա վերաբերյալ: Դա շատ նորմալ է և, կարծում եմ, որ ոչ մեկը իրավունք չունի մեղադրելու ինչ-որ մեկին, ի վերջո պարտադիր էլ չէ, որ մարդը շատ լավ իմանա, թե ինչ է բլոգ կոչվածը: Եվ բացի այդ, նույն հաջողությամբ ավագ սերունդը կարող է խոսել այնպիսի բաների մասին, որոնց մասին երիտասարդ սերունդը պատկերացում անգամ չունի: Սակայն քանի որ բլոգը դարձել է մեր առօրյա կյանքի մի մասնիկը, իսկ ես էլ ամեն օր զբաղվում եմ բլոգով, ապա իմ պարտքը համարեցի կայքիս բոլոր ընթերցողներին հնարավորինս հանգամանալից, մատչելի կերպով և հայերեն լեզվով ներկայացնել, թե վերջապես ինչ ասել է բլոգ, հաղորդել բլոգի մասին գոնե հիմնական տեղեկույթը: Գիտեմ, որ շատերի համար այս նյութը ոչ մի նոր բան չի պարունակի, քանի որ նրանք լավ իրազեկված են բլոգներից: Սակայն հավատացնում եմ, որ շատերին էլ հոդվածը կօգնի մի փոքր ավելի իմանալ բլոգների մասին: Հավելեմ, որ ինչպես շատ երևույթներ, բլոգները նույնպես մեր` հայկական, իրականության մեջ արագ տարածում գտան և այսօր համարվում են ակտիվ շփման և ինքնաարտահայտման շատ ճկուն, դինամիկ միջոց: Սա շատ ողջունելի է և ուրախալի հանգամանք է, քանի որ որքան տարածվեն մեր իրականության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաները, այնքան դրանք ավելի կզարգանան, կհղկվեն: Որպես արդյունք` բլոգները ժամանակի հետ ավելի որակյալ կդառնան, այս ասպարեզը կդառնա ավելի պրոֆեսիոնալ և փորձառու, իսկ համացանցում տեղադրվող «արտադրանքը»` գրագետ, խելամիտ և ազնիվ:    

Եվ այսպես, բլոգն այսօր ստեղծագործ (և ոչ միայն) մարդկանց ինքնաարտահայտվելու և նաև ազատորեն շփվելու ճկուն ու ամենապրոակտիվ մեթոդներից մեկն է, եթե ոչ` առաջինը: Բլոգը հնարավորություն է տալիս ուղղելու խոսքը ընթերցողին և ակնկալելու արագ արձագանք: Մի մեջբերում անեմ «http://www.e-armenians.com/» կայքից. «…Ընդհանուր առմամբ, բլոգը վերջին տասնամյակում մեծ հեղինակություն վայելած ինտերնետային ինտերակտիվ կայք է, որի բովանդակության ձեւավորմանն անմիջականորեն մասնակցում են այդ բլոգից բոլոր օգտվողները՝ ինչպես բլոգերները (գրառումներ կատարողները ու հոդվածներ ներկայացնողները), այնպես էլ կայքի մյուս այցելուները (որոնք կարող են հանդես գալ որպես մեկնաբանողներ): Այլ կերպ ասած, բլոգն ինքնադրսևորման «օն-լայն» տարբերակ է, երբ Ձեր գրառումները մատչելի են դառնում ողջ ինտերնետային հանրությանը: Գրում եք դուք՝ ընթերցում ու իրենց կարծիքներն ու տպավորություններն են թողնում բոլորը»: Կարծում եմ` շատ տիպիկ ու ճշգրիտ բնութագրում է:

Այժմ այս ամենի մասին շատ ավելի մանրամասն` հիմքում ունենալով բլոգների մասին համացանցում առկա հայերեն տեղեկույթը` «Վիքիպեդիա»-ում, այլ աղբյուրներում:

Բլոգ (անգլերեն՝ blog, «web log», «իրադարձությունների ցանցային մատյան կամ օրագիր») — կայք, որի հիմնական բովանդակությունը պարբերաբար թարմացվող գրառումներ են, որոնք պարունակում են տեքստ, պատկերներ կամ մուլտիմեդիա: Գրեթե բոլոր բլոգներին բնորոշ են տվյալ ժամանակահատվածում ակտուալ գրառումները, որոնք, որպես կանոն, դասավորվում են հակառակ ժամանակագրական դասավորությամբ (վերջին գրառումը սկզբում): Ավանդական օրագրերից բլոգը տարբերվում է նրանով, որ, սովորաբար, հասարակական է և նախատեսում է կողմնակի ընթերցողներ, որոնք կարող են հրապարակային բանավեճի մեջ մտնել հեղինակի հետ (բլոգային գրառմանն արած մեկնաբանությունների, կամ սեփական բլոգային գրառումների միջոցով): Իհարկե պարտադիր չէ, որ բլոգը լինի հրապարակային, քանի որ բլոգների թեմատիկ ընդգրկումը լայն է ու խիստ բազմազան, այսինքն բլոգները կարող են ունենալ ինչպես հեղինակային-ստեղծագործական ընդգրկում և ուղղվածություն, այնպես էլ նույն հաջողությամբ լինել քաղաքական, լրատվական, ժամանցային և կամ այլ ուղղվածության:

Ըստ հեղինակների կազմի բլոգները լինում են անձնական, խմբակային (կորպորատիվ, ակումբային) կամ հրապարակային (բաց):

Բլոգները տարբերակվում են`

Ըստ հեղինակների

  • Անձնական բլոգ – վարվում է մեկ անձի (հեղինակի) կողմից
  • «Ուրվական» բլոգ – վարվում է անհայտ անձի կողմից, մեկ այլ անձի անունից
  • Կոլեկտիվ կամ սոցիալական բլոգ – վարվում է մի խումբ մարդկանց կողմից՝ բլոգի տիրոջ կամ մոդերատորների կողմից որոշված կանոններով
  • Կորպորատիվ բլոգ – վարվում է մեկ կազմակերպության անդամների կողմից

Ըստ բովանդակության տեսակի

  • Տեքստային բլոգ – հիմնականում պարունակում է տեքստեր
  • Ֆոտոբլոգ – հիմնականում պարունակում է լուսանկարներ
  • Երաժշտական բլոգ – հիմնականում պարունակում է երգեր
  • Պոդկաստինգ կամ բլոգկաստինգ – հիմնական պարունակությունը կազմում են ձայնագրիչի միջոցով ձայնագրված ձայնային հաղորդագրությունները
  • Վիդեոբլոգ – հիմնականում պարունակում է տեսանյութեր

Ըստ բովանդակության առանձնահատկության

  • Կոնտենտային բլոգ – բլոգ, որտեղ հրապարակվում են հեղինակային նյութեր
  • Մոնիտորինգային բլոգ – բլոգ, որը հիմնականում պարունակում է հղումներ դեպի այլ կայքեր
  • Մեջբերումներով բլոգ – բլոգ, որտեղ հատվածներ են մեջբերվում այլ բլոգներից
  • Տամբլելոգ, Տամբլոգ, Տլոգ – բլոգ, որի յուրաքանչյուր գրառում ունի որոշակի ֆորմատ՝ հղում, մեջբերում, վիդեո, լուսանկար, երկխոսություն, կամ այլ
  • Սպլոգ – սպամ-բլոգ

Ըստ տեխնիկական հիմքի

  • Stand alone բլոգ – առանձին հոստինգի և “շարժիչի” վրա կառուցված բլոգ
  • Պլատֆորմային բլոգ – որևէ պլատֆորմի վրա զետեղված բլոգ (LiveJournal, WordPress, Blogger կամ այլ)
  • Մոբլոգ – բլոգ, որը վարվում է բջջային կամ շարժողական տեխ. միջոցներով

Բլոգ պլատֆորմներ

Հայ բլոգերների շրջանում հայտնի բլոգ-պլատֆորմներ LiveJournal, WordPress.com, Blogger
Հայ բլոգերների շրջանում հայտնի սոցիալական բլոգ սերվիսներ Facebook, Myspace,
Այլ բլոգ-պլատֆորմներ Ya.ru, Блоги@mail.ru, Tumblr, Xanga, LiveInternet

Հավելեմ, որ բլոգով զբաղվող, բլոգը վարող անձանց անվանում են բլոգերներ, բլոգը վարելը կոչվում է բլոգինգ, իսկ բլոգների «հանրույթը» կամ միջավայրը` բլոգոսֆերա:

Ի դեպ, բլոգները կարող են լինել նաև պաշտոնական, եթե պաշտոնապես ներկայացնում են որևէ կազմակերպության, հաստատության կամ անհատի գործունեությունը, այսինքն այդ բլոգներում տեղադրված տեղեկույթը, նյութերը «մատակարարվում են» համացանց հենց դրանց հեղինակի կամ սեփականատերի կողմից: Պաշտոնական կարող է լինել ինչպես, օրինակ, էստրադային աստղի, այնպես էլ որևէ ամսագրի կամ պարբերականի բլոգը, քաղաքական գործչի կամ ստեղծագործող հեղինակի: Օրինակները կարող են բազմաթիվ լինել:

Պլատֆորմային բլոգները, այսինքն նրանք, որոնք հիմնված են բլոգերային միջազգային որևէ տիրույթի բազայի վրա, լինում են անվճար կամ վճարովի: Բլոգը ստեղծողը ինքն է որոշում, թե ինչպիսի բլոգ է ուզում: Վճարովի և անվճար բլոգների միջև կան տեխնիկական (գործիքարանի, ծավալի և այլն) տարբերություններ, և ընտրությունը կատարվում է բլոգերի հայեցողությամբ ու, իհարկե, նրա ունեցած հնարավորություններով:

Բլոգի գործունեությունը և դրա հարատևությունը կախված է բլոգերից, նա ինքն է որոշում շարունակի վարել բլոգը, թե ոչ: Խոսքը, իհարկե, վերաբերվում է պատշաճ բովանդակությամբ բլոգներին, նրանց, որոնց «կոնտենտը» և ուղղությունը չի ենթադրում օրենքով արգելված նյութեր ու դրանց տարածում:

Բլոգի արտաքին տեսքի ընտրությունը նույնպես դրա հեղինակինն է, առավել ևս, որ նրան առաջարկվում է ընտրության լայն հնարավորություն: բացի այդ, հեղինակը ինքը միշտ կարող է անել սեփական ձևավորումները, իր ճաշակով, ինչը կվկայի նրա յուօրինակության մասին:

Պլատֆորմային բլոգ բաց անելու համար, որպես կանոն, անհրաժեշտ է գրանցվել: Ձեզանից պահանջվում է Ձեր անձի և, մասնավորապես` կոորդինատների հետ կապված հիմնական տեղեկույթի տրամադրում, ոչ ավելին: Խոսքը հիմնականում էլեկտրոնային փոստի Ձեր հասցեի մասին է և այլն:  

Կհարցնեք, թե արդյո՞ք դժվար է վարել սեփական բլոգը: Ասեմ, որ բլոգ բաց անելուց ու այն վարելուց առաջ շատ լավ կլինի, եթե նախ ուսումնասիրեք այս բնագավառը, ճանաչեք բլոգ կոչված երևույթը և ինքներդ Ձեզ համար նախ որոշեք, թե արդյո՞ք Դուք ունեք ասելիք ու անելիք այդ բնագավառում: Շատերն ունեն ինքնաարտահայտվելու ցանկություն և ամեն մեկի մոտ դա յուրովի է դրսևորվում: Բլոգը նույնպես ինքնաարտահայտվելու առաջադեմ մի միջոց է: Սակայն նախքան բուն բլոգինգով զբաղվելը, լուրջ մարդը նախ կուսումնասիրի ու նոր միայն կստանձնի սեփական ասելիքը հրապարակելու և ուրիշների կարծիքներն ու տպավորությունները բաց ճակատով, անկեղծորեն ընդունելու և հաշվի առնելու պատասխանատվությունը: Սա մի «նավարկություն» է, որը սկսելուց առաջ անհրաժեշտ է նախ յուրացնել բլոգի գործիքարանը, հասկանալ, թե ինչ ես ուզում անել այս բնագավառում և ինչու ես ուզում դա անել: Շատ կարևոր մի հանգամանք ևս. ցավոք մեզանում բլոգինգով հաճախ զբաղվում են այնպիսի մարդիկ, ովքեր ունեն, մեղմ ասած, թերի խոսք և լեզվի իմացության ոչ բավարար ցուցանիշ, կարճ ասած իրենց գրառումներով աղավաղում են մայրենին: Կարծում եմ, որ չի կարելի վատ մայրենիով բլոգ վարել, քանի որ այդպիսի լեզուն մտնում է համացանց, որը հասանելի է ԲՈԼՈՐԻՆ: Թերի, կիսագրագետ կամ նույնիսկ անգրագետ հայերենով բլոգ վարելը խաթարում է մեր հասարակության լեզվամտածողությունը` դառնալով մայրենի լեզվի խեղաթյուրման պատճառներից մեկը: Ցավալի է, որ այսօրինակ տխուր պատկերը առկա է նաև մերօրյա տպագիր մամուլում և հեռուստատեսությունում: Ոմանք կընդդիմանան, թե բլոգով զբաղվող մարդը ազատ է և ինչպես ուզի կգրի: Ես կարող եմ որպես հակափաստարկ բերել այն, որ թեև բլոգով զբաղվող մարդ ազատ է և կարող է անգամ անգրագետ գրել, սակայն նրա մեջ գոնե պետք է խոսա մայրենի լեզվի նկատմամբ հարգանքը, խնամքն ու պատասխանատվությունը, էլ չեմ ասում ինքն իրեն հարգելը: Սակայն սա քննարկման այլ թեմա է:

Ամփոփելով այս ամենը` կարելի է ասել, որ բլոգ ստեղծելուց առաջ պետք է և ճիշտ է` ա) նախապես յուրացնել բլոգի գործարկման, օգտագործման գործիքարանը, բ) ճշգրտել, նախանշել սեփական անելիքն ու ասելիքը բլոգոսֆերայում, գ) գործին մոտենալ սիրով, նվիրվածությամբ, հետևողական և խիստ պատասխանատու կերպով: Երբեք չպետք է մոռանալ, որ համացանց «ուղարկված» նյութը կարող է կարդալ յուրաքանչյուրը: Ես խորապես համոզված եմ, որ լեզվական մշակույթի ու էթիկայի առումով` գրագետ, իսկ բովանդակության առումով` հետաքրքիր բլոգ ստեղծելու ու այն վարելու համար անհրաժեշտ է ցանկություն, ժամանակ և ցանկություն` ունենալու այդ ժամանակը

Սիրելի բարեկամներ, ոչ մեկը չի ծնվում որպես բլոգեր :) դա բնատուր չէ :) ինչպես բնատուր չէ, օրինակ, տիեզերագնաց լինելը, քանի որ տիեզերագնաց դառնում են: Սակայն մեզանից յուրաքանչյուրը երազում է տիեզերքի մասին, այսինքն մեր երազանքներում ու նպատակներում մեզանից յուրաքանչյուրը հոգու խորքում «տիեզերագնաց» է` ձգտելով գրավել նոր հորիզոններ և գրանցել նոր հաղթանակներ ու հաջողություններ: Համացանցն էլ է մի այդպիսի անեզր, անծայրածիր ու յուրօրինակ «տիեզերք»: Այն նվաճելուց առաջ պետք է նախ վստահ լինել սեփական երազանքների ու բարի նպատակների մեջ: Պետք է գործին մոտենալ մեծ պատասխանատվությամբ, կարողանալ հաղորդել սեփական ասելիքը` երբեք չթերագնահատելով մյուսինը, կարողանալ հարգել ուրիշի կարծիքը ու հիմնավորել սեփականը և, իհարկե, կարողանալ ներկայանալի լինել, մի խնդիր, որը շատերի համար դժվար հաղթահարելի է, սակայն` ոչ երբեք անհաղթահարելի: Կարծում եմ, որ այս մոտեցումները հատուկ և անհրաժեշտ են ոչ միայն բլոգինգին, այլև աշխատանքի, գործունեության բոլոր բնագավառներին: Այս ամենի հիմքում նախ և առաջ իմացությունն է, այսինքն նա՛խ պետք է սովորել և մի՛շտ պետք է սովորել, միայն այդպե՛ս հնարավոր է ձեռք բերել գիտելիքներ և միայն ա՛յդ ճանապարհով է հնարավոր մի օր հանրությանը ներկայանալ սեփական խոսքով, ներկայանալ վստահ, ազնվորեն ու անկեղծորեն: Բլոգը էլեկտրոնային օրագիր է, իսկ օրագիրը, գաղտնիք չէ, որ մարդու ամենանվիրական գրառումների անձնական ճտեմարանն է, նրա կյանքի տարեգրության ամենաանկեղծ «հարթակներից» մեկը: Նույն և բլոգը: Այնպես որ, հասարակությանը ներկայանալուց առաջ պետք է նախ վստահ լինել սեփական անկեղծության մեջ:

Կյանքը զարգանում և առաջ է ընթանում արագ տեմպերով: Համոզված եմ, որ տարիներ հետո ապագա սերունդների համար այն, ինչով այսօր զբաղվում ենք մենք, կամ թեկուզ նույն բլոգինգը, հնարավոր է, որ հետամնաց զբաղմունք թվա: Չէ՞ որ մենք էլ այսօր արդեն ժամանակավրեպ ենք համարում շատ բաներ, այսօր արդեն գրեթե անցյալ են մեզ համար, օրինակ, նույն VHS տեսաերիզները, Floppy դիսկերը, փոստային նամակագրությունը և այլն: Սակայն քանի որ մենք այսօր ենք ապրում, ապա պետք է ճանաչենք ժամանակի միջոցները, իսկ եթե զբաղվում ենք դրանցով, ապա փորձենք ու ջանանք մեր համեստ ներբերումն ունենալ այդ բնագավառի զարգացման գործում:

Ես համարում եմ, որ հայկական ցանկացած կայացած բլոգ կամ կայք հաղթանակած է, հաղթող է, եթե իր գոյությունը արդարացված է, հիմնավորված և օգտակար, ասելիքը ուրույն է, գրագետ, գործունեությունը բարեխիղճ է, սիրված ու սպասված, բովանդակությունը հարուստ է ու հետաքրքիր,  իսկ այցելուների բանակն էլ շինծու չէ և նրանց արձագանքներն էլ անկեղծ են: Այսպիսի ցանկացած հայկական բլոգ հիրավի արդեն հաղթանակած է, և ես անսահման ուրախ եմ, որ այս դաշտը հետզհետե ավելի ու ավելի է զարգանում, բյուրեղանում: Ես էլ եմ գործում այս դաշտում ու միշտ գործելու եմ և, բնականաբար, ինքս էլ շահագրգռված եմ, որ հայկական բլոգոսֆերան մշտապես առաջընթաց գրանցի ու զարգանա:

Վերջում ուզում եմ սրտանց ողջունել բոլոր նրանց, ովքեր զբաղվում են բլոգինգով, վարում են բլոգ` մաղթելով նորանոր ձեռքբերումներ, իսկ նրանց, ովքեր սկսնակ բլոգերներ են, կամ հենց նոր որոշեցին զբաղվել բլոգինգով, կցանկանայի սրտանց մաղթել հաջողություններ այդ չափազանց հետաքրքիր «նավարկության» մեջ, մաղթել իրենց բլոգով անկեղծորեն հետաքրքրվողների և իրենց ստեղծագործական գործունեությունը անկեղծորեն գնահատողների ու համակրողների մի ամբողջ բանակ: Ստեղծեք ու զարգացրեք Ձեր բլոգները մեծ ոգևորությամբ ու ջանադրաբար: Համոզված եմ, որ կհաջողեք:

Այսքանը, կարծում եմ և անկեղծորեն հուսով եմ, որ Դուք օգտակար ու հետաքրքիր կհամարեք այս հոդվածը, հուսով եմ, որ այն տվեց Ձեր որոշ հարցերի պատասխանը` ինչ-որ չափով լույս սփռելով այն բանի վրա, թե ինչ է բլոգը:
© Առլեն Շահվերդյան, 12.01.2012, 13.01.2012

About these ads

About Arlen Shahverdyan

Welcome to "Arlen Shahverdyan: Author's Blog". Here You can find Armenian Writer/Poet, Painter, Blogger Arlen Shahverdyan's Books, Poems, Paintings, Photos, Thoughts, Posts, Articles, etc.: The main content of this Blog is Creative as well as Environmental. Read more on Profile in "Blog's in brief" page.
Gallery | This entry was posted in Տարբեր / Various, Իմ մտքերը / My Thoughts. Bookmark the permalink.

21 Responses to Ի՞նչ է բլոգը

  1. Sirarpi says:

    Առլեն ջան չես պատկերացնի որքան ուրախ եմ այս գրառման համար: Շատերը ճիշտ չեն ըմբռնում բլոգ, բլոգեր հասկացությունը, ամեն ինչի “սայտ” են ասում…
    Այս նյութը պետք է տարածել ամբողջ համացանցով մեկ, որ բոլորը կարդան ու վերանա բլոգեր անվան շուրջ պտտվող թյուր կարծիքը:

    • Շատ շնորհակալ եմ Սիրարփի ջան քո այս «քոմենթի», այս ջերմ արձագանքի համար, քանի որ իսկապես այս գրառման գաղափարը ծնվեց հենց այդ անհրաժեշտությունից ելնելով: Այո, մեզանում այսօր բոլորը չէ, որ հստակ գիտեն կամ պատկերացնում են, թե ինչ ասել է «բլոգ» կամ «բլոգեր»: Ոմանց մոտ, ինչպես դու ես նշել, թյուր կարծիք է, երկրորդները որոշակի վերապահումով են վերաբերվում այս ամենին, երրորդները չգիտեն ինչպես արձագանքեն, քանի որ ուղղակի չգիտեն, չունեն անհրաժեշտ գիտելիքները, ոմանք էլ ամեն ինչին «սայթ» են ասում, անգամ «Одноклассники»-ում իրենց պրոֆիլն են անվանում «իմ սայթը» :) Չեմ բացառում, որ կլինեն մարդիկ, ովքեր երևի լուրջ չեն վերաբերվում մերօրյա իրականության այս հզոր զենքին` բլոգին և երևի բլոգերներին խառնում են բրոքերների կամ էլ ռոքերների հետ :D :D :D Միևնույն ժամանակ վստահ եմ, որ շատ-շատերը ճիշտ են գնահատում բլոգի դերը, նշանակությունը և ազդեցությունը ու գիտակցում են, որ ժամանակի տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքարանից պետք է անպայման օգտվել և օգտվել խելամիտ, ճիշտ ու գրագետ կերպով: Ամեն դեպքում հուսով եմ, որ «Ի՞նչ է բլոգը» հոդվածս իրոք օգտակար կլինի շատերի համար և կունենա ճանաչողական նշանակություն: Ինչ վերաբերվում է համացանցում այս հոդվածի լայն տարածմանը, ապա հուսով եմ նաև, որ բլոգիս յուրաքանչյուր այցելու իր նպաստը կբերի այդ հարցում` սոց-ցանցերով «share» անելով այն:
      Առլեն:

      • Sirarpi says:

        Ես միանգամայն վստահ եմ, որ գոնե մի մասսա, որ հստակ չգիտի բլոգի դերն ու նշանակությունը, օգուտ կքաղի այս գրառումից ու վերջապես վատ աչքով չի նայի բլոգերներին: Այդ պատճառով էլ ես այս նյութը բոլոր հնարավոր ձեւերով share եմ արել՝ բոլորին տեղյակ պահելու համար:

      • Շատ շնորհակալ եմ Սիրարփի ջան: Դու իսկապես այս հոդվածը ակտիվորեն տարածել ու տարածում ես, և ես դա շատ գահատում եմ: Ի վերջո, դրանից օգուտ պիտի քաղեն բոլորը, քանի որ եթե որևէ մեկը, ով մեղմ ասած պատշաճ վերաբերմունք չունի բլոգների ու բլոգերների նկատմամբ, այս նյութը ընթերցելուց հետո անի ճիշտ հետևություններ և փոխի իր մոտեցումը, ապա դրանից կշահեն բոլոր նրանք, ովքեր ամեն օր զբաղվում են իրենց անձնական բոլգներով` փորձելով իրենց խոսքը ուղղել մարդկանց, կիսվել սեփական մտքերով, ներկայացնել ստեղծագործություններ: Ուրախալի է, որ այսօր, իմ հրապարակավ խնդրանքին, դիմումին ի պատասխան` Twitter-ում և Facebook-ում շատերն են share արել այս հոդվածը: Մեկ անգամ էլ շնորհակալ եմ շատ` այս հարցում քո աջակցության համար:
        Հարգանքով,
        Առլեն:

      • Ես էլ առիթից օգտվելով ուզում եմ նշել քո նորաստեղծ` «Իմ աշխարհը` ձեր աչքերով» բլոգի մասին և ողջունել դրա գոյությունը: Իսկ այս հոդվածս համեմատաբար երկար կթողնեմ, որպեսզի շատերը կարդան:

  2. Առլեն ջան, շատ օգտակար հոդված է: Ասա, գոնե մարդիկ կարդան ու հասկանան, թե ինչն ինչոց է :)

    • Շատ շնորհակալ եմ Արթուր ջան` հոդվածիս նկատմամբ նման բարձր գնահատականի համար: Շատ գնահատում եմ քո կարծիքը, առավել ևս հաշվի առնելով քո հարուստ փորձը և իմացությունը այս բնագավառում: Պատիվ ունեմ այս խոսքերին հավելելու նաև այն, թե որքան շնորհակալ ու հետաքրքիր գործունեություն ես դու ծավալում քո սեփական կայքում` «e-Armenians.com»-ում, որից էլ պատիվ եմ ունեցել անելու մեջբերում իմ այս հոդվածում:
      Ես էլ անկեղծորեն հույս ունեմ, որ այս հոդվածս շատերի համար կարող է դառնալ մի յուրօրինակ բլոգ-ուղեցույց, ինչպես դու ես նշել «Facebook»-ի իմ էջում: Եթե հոդվածը գոնե մեկ մարդու օգնի ավելի լավ, ավելի պարզորոշ հասկանալու, թե ինչ ասել է «բլոգ», ապա ծառայած կլինի իր նպատակին:
      Հարգանքով,
      Առլեն

  3. HovoBlog says:

    Շատ հետաքրքիր գրառում է, որը շատերին կօգնի: Այս նախադասությունը շատ հավանեցի` «Շատ կարևոր մի հանգամանք ևս. ցավոք մեզանում բլոգինգով հաճախ զբաղվում են այնպիսի մարդիկ, ովքեր ունեն, մեղմ ասած, թերի խոսք և լեզվի իմացության ոչ բավարար ցուցանիշ, կարճ ասած իրենց գրառումներով աղավաղում են մայրենին: Կարծում եմ, որ չի կարելի վատ մայրենիով բլոգ վարել, քանի որ այդպիսի լեզուն մտնում է համացանց, որը հասանելի է ԲՈԼՈՐԻՆ»: Այն պետք է ուշադրություն դարձնեն հիմնականում այն բլոգերները, ովքեր լինելով փորձառու թե սկսնակ` իրենց բլոգներում հաճախակի աչքի են ընկնում «ա» օժանդակ բայը «է»-ի փոխարեն: Եթե անգամ այս խնդրին նպաստի այս գրառումը, ուրեմն կարող եք այն համարել իր նպատակին ծառայած գրառում…
    Հարգանքներով` Հովո

    • Շատ շնորհակալ եմ հարգելի Հովո Ձեր արձագանքի ու գնահատականի համար: Ուրախ եմ, որ Դուք էլ եք համակարծիք, որ համացանցում որևէ գործունեություն անելուց առաջ անհատը, բլոգերը պետք է իսկապես լավ մտածի, իսկ գործունեություն ծավալելիս էլ լինի իսկապես բարեիղճ ու պատասախանատու: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ակնկալել հայրենեկան բլոգոսֆերայի զարգացումը: Մեկ անգամ էլ շնորհակալ եմ Ձեր «քոմենթի» համար, ես այն շատ գնահատում եմ: Անկեղծորեն ուրախ եմ նաև, որ այս հոդվածից հետո հենց նույն բոլգերների` իմ և Ձեր գործընկերների շրջանակում եղան դրական ու քաջալերող արձագանքներ, արձագանքեցին նաև ուղղակի անհատներ սոց-ցանցերում: Այս ամենը շատ ոգևորիչ է: Շարունակեք հետևել բլոգիս նյութերին: Ես էլ հետաքրքրությամբ հետևում եմ Ձեր բլոգին:
      Հարգանքով,
      Առլեն

    • Sirarpi says:

      Ես երկու բլոգ ունեմ ու երկուսում էլ չեմ կարող համարժեքորեն գրել շատ գրական, գրքային հայերենով, քանի որ երբ խոսում եմ առօրյա խնդիրների մասին, ուղղակի ընթեռնելի չէ գրական խոսքը:

      • Սիրարփի ջան, այն ինչ կասեմ չի վերաբերվում քո բլոգին: Ուղղակի դու հարց ես բարձրացրել և ես արձագանքում եմ` հայտնելով իմ կարծիքը, ինչպես դու ես հայտնել: Բացի այդ, ես էլ եմ հաճախ գրում առօրյա խնդիրների մասին, և գրում եմ գրական լեզվով, իսկ եթե որևէ բառ կամ տերմին էլ ժարգոնային, խոսակցական լեզվից օգտագործում եմ, ապա դա հատուկ երևում է, առանձնացվում է, այսինքն հիմքում միևնույն է գրական հայերենն է: Կյանքը ցույց է տալիս, որ մարդիկ մեծ հետաքրքրությամբ կարդում են առօրյա խնդիրների մասին անդրադարձող գրական հայերենով գրառումները և իրենք էլ փորձում են նույն գրական հայերենով արձագանքել: Այսինքն գրական լեուն է քարոզվում և արդյունքը լինում է այն, որ ընթերցողը ջանում է ինքն էլ գործածել այն, ինքն էլ աշխատել իր վրա:
        Կարծում եմ, որ գրական դեռ չի նշանակում միայն գրքային լեզու` վաղուց չօգտագործվող և մեռած բառերի արհեստական կերպով օգտագործումով: Գրական նշանակում է կիրթ լեզու, երբ բարեկիրթ կերպով ու բարեխղճորեն օգտագործվում է սեփական լեզուն, ամեն մի բառը և նախադասություններն էլ կառուցվում են ճիշտ շարահյուսությամբ: Լեզուն անընդհատ զարգանում է, ընդունում տարբեր կերպափոխումներ, փոխ առնում օտար տերմիններ, որոնցից մի մասը հայկականացվում է (երբեմն` անտեղի), մյուսը` ոչ: Լեզուն մշտապես գտնվում է «շարժման», զարգացման մեջ, այն մշտապես նոր է: Սակայն նոր է ոչ թե առօրեական լեզուն, որը ռուսահայկական- թուրքկան -բակային-ժառգոնային-բարբառախառն-կենցաղային լեզուների էժանագին մի սիմբիոզ է, այլ նոր է գրականը, որը լեզվի հիմքն է, լեզուն զարգացնելու ու առաջ մղելու կատալիզատորը: Համոզված եմ, որ անգամ առօրյա, կենցաղային խնդիրների մասին կարելի է խոսել նույն այդ գրական լեզվով` ճիշտ մեջբերումենրով նշելով կենցաղային անընդունելի բառերը, առանձնացնալեով դրանք չակերտներով: Գրական լեզուն ոչ ժամանակավրեպ է, ոչ էլ անտեղի, ոչ հետամնաց է, ոչ էլ դժվար ընկալելի: Խնդիրը ճաշակ փոխանցելու մեջ է: Եթե դու կարծում ես, որ գրական լեզուն ընկալելի չէ առօրյա խնդիրների մասին խոսելու համար, ապա փորձիր այնուամենայնիվ գրել այդ գրական լեզվով ու ինքդ էլ կզգաս, թե ինչպես քո ընթերցողը հետզհետե սկսում է ինքն էլ փոխվել, ինքն էլ կրել որակական փոփոխություն` բակային, առօրեական, խոսակցական լեզվից անցնելով կիրթ լեզվի: Չպետք է մոռանալ, որ բոլորս պատասխանատվություն ենք կրում լեզուն հնարավորինս մաքուր փոխանցելու մեջ հաջորդ սերունդներին, չէ՞ որ մենք չենք ուզում, որ մեր բալիկները խոսեն այնպիսի լեզվով, որը մեզ այսօր նյարդայնացնում է ու աղավաղում է մեր լեզվամտածողությունն ու մշակույթը: Եթե այս տեմպերով շարունակվի հայկական համացանցն ու եթերը,ապա կարճ ժամանակում մենք կունենանք լիվ խեղաթյուրված մայրենի լեզու: Չեմ կարծում, թե այդպիսի ապագա ենք ուզում ունենալ: Ամոթ չէ գրական հեյերենով խոսելը, ոչ էլ ոչ ընթեռնելի: Պարզապես պետք է այն մատուցել այնպես, որ կարդացվի հաճելի, ճիշտ, սպասված: Միայն այդ դեպքում գրական հայերենը չի թվա ոչ ընթեռնելի, չի թվա ժամանակավրեպ: Ես չեմ ասում, որ պետք է անգամ անեկդոտները պատմել գրական հայերենով :) և առհասարակ չեմ պնդում, որ ամեն մի նախադասության մեջ պետք է զոռով կամ արհեստական կերպով մտցնել որևէ գրական բառ: Դա կեղծ է, շինծու ու փչացնում է նախադասության իմաստը, համն ու հոտը: Ես ասում եմ, որ պետք է ձգտել առավելագույնս օգտագործել գրական հայերեն լեզուն, չէ՞ որ նույն այդ առօրյա խնդիրների մասին գրական խոսելիս կարելի է փորձել խնդիրը մատուցել գրագետ, ոչ բակային լեզվով, ի վերջո բակային լեզուն ամենուր է, հոգնել ենք, այդպիսի լեզվով խոսում են եթերում, խոսում են սերիալներում, խոսում են ամենուր: Ինչ վերաբերվում է բլոգներին, ապա դրանք պետք է փոխանցեն ճաշակ, որակ ու գիտելիք: Դրա համար անհրաժեշտ է զերծ մնալ գռեհկաբանությունից ու ձերբազատվել քաղքենիությունից: Հավատացնում եմ, որ առօրյա խնդիրների մասին առօրեական լեզվով խոսելը ինչպես արդի է, այնքան էլ բանալ: Մեր ժամանակի ամենահայտնի ռեփերն անգամ իրենց երգերում, առօրեական, ժարգոնային բառեր օգտագործելով հանդերձ, մշտապես ջանում են այդ նույն բառերը մատուցել գրական, ճիշտ շարահյուսության հիմքի վրա կառուցված լեզվով: Այնպես որ, գրական լեզու նշանակում է նոր ու ժամանակակից, անընդհատ զարգացող լեզու, սակայն ճիշտ ու ավանդական հիմքի վրա: Վերջում կցանկանայի հավելել, որ ամեն մարդ ազատ է արտահայտվելու այնպես ինչպես ուզում է, սակայն ամեն մարդ նաև պատասխանատու է իր խղճի առաջ ու իր լեզուն առավելագույնս մաքուր պահելու ջանքերի հարցում: Չէ՞ որ լեզվի պահպանությունը դա միայն լեզուն չէ, այլև մշակույթը, մտածողությունը, ազգը, պետությունը: Եթե մենք սիրում ենք մեր ժողովրդին, եթե մենք սիրում են մեր լեզուն, մշակույթը, պետությունը, եթե մենք սիրում են մեր այսօրվա ու վաղվա սերունդը, ապա պիտի իսկապես սիրենք, ոչ թե միայն խոսենք այն մասին, որ սիրում ենք: Պետք է մեր պատվով ու կյանքով ցույց տանք մեր նվիրումն ու սերը:
        Հարգանքով`
        Առլեն

      • HovoBlog says:

        Սիրարփի ջան ես այցելել եմ քո երկու բլոգները և երկուսն էլ հավանել եմ իր ոճի առանձնահատկություններով: Շատ ավելի հաճախ այցելում եմ «Իմ Անգլերեն» բլոգդ, քան «Իմ Աշխարհ»-ը: Իմ անգլերեն բլոգում երբևէ չեմ նկատել օժանդակ բայերի խաղտումը, եթե դրանք առկա են` ուրեմն ուշադիր չեմ եղել:Բայց «Իմ Աշխարհ» բլոգումդ այն շատ հաճախ է ինձ հանդիպել ու ասեմ` դա այդքան էլ ընթերցելի չէր ինձ համար, որքան կլիներ «Է» օժանդակ բայի դեպքում: Ներկայումս, երբ «շրջում» ես հայկական բլոգոսֆերայով, շատ ավելի հաճախ հանդիպում ես “ա” օժանդակ բայով գրված գրառումների և նման բլոգները ներկայումս ունեն շատ ավելի այցելուներ, քան ավելի գրագետ բլոգները: Ես այցելելու պատճառնել եմ հասկացել: Բլոգով ներկայումս զբաղվում են շատ լրագրողներ կամ ուսանողներ, ովքեր ինչ որ կերպ կապ ունեն լրագրության հետ: Հայտնի է «դեղին մամուլ» հասկացությունը. սրա մասին կարծում եմ շատերը գիտեն, հենց «դեղին մամուլի» օրենքներով կամ սկզբունքներով կազմվում են վերնագրեր, որոնք բառի բուն իմաստով ձգում են ընթերցողին դեպի իրենց: Այսպես է արդեն տասնամյակներ շարունակ, այդպես է այսօր, ու այդպես է լինելու միշտ, քանի դեռ գոյություն կունենա մամուլը ու նաև էլեկտրոնային մամուլը: Վերջին տարիներին կիրառվում է նաև մեկ այլ խորամանկ միջոց` Ֆեյսբուկյան ընկերների միջոցով բլոգի էջը հավանություն են տալիս շատերը և դրանով էլ իրենց գրառումները շատ ավելի հրապարակային են դարձնում: Գրական հայերենի մասին Առլենը շատ ավելի մանրամասն արդեն գրել է և այդ թեմայով խոսք չունեմ: Խնդրի վերաբերյալ միայն կասեմ, որ իմ խոսքը ոսկեղենիկ հայրենի մասին չէ, այլ կիրթ հայերենի, որը ձևավորում է նաև կիրթ հասարակություն: Իմ ասածի միակ իմաստն այն է, որ հայկական մամուլում` լինի տպագիր թե ինտերնետային կամ հեռուստա և ռադիոեթերում խոսեն կամ գրեն միայն գրական հայերենով ու դրանով հաստատ մենք մեծ լավություն արած կլինենք նաև մեր հասարակությանը: Ներկայումս մեր հասարակությունում գրական հայերենով խոսում են ոչ ավել քան 10-15 %-ը, որն էլ վատ արդյունք է: Դրա հիմնական պատճառը մեր մամուլն է, կինոն և առհասարակ անգրագետ կապը հասարակության հետ: Բլոգը` երբեմն համարում են ժուրնալիստիկայի մի ոլորտ, այդ պատճառով ցանկալի կլինի, որ բլոգգերներն էլ գրեն գրական հայերենով ու դա երբեք չի խճճի շարհասությունը կամ գրառումը: Ուղղակի շատ ուշ ժամանակահատվածում ընթերցողները կհամակերպվեն գրառման ձևի հետ:

        Իմ մեկնաբանությունից թող ոչ մի բլոգեր չվիրավորվի: Իմ խոսքս նրանց անձի կամ գրագիտության հետ որևէ կապ չունի: Ես խոսքս ուղել եմ միայն գրառումներին:

  4. Sirarpi says:

    Առլեն ջան ես էլի համաձայն եմ գեղեցիկ ու գրական մայրենիով գրելուն ու ինքս փորձում եմ որքան հնարավոր է պահպանել այն, բայց եթե փորձեմ Հովոյի ասած ձեւով բոլոր տեղերում ՚է՚ գրելը, կամ բացարձակ գրական գրելը, խոսքս կհնչի շատ գրական բայց ոչ՝ ընթեռնելի:
    Շատ բլոգներ եմ կարդացել, որ բացառիկ գրական ու չնայած հայերեն, բայց արդեն գործածությունից դուրս բառերի օգտագործման պատճառով ու խճճված շարահյուսության պատճառով երկրորդ անգամ այլեւս չեմ բացել տվյալ բլոգը:
    Հարգանքով,
    Սիրարփի:

    • Սիրարփի ջան, շնորհակալ եմ, որ համաձայն ես ինձ: Այո, ես էլ հենց դա եմ ասում, որ գրական նշանակում է ոչ թե գործածությունից դուրս մեռած բառերի համախումբ, բառեր, որոնք ոչ մեկին հասկանալի չեն, այլ, ըստ իս, գրական նշանակում է նոր, ժամանակի հետ համընթաց: Լեզուն ճկուն և ու զարգացող: Այո, տեղեր կան, որ անհրաժեշտ է լինում «ա» օժանդակ բայ գործածել` նախադասությանն ավելի համ ու հոտ փոխանցելու, կամ դրա որևէ շեշտադրում ավելի արտահայտելու համար, ավելի մոտեցնելու համար ժողովրդական խոսակցական լեզվին: Սակայն դա չի նշանակում, որ դա պետք է դառնա օրինաչափություն ու վերածվի վտանգավոր տենդենցի: Ի վերջո, եթե նախադասության մեջ «է» օժանդակ բայը օգտագործվում է ճիշտ և ոչ արհեստական ձևով, ապա «է»-ով շատ ավելի գեղեցիկ ու գրական է, քան «ա»-ով: Պարզապես պետք է գտնել «ոսկե միջինը»: Այլապես կստացվի այնպես, որ այո, կբացես կարդալու որևէ բլոգ և բարդ, խճճված շարահյուսությունից կհոգնես ու կփակես: Կարծում եմ, որ ճիշտ գրական նշանակում է ոչ թե արհեստականորեն ուռճացված ու բարդեցված գրական բառեր ու շարահյուսություն, այլ ընդամենը ճիշտ, մաքուր բառեր ու նույնքան ճիշտ ու մաքուր շարահյուսություն:
      Ես գիտեմ, որ դու ջանում ես որքան հնարավոր է պահպանել մայրենին, դա զգացվում է քո բլոգներում ու դա շատ գովելի է: Եթե բոլորը այդպիսի ջանքեր գործադրեն, ապա բլոգները կլինեն շատ ավելի հետաքրքիր, լեզուն էլ չի տուժի:
      Առլեն:

      • Sirarpi says:

        Ես, իսկապես, աշխատում եմ որքան հնարավոր է գեղեցիկ ու գրական գրել, այդ պատճառով մի գրառումը մի քանի անգամ վերանայում եմ: Բացի այդ, հիմա ինտերնետը հասանելի է բոլոր տարիքի անձանց ու եթե դեռահասները բլոգներում էլ տեսնեն ժառգոնային ու կոպիտ բառապաշար, նրանք կհամարեն, որ դա այդպես էլ պետք է լինի: Այդ ճանապարհին որոշ բլոգերներ, այդ թվում նաեւ ես, քո բլոգից ու գրելաոճից սովորելու շատ բան ունենք:

      • Շատ շնորհակալություն Սիրարփի ջան` քո անկեղծ ու ջերմ գնահատականի համար: Բոլորս էլ սովորում ենք, ես` նույնպես:

        Այո, ինտերնետը հասանելի է այսօր ԲՈԼՈՐԻՆ և այո, մենք ոչ միայն բլոգ ենք վարում, այլև «թելադրում ենք» լեզվի նկատմամբ ճաշակ և մոտեցում, հարգանք և վերաբերմունք: Այնպես որ, առաջին հերթին մենք պիտի հարգենք այն, ինչ անում ենք, այն ինչ գրում ենք, որպեսզի մյուսները նույնպես հարգեն: Առաջին հերթին մենք պիտի ցույց տանք մայրենի լեզվի նկատմամբ մեր վերաբերմունքը և գորովանքը, որպեսզի մատաղ սերունդը լեզուն սիրի ու գնահատի:

        Սխալ է ասել, որ պահանջարկն է թելադրում առաջարկ: Դու շուկա տուր լավ առաջարկ և այն կփոխի ու կլավացնի պահանջարկը: Եվ խոսը միայն բլոգներին չէ, որ վերաբերվում է: Նույնը և եթերում. թող եթերում լինեն որակյալ, գրագետ կերպով կառուցված հաղորդումներ, ֆիլմեր, տեսանյութեր և, որպես արդյունք, հեռուստադիտողի պահանջարկն էլ շատ ավելի բարձրաճաշակ կլինի և զերծ կլինի բոլոր տեսակի գռեհկություններից, ռաբիզից ու կոպիտից:

        Ողջունում եմ քո երկու հետաքրքիր բլոգները և մաղթում բազմաթիվ նոր գրառումներ, որոնք ընթերցվում են մեծ հետաքրքրությամբ:

        Հարգանքով,
        Առլեն

  5. Բարեկամներս, ես ուրախ եմ, որ այս հոդվածը (և բլոգս` ինքնին) դարձել է նաև յուրօրինակ մի «հարթակ», քննարկումների յուրօրինակ մի ամբիոն, որտեղ ազատորեն փոխանակում եք Ձեր կարծիքները, կիսում մտահոգությունները, ներկայացնում համոզմունքները: Շնորհակալություն այս յուրօրինակ ֆորումի համար: Ողջունում եմ Ձեզ և գնահատում Ձեզանից ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ անհատական աշխատանքը Ձեր բլոգներում: Ի վերջո, Ձեզանից յուրաքանչյուրն էլ անկեղծ մղում ունի վարելու լավ բլոգ` հասարակությանը ներկայացնալով լավ, գրագետ, հետաքրքիր ու սպասված ասելիք: Այդ մղումը, այդ ցանկությունը և ձեռագիրը ոչ միայն գովելի են և խիստ գնահատելի:
    Հարգանքով`
    Առլեն:

  6. Սուսաննա says:

    Սիրարփի ջան, եթե մենք՝ մեր մայրենին սիրողներս, հետևողականորեն շարունակենք գոնե գրավոր խոսքը վարել գրական հայերենով, այն ընկալելի ու ընդունելի կդառնա ընթերցողի համար:Իհարկե, լավ կլինի,որ բանավոր խոսքն էլ չանտեսվի: Ես մեծ բավականությամբ կարդացի Առլենի հոդվածը, այնուհետև՝ նաև ձեր մտքերի փոխանակությունը:Երջանիկ եմ(շա՜տ անկեղծ եմ ասում), որ դուք այդպես եք մտածում:Ես հենց հիմա կծանոթանամ Ձեր ու զրուցակիցներիդ բլոգներին:Իսկ Առլենով հպարտանում եմ նաև որպես համարյա-հորաքույր:

  7. catnipoflife says:

    Arlen, I enjoy traveling around your blog and exploring different pages. This one has great information. I chuckle because a few of the words did not translate so I had to read between the line:>)

    • Unfortunately I can not find time to translate it but the info is based on the various sites about blogs. What is blog, what does it mean, what does mean blogger, etc.:
      Thank you so much for your attention!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s